Ողջու´յն , սկզբից էլ գիտեի , որ մի օր սա քեզ պատմելու առիթ կունենամ : Առիթը եկել է, դե ուրեմն լսի´ր : Դու պե´տք է լսես սա:
… Քայլում էին սերունդները դարերի մեջ մոլորված ու դարերին իրենց մեջ մոլորեցրած : Քայլում էին ամեն մեկը մի վիշտ մտքում ու մի երազ սրտում պահած : Չհանդուրժեցին նրանց երազը և դագաղ մտցրին , ու վշտից կնճռոտվեց նրանց հոգին : Ու չգիտես վի ՞շտն էր նրանց առաջ մղում , թե՞ երազը : Նրանք էլ չգիտեին , բայց գնում էին հազար անգամ տրորված պատերազմի , խաղաղության անվերջ ճանապարհով : Նրանք Հայեր էին ...
Պատերազմ , խաղաղութուն հետո էլի պատերազմ ու էլի խաղաղություն: Մի տեսակ անհարմար բան ստացվեց. դու ստացար մի բան, որ դու չես պատերազմի գնով ձեռք բերել, դու պարզապես մի մեծ նվեր ստացար: Նվերը խաղաղությունն էր, որ բոլոր մեծ նվերների նման ենթադրում է մեծ պատասխաատվություն: Դու ստացար մի սովորական երկինք, որ երբեմն ահաբեկում է կայծակով ու ամպրոպով, բայց ոչ երբեք ռումբերի պայթյունով: Թերևս դժվար է մեծ նվերներից գլուխ հանելը, թերևս դժվար է սովորական երկնքից չհոգնելը: Դու գիտես, որ այն ինչ ողորմելի է մեր անցյալն է, այն ինչ անհավանական է դարձյալ մեր անցյալն է: Թվում է, թե վաղուց մաշվել են բոլոր բառերը բացատրելու համար այս պարզ իրողությունը. երրորդ շանս չի լինում, իսկ երկրո՞րդը , եթե անգամ այն մեր իսկ քթի տակ է, արդյո՞ք մենք տեսնում և օգտագործում ենք այն, թե՞ ամեն անգամ ձեռքից բաց ենք թողնում: Գիտե՞ս ինչու եմ հարցնում, որովհետև ծանոթս ով Սիրիայից էր տեղափոխվել Հայաստան վերջերս գնաց Կանադա: Պատերազմի պատճառով էին եկել Հայաստան, իսկ թե ինչու գնացին Կանադա երբեք չհարցրի. չէի խոստովանում, բայց պատճառը ինքս էլ գիտեի: Հրաժեշտից առաջ լուսանկարվեցինք, բոլորս ժպտում էինք, որովհետև նա դեռ մեզ հետ էր: Նա որոշել էր այս անգամ չլացել, բայց չտացվեց: Նա գնաց (եթե կյանքը գեղարվեստական գիրք լիներ ՝ նա կմնար «անկախ բոլոր դժվարություններից» ու կշարունակեր ապրել հայրնիքում, բայց կյանքը գեղարեստական գիրք չէ, որ երբեմն խաբում է, գուցե միշտ:) ուրեմն նա գնաց և գնալուց հետո ինչ - որ բան փոխվեց, փոխվեց ոչ թե աշխարհի երեսին, այլ մեր ներսում: Թվում էր, թե ինչ-որ բան սխալ ընթացավ, թվում էր, թե մենք բաց թողեցինք Հայաստան - Սփյուռք ձուլվելու երկրորդ շանսը, թվում էր, թե Հայաստանը երկրորդ անգամ տանուլ տվեց իր զավակին: Երևի թափառական լինելը դրոշմված է հայի բախտին և նա էլ բացառություն չէր ...
Երբ պիտի մենք հասկանանք, որ եթե այսօր Հայաստան - Սփյուռք ձեռքսեղմումը չկայանա, ապա վաղը ոչ Հայաստան կլինի, և ոչ էլ Սփյուռք: Եթե չհասկանանք, որքան էլ անօգուտ՝ շարունակելու ենք Աստծո փեշերը բռնել, որովհետև այս մի բանը պարզ տեսանք. հարևանի, դաշնակցի, ընդհանրապես աշխարհի փեշերը բռնելու համար մեր ձեռքերը շատ կարճ են: Մնում է հասկանալ, որ այսօր էլ քիչ բան չունենք նախաձեռնելու և քայլ անելու համար: Ի վերջո ո ՞վ, եթե ոչ մենք, ե ՞րբ, եթե ոչ հիմա...
Լսի՛ր , մի բան էլ եմ ուզում պատմել քեզ վերջին օրերի հետ կապված: Գիտեմ, գիտեմ այնքա՜ ն բան է ասվել, որ ճիշտ կլիներ այսուհետ լռել ու հիշել ասվածը, բայց այն, ինչ պիտի ասեմ ոչ ոք դեռ չի ասել, այդ մասին առաջինը ուզում եմ հենց քեզ պատմել: Առավոտյան շտապում էի կանգառ՝ համալսարան գնալու համար ու հասցրեցի լսել հարևանիս անհոգ բառերը ուղղված մյուս հարևանին.
- «Ասում են Ղարաբաղ կռիվ ա գնում »: Նա դա ասաց այնպիսի հերոսական անտարբերությամբ, որ ինձ թվաց թե խոսում է հենց նոր ծառից պոկված տերևի, ոչ թե կռվի մասին: Ու ակամայից սկսեցի մտածել ե՞րբ առաջացավ այս տարանջատումը ՝ ղարաբաղցի, հայաստանցի (լսել էի , որ նույն վերաբերմունքն է նաև Արցախում) այդ երբվա՞նից Ղարաբաղը Հայաստան չէ, ղարաբաղցին էլ հայ.... մի՞թե տարածական բաժանումը ավելի ուժեղ է, քան հոգևոր ամբողջականությունը: Ու՞մ է պատկանում Հայկական աշխարհը, այս դեպքից առաջ հարցն անհեթեթ կթվար, պատասխանն՝ ակնհայտ : Բայց հիմա կարծում եմ առաջ էլ են այսպես մտածել. «Ասում են Վանում կռիվ ա, Մուշում կռիվ ա, Սասուն կռիվ ա...», որ այսօր Վանը, Մուշը, Սասունը Հայաստան չեն: Ու մտածում եմ քանի դեռ կան այսպես մտածողներ Հայկական աշխահից հային բաժին չի հասնի, բայց միևնույն ժամանակ հիշում եմ, որ քանի դեռ կան Ուրֆանյանի նման գործողներ, այս հողի վրա հայը որպես Տեր կմնա:
Հենց այս մանրուքների մասին էի ուզում քեզ պատմել, որ վերջին հաշվով մեր Վաղվա բեկորներն են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: