[Շարժում 1988/25]. Արկադի Կարապետյան` փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպեցինք առաջին հանրահավաքը - Mediamax.am

exclusive
26200 դիտում

[Շարժում 1988/25]. Արկադի Կարապետյան` փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպեցինք առաջին հանրահավաքը


Արկադի Կարապետյանը
Արկադի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ցույց Ստեփանակերտում:
Ցույց Ստեփանակերտում:

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Ցույց Ստեփանակերտում:
Ցույց Ստեփանակերտում:

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Ցույց Ստեփանակերտում:
Ցույց Ստեփանակերտում:

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Արկադի Կարապետյանը
Արկադի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Ցույց Ստեփանակերտում:
Ցույց Ստեփանակերտում:

Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:


Արցախի ընդհատակյա խմբերի յուրաքանչյուր անդամ յուրովի է ներգրավվել շարժման մեջ: Մեզանից յուրաքանչյուրը կարող էր տարբեր մոտեցում ունենալ այս կամ այն հարցի շուրջ, կարող էինք համաձայն չլինել միմյանց հետ, բայց դա մեզ երբեք չէր խանգարել աշխատել միասին, ընկերություն անել եւ պայքարել մեկ նպատակի համար: Մենք՝ ընդհատակյա ընկերներով, պատրաստ էինք կյանք տալ միմյանց համար: Շարժման ամենամեծ ձեռքբերումն էլ հենց դա է: Երբեւէ չեմ կասկածել ընկերներիս հավատարմությունն եւ նվիրվածությունը: Համոզված եմ, որ այդ վստահությունն էլ միավորեց մեզ եւ հաղթանակ բերեց:

16 տարեկանում երդվել էի, որ պետք է ազատագրենք Ղարաբաղը

Դպրոցական տարիներիս մեծ մասն անցկացրել եմ Երեւանում, որտեղ էլ ստեղծել եմ Ղարաբաղի հարցով առաջին ընդհատակյա խումբը: Այդ տարիքում մեր պատկերացումներն այլ էին: Մեր նպատակը Ղարաբաղը թուրքերից մաքրելն էր, բայց թե ինչպես պետք է հասնեինք դրան, դպրոցական տարիքում չէինք պատկերացնում:

Հետո եկավ այն շրջադարձային պահը, որն էլ փոխեց ամեն ինչ: 16 տարեկան էի, բարձրից Ստեփանակերտին նայող բացատներից մեկում երդում տվեցի ազատագրել  Ղարաբաղն ադրբեջանցիներից: Այդ օրվանից իմ բոլոր մտքերն ուղղված էին այդ նպատակի իրագործմանը:

Մտածում էինք նույնիսկ տեռորի մասին

Տեղափոխվելով Երեւանից Արցախ՝ այստեղ էլ հիմնեցի  ընդհատակյա խումբ: Սկզբում խմբին անդամակցում էին մի քանի տղաներ: Մեր գործունեության նպատակն ապստամբության նախապատրաստումն էր: Մտածում էինք նույնիսկ տեռորի մասին, եթե, իհարկե, դրա կարիքն առաջանար: Աստիճանաբար խմբի աշխատանքն ավելի լուրջ բնույթ ստացավ: Մենք ավելի կազմակերպված դարձանք, յուրաքանչյուրս գիտեր իր անելիքը:


Ցույց Ստեփանակերտում:
Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Շատ դժվար էր մեզ համար հատկապես այն առումով, որ չունեինք մի իմաստուն ուսուցիչ, ով կկարողանար օգնել մեզ, խորհուրդ տալ, սովորեցնել, թե ի՞նչ պետք է անենք եւ ի՞նչ ճանապարհով: Հիմա, երբ նայում եմ մեր անցած ուղուն, գիտակցում եմ, որ հենց դա էր մեր թույլ կողմերից մեկը, իսկ այսօր շարժման մասնակիցներս կարող ենք այդ հարցում ուսուցիչ լինել նոր սերնդի համար:

1986 թ.-ին մենք արդեն լուրջ աշխատանքներ էինք իրականացնում: Եկավ մի պահ, երբ հասկացանք ընդհատակյա խմբերին մեկ կազմակերպության մեջ միավորելու անհրաժեշտությունը: Այդպես միավորվեցինք եւ ստեղծեցինք «Արցախական» միությունը: Այդ միավորումն անհրաժեշտ էր շրջանների մեր համախոհների հետ կապեր հաստատելու, համագործակցելու տեսանկյունից: Մեր կազմակերպությունում առաջնորդվում էինք այն սկզբունքով, որ պետք է մարդուն հնարավորինս շատ մեծ ազատություն տալ, որպեսզի նա լավ աշխատի:

Շարժմանը պետք է մասնակցեին բոլորը՝ տնօրենից մինչեւ բանվոր

1987թ. հուլիսին, երբ Ղրիմի թաթարները բարձրացրին իրենց հարցը եւ ցույցեր կազմակերպեցին Մոսկվայում, որտեղ մի թաթար իրեն այրեց, մեզ թվաց, թե թաթարների հարցը կլուծվի, իսկ մերը` կանտեսվի։ Բանն այն է, որ յուրաքանչյուր տասնամյակ Արցախի հարցը «արթնանում էր», սակայն հետո շարժումը մարում էր: Դեռեւս 1960-ականներին Ղարաբաղում մեծ խռովություններ եղան ադրբեջանցիների հետ: Այդ դեպքերը մեզ վրա մեծ ազդեցություն են թողել:


Ցույց Ստեփանակերտում:
Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Հասկանալով իրավիճակը՝ մենք որոշեցինք ակտիվացնել մեր քայլերը: 1987 թ.-ից սկսեցինք ստորագրահավաքներ կազմակերպել: Չեմ մոռանա, թե ինչպես մի օր նկատեցի, որ մեր ընկերներից մեկը՝ Սերժ Առուշանյանը, մտավ քաղաքային պոլիկլինիկա, բացեց այնտեղ գրանցված անձանց ցուցակները, դուրս գրեց անունները եւ ստորագրեց ամեն անվան դիմաց: Մենք նման բան չէինք կարող թույլ տալ, քանի որ հետո կարող էին ստուգել` արդյո՞ք այդ մարդիկ իրականում ստորագրել են, թե ոչ:

Բացի այդ, աստիճանաբար կապեր հաստատեցինք Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի խմբերի հետ: Նրանց հետ աշխատում էինք կապավորների միջոցով: Ելնելով անվտանգությունից՝ նպատակահարմար էր, որպեսզի կապավորները շատ տեղեկատվություն չունենային միմյանց մասին:

Մոսկվայում ասացին՝ «դուք արդեն հանրաքվեն արել եք»

Երեւանում մեզ համար շարժման «դեմքը» Իգոր Մուրադյանն էր: Երբ հավաքել էինք գրեթե 90 հազար ստորագրություն, որոշեցինք պատվիրակություն կազմել եւ դրանք ուղարկել Մոսկվա: Այդ պատվիրակությունները գլխավորում էր հենց Իգոր Մուրադյանը:


Ցույց Ստեփանակերտում:
Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Այնպես ստացվեց, որ Մոսկվա մեկնող երկրորդ պատվիրակության մեջ ընդգրկվեցի նաեւ ես: Մեր պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ ունեցավ հայ մտավորականների հետ, հավաքեցինք հայ ուսանողներին, երկրորդ օրը ցույց արեցինք Մոսկվայում: Կենտկոմում ստիպված եղան մեզ ընդունել: Մեզ հանդիպեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալը, սակայն երբ նրանք հանձնեցինք մեզ հետ բերած ավելի քան 40 հազար արցախցիների ստորագրությունները, նա դրանց նայեց ու միայն գլխով արեց: Գերագույն խորհրդում հանդիպման ժամանակ մեզ անգամ հումորով ասացին, որ «էլ ի՞նչ եք ուզում, դուք արդեն հանրաքվեն արել եք»:


Արկադի Կարապետյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Մոսկվայից վերադառնալուց հետո մեզ հրավիրեցին Քաղկոմ, զգուշացրին, որ մեզ «խելոք պահենք»: Զրույցն ընթանում էր այն հունով, թե «ադրբեջանցիները մեր եղբայրներն են» եւ այլն: Սակայն դա մեզ չխանգարեց շարունակել մեր գործը: Սկսեցինք նախապատրաստվել` թռուցիկներ բաժանել, ժողովներ նախաձեռնել Արցախի գործարաններում, հիմնարկ-ձեռնարկություններում: Հաշվարկում էինք, թե տվյալ գործարանից քանի՞ հոգի դուրս կգա հանրահավաքի եւ այլն: 
Ես կողմնակից էի, որպեսզի շարժմանը մասնակցեն բնակչության բոլոր շերտերը՝ տնօրենից մինչեւ բանվոր: Դա համազգային շարժում էր: Բացի այդ, աշխատողները լսում էին իրենց տնօրեններին եւ մեզ հարկավոր էր աշխատել նախ եւ առաջ տնօրենների հետ՝ փորձելով նրանց ներգրավել շարժման մեջ: Հանդիպեցի մի քանի տնօրենների հետ եւ նրանց համոզում էի հետեւյալ ձեւով. «Դուք մի՛ վախեցեք, մենք ամեն ինչ կանենք այնպես, որ դուք հարվածի տակ չընկնեք: Պարզապես մի խոչընդոտեք մեզ»: Պետք է նշեմ, որ շարժման մեջ ներգրավվել էին նաեւ «գողական շրջանակները»՝ Սամվել Աղայանի գլխավորությամբ: Նա մեծ հեղինակություն էր վայելում եւ շատ նպաստեց մեր աշխատանքին:

Պատգամավորներին  «ծեծելով» ենք բերել փետրվարի 20-ի մարզխորհրդի նիստին

Փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպեցինք առաջին հանրահավաքը: Մենք մտածում էինք, որ պետք է ակտիվացնել հատկապես ուսանողներին: Առաջինը հրապարակ մտան Սովխոզտեխնիկումի ուսանողները: Մենք մտանք հրապարակ, բայց չգիտեինք՝ ի՞նչ անել, ի՞նչ խոսել: Այդտեղ իրավիճակը փրկեց Գրիշա Աֆանասյանը: Նա դասախոս էր, փիլիսոփա, եւ կարող էր լավ  խոսել: Հետո խոսեցի նաեւ ես՝ հավաքվածներին պատմելով Մոսկվա կատարած մեր այցի մասին: Աստիճանաբար հրապարակում մարդիկ շատանում էին: Մոտ 8 000 մարդ կար հավաքված: Դա մեծ թիվ է Ստեփանակերտի համար:


Ցույց Ստեփանակերտում:
Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Հանրահավաքից հետո նույն օրը երեկոյան ինձ իր մոտ կանչեց ԼՂԻՄ առաջին քարտուղար Բորիս Գեւորկովը: Ես եւ Մարատ Մուսայելյանը, ով այժմ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն է, միասին գնացինք Գեւորկովի գրասենյակ: Նա ահաբեկված էր: Այն մարդը, ումից ուրիշներն էին վախում, խեղճացել էր: Գեւորկովը մեղադրեց ինձ հանրահավաքը կազմակերպելու համար, խնդրեց դադարեցնել հանրահավաքները՝ նշելով, որ պետք չէ «խաղ անել» ադրբեջանցիների հետ:

Այդ օրվանից հետո մենք հասկացանք, որ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի գերակայությունից դուրս գալու կամքը: Փետրվարի 20-ին հրավիրվեցինք մարզխորհրդի նիստ, որտեղ էլ պետք է ընդունեինք որոշումը: Մեծ թվով պատգամավորների անգամ «ծեծելով» ենք բերել նիստի, որպեսզի քվորում  ապահովենք: Իսկ այսօր այդ պատգամավորներից ոմանք «հերոս» են: 

Արկադի Կարապետյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին