Վերներ Թութ. Ցանկանում ենք ապահովել տնտեսությունն անհրաժեշտ ու հմուտ աշխատուժով - Mediamax.am

exclusive
2952 դիտում

Վերներ Թութ. Ցանկանում ենք ապահովել տնտեսությունն անհրաժեշտ ու հմուտ աշխատուժով


Վերներ Թութը
Վերներ Թութը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերներ Թութը
Վերներ Թութը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Շվեյցարիան, Գերմանիան, Ավստրիան, Նիդերլանդներն ու Դանիան անձին բաժին ընկնող եկամտի ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների թվում են Եվրոպայում: 2022թ.-ին երկրներից չորսն ընդգրկվել են Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի լավագույն տասնյակում, իսկ Շվեյցարիան գլխավորել է ցուցակը: Այս հինգ երկրներում լավ զարգացած է միջին մասնագիտական կրթությունը, որն իրականացվում է դուալ կրթական մոդելով: Այսինքն, ուսանողները կրթություն են ստանում միանգամից երկու միջավայրում՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (քոլեջում) ու ոլորտի մասնավոր ընկերությունում:

Հայաստանում դուալ կրթական համակարգի փորձնական ներդրումը սկսվել է 2017թ.-ից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համագործակցությամբ:

Այժմ ոլորտում ինստիտուցիոնալ մակարդակով բարեփոխումներ են տեղի ունենում: Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից պատվիրակված «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը դուալ կրթության զարգացման հեռանկարային նպատակներ ունի: Դրանով SDC-ին 7,1 մլն շվեյցարական ֆրանկ է տրամադրվել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության զարգացմանը:

Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է հայ-շվեյցարական համագործակցության մասին եւ կիսվել դուալ կրթության շվեյցարական փորձով:

Երկարատեւ ու կայուն համագործակցություն

2022թ.-ին լրացել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, բայց պետք է նշեմ, որ այստեղ ենք շատ ավելի վաղուց՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր: Այսօր Հայաստանում իրականացվում է Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագիրը, որով էլ աշխատում ենք: Չենք ցանկանում պարզապես վատնել մեր ներկայությունը, նախատեսում ենք մնալ Հայաստանում ու անել ավելին՝ այս երկրին օգտակար լինելու համար: Մեր աջակցությունը միակողմանի չէ, ինքներս էլ սովորում ենք Հայաստանից:

Աշխատելով Հայաստանում՝ փորձում ենք կենտրոնանալ գյուղական համայնքների վրա, ծրագրեր իրականացնել հեռավոր մարզերում: Օրինակ՝ արդեն 16 տարի աշխատում ենք Սյունիքում: Փորձում ենք օգտակար լինել ոլորտներում, որոնցում մեծ փորձ ունենք: Շվեյցարիան լեռնային երկիր է, որտեղ դարերով զբաղվել են լեռնային գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, այն ունի բնության պաշտպանության լավ ավանդույթներ եւ մենք «չեմպիոն ենք» տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում:

Հայաստանում մեր գործունեությունը երեք ռազմավարական ուղղություն ունի՝ ներառական տնտեսական աճ, աջակցություն հանրային ինստիտուտներին, հասարակական կազմակերպություններին եւ կլիմայական ճգնաժամի համատեքստում՝ բնական ռեսուրսների ճիշտ շահագործում:   

Վերներ Թութը Վերներ Թութը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հետ համագործակցությունը դիտարկում ենք որպես կայուն եւ երկարատեւ, այնպես որ չենք ցանկանում «ցատկել» մեկ ոլորտից մյուսին, իրականացնում ենք նախագծեր, որոնք լրացնում, աջակցում են միմյանց:

Հայաստանի կառավարության կողմից ունենք անվերապահ աջակցություն եւ մեր ծրագրերի իրականացման ընթացքում երբեք «միայնակ չենք քայլել»: Համագործակցել ենք ինչպես կառավարության, այնպես էլ՝ Հայաստանում գործող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը հենց նման համագործակցության հիանալի օրինակ է:

Հատկանշական է, որ աշխատում ենք մեր գերմանացի ու ավստրիացի գործընկերների հետ, իսկ Շվեյցարիան, Գերմանիան, Ավստրիան աշխարհում դուալ կրթական մոդելի ներդրման առավել հարուստ ու արդյունավետ փորձ ունեցող երկրներն են:

Երիտասարդներին պահել մարզում՝ զարգացնելով գյուղատնտեսությունը

Գյուղատնտեսության զարգացումը, հատկապես մարզային բնակավայրերում, չափազանց կարեւոր է ու սա է պատճառը, որ որոշեցինք կենտրոնանալ հենց այս ուղղության վրա: Համադրելով Հայաստանի գյուղատնտեսական ավանդույթներն ու մեր փորձը՝ կարող ենք դրական արդյունքներ ստանալ: ՄԱՎԵՏԱ ծրագրի նպատակն է զարգացնել միջին մասնագիտական կրթությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ներդնելով դուալ կրթական մոդելը: Սա թույլ կտա երիտասարդներին մնալ իրենց հարազատ բնակավայրերում, ունենալ որոշակի հեռանկար, իրական արդյունք ստեղծել տնտեսության համար, իսկ առհասարակ՝ երկրի մասշտաբով՝ լուծել երիտասարդների զբաղվածության ու տնտեսության դիվերսիֆիկացման հարցերը:

Իհարկե, այս արդյունքին հասնելու համար ժամանակ է պետք, նախագիծը գրված է 10 տարվա համար ու 2 տարում փոփոխություններ ակնկալելն իրատեսական չէ: Ժամանակ է պետք, որպեսզի փոխվեն ուսումնական ծրագրերը, դպրոցները, վերապատրաստվեն ուսուցիչները, կրթվեն ուսանողները, որից հետո՝ մոտ 4 տարի անց, կունենանք նոր մոդելով կրթություն ստացած առաջին սերունդը:

Նախագծի մեկնարկից առաջ եղել է նախապատրաստական փուլ, իրականացրել ենք մի շարք հետազոտություններ՝ հասկանալու մասնավոր ընկերությունների պահանջները, ընտրելու մարզերը, որտեղ կարող ենք առավել օգտակար լինել: Արդյունքում սկսել ենք համագործակցել Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի (Սյունիք), ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի մասնաճյուղի հետ:

Մասնագիտացումների առումով որոշել ենք կենտրոնանալ հետեւյալ ուղղությունների վրա՝ անասնաբուժություն, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային գործ, գյուղատնտեսական մեքենաներ, կաթնաֆերմայի կառավարում եւ պտղատու այգիների այգեգործություն:

Այսպիսով, ընտրված են աշխատանքի շրջանները, մասնագիտացումները, գործընկերներն ու մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է: Շատ կարեւոր է, որ ամուր համագործակցություն ունենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Էկոնոմիկայի նախարարությունների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չենք ցանկանում, որ այս մոդելը ներդրվի մեկ-երկու քոլեջում եւ վերջ: Ուզում ենք իրականացնել նախագիծ, որը երկարատեւ արդյունք կունենա ու իսկապես կբերի ոլորտային փոփոխություններ: Մասնավոր ձեռնարկությունները պետք է աշխատեն ուսումնական հաստատությունների հետ համատեղ, ընդունեն ու կրթեն ուսանողներին, քոլեջները պետք է դառնան առավել ժամանակակից, պետք է փոխվեն ուսումնական պլանները, կատարվի տեխնիկական վերազինում: Իհարկե, դասախոսները եւս պետք է վերապատրաստվեն: Ցավոք, նրանց գիտելիքը հաճախ չի համապատասխանում մասնավոր հատվածի այսօրվա պահանջներին, նրանք ցածր վարձատրություն են ստանում. ինչպե՞ս կարող են լավ դասավանդել:

Քաղաքական մակարդակում Հայաստանում կարիք կա բարեփոխել համապատասխան օրենքներն, ինստիտուտներն ու միջին մասնագիտական կրթության ֆինանսավորման մեխանիզմները: Եթե ամբողջացնեմ հիմնական գաղափարը՝ մասնավոր ընկերությունները պետք է տեղեկացնեն հանրային հատվածին՝ ինչ մասնագետների կարիք ունեն, միեւնույն ժամանակ, պետք է իրենց վրա վերցնեն այդ մասնագետներին կրթելու գործընթացի կարեւորագույն մասը: Դուալ կրթական մոդելը կարող է արդյունավետ լինել միայն մասնավոր ու հանրային հատվածների սերտ համագործակցության դեպքում:  

Մեկ դարից ավելի պատմություն ունեցող դուալ կրթական մոդելը

Շվեյցարիայում դուալ կրթությունը սկսեցին զարգացնել 19-րդ դարի վերջին: Առաջին նախաձեռնությունները ձեռնարկությունների կողմից իրականացվեցին դեռ 1880-1890 թվականներին ու առավել ակտիվացան 20-րդ դարում: Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դուալ կրթությունը դարձավ շատ տարածված եւ միջին մասնագիտական կրթությունը սկսեցին անվանել «ազգի դպրոց»: Պատճառն այն է, որ միջին մասնագիտական կրթական հաստատություններն, աշխատելով դուալ կրթական մոդելով, պատրաստում էին կիրառական գիտելիք ունեցող որակյալ մասնագետների, որոնք պատրաստ էին լրացնել եղած աշխատատեղերն ու զարգացնել տնտեսությունը:

Այսօր Շվեյցարիայում դպրոցն ավարտող երիտասարդների երկու երրորդն ընտրում է միջին մասնագիտական կրթություն ստանալու ուղին ու միայն մեկ երրորդն է դիմում բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ավելի պարզ հասկանալու համար մի թիվ նշեմ՝ Շվեյցարիայում միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորում է մոտավորապես 220 հազար երիտասարդ: Զուգահեռ նրանք աշխատում են փոքրիկ ձեռնարկություններում, իսկ Շվեյցարիայի տնտեսության 99 տոկոսը հիմնված է հենց փոքր ձեռնարկությունների վրա: Երկաստիճան կրթական համակարգով նրանք ստանում են մասնագիտություն, որն անհրաժեշտ է տնտեսությանը՝ ատաղծագործ, խոհարար, էլեկտրիկ, ֆերմեր, ՏՏ ոլորտի մասնագետ, առողջապահության ոլորտի մասնագետ եւ այլն: Այս համակարգը նաեւ շատ ճկուն է. ամեն պահի կարող ես փոխել մասնագիտությունդ, եթե այն քեզ դուր չի գալիս, կարող ես նոր բան սովորել, կատարելագործել հմտություններդ, ընդունվել բուհ:


Աղջիկներիցս մեկը հենց այս ճանապարհն է ընտրել: Նա դուալ համակարգով կրթություն է ստացել որպես նախադպրոցական տարիքի ուսուցիչ: Ուսումնական գործընթացը հիմնվել է աշխատանքի վրա՝ շաբաթվա չորս օրը նա աշխատում էր իր մասնագիտությամբ, իսկ մեկն անցկացնում քոլեջում: Հիմա ցանկանում է դասավանդել նաեւ դպրոցում ու այդ նպատակով պատրաստվում է ընդունվել մանկավարժական համալսարան:

Մասնագիտական կրթությունն ընտրելու լայն հնարավորություններ է տալիս: Շվեյցարիայում կարող ես ընտրություն կատարել մոտ 245 մասնագիտությունից:

Դուալ կրթական մոդելի ազդեցությունը տնտեսության վրա

Դուալ կրթական մոդելը կառուցված է հետեւյալ ձգտման վրա՝ պատրաստել պրոֆեսիոնալ երիտասարդ մասնագետների, որոնք պետք են տնտեսությանը:

Միջին մասնագիտական կրթության զարգացման կարեւորության ու դուալ կրթական մոդելի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ մի խոսուն ցուցանիշ ներկայացնեմ:


Այս գրաֆիկում ցուցադրված է գործազրկության մակարդակը եվրոպական տարբեր երկրներում: Կարմիրով նշված երկրներում՝ Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում ու Դանիայում, 15-ից 24 տարիքային խմբում գործազրկության ցուցանիշն ամենացածրն է (աղբյուրը՝ Եվրոստատ, 2014թ.): Գործազրկության ցուցանիշն այս երկրներում ամենացածրն է նաեւ մեծահասակաների շրջանում:

Ուշագրավ է, որ հենց Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում ու Դանիայում հաջողությամբ ներդրված է միջին մասնագիտական կրթության դուալ մոդելը:

Այսօր այս երկրները միավորել են ջանքերը՝ Հայաստանում իրականացնելով ՄԱՎԵՏԱ ծրագիրը:

*ՄԱՎԵՏԱ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով:

Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային եւ տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Իզմիրլյան հիմնադրամը: Ծրագրի իրականացման գործընկերներն են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն, Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցն (HAFL) ու «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին