Գյուղը, որտեղ ծնվել ու ապրել եմ մինչև 17 տարեկան, տեղակայված է սահմանամերձ Խաչիկ գյուղի դիմացի սարի լանջին` մեկ ձոր է բաժանում: 90 ականներն էր. հուժկու պայթյուններ ու հսկայական բոցեր էին արձակվում Խաչիկի բարձունքից: Մեր թաղի տղամարդիկ, այդ թվում հայրս, հավաքվեցին ու մեկնեցին Խաչիկ: Մի քանի ժամ անց պայթյունները դադարեցին: Երեխա էի. մտածեցի պապան գնաց ու դրանց սուսացրեց: Սակայն, ինչպես տարիներ անց իմացա, պայթյունների դադարը զուգադիպել էր աղավնաձորցիների մեկնելու ժամերին, իսկ Խաչիկի ռազմական ղեկավարությունը հանձնարարել էր մի քանի խրամատ փորել ու հետ էր ուղարկել մեր գյուղի տղամարդկանց` ասելով , որ իրավիճակը վերահսկվում է: Սակայն իմ հպարտությանը սահման չկար. հայրս գնաց ու այդչափ մեծ պայթյունները դադարեցրեց… Երազում էի, երբ ես էլ մեծ լինեմ, գոնե այդ ժամանակ էլ այդպիսի պայթյուններ լինեն ու ես էլ գնամ դրանց վրա կրակեմ… Այդ օրերին էր` իմ խաղալիք հրացանով գրոհում էի Խաչիկի սարի ուղղությամբ՝ միաժամանակ վազելով և կրակելով: Մի պահ կանգ առա աստիճանների դիմաց... բարձր էր, բայց ոգևորությունս մեծ էր…հիշեցի երկու օր առաջ պապայենց սխրագործությունը... թռիչք տասներեք աստիճանի վրայով... և քիթս ջարդեցի: Քթիցս հոսող արյունը չէին կարողանում կտրել: Ուժեղ ցավում էր, լացում էի, բայց հպարտ էի…
Սրտով միշտ այնտեղ եմ, մշտապես կարոտում եմ «վիրտուալ մարտադաշտս», դժվարությամբ եմ ապրում Երևանում. այստեղ ծանր եմ շնչում: Ինձ միշտ թվացել է, որ գրեթե նույն զգացողությունը ունեն օտարության մեջ ապրող հայերը Հայաստանը հիշելիս:
Իսկ իմ երեխա՞ն … Իսկ օտարության մեջ ապրող հայ երեխանե՞րը … Չգիտեմ...
...Երբ 2009-ին Լի Կուան Յուն եկել էր Հայաստան, նա ասաց, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը Սինգապուրի նման պետք է թռիչք կատարի իր հարևանների վրայով: Ակամայից հիշեցի, երբ Ստանիսլավսկուն մի առիթով հարցնում են, թե ինչ է անում թռչունը թռիչքից առաջ, նա, առանց նկարագրելու տեխնիկական մանրուքները, պատասխանում է՝ «հպարտությամբ է լցվում»: Այստեղից էլ հիշեցի իմ մանկության հպարտ թռիչքը և «վիրտուալ հրաձգության» ժամանակ վիրավորվելս: Այստեղից էլ մտածեցի` գուցե պատահական չէ, որ հիմա էլ ինժեներ-ծրագրավորող եմ աշխատում ԵրՄՄԳՀԻ-ում. ՊՆ-ի և ՊԲ-ի համար վիրտուալ հրաձգարաններ ենք պատրաստում, որ առանց փամփուշտներ և արկեր ծախսելու զինվորները պարապեն և լավ հրաձիգներ դառնան, որ...
...Հետո մտածում եմ` էս անտեր ժամանակակից աշխարհի զարգացումը կարծես պոլիմերային շղթայական ռեակցիա լինի:
Կենսաբանության մեջ այս ռեակցիան թույլ է տալիս նախապես առաջարկված մի քանի մոլեկուլով և ժամանակի քիչ ծախսով ստանալ ավելի քան 10 միլիոն կրկնօրինակներ: Այսպիսին է նաև ներկայիս աշխարհը, երբ մի կենտրոնից ուղղորդվող մշակույթը տարածվում է գրեթե ողջ մոլորակով, և մարդիկ տենդագին կերպով հավատարմագրվում են դրան: Իհարկե, գլոբալիզացիայի արագ տեմպերը մտահոգիչ են փոքր ազգերի համար: Տարիներ անց մենք կտեսնենք ազգեր, որոնք չեն հաղթահարել նոր ժամանակի պատնեշը և մնացել են ինչ որ մի տեղ` անցյալում, կամ ձուլվել են ազգերի վիթխարի խառնարանում: Սակայն անհնար է պատկերացնել գլոբալիզացիան առանց ժամանակակից տեխնոլոգիաների: ՏՏ ոլորտի բացառիկ դերն այլևս անհերքելի է, իսկ այստեղ մեր անելիքները կարող են զգալի լինել:
...Աղջիկս տատիկի հետ skype-ով էր խոսում. Հայաստան-Սփյուռք կապը հիշեցի... Այս տեխնոլոգիական դարում կարելի է մշակել Հայաստան-Սփյուռք երկխոսության զանազան լուծումներ: Օրինակ, վերջերս մի հրաշալի նախագծի հանդիպեցի` Outsorce To Armenia` կոնկրետ ուղղություններով աշխարհասփյուռ հայ գործարարների միջև կապեր հաստատող մի հիանալի հարթակ:
Հստակ գիտակցելով, որ հայկական սփյուռքի պատկերը բազմաշերտ ու անորսալի է, միևնույն է, վստահ եմ, որ գրեթե բոլոր շերտերի համար կարելի է շփման հարթակներ ստեղծել:
Մտածում եմ «Ավարայր» կամ «Շուշի» անունով որակյալ խաղեր (պատերազմի ստրատեգիա) մշակել սմարթֆոնների համար: Հա՛մ աշխարհը կիմանա ռազմական արվեստի մեր նվաճումների մասին, հա՛մ էլ ողջ աշխարհի հայերը կխաղան… Էլի վիրտուալ պատերազմ, մանկության կպչուն մտքե՞ր են, ի՞նչ է… Իսկ օրեր առաջվա չորսօրյա իրական պատերազմը ցույց տվեց, որ մենք ոչ միայն չենք կորցրել Հայկական աշխարհը և մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցումը ,այլև բարձր վճռականություն դրսևորեցինք կյանքի գնով տեր կանգնելու մեր ինքնությանը: Այն հուժկու ալիքը, որ բարձրացավ այս օրերին համայն հայության մեջ, այն ահռելի էներգիան, որ հառնեց Հայ ազգից այս օրերին, ամեն օր և ամեն տեղ չէ, որ կարելի է տեսնել: Եվ այս հավաքական գիտակցության դրսևորումը կարծես իր իմաստուն առաջնորդին էր սպասում, այն փորձառու և հայրենանվեր առաջնորդին, որը այդ էներգիան պիտի փոխակերպեր Հայաստան-Սփյուռք ամուր կամուրջների և այնպիսի զսպանակների, որոնք ի զորու են մեզ նետել քաղաքակրթության առաջնագծերը: Վերջին Օրերը կարծես եկել էին հաստատելու, որ, չնայած ողջ պատմության ընթացքում թալանված, բայց լավատես, դեպի լույսը ձգտող ազգ ենք: Եվ բնավ թշնամու վատ տեսողությունից չէ, որ մենք կանք, այլ այս աշխարհում ապրել-արարելու մեր վստահությունից: Մենք մեր մարդկային ռեսուրսների նորարարական մտածողությամբ կարո՛ղ ենք և պե՛տք է գտնվենք քաղաքակրթության առաջնամասերում, սակայն այս ամենը պետք է ուղղորդվի ազգային շահի ընդհանուր գիտակցմամբ` անկախ նրանից, թե որ պետության մեջ է արարում տվյալ հայը: Իսկ այս ամենը ապահովելու համար, կարծում եմ, ամենից առաջ մեզ հարկավոր է առաջնորդ, որին կհաջողվի համազգային մոտիվացիա ստեղծել նաև խաղաղ պայմաններում, այլապես այս սրընթաց դարում զարգանալ և միևնույն ժամանակ պահել ազգային նկարագիրը, շատ դժվար կլինի: Սակայն, եթե ճիշտ համակարգենք մեր աշխարհասփյուռ ներուժը, ապա մեր անկախ հայկական պետությունը անխորտակելի հենասյուներ կունենա աշխարհի չորս ծայրերից….
Այսօր, պատկանել հայ ազգին, նշանակում է պատիվ ունենալ մասնիկը լինելու թերևս աշխարհի հնագույն մշակույթ, կուռ քրիստոնեական արժեքներ, փառահեղ լեզու և արժանապատիվ անցյալ ունեցող ազգերից մեկի: Սակայն, միևնույն ժամանակ, պատկանել հայ ազգին նշանակում է պատասխանատվություն ունենալ վերոհիշյալ ամենը դիտարկել մեր պետականության հարատևման պրիզմայի ներքո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: