2024 թվականի վերջում 23-ամյա Անի Շահվերդյանը Երեւանում բացել է իր արվեստանոցը՝ StudioKerani-ն։ Այստեղ նա ստեղծագործում է եւ արդեն նաեւ վաճառում կերամիկական սպասք՝ ժամանակակից ոճով, բայց ոգեշնչված հին հայկական մշակույթից։
Մեդիամաքսը այցելել է Անիի արվեստանոց, զրուցել նրա աշխատանքների ու արվեստի մասին պատկերացումների շուրջ։
Վնասակար, բայց սիրելի մասնագիտությունը
«Ընդհանուր առմամբ կավագործությունն առողջության համար շատ վնասակար է»,- ասում է 23-ամյա Անի Շահվերդյանը եւ շարունակում մշակել կավե աշխատանքները՝ ընտրելով առողջության համար պակաս վնասակար մեթոդը։
Անին Ստեփանակերտից է։ Երբ պետք է մասնագիտություն ընտրեր, որոշեց ընդունվել Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ կիրառական արվեստի խեցեգործության բաժին, քանի որ այն ամենամոտն էր սիրելի աշխատանքին՝ զարդերի դիզայնին։ Սովորելու տարիներին պարբերաբար տուն էր գնում՝ Արցախ, սակայն 2022 թվականի հոկտեմբերին այնտեղ եղավ վերջին անգամ. սկզբում շրջափակումը խանգարեց, իսկ հետո՝ բռնի տեղահանությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ակադեմիայում սովորելու երրորդ կուրսում Անին փոխանակային ծրագրով Սանկտ-Պետերբուրգ է մեկնել։ Բարոն Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում սովորելուց հետո նորից վերադարձել է Երեւան, իսկ 2024 թվականին մեկնել էր Պորտուգալիա՝ արվեստի կացարանում երեք ամիս սովորելու եւ ստեղծագործելու։
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատելուն զուգահեռ՝ Անին այսօր էլ շարունակում է խորացնել իր գիտելիքներն արվեստի մասին, սովորում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի արվեստի քննադատության ու համադրության դպրոցում։
Աշխատել՝ արվեստով զբաղվելու համար
Աշխատանքները վաճառելու ու սեփական բիզնեսը հիմնելու միտքը Անին երկար էր հետաձգում, քանի որ ուզում էր զբաղվել ոչ թե վաճառքով, այլ միայն արվեստով. «Մի պահ եկավ, որ հասկացա՝ արվեստով զբաղվելու համար պետք է կողքից աշխատել»,- ժպիտով ասում է երիտասարդ արվեստագետը։
Սեփական արվեստանոցը հիմնելու գաղափարով Անին դիմել է Creative Armenia-ի Artbox ծրագրին, որի նպատակն է խթանել եւ հզորացնել ստեղծարար նախագծերը։ Դասերի մասնակցելուց հետո դիմել է ծրագրի առաջարկած դրամաշնորհին, որի շնորհիվ էլ սկսել է արվեստանոցի հիմադրումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Գործընթացը բավականին երկար տեւեց։ Ամենադժվարը Երեւանում հարմար տարածք գտնելն էր։ Նորմալ վիճակում գտնվող տարածքները շատ թանկ են։ Այսօրվա արվեստանոցս նախկինում տուն էր, մարդիկ էին ապրում, բայց որոշել էին վարձով տալ, որ գնան Ռուսաստան, ուստի ստացվեց հարմար գնով վերցնել։ Հետո սկսեցի վերանորոգումը»,- պատմում է Անին։
Տապանաքարերից նայող դեմքերը
Անիի հայրը մշակույթի պաշտպանության ոլորտում էր աշխատում եւ մշտապես ճանապարհորդում էր Արցախով մեկ՝ մասնակցելով հնագիտական պեղումների։ Անին հաճախ նրա հետ էր գնում, երբեմն նաեւ մասնակցում էր պեղումներին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր Անիի աշխատանքները ոգեշնչված են ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ քրիստոնեական շրջանի քանդակներից, տարբեր կոթողների վրա փորագրված նախշերից եւ սյուժեներից։ Անիի արվեստանոցում կարելի է գտնել հին հայկական տապանաքարերի վրա հանդիպող մարդկանց պատկերներ՝ մինիմալիզացված եւ ժամանակակից ոճի բերված։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սպասքի այս առաջին հավաքածուն պարի թեմայով է. վերվերի պարող աղջիկներ են։ Հիմա աշխատում եմ երկրորդ հավաքածուի վրա՝ գորգերի թեմայով է լինելու: Ինքս շատ եմ սիրում ճաշելիս գեղեցիկ սպասք օգտագործել ու ցանկանում եմ գեղեցիկ սպասքի այդ մշակույթը տարածել»,- ասում է Անին։
Ցույց տալով Հայաստանը քարտեզի վրա
Արվեստանոցում էսթետիկ սպասքի կողքին շարված են սպիտակ թրծակավից շնիկներ, որոնք Անիի մանկության յուրատեսակ արտացոլումն են։ «Միշտ երազում էի շուն ունենալ, ուստի պատրաստեցի այս շանը, անունը Նատաշա է, իսկ գույները ոգեշնչված են մանկության նկարներից»,- ասում է Անին։
Արվեստանոցում աշխատանքային փուլում գտնվող մեկ այլ նախագիծ յուրահատուկ տեխնիկայով է պատրաստվում, որն Անին Պորտուգալիայում է սովորել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Թուղթը երկու կողմից պատում եմ ջրիկ կավով, դրանց վրա պետք է պինդ շերտ ստանամ։ Թրծելիս թուղթն այրվում է եւ մնում է շատ բարակ ճենապակու շերտ։ Սրանք դառնալու են ուրվական տներ՝ Ստեփանակերտի քանդված տների նման։ Ուզում եմ այս նախագծով տուն վերադառնալու իրավունքի մեծագույն խախտման մասին խոսել»,- պատմում է երիտասարդ արվեստագետը։
Նա նախատեսում է այս աշխատանքով միջազգային ցուցադրության մասնակցել եւ շարունակել իր արվեստով պատմել Հայաստանի մասին։ Ցուցահանդեսների նախորդ փորձերից խոստովանում է, որ արտերկրում Հայաստանի մասին խոսելը շատ բարդ է։
Լուսանկարը` Անիի անձնական արխիվից
«Աշխարհի շատ վայրերում մարդիկ Հայաստանի մասին չեն էլ լսել։ Ամենամեծ նպատակս է ցույց տալ, որ մենք կանք ու մեզ մոռացության չմատնեն՝ հատկապես այս դժվար ժամանակներում, որովհետեւ հիմա եթե բնաջնջվենք էլ, ոչ ոք չի իմանա»,- ասում է Անին։
Լուսանկարը` Անիի անձնական արխիվից
Արվեստն ու քաղաքականությունը
Անին հաճախ է ստեղծագործում քաղաքական թեմաներով. հիմնական թեման Արցախն է, սակայն ունի աշխատանքներ նաեւ Հայաստանի քաղաքականության, ընդհանուր առմամբ պատերազմների մասին։
Շրջափակման օրերի ստեղծագործություններն էլ՝ սպիտակ թրծակավից ծաղկամանները, ոգեշնչված են քույրական կարոտից, երբ Երեւանում սովորող երկու քույրերը՝ Անին եւ Լիլիթը, չէին կարողանում տուն գնալ՝ մեծ քրոջը՝ Նինային հանդիպելու։
Լուսանկարը` Անիի անձնական արխիվից
Անիի վերջին աշխատանքներից մեկն էլ կորցրած մանկության մասին է եւ նվիրված է պատերազմներից տուժող բոլոր երեխաներին։
Լուսանկարը` Անիի անձնական արխիվից
Իր աշխատանքներով Անին ցույց է տալիս, որ արվեստագետները պետք է արձագանքեն սոցիալ-քաղաքական կյանքի իրադարձություններին։ «Իմ շրջապատում շատ են այն արվեստագետները, որոնք ասում են՝ իրենք ապաքաղաքական են, իրենք իրենց կղզում են ստեղծագործում։ Ես դա չեմ հասկանում, իմ դիրքորոշումը հստակ է այս հարցում։ Արվեստագետներն առաջինն են, որ պետք է արձագանքեն քաղաքական իրադարձություններին»,- ասում է Անին։
Շարունակելով մտածել արվեստի գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու մասին՝ երիտասարդ արվեստագետը ցանկանում է ընդլայնել Պորտուգալիայի արվեստի կացարանի փորձը եւ նմանատիպ ծրագրերի մասնակցել նաեւ այլ երկրներում։ Այդուհանդերձ, շարունակելու է ապրել եւ ստեղծագործել Հայաստանում։
«Հայաստանում արվեստի զարգացման ազատություն կա, որովհետեւ մեծ հաշվով մեզ ուշադրություն չեն էլ դարձնում։ Դա մի կողմից տխուր է, բայց մյուս կողմից՝ ամբողջովին ազատ ես ստեղծագործել»,- ամփոփում է Անի Շահվերդյանը։
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: