Արդյունավետ ժամանցով դրական փոփոխություններ 10:30-ին՝ «10:30» ակումբում - Mediamax.am

exclusive
1236 դիտում

Արդյունավետ ժամանցով դրական փոփոխություններ 10:30-ին՝ «10:30» ակումբում


Լուսանկարը` «10:30» ակումբ

Լիլի Արամին (Լիլիթ Հովհաննիսյան)
Լիլի Արամին (Լիլիթ Հովհաննիսյան)

Լուսանկարը` «10:30» ակումբ

Նարեկ Ամիրխանյանը Գյումրիում «10:30» ակումբի հանդիպմանը
Նարեկ Ամիրխանյանը Գյումրիում «10:30» ակումբի հանդիպմանը

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ

Գայանե Թունյանը
Գայանե Թունյանը

Լուսանկարը` «10:30» ակումբ

Արամ Փախչանյանը
Արամ Փախչանյանը

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ

Լուսանկարը` «10:30» ակումբ


Իսկ դուք ի՞նչ եք անում յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 10:30-ին. մի շարք անհատներ արդեն երկու տարի է, ինչ շատ հստակ գիտեն այս հարցի պատասխանը. լինելու են այնտեղ, որտեղ գիտելիքը բերում է փորձ, կապերը՝ հնարավորություն, ժամանցը՝ բարի գործերին աջակցություն:

2 տարի առաջ Լիլ Արամին (Լիլիթ Հովհաննիսյան) մի խումբ համախոհների հետ որոշեց ստեղծել այլընտրանքային կրթական հարթակ, որտեղ արդյունավետ ժամանցի միջոցով մարդիկ կստեղծեն կապեր, կստանան գիտելիք, կփոխանակվեն փորձով՝ միեւնույն ժամանակ աջակցելով Հայաստանում որեւէ կարեւոր խնդրի լուծմանը: Այսպես ծնվեց «10:30» ակումբը, որի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ 10:30-ին մի խումբ մարդիկ հանդիպում են որեւէ ոլորտի փորձագետի, նախաճաշում եւ հետաքրքիր զրույց ունենում:

Մեդիամաքսը խոսել է «10:30» ակումբի թիմի եւ տարբեր ժամանակներում այս ձեւաչափում հյուրընկալված խոսնակների հետ:

«10:30»-ի ծնունդը

Լիլ Արամի, «10:30 ակումբ»-ի հիմնադիր, վարող. «10:30 ակումբը» ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 11-ին: Այդ ժամանակ կարիք կար աջակցելու «Արեւային դպրոցներ Արցախում» նախագծին: Դրամահավաքի համար ընտրեցինք մեկ անգամ մի որեւէ խոսնակի հետ նախաճաշի ձեւաչափով հանդիպում կազմակերպելու տարբերակը: Մեր առաջին խոսնակը դարձավ «Rearrange» պոդքասթի վարող Նարեկ Ամիրխանյանը: Հանդիպումը շատ լավ անցավ ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե երբ է լինելու հաջորդը: Այդպես որոշեցինք այս ձեւաչափով հանդիպումները դարձնել պարբերական:

Լիլի Արամին (Լիլիթ Հովհաննիսյան) Լիլի Արամին (Լիլիթ Հովհաննիսյան)

Լուսանկարը` «10:30» ակումբ


Նարեկ Ամիրխանյան, «Rearrange» պոդքասթի վարող. «10:30»-ի հարթակում մի քանի անգամ եմ հանդես եկել որպես խոսնակ, հիմնականում զրուցել ենք պոդքասթների, անձնական աճի, կարգապահության մասին: Շատ հետաքրքիր է անցնում, որովհետեւ մարդիկ ակտիվ հարցեր են տալիս, շատերն անգամ նախաճաշի ավարտից հետո էլ ցանկանում են մնալ եւ շարունակել զրույցը: 
Նարեկ Ամիրխանյանը Գյումրիում «10:30» ակումբի հանդիպմանը Նարեկ Ամիրխանյանը Գյումրիում «10:30» ակումբի հանդիպմանը

Լուսանկարը` «10:30» ակումբ


Լիլ Արամի. Ինչու՞ նախաճաշ եւ ինչու՞ 10:30. պատասխանն ավելի քան պարզ է: Մեր ընկերները մեզ պատրաստ էին տրամադրել տարածք, որն ազատ էր 10:30-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, ուստի հենց այս հանգամանքն էլ վճռեց նախագծի անունը եւ ձեւաչափը:

Նաեւ մտածեցինք, որ մեզանում մեծ տեղ ունի իրար հետ հաց կիսելու մշակույթը, որը, թեեւ թվանշային դարաշրջանում սկսել է դուրս մղվել, սակայն կարող է լավ ձեւ դառնալ ավանդույթը վերականգնելու եւ առավոտյան զրույցով մոտիվացվելու: Հետզհետե պահանջարկն ավելացավ եւ գործարկեցինք նաեւ երկրորդ ձեւաչափը՝ «Գինու երեկո», որն արդեն ուրբաթ օրերին ժամը 20:30-ին է:

Լուսանկարը` «10:30» ակումբ


116 հանդիպում եւ 44 նախագիծ

Գայանե Թունյան, «10:30 ակումբ»-ի հաղորդակցման պատասխանատու. Յուրաքանչյուր հավաքույթի մասնակցության վճարի 50%-ն ուղղվում է մի որեւէ նախաձեռնության: Հաճախ գործընկերները կրկնապատկում են գումարը: Նախաձեռնությունը սովորաբար ընտրում ենք խոսնակի հետ համատեղ: Կարեւոր հանգամանք է, որ նախագիծը իրական փոփոխություն բերող լինի, մարդկանց կյանքի վրա դրական ազդեցություն ունենա ուղղակի կամ անուղղակի առումով:

Լիլ Արամի. Մեր երկու տարվա գործունեության ընթացքում աջակցել ենք 44 նախագծի՝ ընդհանուր շուրջ 15 մլն դրամի չափով: Նման նախագծերից են «ՄԵՄ»-ը, «Մետագեյթ»-ը, «Դեպի բարձունք»-ը, «ԱզատազԷն»-ը, «Մունք» տեխնոդպրոցը, «reArmenia»-ն, «Արմաթ»-ը, «Ուսանողի տուն»-ը եւ այլն:

1000-ից ավելի տարբեր մարդիկ են մասնակցել 116 հանդիպումների, որոնց խոսնակները հաշված դեպքերում են կրկնվել:

Լուսանկարը` «10:30» ակումբ


Նվիրելով գիտելիք

Գայանե. Մասնակցության երկու ձեւաչափ ունենք. մարդը կարող է ինքն իր համար տոմս գնել եւ մասնակցել կամ, վճարելով տոմսի գումարը, գիտելիք ստանալու հնարավորություն նվիրել այլ մասնակցի: Այս առումով մենք համագործակցում ենք «ՄԵՄ»-ի, «Հզոր միտք» ՀԿ-ի եւ պատանիների հետ աշխատող մի շարք այլ կազակերպությունների հետ, որոնք օգնում են մեզ ներգրավել տվյալ թեմայով հետաքրքրված եւ հիմնականւոմ մարզերում բնակվող պատանիների: Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով՝ աշխատում ենք 5-6 տեղ ապահովել մարզերից պատանիների համար, որոնք էլ հետո իրենց ստացած փորձով կիսվում են իրենց համայքներում:
Գայանե Թունյանը Գայանե Թունյանը

Լուսանկարը` «10:30» ակումբ


Լիլ Արամի. Ունենք նաեւ նվեր քարտեր, թիմբիլդինգների անցկացման հնարավորություն «10:30»-ի ձեւաչափով:

Գայանե. Յուրաքանչյուր հանդիպման մասնակցում է 20 մարդ, դա այն թիվն է, որը հնարավորություն է տալիս 2 ժամվա ընթացքում ապահովել բոլորի ակտիվ մասնակցությունն ընդհանուր քննարկմանը: Լայն հանրությանը չենք կարող ընդգրկել, սակայն, ի վերջո, մեծ փոփոխությունները լայն հանրությունը չի բերում, Պարետոյի սկզբունքն է գործում, ըստ որի ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Ուստի թիրախային աշխատանքն ավելի շատ կարող է երաշխավորել փոփոխությունը:

Ոչ չափելի, բայց ակնհայտ ազդեցություն

Լիլ Արամի. Հիմա հավաքում ենք հարթակի շնորհիվ ձեւավորված համագործակցությունների, անհատների կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին պատմությունները, որպեսզի առաջիկայում հանրայնացնենք: Հաճախ խոսնակները մենթորություն են ստանձնում մասնակից պատանիների համար, ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համատեղ բիզնես են սկսել, աշխատանքի են ընդունվել եւ այլն: 

Լուսանկարը` «10:30» ակումբ


Նախորդ ամռանը տարածքի խնդրի առաջ էինք կանգնել, սակայն մեր մասնակիցներից մեկը շատ արագ արձագանքեց ու ասաց, որ ունի տարածք, որը սիրով կտրամադրի մեր հանդիպումների համար: Այժմ ունենք ակումբի մշտական վայրը, սակայն երբեմն շարժական հավաքներ էլ ենք ունենում՝ կախված հանդիպման թեմայից:

Գայանե. Մենք չենք կենտրոնանում այն խոսնակների վրա, որոնց բոլորը գիտեն, մեր նեթվորքն օգնում է գտնել մարդկանց, որոնք իրենց ոլորտի լավագույններն են, բայց, միեւնույն ժամանակ, հանրային չեն, եւ հարթակ ենք տալիս նրանց՝ կիսվելու իրենց փորձով:

Արամ Փախչանյան. «ԱՅԲ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «ԱՅԲ» դպրոցի ուսուցիչ. Երեւի թե այս հարթակն իր բնույթով նմանվում է հունական ակադեմիային, որտեղ մարդիկ հավաքվում էին հետաքրքիր քննարկեումներ ունենալու եւ բոլորն ունեին մտքեր արտահայտելու հավասար իրավունք: Չնայած այս հարթակում կա խոսնակ, նա միայն ներածությունն է ապահովում, որից հետո լինում է քննարկում եւ մտքերի փոխանակում:
Արամ Փախչանյանը Արամ Փախչանյանը

Լուսանկարը` «10:30» ակումբ


Նման հանդիպումներում իմ նպատակը միշտ էլ այդ քննարկումները խթանելն է, այլ ոչ թե սեփական մտքերը պարտադրելը: Ուղղակի պասիվ լսելը ոչ մի խորը ընկալման չի բերում, մարդիկ պետք է իրենց մասնակից զգան, որ ինչ-որ բան դուրս բերեն դրանից:  

«10:30 ակումբ»-ը եզակի հարթակ է, եւ լավ կլինի, որ այդ հարթակի ճանաչելիությունն աճի եւ ավելի շատ խոսնակներ պատրաստ լինեն գնալ ու զրուցել, եւ մարդիկ էլ իմանան, որ նման ձեւաչափ կա:  

Գեւորգ Պողոսյան, «reArmenia» հարթակի գործադիր տնօրեն. «10:30 ակումբ»-ի ձեւաչափն այնպիսին է, որ մեկ գնդակով երեք նապաստակ ես խփում, այն էլ՝ երեք շատ կարեւոր «նապաստակ»: Մի կողմից՝ որեւէ ոլորտում փորձ ունեցողը կիսվում է դրանով հետաքրքրվածների հետ, մյուս կողմից՝ մասնակիցները հանդիպում են այդ նույն ոլորտով ու դրա խնդիրներով հետաքրքրված այլ մարդկանց, եւ այդ ամբողջը տեղի է ունենում ֆոնդհայթայթման բաղադրիչով՝ փոփոխություն բերող որեւէ նախագծի համար:

Լուսանկարը` «10:30» ակումբ


Շատ հաճախ ընտրում ենք հենց «reArmenia» հարթակի նախագծերից, որոնք մանրակրկիտ կերպով զննվել են, ուստի վստահելի են:

Ես թե խոսնակ եմ եղել, թե մասնակից: Միշտ շատ հետաքրքիր մարդիկ են հավաքվում: Մշտական մասնակիցների շարքում մի կին կա, որը ոստիկան է: Նրա հետ ծանոթությունն իմ մեջ եւ, վստահ եմ, շատերի մոտ միանգամայն փոխել է ոստիկանների մասին պատկերացումը, կարելի է՝ ասել ձեւավորել է այն կերպարը, թե ինչպիսին պետք է լինի իրական ոստիկանը: Սա ընդամենը մի օրինակ է այս հարթակում հանդիպումների ազդեցությունից:

Լուսանկարը` «10:30» ակումբ


Քննարկման թեմաներն էլ հաճախ այնպիսին են, որ առօրյայում առիթ չենք ունենում խոսելու, բայց այս ձեւաչափով զրույցը բազում բացահայտումների առիթ է տալիս: Օրինակ՝ մի անգամ խոսում էինք ինքնախաբեությունից, որ խաբեության ամենատարածված ձեւն է: Դրա դեմ ոչ մի հանրային ճնշում չկա. մարդիկ չեն ասում՝ հանկարծ ինքդ քեզ չխաբես, բայց ասում են՝ ուրիշներին չխաբես: Մարդ ինքն իրեն խաբելու պատճառով օբյեկտիվ իրականությունից կտրվում է ու սկսում սխալ որոշումներ կայացնել, ինչն էլ ի վերջո անդրադառնում է ամբողջ հանրության վրա: Նման թեմաներ շատ կան, որ, չնայած կարեւոր են, սակայն քիչ են քննարկվում հանրության շրջանում: Կարող ենք ասել, որ «10:30 ակումբ»-ի հարթակը հնարավորություն է տալիս հանրային դիրսկուրս ներմուծելու այնպիսի թեմաներ, որոնք, թեեւ անտեսված են, սակայն մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց ու հանրության կյանքի որակի վրա:

Լուսանկարը` «10:30» ակումբ


Միայն «քո տեղում գործդ լավ անել»-ն այլեւս չի աշխատում

Գայանե. Մեր ձեւաչափն ավելի շատ տալու մասին է, քան ստանալու, եւ հենց այդ մոտեցումն է, որ երկարաժամկետ հեռանկարում կբերի բաղձալի փոփոխության:
Պատերազմից հետո մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ միայն աշխատանքով բավարարվելը, եթե ցանկանում ենք երկրում փոփոխություններ բերել, արդեն շատ քիչ է: Այն, որ ասում են՝ ամենքս մեր տեղում մեր գործը լավ անենք, այլեւս չի աշխատում:

Ամբողջական դրույքով աշխատանք ունեմ, սակայն «10:30»-ի հանդիպումների կազմակերպման համար միշտ ժամանակ եմ գտնում՝ ավելորդ միջանցքները կյանքից դուրս հանելով, որովհետւ աչքիս առաջ են նախաձեռնության ազդեցությունն ու տեղի ունեցող փոփոխություններն անհատների ու համայնքների կյանքում:

Լուսանկարը` «10:30» ակումբ


Լիլ Արամի. 2020 թվականի պատերազմից հետո եկա այն որոշման, որ ցանկացած աշխատանք, որ կանեմ, պիտի բխի նույն նպատակից՝ բերել փոփոխություններ:

Երկխոսություն եւ վստահություն

Գայանե. Նմանատիպ շփումներն օգնում են վստահության ձեւավորմանը, իսկ մենք այժմ իսկապես վստահության ճգնաժամ ունենք: Մենք ամեն շաբաթ հանդիպում ենք տասնյակ մարդկանց՝ տարբեր ոլորտներից, տարբեր տարիքային խմբերից, որոնք պատրաստ են առանց որեւէ շահի, հետին մտքի, ակնկալիքի ներդրում ունենալ ինչ-որ նախաձեռնության, մարդկանց կամ երկրում դրական փոփոխություններում: Դա թե´ մոտիվացնող է, թե´ վերականգնում է վստահությունը:

Բազմաթիվ նախաձեռնություններ նույն ուղղությամբ են աշխատում, եւ մենք կցանկանայինք դրանք միավորված տեսնել՝ ավելի մեծ արդյունքներ ունենալու համար, սակայն դա արհեստականորեն չի կարող արվել:

Լուսանկարը` «10:30» ակումբ


Լիլ Արամի. «10:30 ակումբ»-ում մեր առաջնային նպատակներից է երկխոսությունը բոլորի միջեւ: Հիմա մեծ ոգեւորությամբ փաստում ենք, որ, չնայած որոշակի դժվարությունների, այդ ցանցային համագործակցությունը բնականորեն ձեւավորվում է:

Դեռեւս միայն մեկ մարզային այց ենք ունեցել, մեր 2-ամյակին գնացինք Գյումրի 4 խոսնակների հետ, ունեցանք 80-ից ավելի մասնակից: Այդ փորձը ցույց տվեց, որ մարզերում եւս նման ձեւաչափը պահանջված է եւ կարեւոր դեր կարող է ունենալ: Հիմա մեծ ցանկություն ունենք ավելի հիմնավոր կերպով մարզերում տարածվելու, որի համար ֆինանսական աջակցության կարիք ունենք, քանի որ մարզային հանդիպումներն անվճար ենք իրականացնում: Այս հարցում մեզ աջակցել ցանկացողները կարող են միանալ reArmenia-ի հարթակում իրականացվող դրամահավաքին:

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին