7 փաստ Գուեկյանի, Թանգյանի եւ Այոմիի «Deconstruction» երգի մասին - Mediamax.am

exclusive
10679 դիտում

7 փաստ Գուեկյանի, Թանգյանի եւ Այոմիի «Deconstruction» երգի մասին


Լուսանկարը` Gibson

Լուսանկարը` Gibson

Սերժ Թանգյանի «Մեր լեռները» գեղանկարը
Սերժ Թանգյանի «Մեր լեռները» գեղանկարը

1.    ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Gibson Brands ընկերությունը հայտարարել է Gibson Band նախագծի մեկնարկի մասին:



Gibson Band-ը թողարկել է իր առաջին երգը՝ «Deconstruction», որի համահեղինակներն են Սեզար Գուեկյանը, Սերժ Թանգյանը եւ Թոնի Այոմին:

2.    ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

Սերժ Թանգյան

System of a Down խմբի երգիչ:

Թոնի Այոմի

Black Sabbath խմբի կիթառահար եւ հիմնադիր անդամ: Համարվում է աշխարհի լավագույն կիթառահարներից մեկը եւ heavy metal ոճի հիմնադիրը: 1989 թվականին մասնակցել է Rock Aid Armenia նախագծին, որի նպատակն էր աջակցել Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին:

Մեդիամաքս մեդիա-ընկերության եւ ավստրալիական Do Something կազմակերպության նախաձեռնած Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակում մասնակցել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցմանը:

Շինարարության համար միջոցներ հավաքագրելու նպատակով 2010 թվականին Deep Purple-ի երգիչ Իեն Գիլանի հետ հիմնել էր WhoCares սուպեռխումբը, որին միացել էին Iron Maiden խմբի թմբկահար Նիքո ՄքԲրեյնը, Metallica-ի նախկին բաս-կիթառահար Ջեյսոն Նյուսթեդը եւ Deep Purple-ի նախկին ստեղնահար Ջոն Լորդը:



Թոնի Այոմին Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակում երկու անգամ այցելել է Հայաստան՝ 2009 թվականի հոկտեմբերին եւ 2019 թվականի հունիսին:

2019-ին Թոնի Այոմին եւ Իեն Գիլանը Երեւանում մասնակցել են Rock Aid Armenia-ի 30 ամյակին նվիրված գալա-երեկոյին:



Սեզար Գուեկյան

Էլեկտրական կիթառներ արտադրող Gibson Brands ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն: Այդ պաշտոնում հաստատվել է 2023 թվականի հուլիսին:

Արգենտինահայ Սեզար Գուեկյանը Gibson-ին միացել է 2018 թվականին՝ համադրելով իր բիզնես կրթությունը երաժշտության եւ կիթառի հանդեպ երկարամյա կրքի հետ: Նա մեծ դեր է ունեցել Gibson-ի վերածննդի գործում՝ մշակելով նոր հաջող ռազմավարություն:
2020 թվականի պատերազմից հետո Սեզար Գուեկյանը աջակցել էր «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին:

2023-ի ամռանը մեկնաբանելով Գուեկյանի նշանակումը, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ասել էր. «Սեզարը վայրեջքի գնացող Gibson ապրանքանիշը վերածեց հաջողակ ընկերության: Նա հանդիպում էր երաժիշտների հետ, լսում էր մեր կարծիքները եւ իր շուրջը հիանալի թիմ ձեւավորում: Այսօր Gibson-ը մի ընկերություն է, որի հետ համագործակցելը հպարտություն է ինձ համար: Շնորհակալություն, Սեզար»։

Իսկ System of a Down-ի երգիչ Սերժ Թանգյանն ասել էր. «Սեզարը ոչ միայն հիասքանչ գործադիր տնօրեն է Gibson-ում, այլեւ մեծ արտիստ է եւ լավ ընկեր»:

3.    ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այս հոլովակում Սեզար Գուեկյանը պատմել է, թե ինչպես է ծնվել «Deconstruction» երգը:



Նա ասել է, որ ժամանակին մի քանի ռիֆ էր գրել եւ Բոէնոս Այրեսի իր ստուդիայում սկսել էր ձայնագրել դրանք:

«Նախնական գործիքային տարբերակը ստանալուց հետո ուղարկեցի այն իմ թանկագին ընկեր Սերժ Թանգյանին: Ես նրան վերաբերվում եմ որպես եղբոր, ուստի ասացի, որ եթե չհավանի երգը, միեւնույն է, եղբայրս կմնա: Սերժը սիրեց երգը եւ ասաց, որ կգրի բառերը: 24 ժամ հետո ինձ ուղարկեց երգը՝ իր վոկալով: Բառերի հիմքում Սերժի մտահոգությունն է այն ամենով, ինչ մենք անում ենք մեր մոլորակի հանդեպ:

Այնուհետեւ Թոնի Այոմինն ուղարկեցի այն, ինչ ստեղծել էինք Սերժի հետ: Թոնիին էլ ասացի, որ ինքն ասես կնքահայրս լինի ու եթե երգը չհավանի, միեւնույն է, կշարունակեմ իրեն կնքահայր համարել: Նա արձագանքեց եւ ասաց, որ հավանել է երգը եւ դրանում Սերժի ունեցած ներդրումը եւ պատրաստ է մասնակցել: Թոնին խնդրեց իրեն մեկ շաբաթ ժամանակ տալ, սակայն արդեն հաջորդ օրը հաղորդագրություն ուղարկեց եւ ասաց, որ ձայնագրել է իր սոլոն», - պատմել է Սեզար Գուեկյանը:

Նա ասել է, որ Gibson Band անվանումն առաջարկել է Սերժ Թանգյանը: Գաղափարի հիմքում այն է, որ նախագիծը կարող է շարունակական լինել եւ ապագայում համագործակցել այլ երաժիշտների հետ:

4.    ԿՏԱՎԸ, ՀԱՏՈՒԿ ԿԻԹԱՌԸ ԵՎ ԱՃՈՒՐԴԸ

«Deconstruction» երգի շապիկի հիմքում Սերժ Թանգյանի «Մեր լեռները» գեղանկարն է, որը նա նկարել է հատուկ այս նախագծի համար:

Սերժ Թանգյանի «Մեր լեռները» գեղանկարը Սերժ Թանգյանի «Մեր լեռները» գեղանկարը


Կտավը եւ Gibson Les Paul Standard կիթառը, որի վրա պատկերված է հատված «Մեր լեռներից», դեկտեմբերի 8-ից 18-ը կհանվեն աճուրդի այս հղումով.

https://www.julienslive.com/auctions/catalog/id/515:

5.    ՆՊԱՏԱԿԸ

«Deconstruction» երգի վաճառքից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաեւ կտավի եւ կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերվելու է «Հայաստան» հիմնադրամին` Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար:

Լուսանկարը` Gibson


«Շատ երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ես եւ Սերժը սփյուռքահայ ենք, ուստի անմիջապես որոշեցինք, որ ցանկանում ենք «Deconstruction»-ը նվիրվի հայերին», - ասել է Սեզար Գուեկյանը:

«Հայերը հիանալի մարդիկ են. սա մեծ հաճույք է, մեծ նախաձեռնություն, եւ ես շատ ուրախ եմ ներգրավված լինել»,- ասել է Թոնի Այոմին:

6.    ԷՌՆԵԿՅԱՆԸ ԵՒ «ԿՈՐՊՈՐԱՍԻՈՆ ԱՄԵՐԻԿԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Արգենտինահայ Էռնեկյան ընտանիքը Corporación America հիմնադրամի միջոցով կրկնապատկելու է հավաքված ողջ հասույթը:

7.    ԱՅՈՄԻԻ ԵՎ ԹԱՆԳՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Deconstruction»-ը Սերժ Թանգյանի եւ Թոնի Այոմիի երկրորդ համագործակցությունն է:

2000 թվականին Black Sabbath-ի կիթառահարը թողարկել առաջին սոլո-ալբոմը, որի Patterns երգի վոկալիստը Սերժ Թանգյանն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին