Ռուս կամավորները նոր շունչ են բերել Երեւանի բուսաբանական այգի - Mediamax.am

exclusive
8833 դիտում

Ռուս կամավորները նոր շունչ են բերել Երեւանի բուսաբանական այգի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դանիիլ Պոլիանչիկը
Դանիիլ Պոլիանչիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դանիիլ Պոլիանչիկը
Դանիիլ Պոլիանչիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դանիիլ Պոլիանչիկը
Դանիիլ Պոլիանչիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Երեւանի բուսաբանական այգի

Զոյա Դուտովան
Զոյա Դուտովան

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մի խումբ կամավորական աշխատանք է սկսել Երեւանի բուսաբանական այգում: Նախաձեռնության նպատակն է միավորել մարդկանց, որոնք սիրում են բնությունը, ցանկանում են այգին ավելի գրավիչ դարձնել ու պատրաստ են շաբաթը մեկ օր օգնել այգու աշխատակիցներին:

Ամեն չորեքշաբթի երիտասարդներն աշխատում են այգու տնկարանի նոր ղեկավար Զոյա Դուտովայի ղեկավարությամբ, որը եւս Հայաստան է տեղափոխվել փետրվարի 24-ից հետո: Նա 13 տարի աշխատել է Սանկտ Պետերբուրգի բուսաբանության ինստիտուտում:

Տնկարանի նոր ղեկավարի նախաձեռնությամբ այգու մուտքի մոտ արդեն գործում է բույսերի փոքրիկ խանութ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ծաղկամանով բույս գնել: Առաջիկայում նման խանութ կբացվի նաեւ տնկարանի տարածքում: Սա հնարավորություն կտա ինչ-որ չափով ֆինանսապես աջակցել այգուն:

Մեդիամաքսի հետ զրույցում ռուս կամավոր Դանիիլ Պոլիանչիկն ու Զոյա Դուտովան պատմել են Բուսաբանական այգում ընթացող աշխատանքների ու այգու վերականգնման առաջիկա ծրագրերի մասին:

Դանիիլ Պոլիանչիկ, կամավոր

Ուզում ենք օգտակար լինել

Երեւան եմ տեղափոխվել կնոջս հետ, Սանկտ Պետերբուրգից: Այնտեղ որպես կենսաբան աշխատում էի դեղագործական ընկերություններից մեկում, բայց ստիպված եղա թողնել աշխատանքն ու հեռանալ: Հայաստանում ենք երկու ամսից քիչ ավելի: Այս պահին կատարելագործում եմ տեսական գիտելիքներս ու աշխատանք փնտրում: Երբ եկանք Երեւան, հասկանում էինք, որ պետք է ինչ-որ բան անել, զբաղմունք գտնել: Մենք վեգաններ ենք ու սկզբի համար վեգանների խումբ բացեցինք, ծանոթացանք շատերի, այդ թվում՝ տեղացի երիտասարդների հետ: Գիտեինք, որ Երեւան է եկել նաեւ Իլյան, որը Մոսկվայում մի քանի վեգան-սրճարան ունի: Նա կապվել էր Երեւանի բուսաբանական այգու տնօրինության հետ ու պատմել, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են ինչ-որ կերպ օգնել: Այդպես հայտնվեցինք այգում, որտեղ աշխատում ենք արդեն մոտ 1,5 ամիս:

Դանիիլ Պոլիանչիկը Դանիիլ Պոլիանչիկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ուզում ենք օգտակար լինել ու ինչ-որ կերպ օգնել Հայաստանի հասարակությանը: Բացի կամավորությունից Բուսաբանական այգում, մասնակցում ենք նաեւ շաբաթօրյակների, աշխատում կենդանիների կացարանում: Հասարակությանն օգտակար լինելը մեր սկզբունքներից է, որովհետեւ միայն միացյալ ջանքերով կարող ենք որեւէ բան ավելի լավը դարձնել: Ոչ մի կերպ չենք ցանկանում, որ սա դիտարկվի «գաղութացման քաղաքականության» համատեքստում, թե ռուսները եկել են ու գիտեն՝ ինչպես է ավելի ճիշտ: Պարզապես մենք թարմ հայացք ունենք ու կարծում ենք, որ պետք է կիսվել փորձով:
Դանիիլ Պոլիանչիկը Դանիիլ Պոլիանչիկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե ազատ ժամանակ ունենք ու կարող ենք անել ինչ-որ բան, ինչո՞ւ չանենք: Ուզում եմ ընդգծել, որ բոլոր այս նախաձեռնությունների հեղինակները միայն տեղափոխված ռուսաստանցիները չեն: Հայաստանում կան տեղացի ակտիվիստներ ու շարժումներ, որոնց մենք սիրով միանում ենք:

Բուսաբանական այգու ֆինանսավորման նոր մոդել

Այգում աշխատում ենք Զոյա Դուտովայի հետ, նա տնկարանի նոր ղեկավարն է: Զոյան փորձում է մշակել ֆինանսավորման նոր մոդել, որպեսզի Բուսաբանական այգին կարողանա ինչ-որ չափով անցնել ինքնաֆինանսավորման: Այս պահին մենք տնկարանում տարածք ենք պատրաստում, որպեսզի առաջիկայում այդտեղ բույսերի խանութ բացվի: Նաեւ պատրաստում ու ծաղկամաններում տնկում ենք վաճառվելիք բույսերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում բազմաթիվ հրաշալի բուսատեսակներ կան: Արդեն հասցրել ենք լինել լեռներում ու այնտեղ հանդիպել բույսերի, որոնք նախկինում միայն ծաղկամաններում, հատուկ պայմաններում աճեցրած ենք տեսել: Հայաստանում դրանք աճում են պարզապես ժայռերի վրա:
Դանիիլ Պոլիանչիկը Դանիիլ Պոլիանչիկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ ենք ցանկանում, որ Բուսաբանական այգում բազմազանությունը նույնպես մեծանա եւ կամավորական աշխատանքներին միանան շատերը, այդ թվում՝ տեղացիները: Ոգեւորիչ են այգու նոր տնօրենի ջանքերը: Շփվել ենք նրա հետ ու կարող եմ ասել՝ հրաշալի մարդ է, որի հետ «նույն ալիքի վրա» ենք:

Զոյա Դուտովա, Երեւանի բուսաբանական այգու տնկարանի ղեկավար

Ուրախ եմ, որ իմ փորձը պետք եկավ Հայաստանում

Երեւանի բուսաբանական այգում աշխատում եմ երկու ամիս՝ Ռուսաստանից տեղափոխվելուց հետո: Ես եղել եմ Սանկտ Պետերբուրգի Վ.Լ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի գլխավոր գյուղատնտեսը, աշխատել եմ ինստիտուտի Պյատիգորսկի մասնաճյուղում ու ղեկավարել այգին մոտ 13 տարի: Այնպես որ, էքսպոզիցիայի կառուցման ու ագրոտեխնիկական միջոցառումների հարցում մեծ փորձ ունեմ: Շատ ուրախ եմ, որ այդ փորձը պետք եկավ Հայաստանում: Հուսով եմ՝ Երեւանի բուսաբանական այգու հետ համագործակցությունը երկարատեւ կլինի:

Համայնքի ձեւավորումը Բուսաբանական այգում

Սկսելով աշխատել այգու տնկարանում՝ տնօրենին զարգացման նոր հայեցակարգ ներկայացրեցի: Այսօր ամբողջ աշխարհում բուսաբանական այգիների տնկարանները մեծ պահանջարկ ունեն որպես վայր, որտեղ հավաքվում են բուսաբանությամբ հետաքրքրվող մարդիկ, մասնակցում վերապատրաստումների, փոխանակում բույսեր: Սա համայնք ձեւավորելու լավ հնարավորություն է, մարդիկ կարող են շփվել ամբողջ տարի ու հարստացնել բուսաբանական գիտելիքները:
Զոյա Դուտովան Զոյա Դուտովան

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշեցինք Բուսաբանական այգու տնկարանի տարածքում խանութ բացել, որտեղից բոլոր ցանկացողները կարող են ծաղկամանով բույսեր գնել: Նմանատիպ փոքրիկ խանութ արդեն գործում է այգու մուտքի մոտ: Որոշեցինք տնկարանի տեսականին փոխակերպել փակ արմատային համակարգի, որպեսզի մարդիկ այգում զբոսնելու ընթացքում կարողանան մտնել խանութ ու ծաղկամանով բույսը տանել իրենց հետ:

Լուսանկարը` Երեւանի բուսաբանական այգի


Բացի այդ, նախատեսում ենք ընդլայնել եղած տեսականին, ավելացնել անուշաբույր խոտաբույսերի ու տեղական ֆլորայի բույսերի քանակը: Հայաստանի ֆլորան Կովկասում ամենահարուստներից է ու արտերկրից որեւէ բան ներկրելու կարիք չկա, այստեղի բուսատեսակները հիասքանչ են: Միակ խնդիրը կենսաբազմազանության կրճատումն է, քանի որ մարդիկ հավաքում են այդ բույսերը բնությունից: Ցանկանում ենք կանգնեցնել այս գործընթացն ու բացատրել մարդկանց, որ այդ բույսերը հնարավոր է աճեցնել սեփական պատուհանագոգին: Մենք ինքներս չենք վերցնելու դրանք բնությունից, այլ աճեցնելու ենք սերմերից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուսաբանական այգին չափազանց ծախսատար կառույց է ու այսպիսով հնարավոր է գոնե մասնակի հոգալ որոշ ծախսեր: Հուսով եմ՝ 2-3 տարվա ընթացքում կսկսենք հոգալ բենզինի, գործիքների ծախսը: Եթե ամեն ինչ լավ լինի, կկարողանանք նաեւ պարգեւավճարներ տալ աշխատակիցներին: Ինձ համար սա կարեւոր է, քանի որ աշխատավարձերը, ցավոք, բարձր չեն:

Երեւանի լավագույն կամավորները

Շատ բարձր եմ գնահատում կամավոր երիտասարդների օգնությունը: Հաճախ նրանց ասում եմ, որ Երեւանի լավագույն կամավորներն են: Նրանք իսկապես աշխատում են այգու աշխատակիցներին հավասար ու սիրով կատարում են ցանկացած առաջադրանք: Այստեղ կամավորություն անելը հեշտ չէ՝ շոգ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, բայց եթե ձեզ չեն վախեցնում այս դժվարությունները, սիրով կսպասենք բոլորիդ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այժմ մենք հավաքվում ենք ամեն չորեքշաբթի, բայց առաջիկայում կսկսենք աշխատել նաեւ շաբաթ օրերին, որպեսզի կամավորությանը կարողանան միանալ նաեւ նրանք, որոնք աշխատանքային օրերին զբաղված են: Ուրախ կլինեմ ցանկացած օգնության համար, քանի որ հիմա իսկապես դրա կարիքը կա: Մենք բառացիորեն վերականգնում ենք ամեն ինչ զրոյից:

Երեւանի բուսաբանական այգում կամավորական աշխատանքներին միանալ ցանկացողները կարող են զանգահարել 044 85 44 40 հեռախոսահամարով:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին