Եթե ես ծնվելով և ապրելով Հայրենիքից դուրս, հիմա մտքերս շարադրում եմ Հայերեն լեզվով, և Հայրենիքիս ճակատագրի մասին, ուրեմն դեռ շա՜տ հեռու ենք մեր դարավոր թշնամու ցանկության իրականացումից՝ կորցնելու Հայկական աշխարհը:
Բարձրացված հարցերի մասին մտածելիս, հանգեցի մեկ եզրակացության՝ այդ ամենը իմ առօրյա կյանքի հիմնական մասնիկն է եղել և կմնա: Հետևաբար որոշեցի, որ ավելի հիմնավոր կլինի, անձնական կյանքի օրինակով ընթերցողին ներկայացնեմ իմ տեսակետը:
Ես այն միլիոնավոր Հայերից մեկն եմ, ով ծնվել և մեծացել է Հայրենիքից դուրս, սակայն իմ առաջին լեզուն եղել է Հայերենը, սակայն Հայրենիքիս և նրա պատմության մասին գիտեմ շատ ավելին, քան ծննդավայրիս մասին, սակայն 1915 թվականին կատարված ցեղասպանությունը եղել է և կլինի անցյալիս ամենադառը մասնիկը, և այսպես կարող եմ էջերով շարադրել:
Ընտանիքս վառ օրինակն է սփռված Հայի ճակատագրի: Համոզված եմ, քիչ չեն նմանատիպ Հայ ընտանիքներ: Տատիկս ծնվել է Երուսաղեմ քաղաքում լինելով ցեղասպանությունից փրկված Հայի զավակ, հայրիկս Իրանահայ է, մայրիկս Լիբանանահայ, իսկ ես՝ ծնվել եմ Իրանում, համալսարանական ուսումս ստացել Հայրենիքում, և շարունակել Եվրոպայում: Այսպիսով բախտ եմ ունեցել մշտական կապի մեջ լինել, տարբեր երկրների Հայկական համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապրող մեր Հայրենակիցների հետ, և առանց տատանվելու կասեմ, որ կորած չէ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցումը, սակայն, մեր օրերում, անահրաժեշտ է նաև առավել քան երբևէ զգոն լինել մեր ազգային արժեքների պահպանման հարցում, հաշվի առնելով համատարած գլոբալիզացիայի հարցը, որը մեր նման քիչ թվով ազգի համար, ուղղակի անդունդ է:
Սա հանգեցնում է բարձրաձված երկրորդ հարցին, թե ժամանակակից աշխարհում ի՞նչն է որոշում մարդու պատկանելությունը Հայ ազգին: Հայ լինելը պետք է սերմանվի Հայ զավակի մեջ դեռ նրա ծնված օրվանից: Հայոց լեզուն, այն նվազագույն արժեքն է, որ առանց բացառության պետք է փոխանցվի սերնդե սերունդ: Չեմ հերքի, որ այդ ամենը բավականին մեծ ջանքեր են պահանջում և՛ ծնողներից և՛ զավակներից, իսկ եթե այդ զավակը պետք է Հայեցի դաստիարակվի Հայրենիքից դուրս, քառապատիկ ջանքեր են պահանջվելու: Անկեղծ կլինեմ: Մեծ պատասխանատվություն է իրենից ենթադրում՝ Հայ ծնվելը և Հայ մեռնելը:
Երկակի կյանքը սփյուռքում ծնված յուրաքանչյուր Հայրենասեր մարդու ճակատագիրն է, և դա բարդ է: Հեշտ չէ ծնվել մի երկրում և մեծանալ այլ երկրի մշակույթով: Խրթին է ապրել օտար լեզվով խոսող և այլ գաղափարախոսության տեր մարդկանց կողքին, իսկ տուն գաս և անընդհատ քեզ հիշեցնեն, որ դա քոնը չե, հեշտ չի լինում, երբ հասնում ես որոշակի տարիքի և գիտակցում կյանքիդ շատ ասպարեզներում ընտրության հնարավորություններդ չափազանց սահմանափակ են, որ ամեն որոշում կայացնելիս պետք է հաշվի առնես որ դու Հայ ես, տարբեր ես, պետք է միշտ հաճախես Հայկական դպրոց, Հայկական միություններ, լսես Հայկական երաժշտություն և ի վերջո կազմես ընտանիք միայն Հայի հետ, անկախ դրանից, որ մեծանում ես օտար հասարակության մեջ: Անհնար է թվարկել այն ամենը, ինչը քեզ միշտ առանձնացնում է հասարակությունից, բայց միաժամանակ պահպանում քո ինքնությունը:
Այո, մեծ պատասխանատվություն է Հայ ծնվելը, ավելի մեծ պատասխանատվություն է Հայ կրթելը, բայց եթե ինձ հարցնեք արժի դա արդյո՞ք: Պատասխանս դրական է: Քանի որ դա մեր ինքնությունն է, մեր անցյալը, մեր պատմությունը: Մենք մեղավոր չենք, որ նախանձելի ազգ ենք եղել և զոհն ենք դարձել պամության ամենադաժան ցեղասպանության, բայց մեղավոր կլինենք եթե այդ ամենից հետո, չպահպանենք ինքներս մեզ:
Դժվարությունների կողքին, կա նաև հաճելի զգացումներ: Այս ամենը պատճառ է հանդիսանում, որ վաղ հասակից սկսած, ավելի խորը նայել հարցերին, ունենալ ավելի լայն աշխարհայաց: Օգնում է, որ կարողանանք համակերպվել տարբեր մշակույթների հետ, ցանկացած երկիր գնալիս, հանգիստ ենք, քանի որ գիտենք ամենուր կա Հայկական համայնք և մեզ օտար չենք զգալու:
Սփյուռքից բացի, բախտ ունեցա ապրելու նաև Հայաստանում, և հասկանալու, որ մեր հողի վրա ապրող Հայրենակիցները ևս անցել են բավականին բարդ ճամբա՝ դժվարություններով և զոհողություններով լի, այսօրվա անկախ Հայրենիքը պահպանելու նպատակով: Այս ամենը ապացույցն է, որ լինելով Հայրենիքի մեջ և Հայրենիքից դուրս, մեզ հաջողվել է պայքարել մեր իրավունքների՝ Հայրենիքի անկախության, այլ երկրներում մեր եկեղեցիների և ազգային արժեքների պահպանման, կամ մշտական և շարունակվող Հայկական Հարցի լուծման համար:
Փառք Աստծուն,այսօր ունենք մեր անկախ Հայրենիքը, և մեզ միավորող հարցերից մեկը մեր Հայրենիքի զարգացման ջանքերն են: Հնարավորինս պետք է ստանանք բարձրագույն կրթություն տարբեր ոլորտներում, և աշխատենք այդ ամենը օգտագործել հօգուտ մեր Հայրենիքի: Կազմենք Հայկական արժեքների վրա հիմնված Հայ ընտանիքներ և չդադարենք կարդալ մեր պատմության, մեր իրավունքների մասին, որպեսզի միշտ պատրաստ լինենք հիմնավորելու մեր պահանջները օտար ազգերի մոտ:
Իմ կարծիքով, մեր միավորման հարցում խոչընդոտ կարող է հանդիսանալ միմյանց մասին տեղեկատվության բացը: Անհրաժեշտ է, որ հատկապես նոր սերնդի Հայերս, իրար ավելի լավ ճանաչենք և միմյանց տարբերություններին մոտենանք հանդուրժողաբար: Գիտակցենք, որ կա Հայաստան, Ղարաբաղ և Սփյուռք, սակայն բոլորս կոչվում ենք ՀԱՅ: Խոսում ենք արևելահայերեն կամ արևմտահայերեն, սակայն երկուսն էլ համարվում են ՀԱ3ԵՐԵՆ, և բոլորիս Հայրենիքը ՀԱՅԱՍՏԱՆն է: Միավորման համար,անրհրաժեշտ է քիչ-քիչ վերացնել՝ սփյուռքահայ, հայաստանցի, ղարաբաղցի անվանումնեերը: Սա այն արհեստական պատնեշն է, որը առանձնացնում է Սփյուռքն ու Հայաստանը, և թյուրիմածությունների հիմք հանիդսանում:
Ի վերջո, այս աղետալի դեպքերի ժամանակ, որոնք ցավոք սրտի վերջերս պատահեցին Արցախում, մի՞թե մեկս ասեց թե դա իմ խնդիրը չէ: Ո՛չ, բոլորս՝մեկ մարդու պես և որպես ՀԱՅ, մղեցինք մեր պայքարները՝ ի պաշտպանություն Մեր Արցախի: Նվազագույնը, աղոթելով մեր զինվորների անվանգ վերադարձման համար:
Ի՞նչը մեզ կարող է խանգարել, որ խաղաղ ժամանակ ևս լինենք միավորված, մեկ անվան ներքո՝ ՀԱՅ: Ի վերջո ինչպես Չարենցն է զգուշացրել՝ Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: