«Սեր առաջին հայացքից». իտալացի լուսանկարչի բացահայտած Հայաստանը - Mediamax.am

exclusive
3293 դիտում

«Սեր առաջին հայացքից». իտալացի լուսանկարչի բացահայտած Հայաստանը


Ճոպանուղու անավարտ կայարան, Իջեւան, կառուցված 1980-ական թթ.
Ճոպանուղու անավարտ կայարան, Իջեւան, կառուցված 1980-ական թթ.

Լուսանկարը` Ստեֆանո Պերեգոյի

Ավտոկայան Հրազդանում (1976-1978 թթ.), ճարտարապետ՝ Հենրիկ Առաքելյան
Ավտոկայան Հրազդանում (1976-1978 թթ.), ճարտարապետ՝ Հենրիկ Առաքելյան

Լուսանկարը` Ստեֆանո Պերեգոյի

Լողավազան Սպիտակի պիոներական պալատում, 1975թ.
Լողավազան Սպիտակի պիոներական պալատում, 1975թ.

Լուսանկարը` Ստեֆանո Պերեգոյի

Ստեֆանո Պերեգոն
Ստեֆանո Պերեգոն
Ստեֆանո Պերեգոն՝ Էջմիածնում
Ստեֆանո Պերեգոն՝ Էջմիածնում
Ստեֆանո Պերեգոն՝ Սեւանի Գրողների հանգստյան տունը (ճարտարապետ` Գեւորգ Քոչար)
Ստեֆանո Պերեգոն՝ Սեւանի Գրողների հանգստյան տունը (ճարտարապետ` Գեւորգ Քոչար)
Ստեֆանո Պերեգոն՝ Ստեփանավանում
Ստեֆանո Պերեգոն՝ Ստեփանավանում

Հարազատ Ստեփանավան քաղաքից սոցիալական ցանցերում հանդիպած որեւէ լուսանկար ինձ անտարբեր չի թողնում: Ստեփանավանն, ու ընդհանրապես, Լոռին լուսանկարիչների օբյեկտիվներում հաճախ հայտնվում են գրավիչ բնության շնորհիվ: Բայց այս անգամ հանդիպածս լուսանկարն այլ «ռակուրսից» էր: Այն պատմում էր Ստեփանավանի՝ Խորհրդային Միությունից մնացած առեւտրի կենտրոնի շենքի մասին:

Խորհրդային շրջանի ճարտարապետությանը բնորոշ այս շենքի լուսանկարի հեղինակը իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Պերեգոն է: Ստեփանավանի փաստին գումարվեց նաեւ լրագրողական հետաքրքրությունս եւ լուսանկարչի հետ զրույցն իրեն սպասեցնել չտվեց:

Ստեֆանո Պերեգոն՝ Ստեփանավանում Ստեֆանո Պերեգոն՝ Ստեփանավանում


Ստեֆանոն ճարտարապետական լուսանկարիչ է, նա վավերագրում է հետաքրքրաշարժ եւ քիչ հայտնի շենքեր ամբողջ աշխարհից: Լուսանկարչական շրջագայությունը նրան մեկ անգամ չէ, որ բերել է նաեւ Հայաստան:

Մեդիամաքսի հետ զրույցում իտալացի լուսանկարիչը պատմել է առաջին տեսախցիկը գնելու ոգեշնչման, խորհրդային ճարտարապետության անսովոր գեղեցկությամբ տարվելու եւ առաջին հայացքից Հայաստանին սիրահարվելու մասին:

«Այդ պահն ինձ դրդեց գնել առաջին տեսախցիկս»

Լուսանկարչության աշխարհում ճանապարհորդությունս սկսվեց 2006 թվականին՝ Միլանում տանս մոտ արդյունաբերական տարածքում գտնվող լքված գործարանի տեսարանից: Այն ուսումնասիրելու հետաքրքրությունից դրդված մի անգամ ներս մտա եւ հայտնաբերածս ապշեցրեց ինձ. հսկայական դատարկ տարածք, բարձր սյուներ, որոնք նման էին պողպատե տաճարի, հիպնոսացնող տեսարաններ եւ երկրաչափական պատկերներ:

Տեսարանը՝ խլացված հնչյուններով եւ հալվող ձյան ռիթմիկ կաթիլներով, որոնք ձեւավորում են արտացոլող ջրային մակերեսներ, ոգեշնչեցին ինձ: Նման զգացում նախկինում չէի ունեցել: Այդ պահն ինձ դրդեց գնել առաջին տեսախցիկս, վերադառնալ գործարան եւ ֆիքսել էմոցիաներն ու պատկերները:

Սա դարձավ իմ լուսանկարչական կարիերայի սկիզբը: Հետո սկսեցի լուսանկարել Իտալիայում բազմաթիվ լքված շենքեր, իսկ հետագայում՝ ամբողջ Եվրոպայում: Այդ ճանապարհին էլ հետաքրքրությունս մեծացավ 20-րդ դարի երկրորդ կեսի ճարտարապետական ոճերի նկատմամբ:
Ստեֆանո Պերեգոն Ստեֆանո Պերեգոն


Կարեւոր դարձավ նախկին Հարավսլավիայի երկրներում լքված կառույցները փաստագրելու ուղեւորությունս: Այնտեղ ինձ գրավեցին տարածաշրջանով մեկ սփռված չմշակված բետոնե շինություններն ու հուշարձանները: Այս հայտնագործությունը խորապես ազդեց իմ լուսանկարչության վրա՝ այդ պահից սկսած ձեւավորելով աշխատանքիս ուղղությունը:

«Երբ իմանում են իտալացի եմ, սկսում են երգել»

Ինձ ամենաշատը գրավում է խորհրդային մոդեռնիստական շենքերի արտաքին տեսքը։ Անկախ նրանից, մարդիկ հիանում են դրանցով, թե ոչ, դրանց յուրահատուկ գեղեցկությունն ու հզոր տեսողական ազդեցությունը չեն կարող աննկատ մնալ: Այս շենքերը շատ բան են խոսում իրենց ներկայացրած դարաշրջանի եւ դրա գեղարվեստական նշանակության մասին՝ արտացոլելով այն երկրների մոդեռնիստական տեսլականը, որն այսօր գրեթե գոյություն չունի, ինչպես եւ Խորհրդային Միությունը: Նրանց ֆուտուրիստական ձեւերը կտրուկ հակադրվում են ժամանակակից համատեքստին, իսկ հաճախ խարխուլ եւ անձեռնմխելի ճակատները ժամանակի մեջ սառած լինելու տպավորություն են թողնում: Անցյալի, ներկայի եւ ապագայի այս հետաքրքրաշարժ փոխազդեցությունն ինձ դրդում է ներկայացնել այն  լուսանկարչության միջոցով:
Ստեֆանո Պերեգոն՝ Էջմիածնում Ստեֆանո Պերեգոն՝ Էջմիածնում


Ճարտարապետության իմ ընկալումը անընդհատ զարգանում է: Ես ֆորմալ ճարտարապետություն կամ լուսանկարչություն չեմ սովորել, ինքնուս եմ:

Առաջնորդվում եմ կրքով եւ հետաքրքրասիրությամբ, ինչն ինձ թույլ է տալիս անընդհատ բացահայտել եւ սովորել նորը ճանապարհորդելու, շրջապատող աշխարհը ուսումնասիրելու միջոցով:

Այս տեսակի ճարտարապետական շենքերը լուսանկարելիս առանձնակի դժվարությունների չեմ հանդիպում։ Միակ բանը, որ երբեմն պատահում է, այն է, երբ անվտանգության աշխատակիցները դեմքի լուրջ արտահայտությամբ մոտենում են ինձ՝ պարզելու, թե ինչ եմ անում։ Մի փոքր բացատրությունից հետո նրանք հասկանում են՝ անվնաս եմ, իսկ երբ իմանում են, որ իտալացի եմ, հաճախ սկսում ենք միասին երգել Տոտո Կուտունիոյի հայտնի երգը՝ հանդիպումը վերածելով զվարճալի պահի (ծիծաղում է-խմբ․)։
Ստեֆանո Պերեգոն՝ Սեւանի Գրողների հանգստյան տունը (ճարտարապետ` Գեւորգ Քոչար) Ստեֆանո Պերեգոն՝ Սեւանի Գրողների հանգստյան տունը (ճարտարապետ` Գեւորգ Քոչար)


2022 թվականից կազմակերպում եմ շրջագայություններ՝ նվիրված բրուտալիստական ճարտարապետությանը, խորհրդային մոդեռնիզմին, մոնումենտալ արվեստին: Այս էքսկուրսիաները նախատեսված են ճարտարապետության եւ լուսանկարչության սիրահարների համար եւ անցկացվում են Gost Tours-ի հետ համագործակցությամբ, որը ղեկավարում են Հարավային Կովկասն ու Արեւելյան Եվրոպան ուսումնասիրող փորձառու զբոսավարներ եւ պատմաբաններ:

«Հայաստանն իսկական բացահայտում էր. սեր առաջին հայացքից»

Երբ հետաքրքրությունս 20-րդ դարի վերջի ճարտարապետական ոճերի, մասնավորապես, բրուտալիզմի եւ սովետական մոդեռնիզմի նկատմամբ խորացավ, անխուսափելի դարձավ նաեւ Արեւելյան Եվրոպան ուսումնասիրելը:

Այս ճանապարհորդությունը 2016 թվականի գարնանն ինձ բերեց Հայաստան։ Այն ամբողջությամբ նվիրված էր խորհրդային մոդեռնիստական շենքերը ու հուշահամալիրները լուսանկարելուն: Հայաստանն իսկական բացահայտում էր. սեր առաջին հայացքից։ Ինձ ապշեցրեց խորհրդային ժամանակներից պահպանված շենքերի առատությունը, նրանց անսովոր գեղեցկությունը, ճակատային հատվածների խճանկարներն ու տեղական տուֆի լայն կիրառումը: Այդ շենքերը շրջապատված էին գեղեցիկ բնությամբ, իսկ տարածքում երբեմն երեւում էին նաեւ խորհրդային արտադրության մեքենաներ:
Ճոպանուղու անավարտ կայարան, Իջեւան, կառուցված 1980-ական թթ. Ճոպանուղու անավարտ կայարան, Իջեւան, կառուցված 1980-ական թթ.

Լուսանկարը` Ստեֆանո Պերեգոյի


Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությունը Հայաստանում յուրահատուկ է նրանով, որ այն համատեղում է տեղական ժառանգությունը, ավանդական եւ միջնադարյան արվեստի ձեւերը մոդեռնիզմի եւ 1960-1980-ականների ապագայի համարձակ տեսլականների հետ:

Շենքերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար հետազոտություններ եմ իրականացնում՝ օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատմական հոդվածներ, հրապարակումներ՝ հաճախ բնօրինակ լեզվով, լրատվամիջոցների մեկնաբանություններ, հնարավորության դեպքում տեղացիների հետ զրույցներ եւ ճարտարապետների ու պատմաբանների հետ անմիջական շփում:
Ավտոկայան Հրազդանում (1976-1978 թթ.), ճարտարապետ՝ Հենրիկ Առաքելյան Ավտոկայան Հրազդանում (1976-1978 թթ.), ճարտարապետ՝ Հենրիկ Առաքելյան

Լուսանկարը` Ստեֆանո Պերեգոյի


Ընդհանրապես, լուսանկարչությունը առանցքային դեր է խաղում խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության մասին իրազեկվածության բարձրացման գործում: Հայաստանում լուսանկարածս այս շենքերը նախագծել եւ կառուցել են հայ ճարտարապետներն ու ճարտարագետները, որոնց զարդարմանը նպաստել են հայ նկարիչները։
Լողավազան Սպիտակի պիոներական պալատում, 1975թ. Լողավազան Սպիտակի պիոներական պալատում, 1975թ.

Լուսանկարը` Ստեֆանո Պերեգոյի


Ուստի դրանք արժանի են պահպանման, քանի որ ներկայացնում են հսկա ստեղծագործական ժամանակաշրջան եւ պատկերացում տալիս դրա գեղարվեստական նշանակության մասին: Այս կառույցներն աստիճանաբար անհետանում են կամ ենթարկվում զգալի փոփոխությունների։ Ուստի՝ լուսանկարները դառնում են կարեւոր փաստաթղթեր եւ օգնում պահպանել հիշողությունն ապագա սերունդների համար:    

«Շուտով ութերորդ անգամ կայցելեմ Հայաստան»

Հայաստանի շատ քաղաքներ եմ այցելել, դրանցից մի քանիսը՝ մի քանի անգամ՝ Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, Դիլիջան, Իջեւան, Սպիտակ, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Բյուրական, Երեւան, Չարենցավան, Հրազդան, Սեւան եւ շատ այլ վայրեր:

Հայաստանում սիրելի վայր ընտրելը հեշտ չէ, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ինձ յուրովի է գրավում, բայց եթե ընտրություն կատարեմ, ապա Լոռին եւ Շիրակն ինձ համար ամենահիշարժանն են։ Մի ճանապարհ կա, որն առանձնահատուկ հուզում է հոգիս՝ Աշտարակից Սպիտակ երթուղին։ Այն անցնում է հոյակապ բնապատկերներով՝ հորիզոնում հսկայական Արագած լեռան տեսարանով, ճանապարհին գտնվող փոքրիկ գյուղերով եւ տպավորիչ հզոր հուշակոթողներով: Ամեն անգամ, երբ անցնում եմ այս ճանապարհով, հիացմունքով եւ զարմանքով եմ լցվում։


Բացի շենքերից՝ Հայաստանում հանդիպել եմ շատ ընկերասեր եւ հետաքրքիր մարդկանց, որոնք միշտ պատրաստ են օգնել։ Երբ մարդիկ տեսնում են ինձ լուսանկարելիս, ձայն են տալիս, ողջույններ ուղարկում, հաճախ նաեւ հետաքրքրությամբ հետեւում՝ ինչ եմ անում տեսախցիկով եւ եռոտանիով։

Հայաստանում իմ ճամփորդությունների յուրաքանչյուր պահն անմոռանալի է, իսկ յուրաքանչյուր ճամփորդություն՝ յուրահատուկ ու առանձնահատուկ։ 2016 թվականին Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ լուսանկարելիս մոտակա խանութի վաճառողը մի քանի անգամ մոտեցավ ինձ՝ անվճար խորտիկներ եւ խմիչքներ առաջարկելով։ Երբ շատ պնդեց վերջապես հարցրի՝ ինչո՞ւ են ինձ անվճար հյուրասիրում: Նրա պատասխանն ինձ իսկապես հուզեց՝ «որովհետեւ մենք ուրախ ու հպարտ ենք, որ դուք այստեղ եք եւ լուսանկարում եք մեր երկիրը»։ Սա խոսում է հայ ժողովրդի ջերմության, բարության եւ առատաձեռնության մասին։

Շատ շուտով նորից կգամ Հայաստան՝ ճարտարապետական լուսանկարչական շրջագայություն անցկացնելու եւ 1960-1980-ական թվականներին նախագծված եւ կառուցված հետաքրքիր կառույցների փաստագրման իմ նախագիծը շարունակելու համար: Դա կլինի ութերորդ այցս ձեր երկիր։

Պիտի ասեմ, որ Հայաստանում ճանապարհորդելը մեծ ազդեցություն է ունեցել իմ աշխատանքի վրա: Հայաստանն է հիմնական պատճառը, որ ես որոշեցի դառնալ ճարտարապետական լուսանկարիչ եւ կենտրոնանալ խորհրդային մոդեռնիստական գեղագիտության եւ այս ժամանակահատվածում աշխարհի այլ երկրներում կառուցված շենքերի վրա:

Արփի Ջիլավյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին