«Սա մեր Երեւանն է». «Ռոսիայի շենքը»՝ Աննա Չերկաշեւայի նկարներում - Mediamax.am

exclusive
4935 դիտում

«Սա մեր Երեւանն է». «Ռոսիայի շենքը»՝ Աննա Չերկաշեւայի նկարներում


Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Չերկաշեւան
Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Չերկաշեւան
Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Չերկաշեւան
Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Չերկաշեւան
Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ագաթանգեղոս 7 հասցեում գտնվող շենքը, 1967թ.
Ագաթանգեղոս 7 հասցեում գտնվող շենքը, 1967թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շենքի վերակառուցման նախագիծը 70-ականներին
Շենքի վերակառուցման նախագիծը 70-ականներին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Միլիմետրովկա» կամ «Մի շենքի երեք դեմքը». այսպես է կոչվում նկարչուհի Աննա Չերկաշեւայի նախագծի ցուցադրությունը, որը 2024թ. հունվարի 14-ից փետրվարի 10-ը ցուցադրվում է «Զանգակ» գրախանութի (Աբովյան 7) երկրորդ հարկում:

2023թ. հունիսից դեկտեմբեր Աննան նկարել է Երեւանի Ագաթանգեղոս 7 հասցեում՝ նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող շենքը: Պատշգամբը պատշգամբի հետեւից, պատուհանը՝ պատուհանի, ակվարելի միջոցով թղթին է փոխանցվել ոչ միայն շենքի իրական պատկերը, այլեւ՝ դրա բնակիչների կյանքը, տրամադրությունն ու սովորությունները:

Հետագայում նախագծին միացել է ճարտարապետ Կարեն Բալյանը՝ բացահայտելով շենքի «ներաշխարհը», ցույց տալով 1965թ.-ի դրա սկզբնական նախագիծն ու վերակառուցման գաղափարը 1970-ականներին:

Աշխատանքի ընթացքի եւ «Ռոսիայի շենքի» կյանքի մասին Մեդիամաքսը զրուցել է Աննա Չերկաշեւայի հետ:

Արգենտինան, Հայաստանն ու «Ա» տառով բոլոր երկրները

Ես Սանկտ Պետերբուրգից եմ: Նկարչուհի եմ եւ գրաֆիկ դիզայներ: Հայաստանում հայտնվել եմ պատահաբար, ինչպես շատ հաճախ է լինում իմ կյանքում (ժպտում է – հեղ.)

Աննա Չերկաշեւան Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի օր որոշեցի, որ պետք է ճամփորդեմ «Ա» տառով սկսվող բոլոր երկրներով եւ սկսեմ Արգենտինայից: Բայց ընկերս առաջարկեց՝ «արի Հայաստանից (ռուս.՝ Армения) սկսենք, կապրենք, կտեսնենք, իսկ հետո կարելի է նաեւ Արգենտինա գնալ»: Ես պատասխանի՝ «է սկսենք» (ծիծաղում է – հեղ.): Մինչ այդ Հայաստանում չէի եղել: Այստեղ ապրում եմ արդեն 1,5 տարի:

«Ռոսիայի շենքի» հետ առաջին ծանոթությունը

Ճանապարհորդելու ընթացքում ճարտարապետություն միշտ նկարում էի: Հայաստանում այնպես ստացվեց, որ շատ ակտիվ սկսեցի ակվարելային ներկեր օգտագործել: Մինչ այդ նկարներս հիմնականում գրաֆիկական էին, մեկ գծով: Հայաստանում հասկացա, որ մեկ գիծը բավարար չէ, որովհետեւ ճարտարապետությունը շատ երանգներ ունի: Սկզբում ինձ հիացրեց տուֆը, ուսումնասիրում էի վարդագույնի երանգներն ու որոշեցի՝ սա կարող է փոխանցել միայն ակվարելը: Հենց այսպես ես զգացի Հայաստանը, եւ սա ինձ համար էլ նկարչական նոր ոճ դարձավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում սկսեցի նկարել տանս պատուհանից երեւացող տեսարանը, որոշ շենքեր քաղաքի կենտրոնում: Մի անգամ նկարեցի Ազգային անվտանգության ծառայության դիմաց գտնվող տնակը: Պատահաբար նստեցի, նկարում եմ եւ ինձ մի մարդ է մոտենում՝ ասելով. «Այս շենքը նկարում եք, իսկ այս մեկը՝ չէ» (ծիծաղում է – հեղ.):
Սկսվեց մի փուլ, երբ շատ էի նկարում ֆասադներ: Հետո այդ նկարները դարձնում էինք բացիկներ ու վաճառում տարբեր տոնավաճառների ժամանակ: Երբ մարդիկ ուսումնասիրում էին իմ աշխատանքները, հաճախ շփոթում էին նկարներից մեկը «Ռոսիայի» մոտի շենքի հետ, որի մասին ես այդ պահին նույնիսկ չգիտեի: Բացիկի վրա իմ պատուհանից երեւացող շենքն էր, բայց երբ մոտ 20 մարդ ասաց՝ «ախր սա «Ռոսիայի» մոտի շենքն է», ընկերոջս հետ որոշեցինք՝ «դե ինչ, գնանք, տեսնենք այդ շենքը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին հայացքից փշաքաղվեցի, այդ բառի ոչ դրական իմաստով: Շենքի դիմաց բանուկ ճանապարհ է՝ շուրջը թափթփված: Բացի այդ, բոլոր պատշգամբներն ինձ կանաչավուն թվացին, իսկ այդ գույնի հետ ես խնդիրներ ունեմ: Նույնիսկ հեռացնում եմ իմ բոլոր ներկապնակներից, քանի որ չեմ սիրում:

Բայց, այնուամենայնիվ, որոշեցի շենքին ավելի ուշադիր նայել: Քայլեցինք, շփվեցինք մարդկանց հետ, հետաքրքրվեցինք՝ որտեղ կարելի է նստել ու նկարել: Մտանք շենքի դիմաց գտնվող կոնյակի փոքրիկ խանութ եւ այստեղ ինձ ասացին՝ «համեցեք, նկարեք»: Նույնիսկ աթոռ տրամադրեցին, որը դնում էի խանութի մուտքի մոտ: Այսպես սկսվեց աշխատանքը, որը տեւեց 2023թ. հունիսից մինչեւ դեկտեմբերի վերջ: Ամեն օր աշխատանքի նման գալիս էի «Ռոսիայի» շենքի մոտ եւ նկարում 2-4 ժամ:

«Ի՜նչ տգեղ շենք է» եւ երջանկությունը՝ պուտավոր վարագույրից ներս

Շենքին ավելի լավ ծանոթանալուց հետո առաջին տպավորությունս փոխվեց: Երբ սկսում ես ուշադիր նայել, ոչ թե ընդհանուր պատկերն ես տեսնում, այլ ուսումնասիրում ես ամեն պատշգամբ: Սկսեցի նկատել մարդկանց կյանքը, ինչ-որ առումով նաեւ հետեւել դրան: Տեսնել՝ ինչ տարբեր է այն, ինչ սովորություններ ունի բնակիչներից յուրաքանչյուրը: Ահա մի կին արագ դուրս է գալիս պատշգամբ, թափ տալիս լաթի կտորն ու անհետանում: Իսկ սա դասական տղամարդ է, որ ծխում է պատուհանի մոտ անթեւ շապիկով, չնայած՝ արդեն ձմեռ է: Ինձ շատ դուր եկավ մի պատշգամբ, որում նստած էր երկու աղջիկ: Կարող է թվալ, թե նրանք գինի են խմում, բայց աղջիկները նկարում էին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամեն պատուհան ու պատշգամբ իր պատմությունն ու «ույուտն» ունի: Զգացողություն, որ լինում է դրսում կանգնած՝ նայելով ինչ-որ մեկի վառած լույսին՝ պուտավոր վարագույրից ներս: Մտածում ես՝ այնտեղ երեւի թեյ են խմում կամ պառկում քնելու: Այս միտքը ջերմացնում է: Թվում է՝ այնտեղ երջանկությունն է կամ հենց կյանքը: Վարագույրներից ներս, իհարկե, ինչ ասես կարող է կատարվել (ծիծաղում է – հեղ.), բայց միեւնույն է, ուզում ես մտածել, որ դա երջանկությունն է:

Նկատեցի, որ յուրաքանչյուր բնակիչ փորձում է ստեղծել իր հարմարավետությունը: Ինչ-որ կերպ վերակառուցում է պատշգամբը, փորձում գեղեցկացնել այն եւ միայն ընդհանուր պատկերում է դա ինչ-որ անճոռնի տեսք ստանում:
Աննա Չերկաշեւան Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Անցորդների մեծ մասը, նկատելով՝ ինչ եմ նկարում, ասում էին՝ «ի՜նչ տգեղ շենք է, ինչո՞ւ եք նկարում այն», իսկ հետո ավելացնում՝ «իհարկե, ձեր նկարն իրականությունից գեղեցիկ է»: Ես էլ արձագանքում էի, որ փոխանցում եմ ամեն ինչ այնպես, ինչպես կա: Նույնիսկ պատշգամբ դուրս եկող մարդկանց փորձում էի հասցնել արագ նկարել, որովհետեւ ցանկանում էի ստանալ հենց նրանց կերպարը: Նախագծում չկան հորինված տարրեր, կերպարներ կամ դեպքեր: Ես պարզապես փոխանցել եմ շենքի կյանքից մի կտոր:

Առհասարակ, այս շենքը շատ դժվար է «մարսել»: Մենք սովորել ենք միշտ ինչ-որ տեղ շտապել, հայացք գցել ու շարունակել վազքը, իսկ այս շենքին պետք է ուշադիր նայել ու այն կբացվի ձեր առաջ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի մարդ կշտամբանքով գրել էր. «Հիմա ի՞նչ, սկսելու ենք գովերգե՞լ այս ամենը՝ որպես գեղեցկություն»: Ոչ, հակառակը: Ես պարզապես առաջարկում եմ ուշադիր նայել: Երջանկանում եմ, երբ մարդիկ կիսվում են, որ ցուցահանդեսից հետո սկսել են այլ կերպ տեսնել շենքերը: Ուրեմն՝ կարողացել եմ հասնել նպատակներից մեկին: Գուցե, դրանից մարդու մոտ ցանկություն կծնվի ինչ-որ բան դեպի լավը փոխել:
Աննա Չերկաշեւան Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս նախագիծը պարզապես նկար չէ: Այն ծանոթություն է մարդկանց, նրանց կյանքի ու հարաբերությունների հետ: Հիմա ես նույնիսկ մտածում եմ՝ մի օր կհայտնվեմ Իտալիայում ու ի՞նչ եմ նկարելու: Չէ՞ որ այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է (ծիծաղում է – հեղ.), իսկ ուզում ես տեսնել ու փոխանցել ավելին:

«Սա կյանքն է, ամեն ինչն է փոխվում»

Աշխատանքիս ընթացքում շենքը վերափոխվում էր: Այն ապրում էր սեփական կյանքով: Օրինակ՝ պատշգամբներից մեկում վերանորոգում սկսվեց: Սկզբում հիասթափություն զգացի, որովհետեւ արդեն գծային նկարել էի այն: Իսկ հիմա նկարածս առաստաղը, բոլոր պահարանները չկային: Փոխարենը հայտնվել էր երեք երիտասարդ. մեկը նարինջ էր ուտում, մյուս երկուսն աշխատում էին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշեցի նկարել նրանց ու փոփոխությունների ընթացքը: Շուրջը բոլորն անհանգստանում էին՝ «իսկ ինչպե՞ս եք նկարելու, չէ՞ որ այնտեղ նորոգում են անում»:

Պատասխանում էի՝ «սա կյանք է, ամեն ինչն է փոխվում»:

Մի շենքի երեք դեմքը

Երբ շենքի մոտ երկար ես նստում, իհարկե, հարց է առաջանում՝ իսկ ինչպիսի՞ն այն պետք է լիներ, ի՞նչ էին նախատեսել ճարտարապետները: Ցանկանում էի գտնել դրա նախագիծն ու ինձ հաջողվեց ծանոթանալ ճարտարապետ Կարեն Բալյանի հետ, որը գրքեր ունի հայկական մոդեռնիզմի եւ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մասին, որը շենքի նախագծի հեղինակներից մեկն է: Ի դեպ, ճարտարապետների շրջանում այս նախագիծն անվանում էին «Միլիմետրովկա»: Այսպես պաշտոնապես անվանեցինք նաեւ մեր նախագիծը:
Ագաթանգեղոս 7 հասցեում գտնվող շենքը, 1967թ. Ագաթանգեղոս 7 հասցեում գտնվող շենքը, 1967թ.

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարենը կարողացավ գտնել շենքի լուսանկարը կառուցումից մի քանի տարի անց՝ մոտավորապես 1967թ.-ին:

Արդեն 1970-ականներին ապակյա պատշգամբներն իրենց չարդարացրեցին: Դրանք հեշտությամբ կոտրվում էին, եւ ճարտարապետները նույնիսկ մշակել էին շենքի վերակառուցման նախագիծ, որն այդպես էլ թղթի վրա մնաց:
Շենքի վերակառուցման նախագիծը 70-ականներին Շենքի վերակառուցման նախագիծը 70-ականներին

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ ուրախ եմ, որ Կարեն Բալյանի աջակցությամբ հաջողվեց նախագիծն առավել ընդգրկուն դարձնել եւ ցույց տալ նույն շենքի երեք դեմքը՝ ինչպիսին էր այն, ինչպիսին պետք է դառնար ու ինչպիսն է այսօր:

«Մի խանգարեք, մարդն աշխատում է»

Ինչպես ասացի, ճարտարապետություն նկարել եմ աշխարհի տարբեր երկրներում: Քանի որ սա ենթադրում է աշխատանք փողոցում, շատ եմ շփվել մարդկանց հետ: Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ մարդիկ շատ բարեհամբույր էին ու մեծ հարգանքով էին վերաբերվում աշխատանքիս: Մարդն աշխատում է, չխանգարենք, բայց անաղմուկ մի կոնֆետ փոխանցենք կամ սուրճ հյուրասիրենք:

Սկսեցի նկարել շենքը կոնյակի խանութի դիմաց, իսկ երբ ցրտեց, ինձ տեղ տվեցին խանութի ներսում: Նստում էի հենց դրամարկղի մոտ: Հետո տեղափոխվեցի հարեւան վարսավիրանոց, քանի որ շենքը երկար է ու դրա բոլոր մասերը պետք էր տեսնել: Այստեղ եւս ինձ հարմար տեղավորեցին՝ ասելով՝ «միայն ստեղծագործեք»: Շատ հաճելի էր: Վարսավիրանոցի սեփականատերը՝ Արսենը, եկել էր ցուցահանդեսին: Նկատելի էր, որ ուրախ է ինձ համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կոնյակի խանութում մի կին կար՝ Գոհարը: Նա հետեւում էր, որ ինձ ոչ ոք չխանգարի: Նույնիսկ դրսում աշխատելու ժամանակ, եթե նկատում էր, որ ինչ-որ մեկը երկու րոպեից ավելի է զրուցում ինձ հետ, դուրս էր գալիս խանութից ու հայերենով ասում՝ «մի խանգարեք, տեսնում եք՝ մարդն աշխատում է, դեռ այսքան բան ունի նկարելու, իսկ արդեն ցրտում է»: Երբ խանութի ներսում էի աշխատում, ընդմիջման ժամերին տիրոջ մոտ գալիս էին նրա ընկերները, սուրճ էին խմում, զրուցում: Գոհարը մոտենում էր ինձ ու հարցնում՝ «Նրանք քեզ չե՞ն խանգարում: Դու ինձ միայն ասա ու ես բոլորին դուրս կքշեմ»: Հետաքրքիր է, որ բոլորն իսկապես լսում էին նրան (ծիծաղում է – հեղ.):

«Սա մեր Երեւանն է»

Իհարկե, ցանկություն կար ցուցահանդեսին հրավիրել նաեւ շենքի բնակիչներին: Բայց մտքում ամեն ինչ կատարյալ է ստացվում, իսկ իրականում ավարտում ես նկարները, համադրում դրանք, զբաղվում պաստառով ու ամեն ինչ չէ, որ հասցնում ես իրագործել:
Աննա Չերկաշեւան Աննա Չերկաշեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ՝ այս թեման հիմա ակտուալ է: Ճարտարապետները գրում են մոդեռնիզմի ժամանակաշրջանի մասին, թվում է՝ ինչ-որ բան հեռանում է մեզանից ու ցանկանում ենք այն պահպանել, զմռսել: Այնպես որ, ցանկանում եմ, որ նկարները շարունակեն իրենց կյանքը եւ, գուցե, հետագայում դրանց հետ կապված ինչ-որ բան մտածենք:

Առավել հաճելի է, երբ դրանք տեսնելով՝ տեղացիները ժպտում են ու ասում՝ «սա մեր Երեւանն է»: Ուրեմն ինձ հաջողվել է ըմբռնել ու փոխանցել այդ զգացողությունը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին