2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին գագաթնաժողովը, որի գլխավոր իրադարձություններից մեկը կարող է լինել Թուրքիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը։
1. Ո՞ւմ նախաձեռնությունն է:
2022 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը առաջարկել էր ստեղծել նոր քաղաքական միություն, որում կարող են ընդգրկվել ԵՄ-ից դուրս գտնվող երկրները, օրինակ՝ Ուկրաինան։
«Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը կտեւի մի քանի տարի, իսկ իրականում, միգուցե, մի քանի տասնամյակ»,- ասել էր Մակրոնը։
«Եվրամիությունը, հաշվի առնելով ինտեգրման մակարդակը եւ ձգտումները, կարճաժամկետ հեռանկարում չի կարող եվրոպական մայրցամաքի կառուցվածքայնացնելու միակ միջոցը լինել: Մենք պետք է ճանապարհ գտնենք մտածելու մեր Եվրոպայի, մեր միասնության, կայունության մասին՝ չթուլացնելով ԵՄ ներսում կառուցված մտերմությունը»,- ասել էր Մակրոնը։
«Ես դա կանվանեի Եվրոպական քաղաքական համայնք»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը։ Նրա խոսքով, նման կազմակերպությունը «թույլ կտա եվրոպական ժողովրդավարություններին, որոնք հավատարիմ են մեր հիմնարար արժեքներին, նոր հարթակ գտնել քաղաքական համագործակցության համար, ինչպես նաեւ անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, ենթակառուցվածքների եւ մարդկանց տեղաշարժի ոլորտներում»:
Լուսանկարը` REUTERS
2022 թվականի հունիսի վերջին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկել էին Մակրոնի առաջարկը եւ պայմանավորվել էին առաջ տանել այն։
2. Ովքե՞ր են մասնակցելու Պրահայի գագաթնաժողովին։
ԵՄ-ի 27 անդամ-երկրների եւ ԵՄ անդամ չհանդիսացող 17 երկրների առաջնորդներ՝ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Վրաստանի, Իսլանդիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Շվեյցարիայի եւ Թուրքիայի:
3. Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը։
Հայաստանի իշխանությունները հրապարակային կերպով չեն մեկնաբանել «Եվրոպական քաղաքական համայնք» ստեղծելու Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: