Կարմիր Շուկան՝ Արցախի «կյանքի խաչմերուկը» - Mediamax.am

exclusive
2275 դիտում

Կարմիր Շուկան՝ Արցախի «կյանքի խաչմերուկը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կարմիր Շուկա» անվանումը հետպատերազմյան Արցախի վերաբերյալ մամուլի հրապարակումներում, թերեւս, ամենահաճախ արծարծված անուններից է։ Արցախի Մարտունու շրջանի երբեմնի ամենաշեն ու բազմամարդ բնակավայրերից մեկը՝ հնում առեւտրային, իսկ այժմ էլ ճանապարհային կարեւորագույն խաչմերուկ հանդիսացող «Կռասնիյ Բազարն» այժմ ապրում է իր ոչ ամենաերանելի ժամանակները։ Այսօր արդեն բնակավայրի անունն ամենից հաճախ սկսել է կապվել ոչ թե նախկինում այստեղ մեծ թափով իրականացվող շինարարական ծրագրերի, հայտնի գինու գործարանի կամ հարուստ պատմամշակութային տեղանքի, այլ մինչ վերջերս հենց այս գյուղի միջով դեպի Շուշի երթեւեկող ադրբեջանական բեռնատարների շարասյուններին «ուղեկցող» աղմկահարույց միջադեպերի հետ։

Կարմիր Շուկայի միջով անցնող եւ Արցախին տիրել ցանկացող յուրաքանչյուր կողմի համար անչափ կարեւոր այս մայրուղին, որը կապում է Հադրութը մայրաքաղաք Ստեփանակերտին եւ Շուշիին, մնաց մեր՝ Հադրութն ու Շուշին կորցրած հայկական կողմի վերահսկողության տակ։ Ավելի ուշ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ ադրբեջանցիներին թույլատրվեց միայն ռուս զինվորականների ուղեկցությամբ ժամանակավորապես օգտվել վերոնշյալ մայրուղուց՝ մինչ Ադրբեջանը կկառուցի Ֆիզուլի-Շուշի նոր՝ Հադրութի անտառների եւ լեռների միջով ձգվող մայրուղին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ 2021թ. վերջից ադրբեջանական բեռնատարներն այլեւս այստեղով չեն անցնում, սակայն նրանց «ծանր» ներկայության հետքերն ակնհայտ զգացվում են դեպի Կարմիր Շուկա ճանապարհի ամեն մի մետրի վրա. խոշոր բեռնատարների ստեղծած փոսերն ու ասֆալտի տձեւությունները դարձել են տեղի բնակիչների համար անտանելի, իրենք էլ դեռ չգիտեն, թե ով եւ երբ է նորոգելու վնասված ճանապարհը, ասում են՝ «Ամեն մեկը մի բան է ասում»։

Փոխարենը գոհ են, որ իրենց վարքով տեղացիներին հունից հանող ու պարբերաբար սադրանքների դիմող ադրբեջանցի վարորդները տեւական ժամանակ այստեղ չեն երեւում․ ասում են՝ էլ հայհոյանքներ, էլ կենդանիների գողություններ, էլ վրաերթեր, այնպես որ՝ 2021-ին Կարմիր Շուկայում ու հարեւան գյուղերում ադրբեջանական «հպանցիկ» ներկայությունից կշտացել են։

«Մեկ ասում էին, թե էս ճանապարհը գերիների դիմաց թուրքը ուզում ա, հետո էլ թե՝ մինչեւ Սարուշեն հանձնելու են, մեկն էլ ասում ա, թե՝ չէ, Արցախի կարգավիճակը հեսա ճանաչում են, լոխ լյավ ա ինական։ Ամեն օր մի խոսակցություն, բայց մարդիկ էլի ապրում են, բա ի՞նչ անեն, մեր տունն ա, մեր հողն ա։ Էն Բրյուսելի հանդիպումը վերջը ի՞նչ եղավ, աղջիկ ջան, Երեւանում ի՞նչ են խոսում, հույս կա՞, որ լավ կինի», - պատմում ու հետաքրքրվում է Ստեփանակերտից դեպի Կարմիր Շուկա մեզ տանող տեղացի վարորդը։

Պատահական չէր, որ 44-օրյա պատերազմի օրերին Կարմիր Շուկան եւ հարեւան Թաղավարդը դարձան ամենաթեժ մարտերի կիզակետը, բազմաթիվ զինծառայողներ ու կամավորներ այստեղ իրենց կյանքը տվեցին Արցախի համար կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհը պահելով ու կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը դեպի Շուշի տանող «ասֆալտով»՝ այդպիսով ոչ միայն դժվարացնելով նրանց ճանապարհն, այլեւ գործնականում ադրբեջանական գրավումից փրկելով առնվազն եւս 7-8 գյուղ, ինչպես նաեւ «արգելակելով» մայրաքաղաք Ստեփանակերտի եւ ինչու ոչ՝ ամբողջ Արցախի հետագա ճակատագրի շատ ավելի սարսափելի սցենարը։ Զարմանալի չէ, որ պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում եւ հատկապես հոկտեմբերի կեսերից հենց Կարմիր Շուկան ենթարկվում էր ադրբեջանական օդուժի ամենադաժան հարձակումներին, ինչի հետեւանքով խիստ տուժել է գյուղի շինությունների ավելի քան 80 տոկոսը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեր գյուղը պիտի դառնար արդեն քաղաք, հաշվի՝ քաղաք էր», - ասում է Կարմիր Շուկայի բնակիչներից 33-ամյա Արմեն Շահրամանյանը, որի կյանքը նույնպես, ինչպես բոլորինն այստեղ, բաժանվում է 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ եւ հետոյի։

10 տարուց ավելի վարսահարդարությամբ զբաղվող Արմենը նախկինում նույնպես ավելի մեծ ծրագրեր, ավելի հավակնոտ նպատակներ ու ավելի շատ զբաղմունք ուներ հայրենի գյուղում, այժմ էլ նրա քայլերն ու մտքերը կարծես դեգերում են արցախյան համառության ու ճնշող հուսահատության միջեւ։ Ի ուրախություն մեզ՝ մինչ այս պահը հաղթում է առաջինը․վերջապես պատրաստ է Արմենի նոր՝ տղամարդկանց վարսահարդարման սրահը, որի վրա վերջին դետալներն է շտկում ու գոհունակությամբ ցույց տալիս մեզ սրահի նոր ներքին հարդարանքը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ափսոսանքով է նշում, որ պատերազմից առաջ ձեռք բերած տարածքի հետ կապված շատ ավելի համարձակ երազանքներ ուներ. նախատեսել էր ամբողջովին ապամոնտաժել հին երկաթե տնակն ու լրիվ նոր քարե շենք կառուցել ավելի մեծ սրահի համար։ Եվ այնուամենայնիվ՝ անորոշության ու հայրենի գյուղի հանդեպ խորը կապվածության միջեւ Արմենն ընտրեց կատարել գոնե կես քայլ ու չհրաժարվել սիրելի գործով զբաղվելու հնարավորությունից։ Կյանքը համարձակներին է սիրում. կարեւոր որոշումը կայացնելուց հետո օգնության ձեռքն իրեն երկար սպասեցնել չտվեց եւ այժմ արդեն նոր ու արդիականացված տեսքով արցախցի Արմենի համեստ սրահը սկսել է ծառայել հին ու նոր հաճախորդների։

Պատերազմից հետո Սյունիքի եւ Արցախի գյուղերում իրենց ծրագրերը կենտրոնացրած «Սահման» հ/կ-ի կամավորները, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ նաեւ Արմեն Շահրամանյանի համեստ վարսավիրանոցի նորոգումը, նախ խորհուրդ էին տվել ավելի վառ գույների մեջ ներկել սրահը՝ անցորդների համար ավելի նկատելի դարձնելու նպատակով։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բա որ բեսպիլոտնիկով խփեն, սենց մոխրագույն ավելի լավ չի՞, դժվար կնկատեն», - ծիծաղելով կես կատակ կես լուրջ ասում է Արմենը։

«Նախկինում հաճախորդներիս մի մեծ մասը Շեխեր գյուղից էին գալիս, դե հիմա տեղահանվեցին, ցրվեցին տարբեր տեղերով, հաճախորդներս էլ պակասեցին, բայց էլի շարժ կա, ռուսներն էլ են գալիս։ Մեկ-մեկ մեր Ղարաբաղի հետագա ճակատագրից էլ եմ հարցնում, մենակ ասում են՝ «Все будет хорошо», - պատմում է Արմենն ու շարունակում.

«Ես չգիտեմ՝ Երեւանում մարդիկ ինչ են մտածում այս ամենի մասին, բայց նրանք ովքեր լուռ են՝ երեւի ոչ թե չեն պատկերացնում, թե Արցախում իրականում ինչ է տեղի ունեցել, այլ չեն պատկերացնում, թե այնտեղ ինչ կարող է տեղի ունենալ, եթե այսպես շարունակվի», - Արմենի կարճ ու դիպուկ խոսքից հետո մի պահ լռում ենք բոլորս։

Երեք երեխաների հայր վարսահարդարը նույնպես գիտի, որ թե՛ Կարմիր Շուկայում, թե՛ հարեւան Թաղավարդում հնարավոր նոր հարձակման դեպքում հարմար թաքստոցներ չկան։ Տարածքի միակ նկուղը Կարմիր Շուկայի դպրոցինն է, որտեղ անհնար կլինի տեղավորել խոշոր այս բնակավայրի բոլոր կանանց, երեխաներին, ծերերին կամ հիվանդներին։ Այդպես էր նաեւ մինչ 44-օրյա պատերազմը, սակայն ի տարբերություն այդ ժամանակների այսօր մայրաքաղաք Ստեփանակերտից ընդհուպ մինչեւ Կարմիր Շուկա ընկած ամբողջ հատվածի բազմաթիվ բնակավայրերի հազարավոր բնակիչներ նոր ռազմական էսկալացիայի դեպքում տարհանման ճանապարհ պարզապես չեն ունենալու։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բնականաբար՝ ես էլ հայր եմ, իմ երեխաներին եթե անմիջական վտանգ սպառնա՝ պետք է փորձեմ դուրս բերել», - առանց ավելորդ պաթոսի շարունակում է Արմենը՝ հավելելով, որ Արցախից դուրս գալու տարբերակը դիտարկում է միայն ամենածայրահեղ դեպքում, իսկ հույսի ամենաչնչին նշույլի դեպքում էլ նախընտրում է մնալ, աշխատել ու մեծացնել երեխաներին հենց այստեղ՝ հայրենի Կարմիր Շուկայում, նույնիսկ, եթե այն իր մանկության տարիների պես ծաղկուն ու բազմամարդ չէ։

«Բա էս օդն ու ջուրը թողնես՝ ո՞ւր գնաս, հանուն ինչի՞ գնաս», - ուսերը թափ տալով մեզ ու ինքն իրեն հարցնում է երիտասարդ արցախցին՝ ակամայից կրկնելով հետպատերազմյան Արցախում մեր ամենահաճախ լսած նախադասությունը։

 Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին