Սասունցի քահանայի կրոնափոխ թոռնուհու պատմությունը - Mediamax.am

exclusive
19359 դիտում

Սասունցի քահանայի կրոնափոխ թոռնուհու պատմությունը


Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի


Սոֆիա Հակոբյանի հեղինակած «Թաքնված Սասուն» հատուկ նախագիծը ներկայացնում է պատմական Սասունի լեռներում Ցեղասպանությունից հետո ապրել շարունակած արաբախոս հայերին՝ քննելով նրանց անցած ճանապարհն ու շատերի աչքից հեռու կազմակերպած յուրահատուկ դիմադրությունը 1915-ից մինչ այսօր։

Աստված մեկ չէ՞

Նուրսել, 39 տարեկան

Ծնվել եմ Սասունի Փ․ գյուղում, 2 քույր եւ 8 եղբայր ունեմ, ամենամեծը ես եմ։ Մենք քահանայի թոռներ ենք, գիտենք այդ մասին, նույնիսկ հայրս ու հորեղբայրս հրաշալի հայերեն են խոսում, ջրի պես, Սասունի հայերենը։ Ափսոս, որ մենք չսովորեցինք։

Հայրս ու հորեղբայրներս իրենց ծնողներից սովորած հայերեն երգերը մինչեւ հիմա երգում են, եղբայրս էլ սազ է նվագում, որ գնաս գյուղ, անպայման կասես՝ թո՛ղ երգեն։ Ես էլ եմ երգում, բայց բառերը չեմ հասկանում, լսածիս պես անգիր եմ արել։

Ես բոլոր երեխաների մեջ ավագն էի, ինձ դպրոց չուղարկեցին, որ փոքրերին պահեմ։ Եթե կրթություն ստանայի, կարծում եմ՝ շատ լավ մասնագիտություն ձեռք կբերեի։ Բայց մեր ճակատագիրն էլ դա էր, ինչ արած։ Հայրս ասում է․ «Կյանքում միայն մի բանի համար եմ զղջում, որ քեզ ուսման չտվեցի»։ Մենք այդ լեռներում ինչեր քաշեցինք, մեր գյուղի կյանքը... 7-8 տարեկանից այծերին տանում էի սարը այդ քարքարոտ լեռներում։ Երբեմն նորմալ կոշիկ անգամ չունեինք։ Մեր գյուղում առաջին վարտիք առնողը ես եմ եղել, 15 տարի առաջ առաջին անգամ բերեցին վաճառելու, այսօրվա պես հիշում եմ, մարդիկ չգիտեին, թե դա ինչ է։

«Մեր միջեւ ոչ մի տարբերություն չկա»

10 տարուց ավելի է Ստամբուլում եմ։ Մի քույրս Անթալիայում է ամուսնացել, մյուսն այստեղ է։ Հայրս ու մայրս դեռ գյուղում են։ Ոչխար ու այծ ունենք, հող ունենք, մշակում են։ Մայրս էլ Հ․ գյուղից է հարս եկել, ինքը քրիստոնյա է ծնվել, բայց մեր տուն հարս գալուց հետո ինքն էլ է անցել իսլամի։ Քեռիներս, մորաքույրներս դեռ քրիստոնյա են, նույն թաղամասում ենք հիմա, իրար դարդն էլ ուրախությունն էլ կիսում ենք, մեր միջեւ ոչ մի տարբերություն չկա։ Մորս ընտանիքը Թալինի գյուղերից մեկում ազգականներ ունի, քեռիներս գնում-գալիս են։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի


Եղբայրներս էլ Ստամբուլում են, հարսներս մուսուլման են, բայց մեր պես են, այսինքն՝ հայ։ Մեկին Բիթլիսից, մյուսին՝ Մուշից ենք հարս բերել։ Շատ կրոնապաշտ, պարկեշտ մարդիկ են, իմ հարսները շատ լավ մարդ են։ Մեկն էլ Երեւանում ազգականներ ունի, բայց դեռ չի հանդիպել։ Ուզում եմ ասեմ՝ մենք ամեն ինչ էլ գիտենք։ Հիմա տե՛ս, քեզ եղբորս երեխաների նկարները ցույց տամ, տեսնո՞ւմ ես աչքերը։ Անձնագրերի մեջ գրված է «իսլամ», բայց արյունը հո չի՞ փոխվել։

Ցեղասպանության ժամանակ պապիկիս հայրն է փրկվել, նրա մասին միշտ պատմում է հայրս։ Տառաճանաչ, շատ բանիմաց մարդ է եղել, ձեռքին Գոմոց վանքից բերված Աստվածաշունչ է ունեցել։ Ասում են՝ դեռ այն ժամանակ ասել է, որ մի օր մարդիկ երկաթե կառքերով օդ կբարձրանան, կթռչեն, մուսուլմաններն էլ մուսուլմանների դեմ պատերազմ կսկսեն։ Պատկերացնո՞ւմ ես։

«Ասում էին՝ մահից հետո քրիստոնյա ամուսնուդ հետ դրախտ գնալ չես կարող»

Ամուսինս հայ քրիստոնյա է, մեր գյուղից է, մեր տներն իրար կողք էին։ Նաեւ հեռու ազգական ենք, իմ պապիկը ժամանակին կրոնափոխվել է, իրենը՝ ոչ։ Իրար հետ ենք մեծացել, մի ընտանիքի պես ենք եղել, իր փոքր քույր-եղբայրներին այնքան եմ պահել, օրորել։ Երեւի դրա համար բոլորն այդքան ծանր տարան մեր կապը, ոչ ոք չէր ուզում, որ ամուսնանանք։ Ե՛վ կրոնական տարբերության, եւ՛ ազգակցական կապի համար ինչեր ասես, որ չապրեցրին մեզ մեր բարեկամները։ Մերոնք ինձ ասել էին․ «Մուսուլմաները դրախտ են գնում, իսկ քրիստոնյաները՝ ոչ։ Մահից հետո ամուսնուդ հետ նույն տեղը գնալ չես կարողանա»։ Ես էլ լուրջ-լուրջ գնացել քահանային հարցրել էի, թե դա ճի՞շտ է։

Ամուսինս ինձ հետ լինելու համար չմկրտվեց։ Իր ամբողջ ընտանիքը գյուղից Ստամբուլ եկած ժամանակ կնքվեցին եկեղեցում, ինքը մնաց։ Եթե մկրտվեր՝ հայրս չէր տա ինձ։ Նույնիսկ նշանդրեքիս օրը իմ ու նրա մորաքույրները վիճեցին, ամուսնուս մորաքույրը ինձ ասաց. «Իմացիր, որ մենք չէինք ուզում այս ամենը։ Դու եւ Սինանը ձեր համառությամբ հասաք սրան»։ Իմ մորաքույրներն էլ խառնվեցին իրար, թե. «Մեր աղջիկը ձեզ համար ի՞նչ է, պիտի երազեք մեր աղջկան առնեք»։ Ամուսնանալուց հետո 5 տարի երեխա չունեցանք, ամուսնուս ազգականները երեսով էին տալիս, ասում էին. «Մեզ չլսելով ամուսնացաք՝ Աստված պատժում է»։ Ես էլ ասում էի. «Խոսեք-չխոսեք՝ եղածը եղած է»։

Բայց սկեսուրս ինձ երբեք ոչինչ չի ասել, եղածի պես ընդունել ու սիրել է։ Ես իմ ամուսնու ընտանիքը շատ եմ սիրում, դա իմ ընտանիքն է, եւ այդ տանը ես շատ երջանիկ եմ։ Միասին բոլոր տոները նշում ենք, ոչ մեկս մյուսին չի խանգարում։ Ես էլ եկեղեցի գնում եմ, մոմ եմ վառում, գուցե աղոթքս քրիստոնեական չէ, բայց ի՞նչ կապ ունի, Աստված մեկ չէ՞։

Գրի է առել Սոֆիա Հակոբյանը

Կրոնափոխություն, քրիստոնյա եւ մուսուլման հայերի հարաբերություններ

Բավականին ուշագրավ են սասունցիների շրջանում իսլամացված ու քրիստոնյա մնացած հատվածի ներքին փոխհարաբերությունները. համայնքային այս մոդելը, երեւի թե, հայերի շրջանում չունի երկրորդ նման օրինակ։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի


Արաբախոս հայերից շատերը երկար ժամանակ համառ դիմադրություն են ցույց տվել ու չեն հրաժարվել քրիստոնեությունից։ Առհասարակ, Սասունի հայերի իսլամացումը բավականին երկարատեւ ու այդպես էլ ամբողջությամբ հաջողության չհասած գործընթաց է։ Թյուր կարծիք է, թե Սասունում մնացած բոլոր հայերն իսլամացվել են հենց ցեղասպանության տարիներին: Շատերը 1915-ին լեռներ բարձրանալով՝ հետագա տարիներին իջել են գյուղեր ու բավականին երկար ժամանակ հաջողել պահպանել թե՛ կրոնը, թե՛ լեզուն։ Ցեղասպանությունից հետո Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ նորանոր բախումները, աքսորներն ու տարատեսակ ճնշումները ժամանակ առ ժամանակ ստիպել են մինչ այդ քրիստոնյա մնալ հաջողածներին ինչ-որ փուլում տեղի տալ։

Ցեղասպանությունից փրկված գավառահայության համար Թուրքիայի հանրապետության տարիներին վերապրածները խոշոր հաշվով կարող ենք բաժանել մինչեւ 1950-ականներն ու դրանից հետո։ Թեեւ մինչ այդ էլ 1925-37-ի զինված ապստամբություններն ու աքսորը, Երկրորդ համաշխարհայինի տարիներին հայ տղամարդկանց մոբիլիզացիան եւ այլ իրադարձություններ իրենց ազդեցությունն ունեցան որոշ գյուղերում հայերի նոր կրոնափոխությունների ավելացման վրա, սակայն 1950-ականներից հետո համընդհանուր ազգայնական ու հակաքրիստոնեական քարոզչությունը ստիպեցին գավառահայության զգալի մասին բռնել Կ․Պոլսի ճամփան։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյանի


Սասունում այս տարիների վերաբերյալ շշմեցնող պատմություններ կարող ենք լսել որոշ հայաբնակ գյուղերի զինված ինքնապաշտպանությունների, հայկական վանքերի ու գերեզմանոցների վրա հարձակումների, տեղացի իմամների՝ գյուղ առ գյուղ պտտվելու ու մուսուլմանական քարոզչություն իրականացնելու մասին։ Հաճախ մուսուլման կրոնավորները փորձել են համոզել գյուղացիներին, թե իսլամն ընդունելը կբացի նրանց առաջ «դրախտի դռները», հաճախ էլ հայերը ենթարկվել են բացահայտ ֆիզիկական բռնության, մուսուլման հարեւանների կողմից հրահրվել են հողային վեճեր, որոնք սովորաբար ավարտվում էին սպանություններով երկու կողմից էլ։ Այդ շրջանը վերապրածները պատմում են, թե «գյուղերի աղաները գրազ էին գալիս միմյանց հետ, թե ում հայերը ավելի արագ կիսլամանան»։

Սասունի հայերը Արեւմտյան Հայաստանից դուրս եկած հայության ամենավերջին խումբն են, այլ կերպ ասած՝ ամենաերկար դիմադրածը։ Թեեւ որոշ գյուղերից լայնածավալ գաղթը սկսվեց արդեն 1960-ականներին, սակայն հիմնական զանգվածը Կ․Պոլիս եկավ միայն 1980-ականներին։

Հենց այս ժամանակ է, որ մինչ այդ պահը քրիստոնյա մնացած հայերի մի մասը, այնուամենայնիվ, իսլամանում է, իսկ կրոնն ամեն գնով պահպանել փորձածները՝ գաղթում քաղաք։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Սասունի իսլամացված հայերի կեսը, եթե ոչ ավելին, կրոնափոխվել է հենց այս ժամանակ, այլ ոչ թե 1915-ին։

Սասունի հայության համար այս իսկապես ծանր ժամանակահատվածում բազմաթիվ ընտանիքներ կանգնեցին պառակտման վտանգի առաջ։ Բանն այն է, որ իսլամը այդպես էլ չընդունած հատվածը բավականին լուրջ ճնշումներ է գործադրել իսլամացողների հանդեպ, հաճախ նույն տան մեջ ամուսինները չեն համաձայնվել կրոնափոխության հարցում եւ նրանցից միայն մեկն է կրոնափոխվել, մյուսը՝ մնացել քրիստոնյա։ Հաճախ նույն կրոնին չեն դավանել նաեւ նման զույգերի երեխաները։

Քրիստոնյա հայ ընտանիքը հաճախ խնամիական կապեր է ստեղծել իսլամացված հայերի հետ. նրանց «աղջիկ տալու» հարցում սովորաբար չեն մերժել, ասելով թե՝ «մերոնք են»։ Այսպիսով` հաճախ կարող ենք նկատել, երբ ընտանիքում եղբայրները քրիստոնյա են, իսկ իսլամացված հայերի հետ ամուսնացած քույրերը՝ մուսուլման։ Իսլամացված հայ ընտանիքների աղջիկները նույնպես երբեմն ամուսնացել են քրիստոնյա հայերի հետ։

Երբեմն էլ հանդիպում են է՛լ ավելի տարօրինակ դեպքեր, երբ նույն տան մեջ եղբայրներն են դավանում տարբեր կրոնների։ Սովորաբար կրոնափոխվելու գնով հայրենի գյուղում մնալու կամ  արտագաղթելու ընտրության առաջ կանգնած ընտանիքներում պայմանավորվածություն է եղել փոքր զավակին թողնել գյուղում, ով «տիրություն կանի» հայրական հողերին, իսկ մյուսները տեղափոխվել են Կ․Պոլիս ու մկրտվել, տեղավորել իրենց երեխաներին հայկական վարժարաններում։ Սովորաբար, ճնշումներից խուսափելու եւ տունը «տաճիկներին բաժին չդարձնելու» համար գյուղում մնացած փոքր եղբայրն այսպիսով իսլամանում էր, մյուսները՝ միանում պոլսահայ համայնքին։

Սակայն քիչ չեն նաեւ դեպքերը, երբ եղբայրների մի մասի իսլամացումը համաձայնեցված չի եղել՝ առիթ տալով բավականին լուրջ ներընտանեկան վեճերի ու լարվածության։ Հետաքրքիր է, որ թեեւ իսլամացողներն այս դեպքում շատ լուրջ քննադատության էին ենթարկվում, սակայն ընտանեկան կապերը, միեւնույնն է, չէին կտրվում։

Այսօր կարող ենք փաստել, որ սասունցիներին հատուկ ընտանեկան շատ սերտ կապերն այս հարցում ավելի զորեղ գտնվեցին. քրիստոնյա թե իսլամացված՝ նրանք շարունակեցին շփվել, հրավիրել միմյանց բոլոր առիթներին, օգնության հասնել ու համախմբվել ցանկացած օրհասական իրավիճակում։ Ստամբուլի՝ սասունցիներով բնակեցված հայաշատ թաղամասերում վաղուց սովորական երեւույթ է եկեղեցական պսակի ժամանակ հյուրերի շարքերում տեսնել նաեւ ծածկված մուսուլման կանանց ու անգամ ուխտավոր մուսուլմանի գլխարկ կրող տղամարդկանց։ Եթե հարցնեք ներկաներին, թե ովքեր են ու ինչ գործ ունեն եկեղեցում հայկական հարսանիքի՝ շատ հանգիստ կպատասխանեն, որ ամուսնացողներից մեկի ազգականն է։

Ուշագրավ է, որ քրիստոնյա սասունցիները, թեեւ հանգիստ նշում են, որ այս կամ այն մուսուլմանը իրենց ազգականն է, սակայն հրաժարվում են նրանց հայ կոչելուց։ Սովորաբար կրոնափոխներին անվանում են «տաճիկ»։ Է՛լ ավելի ուշագրավ է, որ հայ կրոնափոխներին թուրքերից, քրդերից կամ արաբներից տարբերելու համար մյուսներին թուրքերեն ասում են «հաս տաճիկ», այսինքն՝ իսկական մուսուլման։

Կարդացեք նաեւ Սասունցի Նուրի. «Այդ տունը մերն է, ձեզ օրհնություն չի բերի»

Կարդացեք նաեւ Սասունցի «արաբ» Սինեմի ու «Շեկո տան քրդերի» պատմությունները

Կարդացեք նաեւ Մուշում ծնված Տիգրանն եւ քրդերի ասած «Սասոն բե կանոն»-ը

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին