19 հարց ու պատասխան հայտարարագրվող եւ հարկվող եկամուտների մասին - Mediamax.am

513 դիտում

19 հարց ու պատասխան հայտարարագրվող եւ հարկվող եկամուտների մասին


Լուսանկարը` Getty Images



Մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024-ի հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025-ի մայիսի 1-ը ներառյալ։ Ներկայացնում ենք 19 հարց ու պատասխան, որի համար հիմք է ծառայել ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը:


1. Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման

Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե հայտարարատու եք եւ 2025-ին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր եւ բացի աշխատավարձից, ունեք նաեւ լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ, լրացնելով հայտարարագրում, որեւէ հարկային պարտավորություն չեք ունենա։  

2. Արդյո՞ք հայտարարագրման ենթակա է Ձեր անշարժ եւ շարժական գույքը

Ոչ, անշարժ եւ շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ․ եկամուտների տարեկան հայտարարագրում պետք է ներառել միայն 2024 հաշվետու տարում ստացած եկամուտները։  

3. Հայտարարագրման ենթակա՞ են ծախսերը

Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման: Պետք է հայտարարագրել միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։  

4. Արդյո՞ք պետք է հայտարարագրել բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները

Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետեւաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։

Պետք է հիշել՝ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024-ին Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։  

5. Սեփական հաշիվների միջեւ փոխանցումներն արդյո՞ք պետք է ներառել հայտարարագրում

Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ եւ հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ եւ չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։  

6. Եթե վճարային տերմինալից Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք գումար, արդյո՞ք պետք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում

Ոչ, եթե Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ եւ չպետք է ներառել հայտարարագրում։  

7. Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նաեւ ԱՁ-ի եկամուտները

Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ եւ հայտարարագրում չեն լրացվում։  

8. Եթե 2024-ին արտերկրից Ձեզ փոխանցվել է գումար, արդյո՞ք այդ գումարները պետք է ներառել հայտարարագրում

Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված/ստացվող եկամուտները։ Հետեւաբար, եթե արտերկրից փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024-ին արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։

9. Արդյո՞ք համավարկառուն վարկառուի հետ միասին պետք է հայտարարագրի ստացված վարկը

Ոչ, համավարկառուն 2024-ին ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։  

10. Հայտարարագրման ենթակա են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից եւ բաժնետոմսից ստացված եկամուտները

Այո, եթե 2024-ին ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից եւ բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառել հայտարարագրում։  

11. Եթե 2024-ին Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, դրանից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում

Այո, եթե Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու եւ 10% եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն: Եթե Դուք որեւէ հիմքով հայտարարատու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը եւ եկամտային հարկը։  

12. Եթե 2024-ին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է այդ եկամուտները ներառել հայտարարագրում

Այո, եթե այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառել այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ:  

13. Նվիրատվությունները պե՞տք է ներառվեն հայտարարագրում

Եթե 2024-ին որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով, ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

14. Արդյո՞ք պետք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները

Այո, եթե 2024-ին տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է ներառել հայտարարագրում, դրանք հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել՝ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։  

15. Եթե որեւէ մեկին տվել եք պարտքով գումար, վերադարձվող գումարը ենթակա՞ է հայտարարագրման

Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ եւ ենթակա չէ հայտարարագրման։  

16. Արդյո՞ք խնայողությունները ենթակա են հայտարարագրման

Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։  

17. Հայտարարագրում ներառե՞լ նպաստները, թոշակները, կրթաթոշակները եւ այլն

Այո, եթե 2024-ին ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ եւ այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն դրանք չեն հարկվում։  

18. Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում

Այո, եթե 2024-ին ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառել հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա չեն հարկման։  

19. Արդյո՞ք պետք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները

Այո, եթե 2024-ին ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառել հայտարարագրում, դրանք, սակայն, հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին