[Շարժում 1988/25]. Տիգրան Սարգսյան` նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք - Mediamax.am

exclusive
47081 դիտում

[Շարժում 1988/25]. Տիգրան Սարգսյան` նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք


Բաբկեն Արարքցյանը,  Լեւոն Տեր-Պետրոսյանը,  Վահրամ Ներսիսյանցը,  Վազգեն Մանուկյանը եւ Տիգրան Սարգսյանը
Բաբկեն Արարքցյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վահրամ Ներսիսյանցը, Վազգեն Մանուկյանը եւ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ժան Երեմյանի:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Վազգեն Մանուկյանը եւ Տիգրան Սարգսյանը
Վազգեն Մանուկյանը եւ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ժան Երեմյանի:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:


Սկիզբը եւ Իգոր Մուրադյանը

«1988 թվականը» ինձ համար սկսվեց 1987-ին, երբ, ավարտելով ուսումս Լենինգրադում, աշխատանքի անցա Երեւանի Պետպլանի գիտահետազոտական ինստիտուտի հատուկ հետազոտությունների վարչությունում: Աշխատում էի Իգոր Մուրադյանի հետ նույն բաժնում եւ նույն սենյակում: Այդ ժամանակ նա արդեն ամբողջությամբ ներքաշված էր Ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ եւ, բնականաբար, այդ ամենը չէր կարող իմ կողքով անցնել:
 
Ղարաբաղյան շարժման հիմքերը դրվեցին Իգոր Մուրադյանի ակտիվ գործունեությամբ: Առաջին փուլում` 1987-ին, ես տեսնում էի, որ իր գործունեության հանդեպ շրջապատի մարդկանց կողմից բավականին բացասական, նույնիսկ` ծաղրական վերաբերմունք կար: Բայց այն պահից սկսած, երբ Ղարաբաղյան շարժումը դուրս եկավ հրապարակներ եւ միավորեց մարդկանց, այդ նույն մարդիկ միանգամից փոխվեցին եւ սկսեցին Իգոր Մուրադյանին ընկալել որպես ազգային շարժման առաջնորդ: Զարմանալի էր տեսնել մարդկանց վերաբերմունքի նման կտրուկ փոփոխությունը:
 
Շարժման առաջին փուլում Իգորը մշտական հանդիպումներ էր անցկացնում Ղարաբաղից ժամանող մարդկանց հետ: Մի օր էլ ես մեկնեցի Ղարաբաղ` թռուցիկներով լի մի ճամպրուկով` Իգորի կողմից թողարկվող “Голос Арцаха” թռուցիկներն էին: Ստեփանակերտում հենց ինքնաթիռի մոտ ինձ դիմավորեց Արկադի Մանուչարովը: Ճամպրուկը հանձնեցի իրեն, որպեսզի թռուցիկները տարածեն իրենց կառույցների միջոցով:
 

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Իգորի միջոցով ծանոթացա Արթուր Մկրտչյանի հետ, ով հետագայում դարձավ ԼՂՀ Ազգային Ժողովի առաջին նախագահը: Մեր ինստիտուտում ծանոթացա նաեւ Վազգեն Մանուկյանի հետ:
 
Հայաստանի բնակչության մի զգալի մասը պատկերացում չուներ Լեռնային Ղարաբաղի մասին, իսկ Իգոր Մուրադյանն իր ողջ կյանքը նվիրել էր այդ պայքարին: Նա գաղափարին նվիրյալ է եւ մեծագույն հարգանքի արժանի մարդ: Նրա աշխարհընկալումն յուրովի է, մարդկանց հետ հարաբերությունները եւս յուրովի է կառուցում: Դա է պատճառը, որ մինչեւ Շարժման ծավալումը նա տարօրինակ մարդու համբավ ուներ: Ինստիտուտում յուրաքանչյուր սենյակում 4 հոգի էր աշխատում, իսկ Իգորը սենյակում մենակ էր: Երբ աշխատանքի ընդունվեցի, ինձ ասացին` կնստես Իգոր Մուրադյանի հետ. բոլորը ծիծաղում էին, ես էլ չէի հասկանում պատճառը: Ասում էին, որ «նրա հետ ոչ մեկ յոլա չի գնում», բայց ես, անկեղծ ասած, նրա հետ երբեք մարդկային շփումների խնդիր չունեցա: Իմ վերաբերմունքը Իգոր Մուրադյանի հանդեպ երբեք չփոխվեց: Այսօր, ցավոք, շփումներ չունեմ իր հետ` նա իր համար աշխատանքի նոր ոճ է ընտրել եւ հիմնականում զբաղվում է աշխարհաքաղաքական վերլուծական հոդվածներ գրելով: Այդ ձեւը, երեւի, ամենահարմարն է իր ներքին աշխարհի հետ համերաշխ ապրելու համար:

Իգոր Մուրադյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ես եմ ծանոթացրել: Հանդիպումը կազմակերպեցի այգիներից մեկում, խոսքը գնում էր շարժման մասին` ինչպե՞ս այն տարածել, ինչպես ներկայացնել Խորհրդային Միությունում ու ավելի հնչեղ դարձնել: Այդ հանդիպումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց. «Տիգրան, դու գիտե՞ս` ով է Իգորը», ասացի «ո՞վ է», նա էլ պատասխանեց. «Նա ազգային հերոս է»:
 

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

ԽՍՀՄ ղեկավարությունը Շարժման էությունը ճիշտ չէր ներկայացնում հանրությանը եւ խնդիր կար ճշմարտությունը հասցնել մարդկանց: Ես ու կինս` Ռուբեն Անգալադյանի եւ Լեոն Տեր-Պետրոսյանի հետ միասին, մեկնեցինք Լենինգրադ, որպեսզի Գրողների միության բաժանմունքում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացնենք Շարժումը եւ դրա նպատակները: Քանի որ ակտիվ լուսանկարում էի շարժումը, հանրահավաքները, ինձ հետ բավական մեծ թվով
ֆոտոնյութեր էի տարել:

Շարժման երկրորդ փուլը

Վազգեն Մանուկյանի հետ իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ մեր ինստիտուտում: Շատ տպավորվեցի այդ հանդիպումից` տեսա, որ ի դեմս Վազգենի ունենք առավել պատրաստված քաղաքական գործչի: Նա ուներ ձեւավորված աշխարհայացք ու Հայաստանի ապագայի իր տեսլականը: Վազգեն Մանուկյանն արդեն առաջ էր քաշում Հայաստանի անկախության գաղափարը: Ասում էր, որ մենք դեռեւս չենք կարող այդ մասին բարձրաձայն խոսել, բայց ակնհայտ է, որ սին են այն հույսերը, որ Լեռնային Ղարաբաղը կարող է վերամիավորվել Հայաստանի հետ ԽՍՀՄ կազմում:
 
Վազգենը վստահ էր, որ մեր ճանապարհը անկախ պետության կերտումն է: Եվ փուլ առ փուլ պայքարը տեղափոխվեց Անկախության դաշտ:
 
Այդ ժամանակ մեր ինստիտուտում կազմակերպում էի տնտեսական հարցերի հետազոտմանը նվիրված սեմինարներ` այդ ընթացքում ծանոթացա Հրանտ Բագրատյանի, Լեւոն Բարխուդարյանի, Արմեն Եղիազարյանի հետ: Ստեղծվեց մի աշխատանքային խումբ, որը մշակում էր Հայաստանի տնտեսական անվտանգության հայեցակարգը: Այդ փաստաթուղթը դրեցինք շրջանառության մեջ` Հրանտ Բագրատյանը այն ներկայացրեց ՀՀՇ ղեկավարությանը: Հետագայում Կոմունիստական կուսակցությունն էլ հետաքրքրվեց մեր աշխատանքով` պատվիրեցին, որպեսզի իրենց համար էլ փաստաթուղթ մշակենք, եւ նույնիսկ վճարեցին այդ աշխատանքի համար:
 

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Մեր խմբի անդամները 1990 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկ ստացան: Առաջին անգամ այդ գաղափարը մեզ ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Հիշում եմ, որ բոլորս միահամուռ հրաժարվում էինք` ասելով, որ դա մեր գործը չէ: Սակայն հետագա շփումները ՀՀՇ ղեկավարների հետ մեզ բերեցին այն եզրահանգմանը, որ չենք կարող պատասխանատվությունից խուսափել: Ի վերջո, սակայն, այնպես ստացվեց, որ մեր թիմից միայն ես պատգամավոր ընտրվեցի եւ 5 տարի ղեկավարեցի Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Առաջնորդներ, պայքար, պառակտումներ

Այն ժամանակ Հայաստանում քաղաքական մի քանի թիմեր կային: Պարույր Հայրիկյանն էր, ով իր թիմակիցների հետ պայքարում էր ՀՀ անկախության համար: Դիսիդենտական շարժման ներկայացուցիչներից խորհրդարանում էին Ազատ Արշակյանը, Ռաֆայել Պապայանը: Վառ անհատականություններ էին, որոնք ունեին իրենց պատկերացումները Հայաստանի ապագայի մասին, անցել էին իրենց պայքարի ճանապարհը: Խորհրդարանում էր նաեւ Աշոտ Նավասարդյանը, ով հետագայում ստեղծեց Հանրապետական կուսակցությունը, որը դարձավ նորանկախ Հայաստանի պետական գրանցում ստացած առաջին կուսակցությունը:
 
Կար Վազգեն Մանուկյանի թիմը, որը նույնպես ճանապարհ էր անցել ԽՍՀՄ տարիներին, ձեւավորելով իր պատկերացումները մեր ազգի ապագայի վերաբերյալ: Դրանք ազգային գաղափարներով հեղեղված մարդիկ էին` շատ տարբեր պատկերացումներով, եւ հասկանալի էր, որ չկար մեկ գաղափարախոսություն, որը կարող էր ղեկավարել այդ ապագայի կերտման գործը:
 
Մի բան ինձ համար ակնհայտ էր` 1988 թվականին հենց Վազգեն Մանուկյանը պետք է լիներ առաջնորդը, քանի որ նա ամենապատրաստված քաղաքական գործիչն էր: Հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվել Շարժման ընթացքում, տարբեր տեսակի սեմինարներ եմ կազմակերպել, քննարկումներ, եւ կարող եմ ասել, որ այն պահի դրությամբ ամենակայացած քաղաքական գործիչը հենց Վազգեն Մանուկյանն էր, եւ շատ տրամաբանական էր, որ նրա շուրջ համախմբվեց Շարժումը եւ բոլորն ընդունում էին նրա լիդերությունը: Հետագայում Վազգենի «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածը հեղափոխական նշանակություն ունեցավ: Հարյուրավոր երիտասարդներ կրթվեցին այդ հոդվածի վրա, նրանց «աչքերը բացվեցին», կարողացան դուրս գալ սովետական քարոզչության սահմաններից, ճանապարհ տեսան այդ հոդվածի շնորհիվ:
 

Վազգեն Մանուկյանը եւ Տիգրան Սարգսյանը
Լուսանկարը` Ժան Երեմյանի:

Շարժման ծավալման ժամանակ Վազգեն Մանուկյանը զգաց, որ կրթված մարդիկ են պետք, որոնք կարող են հրապարակային ելույթներ ունենալ, գրագետ կերպով կարծիքը ներկայացնել հանրությանը: Այդպես «Ղարաբաղ» կոմիտեում հայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվում էին Հենրիկ Հովհաննիսյանի եւ Լեոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եւ Վազգենը կանգ առավ Լեւոնի վրա` նա ավելի երիտասարդ էր ու ավելի լավ տպավորություն թողեց Վազգենի վրա:
 
Ցանկացած շարժում, ցանկացած քաղաքական պայքար իր ներքին խոհանոցն ունի` մարդկային հարաբերություններն են, լիդերի ընկալումը, ինտրիգները: Այդ տեսակետից Վազգենը ավելի վատ էր պատրաստված, քան մնացածը, քանի որ նա առաջնային էր համարում գաղափարախոսությունը, հոգեւոր արժեքները` նա գաղափարի մարդ է: Աստիճանաբար կոնֆլիկտ առաջացավ խմբային շահերի եւ գաղափարի միջեւ: Վազգենին թվաց, որ հանրությունը ինքը կգնահատի, թե ով` ով է, կտեսնի ով է ճիշտ, ով` սխալ: Իսկ հանրությանը ժամանակ էր պետք, քանի որ այն անպատրաստ էր: Շարժումը անսպասելի շատ արագ հասավ հաջողության, ինչպես նաեւ ԽՍՀՄ ապագա փլուզումը բոլորիս համար անսպասելի էր: Ի վերջո, հաղթեցին նրանք, ովքեր ավելի լավ համախմբվեցին:
 

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Բնականաբար, մարդկային որակական փոփոխությունները տեղի են ունենում, դա անխուսափելի էր: Հասարակության տրամադրությունները 1987-ին, 1988-ին, 1990-ին, 1995-ին որակապես տարբեր են եղել: Տրամադրությունները փոխվում էին, մարդիկ փոխում էին իրենց հայացքները, վերաբերմունքը: 1990-ին, երբ ընտրվեցի Գերագույն խորհրդի պատգամավոր, պայքարում էինք հանուն գաղափարի, շատ ռոմանտիկ պատկերացումներ ունեինք մեր երկրի ապագայի մասին: Հետագայում, երբ կենցաղային խնդիրները սրվեցին, մարդիկ իրենց գոյությունը պահպանելու խնդիր ունեին` շատերը գաղափարները դնում էին մի կողմ եւ պատրաստ էին կենցաղային խնդիրները լուծելու համար ցանկացած գաղափարի կրողը դառնալ:

Նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք

ԽՍՀՄ-ն մի արհեստական միջավայր էր, որը սահմանափակում էր մարդկանց ազատ մտածողությունը: Ավելին, եթե դու չէիր մտածում պաշտոնական պետական դոկտրինի ներքո, համարվում էր, որ սխալ ես մտածում: Բոլորին շտամպային մտածողություն էր պարտադրվում, այլախոհությունը խիստ վտանգավոր էր համարվում: Այդ ամենընշանակում էր, որ ազգի բնականոն զարգացումը սահմանափակվում էր, մարդիկ հեռանում էին իրենց էությունից, կամ թաքցնում էին այդ էությունը: Իսկ երբ գալիս է այդ էության բացահայտման պահը, խիստ կարեւոր է, որպեսզի ազգն ունենա առաջնորդներ` մարդիկ, որոնք ունեն հստակ ազգային գաղափարախոսություն:

Այսօր ակնհայտ է, որ հանրությունը դրան պատրաստ չէր, որովհետեւ նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք: Հանրությունը պետք է կարողանար իր միջից զտեր իսկական ազգային գաղափարներով ապրող էլիտային, այլ ոչ թե պատահական երիտասարդներ ղեկավարեին շարժումը` չունենալով ոչ կենսափորձ, ոչ գիտելիքներ, ոչ իմաստություն, ոչ էլ ազգային արժեքների մասին հստակ պատկերացումներ:
 

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

Այն, որ մենք պետք է անցնեինք այդ դժվարությունների միջով, անխուսափելի էր: 25 տարին էլ բավարար ժամանակ չէ, որպեսզի ասենք, որ այդ խնդիրները լուծված են եւ մենք կանգնած ենք զարգացման ճիշտ ուղու վրա:
 
Երբ Ղարաբաղյան շարժումը վերածվեց Անկախության շարժման, հանրությունը չհասցրեց վարակվել այդ գաղափարով, որովհետեւ անկախությունն ավելի շուտ հասավ: Այնպես որ, այս ճանապարհը դեռեւս շարունակվում է, մենք շատ անելիքներ ունենք մեր ազգային էությանը վերադառնալու, դրա ներքո ազգային էլիտա ձեւավորելու համար:

Տիգրան Սարգսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:
 
[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին