Մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024-ի հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025-ի մայիսի 1-ը ներառյալ։ Ներկայացնում ենք 16 հարց ու պատասխան, որոնց համար հիմք է ծառայել ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը:
1. Ովքե՞ր պետք է 2025-ին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր:
Բոլոր այն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք 2024-ի ընթացքում եղել են վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել են քաղաքացիաիրավական պայմանագրով, դրա շրջանակում ստացել եկամտահարկով հարկվող եկամուտ: Հայտարարագիր պետք է լրացնեն 2023-ի համար հայտարարագիր ներկայացրած, ինչպես նաեւ 2025-ին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ) ներառված քաղաքացիները:
2. Պե՞տք է ներկայացնել հայտարարագիր, եթե 2024-ին աշխատել եք մի քանի ամիս:
Հայտարարագիր պետք է ներկայացնել անգամ այն դեպքում, երբ 2024-ին աշխատել եք ընդամենը մեկ ամիս: Հայտարարագիրը պետք է ներկայացնել ողջ տարվա համար։
3. Եթե 2024-ին ներկայացրել եք հայտարարագիր, այս տարի եւս պե՞տք է ներկայացնել:
Եթե 2024-ին՝ 2023-ի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի եւս պետք է ներկայացնել, անգամ այն դեպքում, երբ 2024-ի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։
4. Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում եւ աշխատում եք Հայաստանում:
Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
ՀՀ ռեզիդենտ համարվելու համար պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր եւ ավելի փաստացի գտնվել Հայաստանում եւ (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն՝ Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաեւ ՀՀ-ում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:
5. Պե՞տք է ներկայացնել հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում եւ բնակվում եք արտերկրում:
Եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում եւ բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաեւ ՀՀ ռեզիդենտ։
6. Եթե 2024-ի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025-ին գտնվում եք արտերկրում, անհրաժե՞շտ է ներկայացնել հայտարարագիր:
Անգամ այն դեպքում, երբ 2024-ին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025-ին արտերկրում եք, ապա հայտարարագիր պետք է ներկայացնել, եթե համարվում եք նաեւ ՀՀ ռեզիդենտ։
7. Անչափահասները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր:
Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։
8. Եթե 2024-ի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնել հայտարարագիր:
Եթե 2024-ի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաեւ հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025-ին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։
9. Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե բնակվում եք ՀՀ-ում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում :
Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, աշխատավարձ ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնել հայտարարագիր։ Այդ եկամուտները ՀՀ-ում չեն հարկվի, եթե ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտահարկը 20% եւ ավելի է։ Այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտահարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարել Հայաստանում։
10. Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր:
Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացի եք եւ 2024-ի ընթացքում եղել եք վարձու աշխատող, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք:
11. Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն:
Եթե հաշվառված եք որպես անհատ ձեռնարկատեր, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Պարտավորություն կունենաք միայն, երբ 2024-ին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։
12. Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր:
Եթե գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա պետք է ներկայացնել հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։
13. Արդյո՞ք կենսաթոշակառուները, նպաստառուները, հաշմանդամության կամ զինվորական թոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր:
Կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ, երբ 2024-ի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաեւ վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել է հարկվող եկամուտ: Նույնը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, որոնց միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը:
14. Եթե իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր:
Եթե 2024-ի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք եւ ստացել եք հարկվող եկամուտ, ապա պետք է ներկայացնել հայտարարագիր։
15. Եթե 2024-ին ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, պե՞տք է հայտարարագիր ներկայացնել:
Եթե 2024-ին ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ, երբ միաժամանակ, եղել եք նաեւ վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: