Ձմերուկի փառատոն, Yell Magic Birthday, Հնեվանք ու Խենթասար - Mediamax.am

exclusive
4446 դիտում

Ձմերուկի փառատոն, Yell Magic Birthday, Հնեվանք ու Խենթասար



Հուլիսը ծուլացնում է, ստիպելով ավելի շատ մտածել ծովի, քան՝ մշակութային իրադարձությունների մասին: Սակայն եթե ծովափին դեռ չեք հասել, կարելի է շաբաթ օրը նվիրել թատրոնին, որը նույնպես առօրյայից կտրվելու եւ ինչ-որ ժամանակով ուրիշ կյանքի մեջ խորասուզվելու լավ հնարավորություն է:

ՇԱԲԱԹ, ՀՈՒԼԻՍԻ 21

Կեսօրին Տիկնիկային թատրոնում երեխաները հետեւելու են, թե ինչպես խեղճ բանաստեղծ աքաղաղը փորձելու է գտնել կորցրած եւ իր համար անչափ կարեւոր «Ծուղրուղու» բառը:


Տոմսերի արժեքը՝ 800-1400 դրամ:

***

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շարունակվում են «Երաժշտական զբոսանքները»՝ 8  տարեկանից բարձր երեխաների համար: Այս անգամ հանդիպումը կանցնի առանձնահատուկ ոգեւորությամբ, քանի որ նվիրված է լինելու 20-րդ դարի երկու նորարար արվեստագետներին՝ Մարսել Դյուշանին եւ Ջոն Քեյջին: Ստեղծվելու է նաեւ աղմուկի նվագախումբ, որի համար երեխաները պետք է տանից բերեն որեւէ կենցաղային իր:



Սկիզբը՝ ժամը 14:00-ին:

Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարեք 010 54 19 32/34 հեռախոսահամարներով:

Մասնակցությունն անվճար է:

***

Ժամը 19:00-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում» է տեղի ունենալու՝ խորհրդականի, սիրուհու եւ դիակի մասնակցությամբ:


Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ:

***

Նույն ժամին Համազգային թատրոնում կկայանա դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի ծննդյան 60-ամյակին նվիրված  «Փրկության կզղի» ներկայացումը՝ բեմադրված Վիլյամ Սարոյանի «Ուստրեն եւ մարգարիտը» ստեղծագործության հիման վրա:


Այն պատմում է Օքեյ բայ դը Սի քաղաքի մարդկանց մասին:

Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ:

***

Ենոքավանում գտնվող Yell Extreme Park-ը շաբաթ եւ կիրակի օրերին կախարդական կերպով նշելու է իր ծնունդը՝ տարատեսակ խաղերով, վրանների մեջ գիշերելով, բացօթյա փարթիով՝ Dj-ների եւ տարբեր երաժշտական խմբերի մասնակցությամբ:


Մանրամասներին եւ գնացուցակին ծանոթացեք այստեղ:

ԿԻՐԱԿԻ, ՀՈՒԼԻՍԻ 22

Կիրակի օրվա հիմնական  իրադարձությունը Ձմերուկի փառատոնն է, որն արդեն 6-րդ անգամ կանցկացվի Կարապի լճում:


Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 18:00-ին շքերթ-դիմակահանդեսով, որին կհաջորդեն բացման արարողությունը, հյուրասիրությունը, խաղերն ու ուրախ մրցույթները:

***

Ժամը 19:30 Գոյ թատրոնում Հայ աճպարարների միության անդամները իրական-մոգական երեկոն են ապահովելու՝ նորովի ներկայացնելով աճպարարների հնարքները:

Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ:

***

Եթե պատրաստ եք կիրակի վաղ առավոտյան արթնանալ, կարող եք հետաքրքիր եւ միմյանցից շատ տարբերվող արշավների մասնակցել:

Առաջինը կազմակերպում է Գիտարշավ ակումբը՝ «Լքված Վանքերը» նախագծի շրջանակներում: Ուղեւորվելու եք դեպի Ստեփանավանի տարածաշրջանում գտնվող Հնեվանքը:


Մասնակցության արժեքը՝ 6500 դրամ, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մյուս արշավը հնարավորություն կտա ուղեւորվել դեպի Ջավախքի լեռներ եւ բարձրանալ Խենթասար լեռը (3046 մետր):


Մասնակցության արժեքը կազմում է 6500 դրամ, բոլոր մանրամասներն այստեղ են:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին