Լիլիթ Երանյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

1425 դիտում

Լիլիթ Երանյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Լիլիթ Երանյանը
Լիլիթ Երանյանը

Ի՞նչն է ժամանակակից աշխարհում որոշում մարդու պատկանելությունը հայ ազգին, ի՞նչ հնարավորություններ է դա ընձեռնում կամ ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում։

Ամբողջի մի մասը լինել նշանակում է առնվազն հայերեն լեզվով կամ տեսակի հարազատությամբ  կապված լինել հավաքականության ու կամ դրա առանձին մի մասնիկի հետ: Նա, որ ծնվել է Հայաստանում ու ողջ կյանք ապրել այնտեղ, ծառ  է տնկել ու բույս աճեցրել, նա որ Հայաստանում չէր ծնվել, բայց ապրեց ու զոհվեց հանուն Հայաստանի (Մոնթե Մելքոնյան), նա որ ուզում էր խուսափել հայկականության ու սեփական ճակատագրի դաժան ժառանգությունից, բայց կտավներում հայկական գույներ վրձնեց (Արշիլ Գորկի), կամ նրանք ովքեր Երևանում փորձեցին գոյականություն հաղորդել ու շունչ փչել իրենց մեռած քաղաքներին` Կարսին ու Վանին (Չարենց ու Մահարի)….նրանք բոլորը հայ են, նրանք առանձին են ու միևնույն ժամանակ այդ հավաքականության ու ամբողջի բջիջը: Ուրեմն նրանց բոլորին ճանաչելով միայն կարելի կլինի ճանաչել հային. խճանկար խաղի պես պիտի հավաքել բոլոր մասնիկները պատկերն ամբողջական ստանալու համար: Եթե Հայաստանից ու հայերենից դուրս հային չես պատկերացնում, բայց այդ դեպքում Սարոյանը, Ազնավուրը,… Ամեն դեպքում ես պատկերացնում եմ ու երազում, որ Հայկական աշխարհը Հայաստանը լինի: Չեմ սիրում ուրիշ աշխարհներում Հայաստանի փոքր մոդելներ ստեղծելու մեր սովորությունը, բայց այդ ժառանգությունն էլ պիտի կարողանալ կրել:

Մենք ամենաանհատականացված ու ինքնաբավ ազգն ենք: Մաղաքիա Օրմանյանը պոլսեցիների առջև ունեցած ելույթներից մեկում ասել է. «Ինչ որ պակասեց հայոց յընդհանուրն, լրացաւ առաւելոքն Հայ անհատից ճարտարութեամբ և գործնական հմտությամբ»:  Բայց եթե վճռել ենք ստեղծել պետություն, ուրեմն պիտի կարողանանք գործել հավաքականորեն:

Մենք նաև ամենաչափազանցված ազգն ենք` կարողանում ենք անսահման հերոսականության կողքին լինել ամենաթույլը:

Աշխարհում ստեղծված առաջին մարդու պես հայն էլ ծնվում է` կրելով այնքան ահռելի պատասխանատվություն, որից շատերը խուսափում են ու ընկրկում: Ամենակարևորն իհարկե սեփական ժողովրդի ունեցած հաղթանակներից բացի նաև պարտությունները ընդունելն ու դրա հետ հաշտվելն է: Մեր ամենամեծ պարտությունը տարիք ունի` հարյուրմեկամյա է: Այս զգացողությունը հավանաբար արթնանում է Արևմտյան Հայաստան գնացող ցանկացած մեկի մեջ. երբ Կարսի, Վանի խոտերը, քամին ծանոթ են ու հայկական են, բայց նաև քոնը չեն:

Բայց  պարտություն է արդյո՞ք, թե  մեր գոյությունն արդեն հաղթանակ է: Շատ հարցերի պես, սրա պատասխանն էլ լուծման վերջնական տարբերակ չունի, ամեն մեկն ինքն է վճռում: Բայց մի բան հաստատ է, որ պարտությունները ամբողջականորեն չգիտակցելու, չընդունելու դեպքում դրանից չես կարողանա ազատվել ու հաղթանակներ կառուցել: Պիտի լավ ճանաչել սեփական պատմությունը, այն մարդու նման, որ ոչ թե արդեն գեղեցիկ մատուցված ընթրիքն է տեսնում, այն նաև հետևում է դրա պատրաստման ընթացքին` իր ոչ էսթետիկորեն հաճելի կողմերով: Ե´վ մարդկանց, և´ հայրենիքները հեռվից սիրելը մինչև ավելի հեշտ է, բայց Հայաստանը պիտի սիրել ներսից:   Սա աշխատանք է:

Յուրաքանչյուր անգամ նոր քաղաք գնալիս ճանապարհորդները հաճախ սիրում են լինել շուկաներում քաղաքի դեմքը ճանաչելու համար: Այդպես Երևանում կարելի է ճանաչել հայի տեսակը, որովհետև նրանց համար, ովքեր կորցրել էին իրենց քաղաքներն ու գյուղերը, Երևանը տուն դարձավ: Բայց միևնույն ժամանակ կործանարար է Երևանը Հայաստանի հետ շփոթելը:

Այս փոքր աշխարհը, որ Հայկական է կոչվում, աշխարհում ամենամենակն է: Այն ազատ է թողնում այդ աշխարհը կրողներին`հայերին, իրենց ընտրության մեջ, բայց մինևնույն ժամանակ անընդհատ զոհաբերություն է պահանջում` կյանքով, հակառակ դեպքում այն ունակ է ձեռքումդ հալվել ու անէանալ: Երևի հայի ամեն սերունդ պիտի վաստակի այդ աշխարհում ապրելու իր իրավունքը:

Ամեն ավել գրված բառը ինձ ավելորդ է թվում, որովհետև լավ գիտեմ, որ խոսել պետք չէ (Կոստան Զարյանն իր բանաստեղծությամբ այս մոդելն է առաջարկում.…«ամայնացած խոպան մի դաշտում տենդոտ ձեռքերով մի ծառ է տնկում»): Պատրանքներ ու երազներ էլ չունեմ, բայց գիտեմ, որ Հայաստանի գույները միշտ լինելու են ու հայերեն են խոսելու: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին