«Որդան կարմիր»՝ «Քայլ արա»-ն ասաց այն, ինչ մտածում էին հազարները - Mediamax.am

exclusive
22090 դիտում

«Որդան կարմիր»՝ «Քայլ արա»-ն ասաց այն, ինչ մտածում էին հազարները


«Որդան կարմիր» խումբը
«Որդան կարմիր» խումբը

Լուսանկարը` խմբի արխիվից

«Որդան կարմիր» խումբը
«Որդան կարմիր» խումբը

Լուսանկարը` խմբի արխիվից

«Որդան կարմիր» խումբը
«Որդան կարմիր» խումբը

Լուսանկարը` խմբի արխիվից


                                                       Գերլարված մարդիկ, բարձրացրեք, բարձրացրեք ալիք։

                                                               Շպրտեք դրանց, վարարեք, գետ դարձեք անանց։

                                                  Հաց հասցրեք միմյանց... Հերոսներին հերոսներ են պետք։ 

                                                                  Քայլ արա, որդիս, քայլ արա, քայլ արա, հոգիս։

                                                (Հատված «Որդան կարմիր» ռոք խմբի «Քայլ արա» երգից)

 

«Որդան կարմիր» հայկական ռոք-խմբի «Քայլ արա» երգն ապրիլի 13-ից մեկնարկած բողոքի շարժման օրերին ակումբներից ու ականջակալներից տեղափոխվել էր Երեւանի փողոցներ, հրապարակներ, գետնանցումներ: Ինչպե՞ս է ծնվել երգը, ինչո՞ւ հենց այն դարձավ այս պայքարի ուղեկիցներից մեկը եւ ի՞նչ նոր երգեր կծնվեն, Մեդիամաքսը փորձել է պարզել ռոք-խմբի անդամ Վահան Պողոսյանից:

 

«Քայլ արա»-ի ծնունդը

 

«Քայլ արա» երգը ծնվեց «Սասնա ծռեր» խմբի հայտնի դեպքից անմիջապես հետո: Միտքն առաջացավ խմբի հանձնվելուց հետո, Վարուժան Ավետիսյանի՝ «Քայլը ժողովրդինն է» արտահայտությունը լսելուն պես: 

 

Մեզ մոտ միտք ծնվեց, որ մեր ժողովրդին մի դուխով երգ է պետք, մի բան, որը կոգեւորեր, որպեսզի հիասթափված վիճակից մարդիկ կարողանան դուրս գալ:

 

Երգի կրկներգում դրված ուղերձը՝ «քայլ արա»-ն շատ պարզ էր ու այն եղավ նաեւ ապրիլի այս բողոքի շարժման կարգախոսներից մեկը: 

 

Այդ երգը դեռ էլի ուրիշ փոփոխությունների կողքին կանգնած երգ կլինի, որովհետեւ, կարծում եմ՝ այնպիսի երգ է ստացվել, որ ցանկացած բողոքի կամ որեւէ այլ ակցիայի ժամանակ կարող է հնչել եւ մարդկանց ոգի ու թեւեր տալ:

 

Պարզ ուղերձը

 

Չգիտեմ, ինչպես հենց այդ բառերն ընտրեցինք: Ուղղակի միտք էր, որ առկայծեց գլխումս ու դարձավ երգի ստեղծման ճանապարհային քարտեզը: Երգում ամեն ինչ շատ պարզ է ասվում, ոչ մի փոխաբերական իմաստ չկա: Մեզ մոտ ստացվեց ասել այն, ինչ մտածում են հազարները: Միշտ կարեւոր է, որ կարողանում ես արտահայտել հազարավոր մարդկանց մտածածը, այդ դեպքում երգը եւ ցանկացած այլ բան հաջողության է հասնում:

 

«Որդան կարմիր» խումբը «Որդան կարմիր» խումբը

Լուսանկարը` խմբի արխիվից

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես հասկացավ այդ ամենը, զգաց մարդկանց ոգին, բռնեց միտքը եւ կարողացավ այս շարժումը հասցնել այս ծավալին, մակարդակին ու որակին, այպիսի ալիքաձեւ ու խաղաղ տարածման, ինչը նախկինում ոչ մեկի չէր հաջողվել անել:

 

Ռոքի ուժը

 

Ռոքը բողոքի արտահայտման ձեւ է եղել միշտ: Մեր երգացանկում ունենք շատ երգեր, որոնք անդրադառնում են մեր սոցիալական, քաղաքական, ճգնաժամային վիճակներին: Ունենք երգեր, որոնք գրել ենք 5-10 տարի առաջ, բայց այսօր դրանք շատ ակտուալ են, օրինակ՝ «Քաղաքական դրամա», «Սպիտակ փղերը», «Վեր, թե վար»: Մենք գրել ենք այն ամենի մասին, ինչը տեսել ենք, մեզ հուզել է, վրդովեցրել է, ինչին դեմ ենք եղել, ուզել ենք փոխել: Այդ ամենի մասին մեր երգերը, իրոք, ակտուալ դարձան այս օրերին: 

 

«Որդան կարմիր» խումբը «Որդան կարմիր» խումբը

Լուսանկարը` խմբի արխիվից

Պայքարի հաջորդ երգը

 

«Քայլ արա»-ն արդեն ասոցացվեց եւ ինտեգրվեց այս պայքարին եւ դարձավ այս ամենի կարեւոր մասնիկը: Նոր երգ անպայման կլինի, հիմա խմորման պրոցեսն է: Կեցցե՛ այն քայլը, որը մոտեցրեց մեզ մեր պայծառ ու վեհ հաղթանակին:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին