«Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ն երազանք է ունեցել՝ հնարավորություն ունենալ վերականգնողական բուժում տրամադրել այն երեխաներին, ովքեր չեն կարողանում տնից գնալ որեւէ վերականգնողական կենտրոն։ Արդեն մի քանի ամիս է, ինչ այդ երազանքն իրականություն է դառնում Yandex Go Armenia-ի աջակցությամբ, որը տրամադրում է տաքսիով անվճար ուղեւորություններ, եւ «Մենք» բարեգործական ՀԿ օգնությամբ, որը հնարավորություն է տալիս երեխաներին ստանալ անվճար թերապիաներ:
Շաբաթական երկու օր՝ ամեն երեքշաբթի ու հինգշաբթի, կինեզիոթերապիստ Համլետ Բանդուրյանն այցելում է իր լավագույն ընկերներին: Համլետը «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում է աշխատում, իսկ նրա ընկերները վերականգնողական թերապիայի կարիք ունեցող երեխաներն ու երիտասարդներն են:
Կորյունն ու Էլմիրան
Երեւանի շենքերից մեկի չորրորդ հարկում մեզ դիմավորում է Էլմիրա Ալեմյանը՝ Կորյունի մայրը: Ներս ենք մտնում բնական լույսով լցված տուն: Պատուհանագոգին դեկտեմբերին ծաղկած կալանխոյեն է, սենյակի անկյունում՝ տրանսֆորմերների ու զենքերի հավաքածուն, կենտրոնում՝ հատակին, կինեզիոթերապիստ Համլետն ու Կորյունը: Այսօր հինգշաբթի է՝ Համլետի հերթական տնայցի ու թերապիայի օրը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կորյունը 19 տարեկան է: Հենաշարժական խնդիր ունի: Մեկ տարեկանում նրա մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված:
«Այդ տարիքից պարբերաբար այցելում էինք բազմաթիվ կենտրոններ, ստանում վերականգնողական բուժում, այդ թվում՝ «Երազի տանը»: Գրկած, առանց վերելակի Կորյունին միայնակ չորս հարկ իջեցնում էի, տաքսիներով տանում թերապիայի: Այսպես՝ մինչեւ 2020թ.: Հետո սկսվեց կորոնավիրուսի համավարակը, բոլորին նստեցրեցին տանն ու թերապիաներն ընդհատվեցին: Դրան զուգահեռ Կորյունը մեծանում էր ու երբ համավարակի հետ կապված իրավիճակը հանդարտվեց, արդեն մենք չէինք կարողանում տնից դուրս գալ: Ֆիզիկապես, նույնիսկ որեւէ մեկի օգնությամբ, նրան բնակարանից անգամ բակ իջեցնելը շատ բարդ է», - պատմում է Էլմիրան:
Երկու-երեք տարի տանը փակված մնալուց հետո Էլմիրայի հետ կապվում են «Երազի տուն» վերականգնողական կենտրոնից ու առաջարկում թերապիա անցնել տանը.
«Մեզ համար նույնիսկ տնից դուրս գալն է երազանք, էլ չեմ ասում՝ պարապմունքների մասին: Բնականաբար, մեծ ուրախությամբ համաձայնեցի ու Կորյունի մոտ եկավ Համլետը՝ դրական, նվիրված ու պատրաստակամ: Հիմա միասին ամեն պարապմունքից հետո նկատում ենք տղայիս առաջընթացը, տրամադրության փոփոխությունը, ոգեւորությունը: Համլետը Կորյունի համար նաեւ ընկեր է, միասին զրուցում են, քննարկում իրենց սիրելի խաղը՝ GTA-ն: Կորյունը շատ հետաքրքրություններ ունի, սիրում է զինվորական ամեն ինչ՝ զենքեր, մեքենաներ, մի ամբողջ հավաքածու ունի: Բայց ամբողջ օրը միայն ինձ հետ է, միայն ինձ է տեսնում, ինձ հետ շփվում, իսկ ես, որքան էլ փորձեմ, չեմ կարող նրա համար ամեն ինչ լինել»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նկատում եմ պահարանում դրված մեծ ավիակիր նավի մոդելը:
«Սա էլ իր պատմական նավն է: Մի անգամ հեռուստացույցով Դոնալդ Թրամփն ասաց՝ «Ամերիկան 5, թե 6 ավիակիր ունի», Կորյունն էլ կողքից՝ «արդեն 4 հատ ունես, մեկն իմ մոտ ա», - ծիծաղում է:
Էլմիրան ու Կորյունը պետական աջակցությամբ ամսական 39 հազար դրամ են ստանում: Այս գումարը ոչ մի կերպ չի կարող բավարար լինել, որ մայրը խնամակալ վարձի ու փորձի աշխատել: Կնոջ՝ ամբողջ ընթացքում խաղաղություն փոխանցող ձայնը մի պահ տատանվում է՝ «այսպես ինչպե՞ս ապրել», հարցնում է՝ պատասխան չակնկալելով:
«Չնայած՝ այս հարցը մեզ համար էլ նոր չէ: Բոլոր ինչու, ինչպես-ների փուլերով վաղուց անցել ենք: Մարդը հարմարվող էակ է: Դա ձեռքերդ ծալել, համակերպվելը չէ. ուղղակի ընդունում ես իրավիճակն ու ըստ դրա ելքեր փնտրում: Եթե հիմա ուժերս ծախսեմ արդարություն փնտրելու վրա, տղայիս կողքին չեմ կարողանա լինել», - ասում է ու ժպտում Համլետի հետ վարժություններ անող Կորյունին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կնոջ դեմքը նորից խաղաղվում է, հանդարտ ձայնով ավելացնում է՝ «ես լավատես եմ, ընկճվող չեմ».
«Այնքան շնորհակալ եմ բոլորին: Վերջին իրադարձությունները Հայաստանում ու աշխարհում եւս մեկ անգամ ապացուցեցին՝ մի օրում կարող ես ամեն ինչ կորցնել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարեւոր է իրար կողքի կանգնել, լինել կարեկից: Հավատում եմ, որ բոլորս մի աղբյուրից ենք ու պետք է լինենք գթասիրտ: Մարդիկ միայն իրար ունեն: Ես ու Կորյունը մեզ թույլ չենք տալիս ընկճվել, հիմա ի՞նչ անենք։ Ոտքով-ձեռքով մարդիկ էլ այլ խնդիրներ ունեն: Ամեն մեկն այս կյանքում իր տեսանելի կամ անտեսանելի խնդիրն ու պայքարն ունի»:
Համլետը
Համլետը վերականգնողական բժշկության ոլորտ եկել է որպես կամավոր.
«Սկզբում Հանրապետական վերականգնողական կենտրոնում էի: Հետո, քիչ-քիչ հետեւելով վերականգնողական աշխատանքներին, վերապատրաստվել եմ ու տեղափոխվել «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոն»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ասում է՝ երեխաների հետ աշխատանքն իրեն շատ է օգնում, շատ է դուր գալիս ձեւավորվող շփումը.
«Երեխաներն այս աշխարհում մնացած ամենապարզ մարդիկ են: Իրենցից շատ բան եմ սովորում, ամեն մեկը յուրահատուկ անհատ է՝ իր բնավորությամբ, նախասիրություններով, սովորություններով: Շատ ուրախ եմ, որ հիմա կարող եմ նրանց այցելել տանը: Մանկական ուղեղային կաթվածը Հայաստանում, ցավոք, տարածված է ու շատ են դեպքերը, երբ ընտանիքների համար բարդ է երեխային թերապիայի համար կենտրոններ բերել: Տնայցերի ծրագրով աշխատում եմ հինգ երեխայի հետ: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ երեխաները փոխվում են: Այս երեք ամսվա ընթացքում հինգ անհատի հետ եմ ծանոթացել, ընկերացել: Նրանք իսկապես իմ լավագույն ընկերներն են դարձրել: Նույնիսկ, երբ անտրամադիր եմ լինում, իրենց հետ անցկացրած ժամանակից հետո լցվում եմ էներգիայով», - ասում է Համլետը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Յուրաքանչյուր երեխայի հետ աշխատանքն անհատական ծրագրով է՝ հաշվի առնելով կարիքները.
«Օրինակ՝ Կորյունի դեպքում ամենաբարդ խնդիրն անկանոն շարժումներն են: Նրա մեջ մեծ ուժ կա, որը չի կարողանում կառավարել: Քայլ առ քայլ, միասին սովորում ենք»:
Թերապիայից բացի, նաեւ երկար զրուցում են, քննարկում երկուսի սիրելի GTA խաղը, որում հերոսներն ապօրինի կամ «սխալ» գործողություն կատարելիս մեկ աստղիկ են ստանում.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կորյունն այդ խաղի հետ կապված նույնիսկ գիրք-պատմություն է գրել, վերլուծել «աստղիկների տեսությունը» (ժպտում է – հեղ. ): Այս խաղում հերոսների աստղիկներն ավելանում են, երբ ապօրինի որեւէ բան են անում ու նրանց հետեւից գալիս է ոստիկանությունը: Խաղն այդքան խաղացել եմ, բայց երբեք Կորյունի նման չեմ վերլուծել, կյանքի հետ չեմ կապել»:
«Խաղն իմ կյանքում. պատմություն աստղիկների մասին»
Էլմիրան բացում է համակարգիչը, որ կարդա Կորյունի պատմությունն ու վերլուծությունը GTA-ի աստղիկների մասին.
«Ինքը թելադրում է, ես՝ գրում», - ժպտում է ու ավելացնում.
«Կորյունը եզրակացության է եկել, որ այս խաղն ու կյանքը նման են: Կարելի է ասել՝ նա կյանքը ոչ թե դրսում, այլ այս խաղի միջոցով է ճանաչել։ Այդ աստղիկները դարձել են մեր փիլիսոփայությունն ու մենք այլեւս կյանքում «աստղիկներ չենք ավելացնում», արդեն աստղիկների տակ ենք, ինչպես ասում է Կորյունը»։
«Խաղն իմ կյանքում. պատմություն աստղիկների մասին», - Էլմիրան սկսում է կարդալ Կորյունի հեղինակած պատմությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Աստղերը լինում ենք երկնքում եւ երկրում, երբ Սիջեյը (GTA խաղի հերոսներից – հեղ.) խուլիգանություն է անում, ստանում է մեկ աստղիկ: Ոստիկանություն է գալիս, փորձում բռնել նրան, եթե Սիջեյը դիմադրում է, ստանում է երկրորդ աստղիկը: Նրա հետեւից ընկնում են արդեն մեքենաներով, մոտոցիկլետներով, նա սկսում է կրակել ու ստանում երրորդ աստղիկը: Հետո օդում երեւում է ուղղաթիռը, եթե Սիջեյը խոցում է այն, չորրորդ աստղիկ է ստանում, հետո հինգերորդն ու այսպես շարունակ:
Պատմեցի այս պատմությունը, որովհետեւ հասկացել եմ՝ այդ ամենը մարդու հետ էլ է կատարվում։ Երբ մարդը հիվանդանում կամ ընկնում է նեղության մեջ, պետք է հասկանա՝ դա իր սխալ մտքի ու արարքի հետեւանքն է։ Եթե չհասկանա, սկսի միայն նեղվել, ջղայնանալ, կռիվ տալ հիվանդության հետ կամ փախնել, ավելի ուժեղ նեղություն կլինի, այսինքն՝ աստղիկները կավելանան։ Մարդը պետք է հասկանա, որ ինքն է ավելացնում աստղիկներն՝ իր սխալ քայլերով: Մի խորհուրդ, երբ նեղություն գա, մի փախեք, մի ջղայնացեք, այլ պայքարեք սիրով»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: