Հուսահատություն, պայքար եւ հաղթանակ. քաղցկեղի հետ կռիվ տված աղջկա պատմությունը - Mediamax.am

exclusive
3377 դիտում

Հուսահատություն, պայքար եւ հաղթանակ. քաղցկեղի հետ կռիվ տված աղջկա պատմությունը


Լիաննա Ղազարյանը
Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիաննա Ղազարյանը
Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` «Արտույտ»

Լիաննա Ղազարյանը
Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիաննա Ղազարյանը
Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիաննա Ղազարյանը
Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիաննա Ղազարյանը
Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիաննա Ղազարյանը
Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիաննան եւ մայրիկը՝ տիկին Լուսինեն
Լիաննան եւ մայրիկը՝ տիկին Լուսինեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Մարկոսյանը
Վիկտորյա Մարկոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«City of smile» հիմնադրամն աջակցում է քաղցկեղի դեմ պայքարող 0-ից 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին: Այն օգնել է, որ 15-ամյա Լիաննա Ղազարյանը պայքարի ու հաղթի հիվանդությունը:  

Նրան հանդիպում ենք երեւանյան այգիներից մեկում, միասին վայելում աշնան արեւը, զրուցում հուսահատվելու, ուժ գտնելու ու երազանքները չկորցնելու կարեւորության մասին:

«Մինչեւ հիվանդանալը երազանքներիս լուրջ չէի վերաբերվում»

Լիաննան 14 տարեկան էր, երբ կոնքի հատվածում մի քանի ամիս կրկնվող ցավի պատճառը գտնելու փորձերը հանգեցնում են չարորակ գոյացության հայտնաբերմանը: Սկսվում է մեկ տարի տեւող բարդ ճանապարհը՝ քիմիաթերապիաներով, հարակից բուժումով ու պարբերական հետազոտություններով:

Լիաննա Ղազարյանը Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2024թ.-ի հունիսին հերթական ստուգումն արձանագրում է՝ հիվանդությունն այլեւս չկա:

Այսօր մեր առջեւ նստած է կանաչաչյա աղջիկ, որը լայն ժպտում է ու ասում.

«Մանկուց շատ եմ սիրել նկարահանվել, թիթիզանալ ու երազել եմ դառնալ մոդել»:

Կիսվում է՝ հիվանդությունից առաջ երազանքներին լուրջ չէր վերաբերվում, մտածում էր՝ «դե մանկական ցանկություն է»: Այսօր հասկացել է՝ եթե ինչ-որ բան ուզում է, պետք է իրականացնի հնարավորինս շուտ.
Լիաննա Ղազարյանը Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Որովհետեւ մեզնից ոչ մեկ չգիտի՝ ինչ կարող է լինել վաղը: 14 տարեկան ես չէի կարող պատկերացնել, որ քաղցկեղով կհիվանդանամ: Հիշում եմ՝ հիվանդանոցում պառկած մտածում էի՝ «Լիաննա ու քաղցկեղ, ախր ոչ մի կերպ չի համադրվում»: Հիմա փորձում եմ գնահատել ժամանակս ու հերթով գնալ երազանքներիս հետեւից»:

Բուժումն ավարտելուց հետո Լիաննան հաճախում է մոդելինգի դասերի, արդեն հասցրել է նկարահանվել հայկական «Artuyt» մետաքսե շարֆերի գովազդում:
Լիաննա Ղազարյանը Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` «Արտույտ»


Զուգահեռ սովորում է 10-րդ դասարանում ու դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է կրթությունը շարունակել հոգեբանի մասնագիտությամբ:

«Մոդելինգն ու նկարահանումներն ինձ համար հաճելի հոբբի են, բայց որպես հիմնական մասնագիտություն ընտրելու եմ հոգեբանությունը: Շատ եմ կարեւորում այս մասնագետների աշխատանքը: Ինքս էլ սիրում եմ լսել մարդկանց, թույլ տալ, որ պատմեն իրենց խնդիրների մասին ու հնարավորության դեպքում օգնել», - ասում է Լիաննան:

«Անկեղծորեն հավատում էի, որ բուժվելու եմ»

Շատ հասուն հանդարտությամբ 15-ամյա աղջիկը պատմում է հայտնաբերված հիվանդության ու հիվանդանոցում անցկացրած 10 ամսվա մասին:

Մի պահ միայն զրույցին ներկա Լիաննայի մայրը՝ տիկին Լուսինեն, կիսվում է՝ «սարսափելի օրեր ենք ունեցել».

«Հիշում եմ՝ Լիաննան խնդրում էր, որ չլացեմ, լավ տրամադրվեմ: Փորձում էի դիմանալ, բայց երբ չէի կարողանում, բացում էի հիվանդասենյակում եղած պահարանն ու ինչ-որ բան դասավորելու պատրվակով լացում պահարանի դռան հետեւում թաքնված»:

«Դու էլ գիտեիր, թե միամիտ եմ, չեմ հասկանում», - ծիծաղում է Լիաննան ու հիշում հիվանդության ծանր փուլերից մեկը.
Լիաննան եւ մայրիկը՝ տիկին Լուսինեն Լիաննան եւ մայրիկը՝ տիկին Լուսինեն

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ համար ամենաբարդը մազերիցս հրաժարվելն էր: Ինչպես աղջիկների մեծ մասը, շատ էի սիրում երկար մազերս ու երբ առաջին քիմիաթերապիայից հետո սկսեցին թափվել, հասկացա՝ վաղ թե ուշ սափրել է պետք: Այսօր արդեն քիչ-քիչ երկարում են, բայց շատերն ասում են՝ այս կարճ սանրվածքն ինձ սազում է»:

Լիաննան ժպտում է ու ասում՝ երբեք այլ ելք չի էլ դիտարկել, համոզված է եղել՝ բուժվելու է.

«Մաման ամեն անգամ անհանգիստ սպասում էր հետազոտության արդյունքներին, իսկ ես ասում էի՝ «հանգիստ գնա վերցրու, գիտեմ, որ դրական փոփոխություն է լինելու»: Մտածում եմ՝ իմ լավատեսությունը մեծ դեր խաղաց»:

«Ես եղել եմ հուսահատ»

Լավատեսությանը զուգահեռ, աղջիկը հիշում է՝ հիվանդության մասին իմանալու առաջին շրջանը շատ ծանր էր: Չի ցանկանում, որ հիմա այդ ծանր փուլը հաղթահարող երեխաները մտածեն, թե նրանց հուսահատությունը նորմալ չէ.

«Ես եղել եմ հուսահատ, ես լացել եմ օրերով, վիճել բոլորի հետ: Կարծում եմ՝ սա նորմալ արձագանք է: Քիչ-քիչ եկավ գիտակցումը, որ այդ պահվածքն «ուժեղացնում է» հիվանդությունը, իսկ դա միայն ինձ էր վնասում: Ես պետք է մտածեի դրականը, արագ բուժվեի ու վերադառնայի տուն»:
Լիաննա Ղազարյանը Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իր այս մոտեցմամբ Լիաննան հաճախ էր կիսվում հիվանդանոց նոր եկող երեխաների հետ:

«Լինում էր՝ բժիշկները խնդրում էին, որ իրենց հետ շրջեմ նոր ընդունվող երեխաների սենյակներով, զրուցեմ նրանց հետ, կիսվեմ իմ պատմությամբ: Երբ ներս էի մտնում, նրանք հիմնականում անդադար լացում էին: Երբեք չէի ասում՝ մի լացեք, որովհետեւ ինքս էլ եմ լացել: Պարզապես լուռ նստում էի, սպասում, որ հանգստանան ու հետո միայն սկսում խոսել: Ասում էի, որ զգացել եմ իրենց զգացածը, անցել նույն ճանապարհով ու հիմա արդեն մոտ եմ բուժմանը»:

Լիաննան հիվանդանոցային օրերից հիշում է միայն դրականը՝ նոր գտած ընկերներին, բժիշկների հոգատարությունն ու երեկոյան խաղերն ու ժամանցը.
Լիաննա Ղազարյանը Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հիվանդանոցում մի ավանդույթ կար: Յուրաքանչյուր բուժված երեխայի նկարը փակցվում էր միջանցքում դրված հատուկ ծառի վրա: Երեկոները հաճախ հավաքվում էինք դրա տակ, երաժշտություն լսում, խաղեր խաղում, իսկ ծառից մեզ ժպտում էին բուժված երեխեքը: Դա ուժ էր տալիս: Միշտ ասում էի՝ մի օր էլ իմ նկարն է այստեղ լինելու: Այդպես էլ եղավ»:

«Ես պարզապես սիրում եմ ապրել»

Լիաննան հիշում է իրեն շրջապատող մարդկանց սերն ու հոգատարությունը: Դասընկերներին, որոնք ամեն օր գրում էին, կիսվում դպրոցի անցուդարձով: Մայրիկին, որն իր կողքին հիվանդանոցում էր շաբաթների ընթացքում, քույրիկին ու հայրիկին, որոնք անհամբեր սպասում էին տանը.

«Միշտ մտածում եմ՝ մամայի, ընտանիքիս համար ավելի ծանր էր, քան՝ իմ: Դժվար է նստել աթոռին ու նայել՝ ինչպես է երեխադ, կողքդ պառկած, քիմիաթերապիա ստանում: Քույրիկիս ու հայրիկիս համար էլ էր դժվար, որովհետեւ ես ու մաման շաբաթներով տանը չէինք ու նրանք մենակ էին, կարոտում էին մեզ, սպասում, անհանգստանում»:

Հիմա 15-ամյա աղջկա օրերը շատ հագեցած են անցնում: Դպրոցից ու մոդելինգի դասերից բացի, հաճախում է մի քանի խմբակ, ամեն օր ժամանակ անցկացնում ընկերների հետ:
Լիաննա Ղազարյանը Լիաննա Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հիվանդանոցում 10 ամիս եմ եղել ու միշտ ասում էի՝ հենց բուժվեմ, այդ 10 ամսվա տեղը լրացնելու եմ: Հիմա ոչ մի օր տանը չեմ մնում (ծիծաղում է – հեղ.): Հետաքրքիր է՝ անցած տարի մտածում էի, որ մյուս տարի այս օրերին արդեն բուժված կլինեմ: Այդպես էլ եղավ: Հիմա մտածում եմ՝ մյուս տարի այս օրերին մազերս կերկարեն, ավելի շատ նկարահանումների կմասնակցեմ, իսկ երբ լրանա 18-ամյակս, կսկսեմ ճամփորդել: Անհամբեր սպասում եմ՝ երբ կկարողանամ տեսնել Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան», - ասում է Լիաննան:

Նրա խոսքով՝ հիմա կարեւորում է կյանքի ամեն րոպեն, ընդունում դրա բոլոր լավ ու վատ օրերը.

«Կյանքն իսկապես շատ կարճ է ու միաժամանակ՝ շատ սիրուն: Ոչ մեկ չի ասել, որ ամեն ինչ միշտ լավ է լինելու, բայց, գուցե, վատ օրերն էլ են պետք: Միշտ եմ այդպես եղել, բայց հիվանդությունից հետո ավելի հստակ հասկացա՝ ես պարզապես սիրում եմ ապրել»:  

Օգնել կարող են բոլորը

«City of smile»-ի հանրային կապերի եւ մարքեթինգի համակարգող Վիկտորյա Մարկոսյանն ասում է, որ այսօր բարեգործական հիմնադրամի շահառու երեխաների եւ երիտասարդների թիվն անցել է 850-ը.

«0-ից 25 տարեկան ցանկացած երեխա կամ երիտասարդ, որի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, կարող է դառնալ մեր շահառուն: Ամբողջությամբ բարեգործության միջոցով հավաքված գումարով հիմնադրամն օգնում է հոգալ բժշկական եւ դեղորայքային ծախսերը, ինչպես նաեւ՝ առաջարկում հոգեբանական աջակցություն ինչպես երեխային, այնպես էլ՝ նրա հարազատներին»:
Վիկտորյա Մարկոսյանը Վիկտորյա Մարկոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վիկտորյայի խոսքով՝ հիմնադրամին տրվող ամենափոքր, բայց ոչ պակաս կարեւոր նվիրատվությունը կարող է ընդամենը 50 դրամ լինել: Լինում է նաեւ, երբ այս կամ այն ընկերությունները որոշում են աջակցել պարբերական հիմունքներով:

Քանի որ շահառուներից շատերի իմունային համակարգը խոցելի է, հանրային տրանսպորտով տեղաշարժվելը կարող է հավելյալ ռիսկեր առաջացնել: Այդ խնդիրը օգնում է լուծել Yandex Go Armenia-ն, որը 2023 թվականի օգոստոսից «City of smile»-ին ու եւս երեք հիմնադրամների շահառուներին տրամադրում է անվճար ուղեւորությունների հնարավորություն:

Իսկ 2024 թվականի հունիսից Հայաստանում Yandex Go հավելվածում հայտնվել է գործիք, որի միջոցով տաքսի պատվիրելիս կարող եք օգնել բարեգործական կազմակերպություններին։ «Օգնենք միասին» բաժնում օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումարով են ցանկանում օգնել, ինչից հետո այդ գումարը կավելացվի յուրաքանչյուր ուղեւորության արժեքին: Yandex Go-ն ամեն ամիս իր հաշվին ավելացնում է նվիրատվությունների գումարը եւ վճարում վճարային օպերատորների միջնորդավճարը. նվիրատվությունների 100%-ն ուղղվում է բարեգործությանը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին