[Շարժում 1988/25]. Դավիթ Շահնազարյան. շարժումն ուներ բարձր քաղաքական հասունություն - Mediamax.am

exclusive
24950 դիտում

[Շարժում 1988/25]. Դավիթ Շահնազարյան. շարժումն ուներ բարձր քաղաքական հասունություն


Դավիթ Շահնազարյանը
Դավիթ Շահնազարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo.

Լուսանկարը` Արսեն Կարապետյանի

Լուսանկարը` Արսեն Կարապետյանի

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:


Դավիթ Շահնազարյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ: Հայաստանի անկախացումից հետո եղել է ՀՀ Ազգային անվտանգության նախարար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:

«Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմը

Դժվար է կոնկրետ մատնանշել այն պահը, երբ միացա Շարժմանը: Ինչպես հազարավոր մարդիկ, այնպես էլ ես առաջին իսկ օրերից ակտիվորեն ներգրավվեցի Շարժման մեջ, իսկ երբ ձեւավորվեց «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմը՝ դարձա այդ կազմի 5 անդամներից մեկը` Երջանիկ Աբգարյանի, Ալբերտ Բաղդասարյանի, Արշակ Սադոյանի ու Ավետիք Իշխանյանի հետ միասին:

Այդ կազմը ձեւավորվեց, երբ ակնհայտ դարձավ, որ հնարավոր չի լինելու  խուսափել ձերբակալություններից: 1988 թվականի սեպտեմբերին «Ղարաբաղ» կոմիտեն համալրվեց 5 գաղտնի անդամներով: Հիմա արդեն մոռացվել է «Ղարաբաղ» կոմիտեի ճիշտ անվանումը՝ «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե:


Հանրահավաք Կասկադում:
Lուսանկարը`Ֆոտոլուր:

1970-80-ականներին Հայաստանում ձեւավորվել էր մտավորականության մի շերտ, որը բարոյական, համակարգային արժեքների կրող էր: Այդ շերտը փորձում էր իրեն հնարավորինս հեռու պահել սովետական նոմենկլատուրայից: Հայաստանում այդ մտավորական շերտը կայացած էր ու բավական մեծ ազդեցություն ուներ: Այդ շերտը շատ ավելի կայացած էր Հայաստանում, քան Ադրբեջանում եւ խորհրդային հանրապետություններից շատերում: Եվ հենց այդ շերտը հանդիսացավ Շարժման հիմքը, շարժիչ ուժը: Շատերի համար այդ ամենը նորություն էր ոչ միայն որպես նոր երեւույթ, այլեւ տեղեկատվության առումով: Հրապարակում հնչում էին քաղաքական գնահատականներ, ինչն իսկապես արտառոց էր հասարակության համար: Այստեղ ճիշտ կլինի օգտագործել «զարթոնք» բառը:

Շարժումը՝ մեր ժողովրդի, ողջ հասարակության գիտակցական, ազգային ու քաղաքական զարթոնքն էր եւ նաեւ ինչ-որ իմաստով հնարավորությունն էր իրական կյանքում ոչ միայն ազատորեն արտահայտել, այլեւ կիրառել արժեքների այդ համակարգը:

Բալթյան երկրներից գալիս էին ծանոթանալու մեր փորձի հետ

Ղարաբաղյան շարժումը ծնվեց որպես ազգային շարժում, որի նպատակները շատ հստակ էին, սակայն շատ արագ՝ 1988 թվականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածվել ազգային-ժողովրդավարական շարժման: Ի՞նչ տեղի ունեցավ 1988 թվականի մայիսին: Շարժման առաջնորդների միջեւ քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ի հայտ եկան: Ոմանք գտնում էին, որ կա միայն Ղարաբաղի հարցը, եւ որեւէ այլ խնդիրներ պետք չէ առաջ քաշել: Մյուս մոտեցումն այն էր, որ այնքան խնդիրներ գոյություն ունեն, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել եւ հաջողության հասնել առանց դրանք բարձրաձայնելուց: Այդ մոտեցումը հաղթեց եւ պատմությունը ցույց տվեց, որ դա էր ճիշտ ուղին: Առաջ եկան ներքին եւ արտաքին քաղաքականության, արժեքային համակարգի, Հայաստանի ապագայի հետ կապված հարցերը եւ ի վերջո՝ սեպտեմբերից ուղղակիորեն դրվեց նաեւ Հայաստանի ինքնիշխանության հարցը:


Հանրահավաք Կասկադում:
Lուսանկարը`Ֆոտոլուր:

1988 թվականի օգոստոսին ծնվեց Հայոց Համազգային Շարժման առաջին ծրագիրը: Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այդ ծրագրի առաջին նպատակներից էր: Առաջին ամիսներին բավական բարդ էին, քանի որ նման գործընթացներ տեղի էին ունենում միայն Հայաստանում: Հետագայում ԽՍՀՄ այլ հանրապետություններում նույնպես սկսեցին ձեւավորվել նման շարժումներ, սակայն Հայաստանն անվիճելի առաջամարտիկն էր: Բալթյան երկրներից գալիս էին ծանոթանալու մեր փորձի հետ, կապեր էին հաստատվել լեհական հանրահայտ «Սոլիդարնոստ»-ի հետ: Շարժումն ուներ բարձր քաղաքական հասունություն, ինչը ապագայում թույլ տվեց խուսափել արյունալի բախումներից եւ Մոսկվայի կողմից կազմակերպվող սադրանքներից: Շարժումը լրջագույն դեր ունեցավ նրանում, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանում անցնի առանց մեծ ցնցումների:

1989 թ. հունվարի 7-ի դրությամբ բոլորն արդեն ձերբակալված էին

Շատ ծանր շրջան էր 1988 դեկտեմբերը՝ երկրաշարժի օրերին: «Ղարաբաղ» կոմիտեն առաջին օրվանից աղետի գոտում էր: Երկրաշարժից անմիջապես հետո, Գորբաչովի այցից հետո, սկսվեցին ձերբակալությունները, դրանց հետեւեցին հատուկ դրությունն ու պարետային ժամը: Ձերբակալությունները սկսվեցին դեկտեմբերի 10-ից: Կալանավորվեցին Շարժման ակտիվիստներն ու կոմիտեի մի քանի անդամները, մեր մի մասն անցավ ընդհատակ, սակայն ձերբակալությունները շարունակվում էին: 1989 թ. հունվարի 7-ի դրությամբ արդեն ձերբակալված էր «Ղարաբաղ» կոմիտեն ամբողջությամբ՝ եւ հիմնական եւ գաղտնի կազմի անդամները։


Զորքերը Լենինի հրապարակում:
Lուսանկարը`Արսեն Կարապետյան:

Մի քանի օր բոլորս նստած էինք Նուբարաշենի բանտում, հետո կոմիտեի 11 անդամներին տեղափոխեցին Մոսկվա, իսկ մնացածիս մեկ ամիս անց ազատ արձակեցին, եւ գաղտնի կազմը սկսեց աշխատել ընդհատակում: 1989թ․ ապրիլի 8-ին արտակարգ դրության ու պարետային ժամի պայմաններում հաջողվեց գաղտնի ժողով գումարել, որին մասնակցում էր շուրջ հարյուր հոգի, ստեղծվեց Հայոց Համազգային Շարժման նախաձեռնող խումբ եւ ընդունվեց փաստաթուղթ (եթե չեմ սխալվում` պատճենը կա Երջանիկ Աբգարյանի մոտ): Այնուհետեւ հաջողվեց ոչ միայն վերսկսել զանգվածային միջոցառումները, այլեւ Շարժմանը բավական մեծ թափ հաղորդել մայիսին: Շարժումը սկսեց գրեթե ամենօրյա ռեժիմով հզոր հանրահավաքներ անցկացնել, դրանք արդեն Հայոց Համազգային Շարժման միտինգներն էին: Այնուհետեւ նստացույց կազմակերպվեց՝ պահանջով, որպեսզի Ղարաբաղ կոմիտեի 11 անդամներն ազատ արձակվեն, ինչը նույնպես իրականացավ մայիսի վերջին։

Շարժումը մինչեւ վերջ մնաց օրինականության շրջանակներում

Մենք մշտապես զգացել ենք միլիցիայի աջակցությունը: Հարկ է նշել նաեւ, որ Շարժումը անընդհատ կապի մեջ էր Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության հետ: Դա տրամաբանական էր, քանի որ կային ընդհանուր շահեր՝ թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ «Ղարաբաղ» կոմիտեն չէին ցանկանում, որ անկարգություններ լինեն կամ մի կաթիլ արյուն թափվի: Ըստ էության, Շարժումը մինչեւ վերջ մնաց օրինականության շրջանակներում: Իհարկե, համագործակցությունն էապես խզվեց կոմիտեի անդամների ձերբակալություններից հետո, սակայն 1989թ. այն կրկին վերականգնվեց:

Արդեն 1988 թվականից սկսած կոմիտեի որոշ անդամներ գաղտնի զբաղվում էին Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպման հարցերով:

Տարբեր վայրերում Շարժման անդամներն օպերատիվ որոշումներ էին ընդունում

Շարժումը կարելի է պայմանական բաժանել երեք փուլի՝ երբ մենք խնդրում էինք արդարություն, հետո պահանջում էինք արդարություն, ապա ինքներս էինք հաստատում արդարությունը: Կարծում եմ, որ Շարժումը լիովին կյանքի կոչեց իր հռչակած բոլոր նպատակները՝ Ղարաբաղի ինքնապաշտպանությունը, Ղարաբաղը դե-ֆակտո՝ Հայաստանին միավորելը, Ղարաբաղի անվտանգության ապահովումը, Հայաստանի անկախության, անվտանգության հարցը, պետական ինստիտուտների ստեղծումը, Գերագույն խորհրդի ձեւավորումը (այդ խորհրդարանով նորանկախ Հայաստանում ձեւավորվեց օրինական իշխանություն): 90-ականների սկզբին Հայաստանն ընկալվում էր որպես ժողովրդավարության կղզյակ:


Զորքերը Լենինի հրապարակում:
Lուսանկարը`Արսեն Կարապետյան:

Շատ կարեւոր է, որ պատերազմի ծանր տարիներին Հայաստանի իշխանությունները սկսեցին բարեփոխումներ իրականացնել՝ փլուզված խորհրդային համակարգի, շրջափակման պայմաններում՝ քաղաքական ճշգրիտ, հաշվարկված որոշումների կայացմամբ: Ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը՝ Հայկական բանակի կազմավորումն էր, ընդ որում, հարկ է հիշեցնել, որ 1988թ․օգոստոսին Հայոց Համազգային Շարժման առաջին ծրագրային փաստաթղթում արդեն իսկ ամրագրվել էր ազգային բանակի ձեւավորման պահանջը: Ո՞րոնք էին հաջողության պատճառները․․․ Նախ եւ առաջ` այն, որ քաղաքականապես Շարժումը հասուն էր, նրա հիմքը իսկապես ոչ նոմենկլատուրային մտավորականությունն էր, որի կշռադատված գործունեության արդյունքում Շարժումը ողջ աշխարհում ծանրակշիռ քաղաքական համբավ ձեռք բերեց: Երկրորդը՝ Շարժումը գործում էր քաղաքական որոշումների կոլեգիալ ընդունման եղանակով: Ամեն օր տարբեր վայրերում Շարժման անդամներն օպերատիվ որոշումներ էին ընդունում, բայց «Ղարաբաղ» կոմիտեի քաղաքական բոլոր վճիռները կոլեգիալ էին: «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը Վազգեն Մանուկյանն էր:


Դավիթ Շահնազարյանը:
Lուսանկարը`PanArmenian Photo:

Ի՞նչով էր ուժեղ շարժումը: Չնայած նրան, որ ողջ քաղաքականությունը մշակվում էր «Ղարաբաղ» կոմիտեում՝ հսկայական քանակությամբ նախաձեռնություններ սկիզբ էին առնում «ներքեւից»: Հասարակությունն ինքն իր մեջ ինքնակազմավորվում էր` ստեղծելով տարբեր ոչ ֆորմալ հարթակներ, ձեւավորվում էին տարբեր քաղաքական ուղղություններ՝ անկախականներից մինչեւ ռադիկալներ:

Ցավալի է, որ այսօր ոչ վաղ անցյալի փաստերը մոռացվում են, պատմությունը կեղծվում է, մինչ այսօր Հայաստանում չկա նույնիսկ Շարժման պատմության թանգարան եւ որ Շարժման 25-ամյակը ըստ արժանվույն՝ պետականորեն չի նշվում մեր երկրում:

Անկասկած, Շարժումը կմնա մեր պատմության մեջ որպես բացառիկ երեւույթ՝ որպես նորանկախ Հայաստանի հիմնադիր:

Դավիթ Շահնազարյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին