Լավ Էլի, «սարեր-ձորեր», Vordan Karmir, «մամայական մարզումներ» - Mediamax.am

exclusive
5298 դիտում

Լավ Էլի, «սարեր-ձորեր», Vordan Karmir, «մամայական մարզումներ»



Ամբողջ շաբաթ սպասում ենք հանգստյան օրերին, իսկ ամբողջ տարի՝ ամռան գալուն: Այս անգամ երջանիկ լինելու համար անհրաժեշտ այդ երկու գրավականները  միավորված են, մեզ էլ մնում է ժամանակ չկորցնել, պատշաճ կերպով վայելել բոլոր համընկնումները եւ ուրախանալ, որ  հայաստանյան մոգական ամառվա ամենավառ շաբաթ-կիրակիները դեռ առջեւում են: 

ՇԱԲԱԹ, ՀՈՒՆԻՍԻ 2

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ժամը 13:00-ին գտնվելու է «Ալադինի կախարդական լամպը»:


***

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում (Իսահակյան 38) հունիսի 1-ից 10-ը կկցուցադրվեն Այբ դպրոցի շնորհալի սաների աշխատանքները: «Ես» խորագիրը կրող  ցուցահանդեսին կներկայացվեն երեխաների ուրույն ընկալմամբ սիմվոլիզմի ոճով ստեղծված ինքնանկարները:


***

Գունեղ շաբաթ օր, ընդ որում՝ ամենաուղիղ իմաստով, հնարավոր է ունենալ «Ռիո» առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղիում նախատեսվող Color Festival-ի շնորհիվ: Գույների մեջ «թաթախվել» հնարավոր կլինի ժամը 14:30-ից սկսած:


Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

***

Ժամը 14:30 ՏՏ մասնագետները Buro-ում ավելի լուրջ գործով են զբաղվելու: «Այլկերպ» ընկերությունը հատուկ ՏՏ մարդկային տեսակի համար կազմակերպում է «Այլ կերպ» խաղի մրցաշար:


Խաղին մասնակցելու պայմաններն են.

Կարդալ եւ խոսել հայերեն;
Ներկայանալ 4 հոգանոց թիմով;
Յուրաքանչյուր անձի համար վճարել 1500 դրամ:

Հաղթող թիմը մրցանակներ կստանա:

***

«Լենոն» փաբում (Ամիրյան 15) ժամը 19:00-ին պատրաստվում են պարել լատինաամերիկյան պարեր, բայց մինչ այդ սպառնում են արբեցնել «կախարդական շոթերի» միջոցով:


***

Իսկ The Loft-ում ժամը 19:00-ին տեղի կունենա Լավ Էլի-ների նոր՝ «Անձրեւաշուն» ալբոմի շնորհանդեսը: Հին ու նոր երգերից բացի կլինեն նաեւ հետաքրքիր ու բովանդակալից զրույցներ:


***

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում ժամը 19:00-ին հանդիսատեսը հետեւելու է Վիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակի վրա» նյու-Յորքյան սիրավեպի զարգացումներին, որի գլխավոր հերոսներն են միայնակ իրավաբան Ջերրին եւ պարուհի Գիտելը:


Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ:

***

Օրվա ռոքային ավարտը Vordan Karmir-ն է ապահովելու: Թավշյա հեղափոխությունից հետո էլ ավելի սիրված դարձած խմբի համերգը կկայանա Stop ակումբում, ժամը 21:00-ին:


Տոմսի արժեքը՝2000 դրամ:

ԿԻՐԱԿԻ, ՀՈՒՆԻՍԻ 3

Ամռան առաջին կիրակին լավագույն կերպով անցկացնելու տարբերակների թվարկումն այս անգամ «սարերից-ձորերից» է սկսվում:

Team Travel Armenia-ն առաջարկում է ուղեւորվել դեպի Ստեփանավանի դենդրոպարկ, տեսնել Լոռեբերդը, Կամակատարի մատուռը, անցնել Միսխանա գետի վրայի միջնադարյան կամրջի վրայով:


Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ, այն ներառում է գիդի ծառայությունն ու ճանապարհածախսը: Ուղեւորությանը վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

***

Սեբաստիա տուրի բոլոր ճանապարհները յուրաքանչյուր շաբաթ-կիրակի տանում են դեպի Վայոց Ձոր: Այս անգամ նախատեսված է այցելել Խոր Վիրապ, Պարույր Սեւակի տուն-թանգարան, Արենի գյուղ (գինու համտեսումով), Ջերմուկ, Կեչուտի ջրամբար:
Մասնակցության արժեքը՝ 6500 դրամ+300 դրամ Պարույր Սեւակի տուն թանգարանի այցելության համար:


Գրանցվելու համար զանգահարեք 099-35-08-20, 095-35-08-20 հեռախոսահամարներով:

***

Հաջորդ ուղեւորության պատասխանատուն ONE WAY Tour-ն է, որը կազմակերպում է քայլարշավ դեպի Մաթոսավանք եւ Ջուխտակ վանք, ինչպես նաեւ՝ Պարզ Լիճ: Քայլարշավի երկկողմանի երկարությունը կազմում է մոտ 6 կիլոմետր:


Մասնակցության արժեքը՝5000 դրամ:

Նախնական գրանցումը պարտադիր է, իսկ մանրամասներն այստեղ են:

***

ArmLand զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի գեղեցկագույն Արմաղան լեռը՝ հայտնի փոքրիկ լճակով, որից, ասում են, երկնային փերիները  իջնում էին ջուր խմելու:


Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ:

Գրանցվելու համար զանգահարել 055 81 77 88, 077 44 90 07 հեռախոսահամարներով, կամ գրել ակումբի ֆեյսբուքյան էջին

***

Բոլոր այն մայրիկները, որոնք դեռ չեն կարող երկար ժամանակով բացակայել եւ մասնակցել քաղաքից դուրս անցկացվող միջոցառումներին, կիրակի առավոտյան քաղաքում մարզվելու հնարավորություն կունենան: Մամայական մարզումները վարում է Օլգա Պարախինան, իսկ մամաներին սպասելու են ժամը 9:00-ին՝ Eat&Fit-ի մոտ:


Մանրամասների համար զանգահարեք ՝055 13 08 13 հեռախոսահամարով:

***

Կիրակնօրյա մի ամբողջ ցերեկ կարելի է անցկացնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Մշտական ցուցադրություններից բացի վերջերս թանգարանում բացվեց նաեւ «Հասկաքաղ» բազմաթիվ ինտերակտիվ տարրեր պարունակող ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի աշակերտ Միհրան Թումաճանին, ով շարունակեց իր ուսուցչի գործը՝ կյանքը նվիրելով հայ բանահյուսության հավաքման գործին:


Ցուցադրությունը ներառում է Հայաստանի և ԱՄՆ-ի արխիվներից բերված բազմաթիվ նմուշներ, անձնական իրեր, լուսանկարներ: Առաջին անգամ ներկայացված են հին ու նոր երաժշտական ձայնագրություններ: 

***

Հունիսի 2-ին եւ 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի թատրոնի բեմում Ռուսաստանի Մեծ Թատրոնի բալետի աստղերն են փայլելու: Ժամը 19:00-ին տեղի կունենա «Բյուրեղապակյա դղյակ» բազմաժանր ներկայացման երեւանյան պրեմիերան՝ ըստ Ալեքսեյ Շորի երաժշտության:


Այն պատմում է, թե ինչպես Ռոմանովների տոհմի կայսրուհի Աննա Յոհանովնան որոշում է ամուսնացնել իր կին եւ տղամարդ ծաղրածուներին, սակայն իրենց առաջին գիշերը նորապսակները պետք է անցկացնեն սառցե դղյակում...

Տոմսերի արժեքը՝ 5 000-30 000 դրամ:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին