Դուալ կրթական համակարգն աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներից մեկն է: Ուսանողը կրթություն է ստանում զուգահեռ երկու միջավայրերում, ձեռք է բերում ոչ միայն տեսական գիտելիքներ, այլեւ՝ գործնական հմտություններ, քանի որ արդեն իսկ աշխատում է իր մասնագիտությամբ: Ակնհայտ է, որ ուսանողի տեսանկյունից դուալ կրթությունն ունի բազմաթիվ առավելություններն, սակայն այս մոդելը ոչ պակաս կարեւոր է նաեւ դրա մյուս կողմերի՝ պետության ու մասնավոր ընկերությունների համար:
Մեդիամաքսի հետ զրույցում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը պատմել է դուալ կրթական համակարգի ձեւավորման մասին, ներկայացրել դրա առավելություններն ինչպես ուսանողի, այնպես էլ՝ պետության ու մասնավոր ընկերությունների տեսանկյունից:
500 տարվա պատմություն ունեցող համակարգն ու դուալի խորհրդային փորձը
Դուալ կրթական համակարգը ձեւավորվել է Գերմանիայում դեռ 500 տարի առաջ: Այն ի սկզբանե կիրառվել է մասնավոր հատվածում՝ արհեստավորների գիլդիայում: Հետագայում, իհարկե, եղել են բազմաթիվ տրանսֆորմացիաներ, ինչից հետո, որպես հաջողված փորձ, ուսուցման այս մոդելը տարածվել է այլ երկրներում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դուալ կրթական համակարգի ներդրման համար մեծ նշանակություն ունի՝ ինչպես է կազմակերպված տվյալ պետության տնտեսությունը, քանի որ ուսուցման այս մոդելը ենթադրում է կրթական ծրագրի իրականացում երկու տեղում՝ մասնագիտական ուսումնական հաստատությունում եւ մասնավոր կազմակերպությունում: Երկու կողմի դերն էլ շատ կարեւոր է: Մասնավոր ընկերությունում անցկացվող գործնական ուսուցումը պետք է նույնիսկ գերակշռի: Այսպիսով, շրջանավարտը հետագայում ունենում է անհրաժեշտ բոլոր հմտությունները, որպեսզի կարողանա միանգամից աշխատանք գտնել: Կարեւոր է նաեւ, որ դուալ կրթության արդյունքները գնահատվում են երրորդ՝ անկախ կողմից: Ուսուցման այս մոդելի դեպքում ավարտական քննություններն անցկացվում են անմիջապես աշխատանքային միջավայրում՝ մասնավոր կազմակերպությունում, իսկ հանձնաժողովում ընդգրկվում են ոլորտի մասնագետներ, որոնք չեն մասնակցել կրթական ծրագրի իրականացմանը: Դուալ կրթության դեպքում բոլոր կողմերին միավորում են տվյալ մասնագիտության կարիքներն ու գիտակցումը, որ այդ կարիքները պետք է արտացոլվեն կրթական ծրագրերում:
Նշեցի տնտեսության կազմակերպման ձեւի կարեւորության մասին, հետաքրքիր է, որ նույնիսկ Խորհրդային Միությունում այս համակարգը եղել է ու կիրառվել: Ճիշտ է, տնտեսությունը եղել է պլանային ու պետությունն է համակարգել բոլոր գործընթացները: Այսինքն, եղել է եւ՛ պատվիրող, եւ՛ իրականացնող կողմը:
Ավագ սերնդի փորձագետները կհիշեն, որ խորհրդային տարիներին բազմաթիվ գործարաններին կից եղել են ուսումնարաններ, որոնք պատրաստել են անհրաժեշտ մասնագետներին: ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսությունը, բնականաբար, փոխվեց ու հետխորհրդային երկրներին պետք էր հասկանալ՝ ինչպես կազմակերպել համագործակցությունը երեք մակարդակով արտահայտված օղակների միջեւ: Առաջին ու ամենաբարձր մակարդակը «մակրոն» է, որում ընդգրկված են պետությունն ու մասնավոր հատվածը ներկայացնող միավորումները՝ ասոցիացիաները, արհմիությունները կամ պալատները: Մյուս՝ «մեզո» մակարդակում, կրթական ծրագրերին մասնակցելու ցանկություն ունեցող մասնավոր ընկերություններն են: Վերջին՝ երրորդ մակարդակում, անմիջապես դասավանդողներն են երկու կողմից՝ ուսումնական հաստատություններից ու մասնավոր ընկերություններից:
Դուալ կրթական մոդելն ուսանողի տեսանկյունից
Ինչպես նշեցի, դուալ կրթական համակարգի դեպքում ուսանողն ավելի արագ է անցում կատարում աշխատաշուկա: Կարծես՝ առավելությունն ակնհայտ է:
Հայաստանում մասնագիտական կողմնորոշման լուրջ խնդիր ունենք, ճիշտ չի ներկայացվում յուրաքանչյուր կրթական մակարդակի նշանակությունն ու դերը: Երկար տարիներ «մոդայիկ» է եղել բարձրագույն կրթությունը, այն էլ՝ ընտրյալ հատուկ մասնագիտություններով: Արդյունքում ուսանողներն ավարտելուց հետո չէին կարողանում աշխատանք գտնել մասնագիտությամբ, քանի որ աշխատաշուկայի պահանջներն այլ էին: Հիմա այս միտումն ինչ-որ չափով փոխվում է:
Անցյալ տարի մեր գործընկերները հետաքրքիր հարցում են անցկացրել համալսարաններում: Տնտեսագիտական բլոկի ուսանողներին հարցրել են՝ ի՞նչ հմտություններ կցանկանային ունենալ: Շատերը պատասխանել են, որ ցանկանում են վարսահարդար կամ մատնահարդար դառնալ: Խնդիրն այն է, որ բուհն ավարտելուց հետո իրենք, հավանաբար, կգնան հենց այդ ուղղությամբ, սակայն ի սկզբանե այլ մասնագիտություն են ընտրել, գումար ու ժամանակ ծախսել: Դուալ կրթական մոդելի մեծագույն առավելությունն այն է, որ անմիջապես ուսման տարիներն ուսանողը գործնականում աշխատում է իր մասնագիտությամբ, ձեռք է բերում փորձ, հասկանում է՝ դա իրեն հետաքրքի՞ր է, թե՞ ոչ:
Հիմա քայլ առ քայլ աշխատում ենք նաեւ օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ, որպեսզի դեռ կրթության ընթացքում ուսանողը դառնա իրավաբանական անձ ու վարձատրվի: Սա առանձնահատուկ մեծ նշանակություն կունենա մարզերի համար, որտեղից երիտասարդները հիմնականում ստիպված են լինում գալ Երեւան, գումար ծախսել ու կրթության ավարտից հետո էլ, ամենայն հավանականությամբ, մնալ մայրաքաղաքում, քանի որ մարզում մասնագիտությամբ աշխատանք չկա: Փորձում ենք ապահովել այս ապակենտրոնացումը, քանի որ մարզերի հզորացումն ու մարզ-մայրաքաղաք միգրացիայի դադարը ռազմավարական նշանակություն ունեն:
2021թ.-ին մշտադիտարկում ենք իրականացրել 13 ծրագրի վերաբերյալ, որոնք իրականացվել են ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի շրջանակում: Պատկերը հետեւյալն էր՝ դուալ կրթական մոդելի ուսանողների 1/3-ն ավարտելուց հետո կամ, նույնիսկ, ուսումնառության ընթացքում աշխատանք է գտել, 1/3-ը միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո նույն մասնագիտությամբ ուսումնառությունը շարունակել է բուհերում եւ 1/3-ը մեկնել է պարտադիր զինվորական ծառայության:
Դուալ կրթությունը մասնավոր կազմակերպության տեսանկյունից
Նույնիսկ Գերմանիայում, որտեղ դուալ կրթական մոդելն ամենազարգացածներից է աշխարհում, այս գործընթացին մասնակցում է մասնավոր ընկերությունների միայն 30 տոկոսը: Սիրում եմ ասել, որ այս համակարգն ընտրյալների համար է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դուալ կրթությանը մասնակցում են այն կազմակերպությունները, որոնք հստակ գիտակցում են՝ իրենց զարգացումը կապված է մարդկային կապիտալի, երիտասարդ մասնագետների հետ, հետեւաբար՝ հենց իրենք պետք է կրթեն այդ մասնագետներին: Եթե չկա այս գիտակցումը, բավականին դժվար է «համոզել» ու կրթական գործընթացի մաս դարձնել կազմակերպությանը:
Եղել են դեպքեր, երբ ծրագրի մեկնարկից հետո մասնավոր կազմակերպությունը դուրս է եկել գործընթացից՝ նշելով, որ չի կարող այդքան ռեսուրս ծախսել: Այս առումով փորձում ենք որոշակի լուծումներ գտնել, որպեսզի ոչ մեկին չկորցնենք ճանապարհին: Այստեղ եւս անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կրթական գործընթացի մաս կազմող ընկերություններին առավելություններ տրվեն: Կարեւոր է նաեւ հանրության հետ ճիշտ աշխատել ու ներկայացնել ստացված արդյունքները:
Օրինակ բերեմ ՏՏ ոլորտից, որովհետեւ այստեղ եւս հետազոտություն ենք իրականցրել: Փորձել ենք պարզել՝ որքան գումար է ծախսում ուսանողն իր կրթության վրա ու հետագայում որքան գումար է ծախսում ընկերությունն այդ ուսանողի վերապատրաստման վրա, որպեսզի ստանա հենց այն մասնագետին, որի կարիքն ունի: Արդյունքում պարզել ենք, որ ընկերությունը վերապատրաստումների վրա ծախսում է բակալավրիատում ուսանողի 4 տարվա կրթության արժեքի 70 տոկոսին հավասար գումար: Այս դեպքում ավելի արդյունավետ չէ՞ միանգամից մասնակից դառնալ կրթական գործընթացին, ինչը թույլ կտա կրճատել թե՛ ծախսերը, թե՛ ժամանակը:
Բացի այդ, ուսանողը, հաճախելով տվյալ ընկերություն, ի սկզբանե դառնում է կորպորատիվ մշակույթի կրող, ծանոթ է լինում ընկերության սկզբունքներին ու արժեքներին: Տեղի է ունենում աշխատատեղի հարմարեցում:
Դուալ համակարգի մաս դառնալով՝ բարձրանում է նաեւ տվյալ կազմակերպության հեղինակությունը, քանի որ այն պետական մակարդակով դառնում է կրթական օղակ:
Դուալ կրթական համակարգի առավելությունները տնտեսության տեսանկյունից
Կարծում եմ՝ ՄԿՈՒ դուալ կրթական համակարգի ամենամեծ շահառուն երկրի տնտեսությունն է: Հստակ է, որ տնտեսության համար չափազանց կարեւոր են միջին օղակի աշխատակիցները: Հենց նրանք են տնտեսության շարժիչ ուժը: Օրինակ՝ Գերմանիայում, որն ունի զարգացած տնտեսություն, աշխատուժի 70 տոկոսը գալիս է միջին մասնագիտական կրթության ոլորտից:
Շատ կարեւոր է, որ տնտեսության զարգացման ռազմավարություններում պետական մակարդակով ընդգրկվի գիտակցումը, որ մարդկային կապիտալի զարգացումը գերակա խնդիր է բոլոր ոլորտների համար, հատկապես՝ Հայաստանում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նշեմ, որ բացի մասնավոր ընկերությունների համար որակյալ կադրեր կրթելուց, մենք շատ ենք կարեւորում նաեւ ինքնազբաղվածությունը: Համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի հետ՝ ներդրել ենք «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» ուսումնական մոդուլը, որը պարտադիր է բոլոր մասնագիտությունների համար: Ցանկանում ենք, որ ուսանողները, մասնագիտական գիտելիք ստանալով, կարողանան նաեւ «վաճառել» այն, մշակել բիզնես պլաններ եւ ուսումնական հաստատություններից դուրս գալ արդեն պատրաստի նախագծերով:
*«Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
*ՄԱՎԵՏԱ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետեւ մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով:
ՄԱՎԵՏԱ ծրագիրն աշխատում է դուալ կրթության մոտեցումը քաղաքական եւ ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դուալ կրթությունը ներդրվել է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղում (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջում (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում (Արմավիր) եւ ՀԱԱՀ-ի Երեւանի մասնաճյուղում:
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: