«Մեկ օրով դեսպան» Նունեն բացահայտել է բրիտանական դեսպանատան աշխատանքը ներսից - Mediamax.am

exclusive
4560 դիտում

«Մեկ օրով դեսպան» Նունեն բացահայտել է բրիտանական դեսպանատան աշխատանքը ներսից


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում բրիտանական դեսպանատան խորհրդակցությունների սենյակ է մտնում մի երիտասարդ աղջիկ ու սպասում անձնակազմին։ Նա եւ՛ անչափ ուրախ է, եւ՛ հուզված՝ երկար սպասված օրվան ընդառաջ։

Երբ 19-ամյա Նունե Մոսիկյանը մոտ մեկ ամիս առաջ դիմում էր Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից հայտարարված «Մեկ օրով դեսպան» մրցույթին, նա չէր պատկերացնում, որ հենց ինքն է ստանալու Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ ամբողջ օրը շրջելու, պաշտոնական հանդիպումներին մասնակցելու եւ դեսպանատան գործունեությանը ներսից ծանոթանալու բացառիկ հնարավորությունը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականություն եւ կառավարում բակալավրի ծրագրի ուսանողուհին վստահ է, որ հենց այդ հնարավորությունն է իր հետագա կարիերայի մեկնարկային կետը քաղաքականության եւ դիվանագիտության բարդ, բայց հետաքրքիր աշխարհում։ Իսկ թե ինչ հանդիպումների է նա մասնակցել մարտի 14-ի հագեցած օրվա ընթացքում ու ինչ է բացահայտել դեսպանի աշխատանքում, պատմում է Մեդիամաքսը։

Ի՞նչ կանես, եթե լինես  Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում

«Մեկ օրով դեսպան» մրցույթը կազմակերպվում է մի շարք երկրներում բրիտանական կառավարության կողմից։ Դրա նպատակն է ոգեշնչել երիտասարդներին իրենց հետագա կարիերայում եւ ծանոթացնել տվյալ երկրում բրիտանական դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում այս մրցույթը տեղի է ունենում առաջին անգամ։ Բրիտանական դեսպանատունը, հանձնառու լինելով Հայաստանում կանանց հզորացմանը, մեկ օրով դեսպան դառնալու հնարավորություն է ընձեռել 18-22 տարեկան կանանց եւ աղջիկներին։

Մրցույթին մասնակցելու հարցում Նունեին հայրն է ոգեշնչում։ Մասնակցության պահանջներին ծանոթանալուց հետո նա պատրաստում է տեսանյութ՝ պատասխանելով առաջադրված հարցին․ ինչ կաներ, եթե լիներ Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եղբորս հետ հերթական անգամ բանավիճում էինք որոշումների կայացման ոլորտում կանանց դերի ու ներգրավվածության շուրջ, երբ շնորհավորական նամակ ստացա «Մեկ օրով դեսպան» մրցույթում հաղթելու կապակցությամբ։ Հենց այդ լուրն էլ դարձավ բանավեճի իմ պատասխանը»,- հիշում է Նունեն։

Երբ միջոցառման օրվա առավոտյան տան անդամները Նունեին արթնացնում են «դեսպան» դիմումով, նա չէր պատկերացնում, որ այդ կոչումն իրեն իսկապես ուղեկցելու է ամբողջ օրվա ընթացքում։

Ինչպիսի՞ առաքելություն ունի բրիտանական դեսպանատունը Հայաստանում

Օրվա պաշտոնական մեկնարկը տրվում է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ ձեռքսեղմումով, երբ վերջինս Նունեին է հանձնում հաղթողի հավաստագիրը։

Լուսանկարը` Մեդիամաքս


 «Շատ ուրախ ենք, որ այս միջոցառման իրականացմամբ կարող ենք ի ցույց դնել մեր հանձնառությունը գենդերային հավասարության ապահովման հարցում։ Կարծում ենք, որ շատ կարեւոր է ընկալել այն դերը, որ կանայք կարող են ունենալ»,- նշում է դեսպանը՝ հույս հայտնելով, որ օրվա հանդիպումների ծրագիրը կօգնի Նունեին պատկերացում կազմել դեսպանատան գործունեության մասին։

Դեսպան Գալագերի հեռանալուց հետո Նունեն հուզված սպասում է օրվա շարունակությանը։ Հերթով ներս են մտնում դեսպանատան աշխատակիցներն ու նրան դիմում ճիշտ նույն կերպ, ինչպես ընդունված է դիմել դեսպանին։

«Ներսիս փոքր երեխան ուրախությունից աղաղակում էր, բայց արտաքինից պետք էր փորձել լուրջ մնալ` զգալով ամբողջ պատասխանատվությունը»,- ավելի ուշ իր հույզերով է կիսվում Նունեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոխդեսպան եւ Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսն սկսում է հանդիպումը, որի ընթացքում դեսպանատան աշխատակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է թիմում իր դերն ու գործառույթների շրջանակը։ Այս հանդիպման շնորհիվ Նունեն ծանոթանում է բրիտանական դեսպանության բազմաբովանդակ գործունեությանը, որն ուղղված է Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ գործունեությունն ընդգրկում է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցություն, Հայաստանի զարգացմանն աջակցություն ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով, առեւտրատնտեսական կապերի ամրապնդում, կրթական եւ մշակութային նախաձեռնություններ, ընդհուպ մինչեւ հակամարտությանը եւ հումանիտար մարտահրավերներին առնչվող հարցեր։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Անձնակազմի հետ ծանոթությունն օրվա ամենավառ հիշողությունը դարձավ, բոլորն այնքա՜ն ջերմ էին ու բարեհամբույր։ Ինձ համար կոտրվեց այն կարծրատիպը, թե դեսպանատների աշխատակիցները լուրջ ու փակ մարդիկ են։ Փոխարենը զգացի, թե որքան հաճելի կարող է լինել թեկուզ այդ կարճ շփումը նրանց հետ եւ իմացա, թե որքան կարեւոր գործառույթներ են նրանք իրականացնում Հայաստանում»,- ավելի ուշ Մեդիամաքսի հետ զրույցում անկեղծանում է Նունեն։

Տան ջերմությունը տանից հեռու

Հետաքրքական օրվա հաջորդ հանդիպումը Կոտայքի մարզում գործող CreLab-ում է, որտեղ Նունեն դեսպանի Գալագերի հետ ուղեւորվում է դեսպանի պաշտոնական մեքենայով։ Դեսպան Գալագերն անգամ զիջում է մեքենայում իր տեղը՝ Նունեին հիշեցնելով, որ այսօր դեսպանը նա է։

ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Labs for Change» կանանց հզորացման ծրագրի մաս կազմող այս ստեղծարար լաբորատորիան հիմնվել է «Իմփաքթ Հաբ» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի, «Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ի եւ Դիլիջանում գործող «Մեյդ-Վել-է» արհեստագործական հարթակի համագործակցությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ Վահան Խաչատրյանը հյուրերին ներկայացնում է CreLab-ի գործունեությունը, որը ստեղծվել է մարզերում ստեղծագործ արդյունաբերության ոլորտում հմտությունների զարգացման եւ կապերի հաստատման համար, իսկ այսօր ծառայում է նաեւ Արցախից տեղահանված կանանց։

«Քանի որ բռնի տեղահանված արցախահայերի զգալի մասը բնակություն է հաստատել Կոտայքի մարզում, մենք որոշեցինք նրանց եւս հնարավորություն ընձեռել օգտվելու CreLab-ի միջավայրից։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հագուստի մոդելավորում բաժնի ուսանողներն իրենց դասախոսների հետ կարողացան այստեղ շարունակել իրենց դասերն ու մասնակցել նաեւ մեր կողմից կազմակերպված դասընթացներին»,- պատմում է դիզայներ Վահան Խաչատրյանը։

Չնայած ուսանողների մեծ մասն արդեն կրթությունը շարունակում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի նույնանուն բաժնում, նրանք շարունակում են գալ CreLab եւ աշխատել իրենց հավաքածուների վրա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ստեփանակերտի շահառուներից Քրիստինե Ադամյանը դեսպաններին է ներկայացնում իր էսքիզները, որոնք ստեղծելիս ոգեշնչվել է Գանձասարի վանքի դռան փորագրություններից։

«Հույս ունեմ աշխատանքս ներկայացնել մայիսին կայանալիք նորաձեւության շաբաթում»,- ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նունե Մոսիկյանը մեծ հետաքրքրությամբ դիտում է աշխատանքները, իսկ ավելի ուշ կիսվում իր վառ տպավորություններով ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամ»-ի կողմից իրականացվող կարեւոր նախաձեռնության մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս աշխատանքն իսկապես շատ արժեքավոր է հատկապես մեր դժվարին իրավիճակում։ Ինձ համար ակնհայտ էր նախաձեռնողների իրական ձգտումն օգնելու տեղահանված արցախցի կանանց ու ստեղծելու նրանց համար ապահով միջավայր։ Մեր զրույցներում շահառուներն ասում էին, որ իրենց տնից այդքան հեռու այս միջավայրում կարողացել են նոր տուն գտնել»,- պատմում է Նունեն։

Բիզնես կապերի խթանում

Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում կարեւոր տեղ ունի նաեւ բիզնես կապերի խթանումը։ Այդ պատճառով էլ դեսպան Ջոն Գալագերի եւ մեկ օրով դեսպան Նունե Մոսիկյանի հաջորդ կանգառը «SADA Armenia»-ում է։ Վերջինս բիզնեսի եւ տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերություն է:

«Մեր ընկերությունը «Google Cloud»-ի լավագույն գործընկեր է ճանաչվում արդեն 6 տարի անընդմեջ։ Եթե փորձեմ պարզ բացատրել, մենք օգնում ենք ընկերություններին իրենց տեղեկատվությունն ապահով կերպով տեղափոխել ամպային տիրույթ, մասնավորապես «Google Cloud»»,- մանրամասնում է «SADA Armenia»-ի գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը։ Նա նաեւ ընդգծում է Միացյալ Թագավորությունում գործող թիմի հետ սերտ աշխատանքի ու փոխգործակցության դերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«SADA»-ի եւ ՀՀ կառավարության միջեւ համագործակցության մասին տեղեկանալով՝ դեսպան Ջոն Գալագերն իր ուրախությունն է հայտնում բրիտանական եւ այլ երկրներում SADA, An Insight Company-ի թիմերի հետ համատեղ գործունեության շնորհիվ «Google Cloud»-ի տեխնոլոգիաները Հայաստանում հետզհետե ավելի հասանելի դարձնելու կապակցությամբ։  

ՄԹ դեսպանության աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրերին

Նունե Մոսիկյանը մասնակցում է նաեւ Դեսպան Ջոն Գալագերի ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հանդիպմանը։ Այս անգամ նա կարողանում է պատկերացում կազմել բրիտանական դեսպանության եւ ՀՀ կառավարության համագործակցության թիրախային ուղղությունների մասին։

Փոխնախարարը ողջունում է Նունեին՝ նման բարդ ոլորտ մուտք գործելու եւ յուրօրինակ փորձառության կապակցությամբ։ Ռուբեն Սարգսյանը նաեւ ընդգծում է, որ երիտասարդների՝ աշխատաշուկա մուտք գործելուն աջակցելը նախարարության առաջնահերթությունների շարքում է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները դեսպանին են ներկայացնում հայ-բրիտանական համագործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքը, հատկապես կանանց հզորացման եւ պետական կառավարման համակարգերում կանանց ներգրավվածության մեծացման ռազմավարության վերաբերյալ։

Իր հերթին Դեսպան Ջոն Գալագերը ընդգծում է, որ դեսպանության համար կարեւոր են նման քննարկումները, որպեսզի հասկանան, թե բրիտանական կառավարությունը ինչպես կարող է աջակցել Հայաստանի կառավարության կողմից առկա մարտահրավերների հասցեագրմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս հանդիպումը կարեւոր է նաեւ ձեր նախարարության գենդերային ռազմավարության շուրջ խոսելու իմաստով։ Կարծում եմ, որ շատ պատեհ է այսօր Նունեի՝ որպես մեկ օրով դեսպան այստեղ գտնվելը։ Մեր այս միջոցառման պատճառներից մեկը նաեւ դիվանագիտության ոլորտում կանանց դերին աջակցելն է»,- ասում է դեսպանը։

Նա նաեւ փոխնախարարից հետաքրքրվում է, թե ինչ քայլեր են իրականացվել Արցախից բռնի տեղահանված մարդկանց սոցիալական աջակցության տրամադրման եւ աշխատաշուկայում ինտեգրման ուղղություններով։

Ի՞նչ է պետք դեսպան լինելու համար

Պակաս հետաքրքրական չեն անցնում նաեւ ճանապարհի քննարկումները, որոնց ընթացքում դեսպան Գալագերը Նունեի հետ զրուցում է լուրջ հիմնախնդիրների ու դրանց լուծումների շուրջ՝ մշակույթի դերից ու պահպանումից մինչեւ քաղաքացու կրթություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրվա հանդիպումների տպավորություններով կիսվելիս Նունեն խոստովանում է, որ խորապես տպավորված է դեսպանի հաղորդակցության հմտություններով։

«Այս հանդիպումների ընթացքում նկատեցի, որ դեսպանն ունի իր հստակ հարցերը, որոնցով կարողանում է ստանալ հենց այն տեղեկատվությունը, որն իրեն անհրաժեշտ է։ Կցանկանայի ինձանում եւս զարգացնել այդ հմտությունը, որով հնարավոր է այդքան արագ կողմնորոշվել՝ ինչպես ճիշտ հարցերով ստանալ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասում է Նունեն։

Փորձելով իրեն պատկերացնել դիվանագետի դերում՝ նա մեկ այլ հմտություն էլ է բացահայտել, որը շարունակելու է զարգացնել․ «Ցանկացած միջավայր մտնելիս պետք է սկզբում դիտարկող լինես, ու դրանից հետո նոր միայն մասնակից դառնաս։ Այս կերպ կկարողանաս քեզ ճիշտ դրսեւորել։ Սա հատկապես կարեւոր է, երբ ներկայացնում ես ոչ միայն քեզ, այլ մի ամբողջ պետություն»,- մանրամասնում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը դեսպան Գալագերից եւս հետաքրքրվեց, թե ինչ հմտություններն են պետք դեսպան լինելու համար․

«Դեսպան լինելու համար պետք է իրական հետաքրքրություն ունենաս այն երկրի նկատմամբ, որտեղ ծառայություն ես իրականացնում։ Կարծում եմ, որ կարեւոր է նաեւ լայնախոհությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է Միացյալ Թագավորությունն աջակցել տվյալ երկրին՝ իր նպատակներին հասնելու հարցում։ Մեկ այլ կարեւոր որակ է պարտավորվածությանը զգացումը։ Հաճախ, տվյալ երկրի մարտահրավերների ժամանակ ճիշտ կողմնորոշվելը կարող է դժվար լինել, իսկ սատարող գործընկեր լինելու համար պարտավորվածության զգացումն անհրաժեշտ է»,-ասում է դեսպանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նաեւ համոզված է, որ Նունեն ապագա դիվանագետի մեծ պոտենցիալ ունի․

«Նունեի մոտ առաքելության հստակ զգացում կա։ Նա լավ պատկերացնում է, թե ինչպես կարող է աջակցել Հայաստանի ապագա զարգացմանը, եւ կարծում եմ, նաեւ ընկալում է, թե ինչպես կարող է գործընկերությունն օգնել այդ հարցում»,-հավելում է դեսպան Գալագերը։

Օրվա ավարտը՝ որպես նոր նպատակի սկիզբ

Օրվա վերջին միջոցառումը Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված բրիտանական բուհերի շրջանավարտների հանդիպումն էր։ ՄԹ դեսպանը բոլորին ներկայացնում է մեկ օրվա դեսպան Նունեին, որից հետո նա հնարավորություն է ստանում ծանոթանալու եւ կապեր հաստատելու բրիտանական կրթություն ստացած համայնքի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատ նոր մարդկանց հետ հասցրի ծանոթանալ։ Նրանք ինձ պատմում էին Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու մասին, կիսվում իրենց տպավորություններով ու խորհուրդներ տալիս, թե հետագայում ինչպես պետք է հայտ լրացնեմ, եթե ցանկանամ դիմել բրիտանական բուհեր»,- պատմում է Նունեն։

Նրա խոսքով՝ շրջանավարտների հետ զրույցները նրան շատ են ոգեւորել Մեծ Բրիտանիայում կրթությունը շարունակելու հարցում։ Ձեռք բերած փորձի շնորհիվ հույս ունի, որ մի օր կկարողանա դիմել ՄԹ դեսպանատան կողմից տրվող «Չիվինգ» կրթաթոշակի համար։

Գերհագեցած օրվա ավարտին Նունեն խոստովանում է. «Դեսպան լինելն իսկապես բարդ էր, բայց միեւնույն ժամանակ շատ ուրախալի»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին