2025թ. նոյեմբերի 28-ին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել էին Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում եւ Հայաստանի Գյումրի քաղաքում՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլն անկացնելու նպատակով:
Ներկայացնում ենք 7 հարց ու պատասխան երկաթուղու մասին:
1. Ե՞րբ եւ ինչ նպատակով է կառուցվել երկաթուղին:
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսական կայսրությունը ստացավ Կարսի մարզի եւ Բաթումի տարածքները: Կարսը ռազմավարական առումով կարեւոր բերդաքաղաք դարձավ Օսմանյան կայսրության հետ սահմանին, եւ երկաթուղային հաղորդակցությունը անհրաժեշտ էր ռուսական ռազմական ներկայությունը ամրապնդելու համար:
Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)-Կարս երկաթուղային գծի կառուցման մասին որոշումը կայսերական կառավարությունը կայացրել էր 1895 թվականի մայիսին:
Շինարարությունը մեկնարկեց 1896 թվականին՝ ինժեներ Եվգենի Վուրցելի ղեկավարությամբ: 1899 թվականի փետրվարի 7-ին առաջին գնացքը Թբիլիսիից ժամանեց Ալեքսանդրապոլ: Նույն տարվա դեկտեմբերին ավարտվեց նաեւ Կարս տանող ճանապարհահատվածը:
1902 թվականին կառուցվեց Ալեքսանդրապոլ-Երեւան ճյուղը, իսկ 1906 թվականին երկաթուղային հաղորդակցությունը երկարացվեց մինչեւ Ջուլֆա՝ Իրանի հետ սահման, ինչը զգալիորեն ընդլայնեց տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունները:
2. Ի՞նչ փոխվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո:
Թուրքիայի տիրապետության տակ Կարսի անցումից հետո թուրքական տարածքում երկաթուղու մի մասը փոխվեց ռուսական լայն գծից (1520 մմ) ստանդարտ եվրոպական գծի (1435 մմ): Դա սահմանին բեռների վերաբեռնման անհրաժեշտություն առաջացրեց:
ԽՍՀՄ տարիներին Գյումրի-Կարս հատվածը եղել է Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ միակ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը:
3. Ինչպիսի՞ն էին փոխադրումների ծավալները:
1980-ականների կեսերին տարեկան փոխադրվում էր մոտ 65,000 տոննա բեռ, իսկ 1989 թվականին ծավալները հասան առավելագույն ցուցանիշին՝ մոտ 180,000 տոննա:
Ուղեւորափոխադրումները 1980-ականներին եւս ակտիվ էին: Մոսկվա-Դողուկապը երթուղով կանոնավոր ուղեւորափոխադրումներ էին կատարվում, եւ Լենինական (Գյումրի) կայարանը ամեն օր ընդունում էր մինչեւ 30 կազմ:
4. Ե՞րբ եւ ինչու դադարեց գործել երկաթուղին:
Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը եւ դադարեցրեց երկաթուղային հաղորդակցությունը 1993 թվականին՝ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ: Ախուրյան-Դողուկապը անցակետը կոնսերվացվեց:
5. Ի՞նչն այլընտրանք դարձավ եւ ի՞նչ էր ասում Ալիեւը:
2005 թվականին Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը ստորագրեցին Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր:
826 կմ ընդհանուր երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման հանձնվեց 2017 թվականի հոկտեմբերի 30-ին:
2025 թվականի հունվարին ելույթ ունենալով տրանսպորտային հարցերին նվիրված խորհրդակցությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, որ ԱՄՆ-ն դեմ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցմանը։
«Մենք մեծ դիմադրության բախվեցինք, երբ ցանկանում էինք իրականացնել այս նախագիծը: Հիմա կարող եմ խոսել այդ մասին։ Դրան հատկապես դեմ էին Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Պատճառը դարձյալ նրանց հայամետ քաղաքականությունն էր՝ իրենց կարծիքով, Հայաստանը դուրս էր մնում է այդ նախագծից։
Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ եւ վերջապես կարողացել ենք համաձայնության գալ։ Ես անձամբ բազմիցս քննարկել եմ այս հարցը ամերիկյան կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ ասել, որ նրանք չպետք է խոչընդոտներ ստեղծեն մեզ համար։ Դա մեզ համար ռազմավարական նախագիծ է, որը հետագայում կօգտագործեն այլ երկրներ, այդ թվում՝ նրանց դաշնակիցները։ Կյանքը ցույց տվեց, որ մենք, ինչպես միշտ, ճիշտ էինք։ Այսօր Եվրոպայում Ամերիկայի գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նկատմամբ։ Ընդհանրապես նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Կենտրոնական Ասիայից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ Ադրբեջանի տարածքով ապրանքներ տեղափոխելու հարցում։ Եթե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը չկառուցվեր, դա անհնար կլիներ»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։
6. Ի՞նչ էր ձեռնարկվել «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում:
2008 թվականին Գյումրի-Կարս երկաթուղու հայկական 12-կիլոմետրանոց հատվածում վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, որոնք սոսկ խորհրդանշական նշանակություն ունեին:
7. Որո՞նք են երկաթուղու վերագործարկման հեռանկարները:
2024 թվականի հուլիսին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը պայմանավորվել էին երկաթուղու տեխնիկական վիճակի համատեղ գնահատում անցկացնելու մասին:
2024 թվականի դեկտեմբերին Վալետայում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր.
«Մենք շարունակում ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ եւ իրականացնում որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջի, ինչպես նաեւ Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում»:
2025 թվականի սեպտեմբերին Ռուբինյանը եւ Քըլըչը հանդիպել էին Երեւանում եւ պայմանավորվել, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
Ակնհայտ է, որ Կարս-Գյումրի երկաթուղին կարող է վերագործարկվել միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք հաստատումից հետո:
Տարբեր գնահատականներով՝ երկաթուղու հայկական հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտ 1 տարի եւ շուրջ 30 մլն դոլար:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: