Իլոնա Գեւորգյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

1722 դիտում

Իլոնա Գեւորգյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Իլոնա Գեւորգյանը
Իլոնա Գեւորգյանը

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը. այն ձեռք է բերվում ամեն մի սերնդի ու նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի լինելու ձգտումով…
Գ.Նժդեհ

Հայաստանի ինքատիպությունն ու կայունությունը պայմանավորված են երեք գործոնով` լեռնային բնության անկրկնելի հմայքով, արտասովոր ազգային մշակույթով և հնագույն քրիստոնեական ժառանգությամբ:  Դիմադրելով իր հզորագույն զավթիչներին` Հայաստանը կարողացավ դարերի ընթացքում հավատարիմ մնալ իր մշակույթին:

Փոխվել են ժամանակները, բնականաբար նաև ազգային հոգեկերտվածքի որոշ գծեր, փոխվել են հասարակական կացութաձևն ու իրավիճակը, երկրի սահմանները, սակայն, առ այսօր հայի  հոգեկերտվածքում մնայուն ու անփոփոխ են հայ տեսակին հատուկ, նրան բնութագրող հատկանիշները:

Գ.Նժդեհն արտահայտվել է. «Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»: Մշակույթի հիմքում ընկած է ազգային գաղափարը, տեսլականը, իսկ ազգի ինքնության և գոյի հիմքում՝ մշակույթը:

Սակայն պետք է ընդունել, որ այդ մշակույթը չի կարող դառնալ ազգային հարստություն, եթե այն չպահպանվի յուրաքանչյուրիս կողմից: Անկախ նրանից  աշխարհի որ ծայրում  ես դու ապրում, դու չպետք է երբեք մոռանաս քո հայի կոչումը, և չպետք է ուրանաս քո հայրենիքը:

Համաշխարհայնացումն ու ազատականացումը համահարթեցնում են մի շարք բաներ. աշխարհն փոքրանում է, արագ փոփոխվում է և այդ ընթացքում տեղի են ունենում թե՛ դրական, թե՛ բացասական փոփոխություններ, որոնք ազդում են հասարակական զարգացումների վրա:

Մեզ նման Սփյուռք ունեցող երկրների համար կարևոր են անշուշտ մեր ինքնության պահպանման հարցերը: Նշեմ մեր խնդիրներից մի քանիսը.

- Լեզվի պահպանության հարցը
- Ավանդույթների ու սովորույթների պահպանման հարցը
- Կրոնի պահպանումը
- Համայնքային կյանքին մեր հայրենակիցների մասնակցության խթանումը
- Հայրենիքի հետ հետադարձ կապի ստեղծումը

Այսօր աշխարհասփյուռ հայության միասնականացման ու համազգային հիմնախնդիրների լուծման  հարցում կենսական կարևորություն է ձեռք բերում հայոց լեզվի, կրոնի, պատմության և մշակույթի տարրերի  պահպանումն ու զորացումը:

Բոլորս պիտի հասկանանք, որ ազգային մշակույթի, ազգային հարստության կրողը նախ և առաջ մենք ենք, այն ներկայացնողը, պրոպագանդողը նույնպես մենք ենք: Եվ շատ բան է կախված նրանից, թե դու ինչպես ես ներկայացնում օտարների դիմաց քո ազգային ինքնատիպությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները: Այնպես որ պետք  չէ բողոքել այն բանից, որ մեզ ու մեր երկիրը որոշ պետություններ համարում են փոքր, իսկ որոշներն էլ չեն ճանաչում:

Եթե մենք ճիշտ ռազմավարություն ընտրենք, ցանկանանք լինել հայրենասեր, ցանկանանք օգտագործել յուրաքանչյուր պատեհ առիթ ևս մեկ ավել բան իմանալու մեր պատմությունից, մեր մշակույթից, և իհարկե այն մեր մեջ իսկ արմատավորելով փոխանցենք մյուսներին, ապա հավատացած պիտի լինենք, որ մենք և մեր պետությունը կբարգավաճենք, և մեր սերունդները կվայելեն մեր իսկ թողած ծիլերը, որոնք բողբողջներ կտան:

Ես ինքս, լինելով հայ, լինելով այս երկրի քաղաքացի, լինելով քրիստոնյա մարդ, հարգում և սիրում եմ բոլոր այն առանձնահատկությունները, բոլոր մշակութային տարրերը, բոլոր ազգային ավանդույթները, քանզի դրանցով է, որ մենք տարբերվում ենք մյուսներից, տարբերվում ենք բազում լավ ավանդույթներով և հարուստ ժառանգությամբ, որն իհարկե չի ստեղծվել մեկ օրում, այլ հազարավոր տարիներում, դարերում:

Ա՜խր ինչու՞, ինչու՞ չենք կարող պահպանել մեր իսկ ավանդույթները, որոնք այնքան մաքուր, այնքան պատեհ, պարկեշտ են, ինչու՞ աղտոտել հայի անունը, Հայաստան երկիրը: Մեր ազգային ժառանգության կրողը մենք ենք, և չպետք է աղտոտենք այն, չպետք է մոռանանք երբևէ, թե մենք ով ենք, որտեղից ենք եկել, և թե այս երկրի սյուները ինչ գնով են կանգուն մնացել դարերի ընթացքում: Իհարկե գիտենք. քրտինքով, արյունով և բազում ճգնանքներով: Ուրեմն, մենք պարտավոր ենք հարգել մեր զոհված նախնիների թափած արյունն ու քրտինքը, նրանց թողած ժառանգությունը, քանզի դրանով է, որ մենք պիտի սնվենք, և էլ ավելի բարգավաճենք, ամրացնենք մեր երկրի հիմքերը և ավելի պարարտ հող նախապատրաստենք մեր հետագա սերունդների համար:

Ի վերջո հայության պահպանումն արտեկրում ինքնանպատակ չէ: Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հայրենի հողում վերամիավորվելն է: Հայը ի վերջո նա է, ով ձգտում է հայ մնալ, պահպանել իր ինքնությունն ցանկացած վայրում, հոգեբանական մեծ կապ  ունի իր հայրենիքի հանդեպ և որ ամենակարևորն է ձգտում է հայ երեխա դաստիարակել` փոխանցելով նրան մեր ազգային ժառանգությունը:

Վստահ եմ, որ հայ ժողովրդի փառապանծ անցյալը, պատմությունը, դարավոր նյութական ու հոգևոր արժեքները, դրանց գիտակցումը  մեր ազգային մշակույթի ինքնության և հայոց արժեհամակարգի պահպանման ու զարգացման գրավականն են:

Մենք բոլորս պետք է լինենք մեր նախնիների գործի շարունակողները: Ամեն ինչ մեզանից է կախված: Մեր վաղվա օրը մեր այսօրվա որոշումներն են, մեր քայլերը:

Վերջում առաջարկում եմ կարդալ մի հատված Ռափայել Պատկանյանի “Հայ և հայություն” բանաստեղծությունից:

Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը. միթե՞ նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կնքում՝ բաց բերանն ու երես։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք…
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար…
Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.
Մի՛ խնայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բե՛ր նորան զոհ
Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

 

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին