Հայասա Թահմազյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը - Mediamax.am

2585 դիտում

Հայասա Թահմազյան. Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը


Հայասա Թահմազյանը
Հայասա Թահմազյանը

Եթե գրեի այս խոսքերը չորս օր առաջ, թերևս կսկսեի հերթական ինքնաթիռիս վայրէջք կատարելուց, որը թույլ է տալիս ամեն անգամ հանդիպել օտար ափերում ծնված հասակակից ազգակիցներիս, կխոսեի մեզ բռունցքող ու հետո անգութաբար իրարից տարանջատող աշխարհընկալումների/կարոտների մասին, կխոսեի նաև օտարերկրացի հասակակիցներիս մասին, ովքեր խորը գիտակցելով իմ՝ հնագույն ժողովրդի զավակ լինելու պատիվը, ամեն անգամ լուռ նախանձախնդրությամբ, ուշի-ուշով փորձում են կորզել «այդ ինչպե՞ս եք կարողացել այսքան երկար տարիներ գոյատևել» «հարցի» պատասխանը:

Իսկ այսօ՞ր, չորս օր հետո…

Ապրածս քսանվեց տարիներին համառորեն հետևել է «88-ի ազգային զարթոնք» բառակապակցությունը: Հպարտությունը վեր հառնող քանի հնչերանգներով է արտաբերվել այն հայրենադարձ ընտանիքումս՝ դժվարանում եմ հիշել: Բայց այն անհատակ խորությամբ սուզվել և չտեսածը պատմելու ունակությամբ գամվել է մտքումս, որպես վառ օրինակ սեփական ճակատագրի տնօրինման:

Հազվագյուտ ցավից՝ ցեղասպանությունից դեռ չցամքած արյամբ, 20-ականներին կորսված հայրենի անկյունների կարոտից դեռ իրեն չվերգտած, մահի աչքերին անթարթ ու ուղիղ նայող պատանու տոկունությամբ և հիմար բախտի փլատակներից վերընձյուղված ժողովուրդը համարձակվեց գտնել իրեն այնտեղ, որտեղ կորցրել էր:

Շատ չի անցնել այս «զարթոնք»-ից, որը խոստանում էր վերադարձնել նաև Սփյուռքը տուն… Անցնող 27 տարիներում՝ հզոր պետականության կերտման ճանապարհին, Մայր Հայրենիքում և Սփյուռքում գիտակցապես օգտագործել և արհամարհել ենք մի շարք հնարավորություններ. փոխել ենք ուղիները, բայց, ցավոք, ոչ ճանապարհը շեղող ընկերներին, փոխել ենք շերեփը, բայց, ցավոք, հային հատուկ միամտությամբ նվիրել ենք «բարեկամներին»: Չնայած այս ամենին, անհանդուրժող ժամանակի արագ քայլքին համընթաց քայլող, ճշմարտությունը որոնողի խորաթափանցությամբ կարողացել ենք ժամանակին մաղել ու հոգու խորքում, մտքում ու սրտում պահպանել ազգային գիտակցությունը սնող ոգին՝ սեփական ճակատագրի տնօրինման բանալին: Ու ամեն զարկի հետ ապրեցնելով, շաղախելով մայրենիի քաղցրությամբ, կրոնի լույսով ու մշակույթի անմահությամբ՝ այն ծառայեցրել ենք ի փառս Հայրենյաց ու երբե´ք, երբե´ք չենք վաճառել:

Ապրելու, արարելու ու աշխարհը փոխելու այդ համառ ոգով վաղուց ենք անցել Դեյր Զորն ու ենթագիտակցորեն պարտադրել ենք գալիք սերունդներին՝ հավատարիմ լինել իր ու մեկ միլիոն ու կես նահատակների փոխարեն ապրելու ուխտին: Այս ոգով ենք ճեղքել տարածությունը և կամրջել Հայրենիքն ու Սփյուռքը: Այս ոգուց բխող պատասխանատվությամբ գույն ենք տվել 88-ին: Ու հենց այս ոգով է, որ հիմա, այս պահին, չորս օր շարունակ, կյանքի ու մահի եզրագծում կերտում ենք ազգային նորօրյա զարթոնքը: Կերտում ենք աչքերով գրկելու փոխարեն Հայրենիքը ձեռքերով գրկելով, տեղաբնակ ու հայրենադարձ երիտասարդների ավյունով, ՍՕԱԴ-ի գիժ ռիթմերով, 150-ի ու «Էլեկտրիկ Երևան»-ի լուսավոր խենթություններով, ինքներս մեզ գտնելով, հայրենի անկյունն ամրացնելով, հաղթանակի համով ու մեր, հենց մեր՝ սեփական կամքը թելադրելով:

Ցավն ու տառապանքն արարող ուժի վերածելով, Մայր Հայրենիքի ճանապարհը բռնելով, վերընձյուղվելով, ազգային գիտակցությունն ու ինքնությունը մեր մեջ կրելով, մեկ ամբողջ, միասնական Հայրենիքի գաղափարով ու, վերջապես, պատմության էջերից քաղված սխալների գիտակցմամբ՝ այսօր փոխում ենք ինքներս մեզ, փոխում ենք մեր ընթացքը, ու փոխում է նոր սերունդը, որ խաղաղ պայմաններում էլ ձեռքերով գրկենք իմ ու քո Հայրենիքը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին