Վիտոն եւ Ալլահվերդին՝ Արցախի եւ Ադրբեջանի հերոսների պատմությունը - Mediamax.am

exclusive
69972 դիտում

Վիտոն եւ Ալլահվերդին՝ Արցախի եւ Ադրբեջանի հերոսների պատմությունը


Վիտալի Բալասանյանը եւ Ալլահվերդի Բագիրովը
Վիտալի Բալասանյանը եւ Ալլահվերդի Բագիրովը

Լուսանկարը` Վ. Բալասանյանի անձնական արխիվից

Ալլահվերդի Բագիրովը
Ալլահվերդի Բագիրովը

Լուսանկարը` Wikipedia

Ալլահվերդի Բագիրովի գերեզամանըˋ Աղդամում
Ալլահվերդի Բագիրովի գերեզամանըˋ Աղդամում

Լուսանկարը` աղբյուրն անհայտ է

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` Pan Photo


Մեդիամաքսը շարունակում է «Հատուկ թղթապանակ» հատուկ նախագիծը՝ ներկայացնելով իրադարձությունների անհայտ կամ քիչ հայտնի մանրամասները:   

1992 թվականին Ղարաբաղում էր ՄԱԿ-ի առաքելությունը, որի ղեկավարի տեղակալը Ստեֆան դե Միստուրան էր, ով ներկայում զբաղեցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնացի պաշտոնը: 

ՄԱԿ-ի պատվիրակությանը հայկական կողմից դիմավորել էր Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար Վիտալի Բալասանյանը, ադրբեջանական կողմիցˋ Աղդամի պաշտպանական շրջանի հրամանատար Ալլահվերդի Բագիրովը:

ՄԱԿ-ի առաքելության այցի մասին պատմող այս տեսանյութի սկզբում ուշագրավ է Վիտալի Բալասանյանի եւ Ալլահվերդի Բագիրովի հանդիպման ու ձեռքսեղմման դրվագը: 

Ասաֆ Գուլիեւի արխիվից

Վիտալի Բալասանյանը Մեդիամաքսին պատմել է Ալլահվերդի Բագիրովի հետ իր ընկերության մասին, որը սկսվել էր նախքան պատերազմը:

Վիտալի Բալասանյան, Արցախի հերոս

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ինˋ Ասկերանում: 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000 թ. մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2005 -2016թթ. եղել է Արցախի ԱԺ պատգամավոր: 2016թ. նշանակվել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

***



Ես մոտ էի նրա ավագ եղբոր`  Մալեքի հետ: Նախքան պատերազմը, ես հասարակական սննդի հիմնարկի վարիչ էի, Մալեքն էլ Աղդամում ռեստորանի տնօրեն էր, այդպես էինք ծանոթացել:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` Pan Photo


Ութսունականների վերջերին Մալեքը դարձավ Ադրբեջանի Ժողճակատիˋ Աղդամի շրջանի ղեկավարը: 1991 թվականին Բաքվի Պրիմորսկի պարկում տեղի ունեցած հանրահավաքից հետո Մալեքին սպանեցին:

Ալլահվերդին լավ ֆուտբոլ էր խաղում, ֆուտբոլի թիմ ուներ: Եղբոր մահից հետո ինքը ստանձնեց նրա գործը: Այդ ժամանակ Աղդամում երկու զորք կարˋ մեկը Ադրբեջանի պետության կողմից էր նշանակված, մյուսըˋ Ազգային Ճակատի:

***

Ալլահվերդի Բագիրով

Ծնվել է 1946թ ապրիլի 22-ինˋ Աղդամում: Զբաղվել է սպորտովˋ ղեկավարելով «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը: 1990-ին անդամացել է Ադրբեջանի ժողովրդական ճակատինˋ ստանձնելով Աղդամի շրջանի պաշտպանությունը: Ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ Խոջալուի դեպքերի ժամանակ Բագիրովին հաջողվել է շատ մարդկանց կյանքեր փրկել:

Զոհվել է 1992-ի հունիսի 12-ին: 1993-ին հետմահու արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման:

***

Ալլահվերդին լավ մարդ էր: Ընդհանրապես, իրենց ընտանիքը լավն էր, ես նրանց հետ մոտ եմ եղել: Լավ հայր ուներ, երկու քույր, որոնցից Սվետայի հետ եւս մտերիմ էի: Չնայած Բագիրով ազգանվանը, նրանք ծագումով քուրդ էին:

Մեր ծանոթությունն ու շփումը, միանշանակ, օգուտ է բերել եւ ինձ, եւ իրեն: Հարյուրավոր հարցեր ենք լուծել այդ օրերին: Չեմ ուզում ասել «պատանդներ», բայց այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով անցած էին լինում հակառակորդի տարածք, առանց խնդրի կարողանում էի հետ բերել: Նրանց բանտերից ահագին թվով մարդիկ եմ դուրս հանել: Շատ պատասխանատու տղա էր Ալլահվերդին. չի եղել որեւէ դեպք, երբ մի հարցով զանգեի իրեն, չլուծվեր էդ հարցը: 
Ալլահվերդի Բագիրովը Ալլահվերդի Բագիրովը

Լուսանկարը` Wikipedia


Պատահել է, որ մեր տղաները վիրավորվել ու հայտնվել են իրենց կողմում, կապավորս տեղեկացրել է ինձ այդ մասին, ես կապ եմ  հաստատել Ալլահվերդիի հետ ու նա միանգամից վերադարձրել է մեր վիրավորներին, չի թողել բանը հասնի նրան, որ մեր մարդկանց սպանեն…

Մեր օրերում է, որ թշնամությունը շատացել է՝ եւ զորքն է թշնամացած իրար դեմ, եւ քաղաքական իշխանությունը, ինչը շատ վտանգավոր է: Այն ժամանակ զորքն այդքան թշնամացած չէր. կարողանում էինք շատ արագ հարցեր լուծել, երբեմն՝ առանց վերադասներին ասելու: Իմ ինչին էր պետք ադրբեջանցի զոհի դին կամ վիրավորին պահել ինձ մոտ, երբ գիտեի, որ նա էլ իմ մարդկանց է հետ վերադարձնելու…

***


Ալլահվերդին մահացավ մեր շրջանում՝ Արանզամին գյուղ մտնելուցˋ ՈՒԱԶ-ի մեջ հինգ հոգի էին, ականի վրա պայթեցին՝ 1992 թվականի հունիսի 12-ն էր… Նա թաղված է Աղդամում: Հիմա էլ պահպանվել է եւ գերեզմանը, եւ կողքինˋ շրջանակով դրված նկարը…
Ալլահվերդի Բագիրովի գերեզամանըˋ Աղդամում Ալլահվերդի Բագիրովի գերեզամանըˋ Աղդամում

Լուսանկարը` աղբյուրն անհայտ է


***

Խոջալուում մենք կրակել ենք, բայց մեզ պետք էր ադրբեջանական կրակակետերը լռեցնել, որ մեր ժողովրդի կյանքը փրկենք: Իրենց ժողովրդին էլ ենք փրկել՝ Խոջալուում միայն ես 1250 ադրբեջանցի եմ հանձնել իրենց: Մինչեւ հանձնելն էլ էդ մարդկանց հաց, ջուր ու ապահով ապաստան ենք տվել. այդպես «ցեղասպանություն» չեն անում: Մեզ ընդամենը պետք էր լռեցնել նրանց կրակակետերը, որտեղից սպանվում էր մեր ժողովուրդը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին