…Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարը չեմ սիրում…
10 ապրիլի, 2016 թվական: Վեդու Մշակույթի տուն: Ներեցեք, ավելի ճիշտ է ասել` Մշակույթի տան հարակից փողոցներ ու նոր միայն Մշակույթի տուն, որին հասնելը անհնարին էր: 13:00: Զարկ թմբուկին` մեկ, երկու ու մահվան քայլերթ: Հետո էլի զարկ թմբուկին` մեկ, երկու ու մահվան քայլերթ: Ո՞վ էր: Բոլորիս հարազատը, մե~ր տղեն էր: Նա, ում վճարած գինը երբեք վերադարձնել չենք կարող: Ապրիլյան այս օրերին բոլորի հազատ մայրը, հայրը, քույրը դարձանք ու հազիվ գտած` կորցրինք նրանց, որ վերջապես գտնենք մեզ ու մեր ինքնությունը:
2016 թվական… Գարուն… Ապրիլ… 14 օրից Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է, բայց դրա մասին առայժմ խոսող չկա: Չէ~, ոչ թե որովհետև դարը լրացավ ու վերջ, այլ որովհետև ապրիլը վերաիմաստավորվեց…
«Երկիրը երկիր չի»-ները, «Ստեղ ապրելու տեղ չի, գնանք փրկվենք»-ները, «Ապե~ր, առանց ռուսի մենք կորած ենք»-ները, բայց հատկապես, ու ամենից շատ` «Էս ջահելությունը բանի պետք չի»-ներն ու «Եթե կռիվ սկսվի, ոչ ոք չի կռվի»-ները հերքվեցին… էս ջահելության կողմից… Ղարաբաղում… Առաջին գծում:
Իմ ծնունդից առաջ այնքան բան է եղել: Բայց ես երբեմն չեմ կարողանում հասկանալ/արժևորել եղածը, կամ պարտվում եմ էմոցիաներիս, որովհետև ինձ սովորեցրել են, որ մենք խեղճ ազգ ենք, որ դարերով մեզ հարստահարել են, կոտորել են, մեզ ցեղասպանել են, գրողը տանի… Ես երբեմն չարանում եմ ու ամեն ինչ բարդում երկրի գլխին: Հետո զգում եմ, որ սիրտս չհովացավ, ու սկսում եմ Աստծուն մեղադրել: Չէ~, դա էլ չի օգնում: Գուցե մեծ տերությունների՞ն հայհոյեմ: Բայց ինչո՞ւ: Խեղճերին խղճում են ու անցնում: Է, թող չխեղճանային իմ ապուպապերը: Չեմ ուզում Արտավազդի սինդրոմ ունենալ. վախենում եմ նախնիների անեծքից: Բայց ուզում եմ մերժել ապուպապերիս: Դարձեք ու անիծեք, տառապած պապեր, իմ խեղճ պապեր: Ախր, ես իմ երկրում ինձ տեր զգալ եմ ուզում, ուզում եմ այս հողի վրա ամուր ու ապահով քայլել, ուզում եմ` ինձ սովորեցնեք, որ հույսս միայն ինձ վրա պետք է դնեմ, որ ինձնից մեծն ու ուժեղը չկա:
2016 թվականն է: Գարուն է: Այն ապրիլը, որին ամեն տարի սպասում ենք ազգովի, որ մի անգամ էլ ուժգին բղավենք աշխարհի ականջի տակ, թե մեզ ցեղասպանել են: Բայց հիմա այդ օրերը չեն: Այս անգամ ուրիշ ապրիլ եկավ. «Մեծերին» հանգիստ թողած` հենց մեր աչքերը բացող Ապրիլ: Մենք, կարծես, ինքնահաղթահարվում ենք…
Ղարաբաղում պատերազմ էր…
Ես ծնվեցի` Ղարաբաղում պատերազմ էր: Ես մեծացա` Ղարաբաղում փխրուն հրադադար էր: Ինձ սովորեցրին, որ ես խեղճ եմ, ես միայնակ ոչինչ անել չեմ կարող: Ու ես երբեմն հավատացի: Ես արդեն բավականին մեծ եմ, ու Ղարաբաղում հրադադարը միլիոներորդ անգամ խախտվեց…
Իմ ծնունդից առաջ հավերժություն է ընկած: Ես չեմ հիշում: Ես սպունգի պես ներծծում եմ այդ հավերժությունից հետո սկսվող ժամանակաշրջանը իսկ մարդիկ փախչում էին… Մարդիկ այստեղ խեղդվում են, որովհետև լույսը դեռ չի բացվում: Իսկ ես դադարել եմ հավատալուց, որ առանց մեծերի թույլ ու խեղճ եմ:
Արևածագը անուններ ունի ու տարիք, մերը երկնքում չէ, այստեղ է` հողի վրա, Անկախ Հայաստանի սերունդն է մեր Արևածագը: Մեծացել է, դարձել չափահաս ու վերջապես շողա~ց:
Այսօր մի պահ հիշեցի, թե դպրոցում իմ սերնդին ինչպես էին պախարակում: Գիտե՞ք` ինչու էին պախարակում: ՉՍՈՎՈՐԵԼՈՒ համար… Ի՞նչ սովորեինք, այն, որ մեզ դարերով հարստահարել ու կոտորե՞լ են, այն, որ մեզ ցեղասպանե՞լ են մեր հողում, որ մեզ խաբե՞լ են… Դե Բավակա´ն է: Այնքան ենք սերնդեսերունդ ողբացել, որ դա արդեն գենետիկ կոդ է դարձել:
Դպրոցում «չսովորածների» սերունդն այս օրերին Ղարաբաղից` առաջնագծից, բոլորիս ասաց, որ ինքն է այս երկրի տերը, որ իրեն պետք չէր սրտաճմլիկ պատմություններ սովորել մեր խեղճության մասին, որովհետև մեզ, մեր մի բուռ հողին հզոր տղաներ են պետք` իրենք իրենց հավատացող, իրենք իրենց հարգող: Հա´, հենց այդպես` իրենք իրենց հարգող:
Մի´ իջեցրեք մեր ազգային ինքնագնահականը, մեծեր ջա~ն, մենք խեղճ չենք: Չէ´, կներեք, մենք ԷԼ խեղճ չենք:
Ղարաբաղում այս օրերին «ծնվեցին» հայկական աշխարհի այսօրվա պահողներն ու դրա վաղվա կյանքը կերտողներ: Տղերքը հերոսացան, որ վերջապես հասկանանք, թե ով ենք մենք ու ուր ենք գնում: Իսկ թե որտեղից ենք եկել ու ինչ ճանապարհ ենք անցել, այլևս կարևոր չէ: Կարևորը մեր վաղն է: Մեծեր ջա~ն, դուք մեզ խեղճ եք մեծացրել: Մեր երեխաները կծնվեն, ու Ղարաբաղում էլ կռիվ չի լինի, նրանք խեղճ չեն լինի, որովհետև նրանց հայրերն ավելի ուժեղ են, քան մեր հայրերն էին: (Կներեք, բայց կան ճշմարտություններ, որ դուք էլ արդեն հասկանում եք, մեծեր ջան):
Մեզ միշտ մեղադրում էինք չ-համախմբվածության մեջ: Այդ օրերի էջը փակվեց այս Ապրիլի 1-ին ու պատմության նոր էջ բացեցինք: Համախմբվեցինք մեր երկրի նորօրյա տերերի շուրջ: Իսկ նրանց շուրջ ամուր կանգնելու, ուս ուսի տալու համար թիկունքից կգան, կհամախմբվեն նաև սփյուռքահայերը, քանի որ բոլորս վերջապես տեսանք այն սերնդին, որի մասին երազում էինք մենք ու նրանք (եթե, իհարկե, մեր մեջ դեռ գոյություն ունեն այդ ՄԵՆՔ-ն ու ՆՐԱՆՔ-ը):
Հ.Գ. Ես այսօր առաջին անգամ էի մասնակցում հերոսացած զինվորի հուղարկավորության: Ու այս բոլոր մտքերը ողջ օրվա ընթացքում արյունիցս էլ արագ հոսում էին երակներովս: Չգրել չէի կարող:
Հ.Գ. – 1. Վեդու հուշարձանում, որտեղ ամփոփված են Ղարաբաղյան առաջին ազատամարտի հերոսները, այսօրվանից արդեն մնաց ընդամենը մեկ ազատ շիրմատեղ: Տղե~րք, ազատ թողեք էդ տեղը: Թող դա դառնա մեր ավարտված պատերազմի ու ձեր կերտած հաղթանակի գինը: Դուք կարող եք, տղե~րք, ախր դուք եք մեր երկրի տերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: