Տաքսիս կանգ առավ ավտոկայանից մի խաչմերուկ այս կողմ, ես իջա, բեռնախցիկից վերցրի երկու ծանր ճամպրուկներս ու սկսեցի քայլել դեպի ավտոբուսը, որը կամաց-կամաց իր մեջ էր առնում մեր սահմաններից դուրս իրենց կյանքը պատկերացնողների իրերը, մտքերն ու կիսատխուր հայացքները: Ես ուրախ էի, ես պատրաստ էի հեռանալ իմ երկրից միայն թե իմ պատկերացրած լավ կյանքն ու հաջողություններն ունենայի, որքան երջանիկ էի ես ու այնպես էի ժպտում, բայց մի պահ, երբ գիտակցեցի, որ րոպեներ անց առավոտյան արևն էլ իմ տան պատուհանից չեմ տեսնելու, որ ընկերներիս հետ քաղաքի փողոցներում մինչև գիշերվա խորը մութը չեմ թափառելու, որ ընտանիքիս բարի լույս չեմ ասելու ու գրկելու իրենց, որ տեսախցիկս մայրաքաղաքիս նարդի խաղացող ու քաղաքականությունից լավատեղյակ պապիկներին էլ չի նկարելու, որ նրանք ինձ չեն ասելու, որ ես էստեղ ապագա չունեմ, որ երկիրը երկիր չէ, մի տեսակ տխրեցի, կիսատ թվաց ինձ մի բան ու հուզվեցի: Ուրախությունս տխրության չէ, բայց արդեն վերափոխվեց կարոտի ու ես ոտքով մի կողմ շպրտեցի ոտքիս տակ ընկած սառը սուրճի դատարկ բաժակը ու խորը շունչ քաշեցի: Ինձ ավտոբուսից մի քանի քայլ էր բաժանում ու կողքից լսեցի դպրոցական մի տղայի ձայն. շրջվեցի ու տեսա նրան՝ մայրիկի ձեռքից բռնած Կապուտիկյանի բանաստեղծությունն էր արտասանում, այնքան խրոխտ:
Ես ժպտացի ու զգացի ,որ ավտոբուսի մոտ եմ, իրերս տեղավորեցի ներսում ու տեղավորվեցի պատուհանի մոտ: Դեռ մի քանի րոպե կար մինչև շարժվելը, ու ես սկսեցի պատուհանին կպած դուրս նայել: Հեռվում շպրտածս բաժակը տեսա, հետո մի քանի օդում պտտվող ցելոֆաններ ու փողոցի ուղիղ կենտրոնում բանանի կեղև: Ինչ փնթի են մարդիկ դարձել: Հայացքս թեքեցի ծիծաղի ձայնի վրա ու տեսա ավտոբուսի կողքը խմբված տաքսու վարորդների,ովքեր անփույթ հագնված՝ կիսատաբատ – կիսահողաթափիկ ու կիսամրոտ մարմնով ծխում էին ու զրուցում: Տհաճություն զգացի. երբ կվերանա իմ երկրից էս կեղտոտ վիճակը, ախր մեզ իրենք են սպասարկում: Մյուս մայթին աչքիցս չվրիպեց աղբարկղում օրվա հացը փնտրող պապին, որի կողքով բոլորն անտարբեր էին անցնում,սովորական էր դարձել, չէին նկատում: Լավ հետո՞, գնալով շատանում են նման մարդիկ: Չէ, չէ երկիրս երկիր չի, նարդի խաղացող պապիկները մի բան գիտեին, պահող ոչինչ չկա: Գլուխս իջեցրի հեռախոսիս մեջ ու գործի դրեցի ամենակապույտ հարթակը՝ ֆեյսբուքը, դե ուզում էի նշել, որ գնում եմ երկրից, բայց աչքս ընկան ինչ-որ նյութեր, Ղարաբաղի անունը. ռազմական լայնամասշտաբ գործողություններ են սկսվել: Վեր թռա ու տեղիցս բարձր գոռացի՝ ժողովուրդ իմացա՞ք,պատերազմ է սկսվել:
Լսվեցին. «Ո՞նց թե, տղես Ղարաբաղում է, զանգե՛ք»:
«Քրոջս որդին էնտեղ է», - լսվեց մեկ ուրիշի ձայնը:
Նորից գլուխս իջեցրի դեպի հեռախոսիս ու կարդացի արդեն հայտնի զոհված զինծառայողներից երկուսի անունը, նրանք պատվով ընկել են իմ երկրի լավ օրվա ու իմ խաղաղության համար, իսկ մենք ՝մի ավտոբուս մարդիկ գնում ենք, հեռանում: Ու՞ր ենք գնում: Ինչի՞ ենք գնում: Մի րոպե, մենք գործ չունե՞նք մեր երկրում: Ես վախկոտ եմ, ես փախչում եմ իրականությունից, իսկ կանաչ համազգեստով քաջ տղաներն իրենց արյունով ինձ նմանի լավ երկրի համար են պայքարում: Չէ, ինչ գնալ, միգուցե մի բինտ, մի հաց ուղարկեմ: Միգուցե տեսախցիկս վերցնեմ ու դեպի սահման գնամ: Միգուցե պահեմ իմ մշակույթը: Ես դավաճա՞ն եմ: Ու՞ր եմ գնում իմ մի բուռ երկրից, ու՞ր եմ գնում իմ Տիգրան Մեծի երկրից, որով միշտ հպարտանում եմ: Ու՞ր: Ընկերներս են էնտեղ: Ուսուցիչներս միշտ ասում էին, որ երկրին լավ մշակույթն է պահում: Բայց դե դրսում ախր նորից կյանքս կսկսեմ: Չէ, ի՞նչ եմ անում օտարը, դուրսը: Չէ՛:
Արագ վերցրի ճամպրուկս ու հայտարարեցի. «Բարի ճանապարհ, ես գնում եմ, չեմ գալիս ձեզ հետ, ես պետք եմ իմ երկրին: Ես կսկսեմ իմ կյանքը նորից իմ երկրում. սա իմ երկրորդ շանսն է. ճիշտ ապրելու ու գործելու: Վստահ եմ, միայն ես չեմ այդպես մտածում: Այդպես են մտածում սփյուռքի իմ հասակակիցները, նրանց ծնողները, որովհետև հենց նոր ստացա նամակ Իտալիայում ապրող հայ ընկերոջիցս, ով ինձ տեղյակ պահեց, որ գալիս է, մի քանի ժամից կլինի էստեղ ու կմեկնի դիրքեր»:
Հայաստանն ունի իմ կարիքը, մեր կարիքը ու նրա կարիքն ունեմ ես, ունենք մենք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: