2017թ. հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է շուրջ 13 միլիոն էջ արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերվում են 1940-1990 թվականներին:
Մեդիամաքսը գաղտնազերծած փաստաթղթերի շարքում առանձնացրել է 1956 թվականին գրված Temple համալսարանի նախագահ Ռոբերտ Ջոնսոնի նամակը ԿՀՎ-ի լեգենդար ղեկավար Ալեն Դալեսին։ Նամակում Ջոնսոնը նշել է, որ Դալեսին է ուղարկում իր վաղեմի բարեկամ Ջորջ Մարդիկյանի «Ամերիկայի երգը» գիրքը։
«Ջորջ Մարդիկյանը իմ հին ընկերն է, նա այստեղ է եկել Հայաստանից՝ որպես փախստական։ Այսօր նա Կալիֆոռնիայում մեծ ազդեցություն ունի եւ շատ հարուստ է»,- գրել է նա: Ջոնսոնը նշել է, որ Մարդիկյանը մեծ ֆինանսական օգնություն է ցուցաբերել ԱՄՆ-ում կարիքի մեջ գտնվող շատ հայերի։
Պատասխան նամակում Ալեն Դալեսը գրել է, որ Ջոնսոնը «չէր կարող ավելի լավ ժամանակ ընտրել գիրքն իրեն ուղարկելու համար, քանի որ պատրաստվում է ճանապարհորդության, եւ այն կկարդա ինքնաթիռում»։
ԿՀՎ ղեկավարը նաեւ նշել էր, որ մի քանի ամիս առաջ Ջորջ Մարդիկյանին հանդիպելու առիթ էր ունեցել եւ շատ լավ տպավորություն էր ստացել:
Մեդիամաքսը նշում է, որ Ջորջ Մարդիկյանի ընտանիքի շատ անդամներ կոտորվել էին 1915 թվականին, եւ նա, ցանկանալով վրեժխնդիր լինել, փախել էր տանից եւ միացել էր հայկական կամավորական ջոկատներին, չնայած ընդամենը 12 տարեկան էր:
Ջորջ Մարդիկյանը ԱՄՆ էր տեղափոխվել 1922 թվականին եւ իրադարձություններով լի կյանք է ապրել: 1930 թվականին նա Ֆրեզնոյում բացել է Omar Khayyam's ռեստորանը, որը հետագայում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո: 1942-ից մինչեւ 1954 թվականը Ջորջ Մարդիկյանը ամերիկյան բանակի թիկունքի աշխատանքը կանոնակարգող կառույցներից մեկի խորհրդականն էր՝ սննդի հարցերով: Այդ ծառայության համար 1951 թվականին ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը Ջորջ Մարդիկյանին պարգեւատրել է Ազատության մեդալով:
Լուսանկարը` San Diego Historical Society
1956 թվականին լույս տեսած «Ամերիկայի երգը» գրքից բացի, Ջորջ Մարդիկյանը եւս մի գրքի հեղինակ է: 1944 թվականին հրատարակվել է իր խոհարարական «Ճաշ Omar Khayyam's-ում» գիրքը, որը հաջորդ երկու տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերահրատակվել է:
Ջորջ Մարդիկյանը մահացել է 1977 թվականին, իսկ Սան Ֆրանցիսկոյի իր Omar Khayyam's ռեստորանը դադարեց գործել 1980-ականներին՝ հրդեհի հետեւանքով:
Թագուհի Հովհաննիսյան, Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: