Ում է պատկանում հայոց աշխարհը հարցին իմ պատասխանը մեկն է. հայոց աշխարհի պատկանելիությունը հատկապես այս օրերին որոշվում է սահմանում կանգնած զինվորով: Ուրեմն այն նախ և առաջ հայրենիքի համար կյանքը վտանգող զինվորինն է:
Հայոց աշխարհը մինչև վերջ իր հողից կառչած մարտակերտցի հղի կնոջինն է, ով ծառայող ամուսնուն թողնելով Ղարաբաղի պաշտպանությունը, հղիության 9-րդ ամսում մի կերպ կարողացել է գալ հասնել Հայաստան ու ապրիլի 5-ին լույս աշխարհ բերել վաղվա զինվորին՝ Հայկին:
Հայոց աշխարհը երեկ, այսօր ու վաղը լինելու է հենց 18-ամյա զինվորի, պայմանագրային զինծառայողների ու այն բոլոր զինվորականների շնորհիվ, ովքեր սահմանը պահում են միմյանց թիկունքվելու ու իմացյալ մահը միմյանցից խլելու գիտակցումով:
Հայոց աշխարհը հենց այս զինվորների կանանց է պատկանում, ովքեր ամուսիններին ամեն անգամ առաջնագիծ ճանապարհելով, աթեստիաբար աղոթում են խաղաղ վերադարձի համար ու ամեն վերադարձի հետ լուռ երախտապարտ լինում տրված երկրորդ շանսի համար:
Որպես առաջնագիծ պահող զինվորի կին ես ուզում եմ, որ սահմանն այն պահողների համար չդառնա քավարան, որ կյանքի վտանգումը լինի արդարացված, որ անտերության գիտակցումը չթափառի սահմանագծին, որ վերջապես վերևներում մի օր հասկանան՝ երկիրը զինվորով են պահում ու դրա համար անեն գոնե նվազագույնը, թեև կյանքերը ինքնամոռաց գրավ դրած տղաները արժանի են առավելագույնին:
Գյումրեցի երիտասարդն ու նրա հետ շատերը անհայր մանկություն թողեցին դեռ չծնված զավակների համար հենց հայոց աշխարհը որպես այդպիսին պահելու ակնկալիքով: Բայց ում է պետք այդ աշխարհը, եթե այն վաղը ծնվող փոքրիկի համար չի դառնալու երկրորդ շանս՝ գոյատևելու համար:
Մենք ցավում ենք, բայց և հպարտանում տասնյակ ջահելների սխրանքներով, բայց ինչ են անելու նրանց ընտանիքները այն տրված միակ մեդալի հետ, որի ծակոցից պիտի ամբողջ կյանքում արնաքամ լինի մոր սիրտը:
Պատերազմական առաջին իսկ օրերից Հայաստանի բոլոր հաստատություններում պաշտոնապես տրվեց դրամահավաքի մեկնարկը՝ հանուն բանակի հզորացման: Անտրտունջ մասնակցեցին թերևս բոլորը, բայց շատերը լուռ ընդվզեցին. եթե երկրիս «էլիտան » ժողովրդիս հարկերից գոյացած բյուջեն անխնա մսխելու փոխարեն ըստ արժանվույն զիներ բանակը, այսօր աջակցության հաշվարկը չէինք սկսի դպրոցականի բուլկու 200 դրամից:
Մենք այս օրերին ոգևորվում ենք աշխարհի տարբեր ծիրերից Արցախին ձեռք մեկնող հայերի միասնությունից, ովքեր նյութական ու ֆինանսական օգնություն են ուղարկում սահման, բայց վաղը, երբ ամեն ինչ փոքրիշատե կհանդարտվի, ի՞նչ քայլեր կանենք չստացված «Արի տունից» բացի դրսում ապրող հային Հայաստանի հետ կապելու համար:
Ղարաբաղցուն հայաստանցուց, իրանահային ամերիկահայից, արևմտամետին ռուսամետից տարանջատելուց զատ ի՞նչ կանեն վերևներում հայի բոլոր տեսակների մեջ առ այս երկիրը հավատ ընձեռելու համար, որ համատարած թալանի, օֆշորային պատմությունների, խնամի-բարեկամական դուքանների պաշտոնաբաժանման ու տարատեսակ շռայլումների ֆոնին աջակցումը չթվա անիմաստ, իսկ զինվորի մահը՝ իզուր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: