Կենսաբանական անվտանգության հուշագրի հայ-ռուսական ոդիսականը - Mediamax.am

exclusive
8345 դիտում

Կենսաբանական անվտանգության հուշագրի հայ-ռուսական ոդիսականը


Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը
Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


2022թ. մարտի 9-ից ռուսաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն հաղորդում են Ուկրաինայում ԱՄՆ աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաների մասին՝ շեշտելով, որ նման կառույցներ գործում են նաեւ հետխորհրդային այլ երկրներում, մասնավորապես, Հայաստանում:

2018-2020 թվականներին այդ հարցն իսկապես քննարկման առարկա էր դարձել երկկողմ հարաբերություններում, սակայն հաղորդումներում չի նշվում, որ կողմերը հուշագիր են ստորագրել՝ փաստացի փակելով թեման:

1.    Ի՞նչ էր ասել Լավրովը:

2018թ. դեկտեմբերի 17-ին ռուսաստանյան լրատվամիջոցները վկայակոչել էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Երեւանն ու Մոսկվան կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված տարբերակում Լավրովի խոսքերը մեջբերված էին այսպես.

«Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի պատրաստումը, որը կերաշխավորի այն, որ օտարերկրյա զինվորականները ներկա չեն լինելու այդ կենսաբանական լաբորատորիաներում»:

2.    Ի՞նչ էին պատասխանել Երեւանից:

Նույն օրը, 2018թ. դեկտեմբերի 17-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր.

«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում:
Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Երեք օր անց, 2018թ. դեկտեմբերի 20-ին, Աննա Նաղդալյանն ասել էր, որ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները կրում են քաղաքացիական բնույթ:

«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում քննարկումների մի մասն է կազմում: Երկխոսություն կա այս հարցի շուրջ, սակայն այդ լաբորատորիաները Հայաստանինն են, որտեղ աշխատում են հայ մասնագետներ։ Այստեղ ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Աննա Նաղդալյանը:

3.    Ի՞նչպես էր Փաշինյանը մեկնաբանել Կարասինի եւ Լավրովի հայտարարությունները

2018թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ռուսաստանի ԱԳ նախարարության պետքարտուղար Գրիգորի Կարասինին, որը հույս էր հայտնել, թե Հայաստանի նոր ղեկավարությունը «քաջություն կգտնի՝ դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը»:

«Ես անպայման առիթը կօգտագործեմ եւ մեր ռուս գործընկերներից կփորձեմ ճշտել, թե ինչի վրա է հիմնված նրանց տեղեկությունները։ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն ու այդպես էլ շարունակելու է»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել էր նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Երեւանն ու Մոսկվան համաձայնագիր են նախապատրաստում, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում:

«Նման պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, իսկ մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի հետ այդպիսի թեմայով հարց չենք քննարկել։ Անհրաժեշտ է պարոն Լավրովից ավելի մանրամասն տեղեկանալ, թե նա ինչ նկատի ունի»,- ասել էր Փաշինյանը:

4.    Ի՞նչ էին ասում կողմերը հուշագրի մասին:

2019 թվականի նոյեմբերի 11-ին Սերգեյ Լավրովը Երեւանում ասել էր, որ կենսաբանական անվտանգության ոլորտում Հայաստանի եւ Ռուասաստանի համագործակցության հուշագրի տեքստը պատրաստ է ստորագրման:

Նա նշել էր, որ հուշագիրը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք գործել ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:

«Հուշագիրը ներկայում համաձայնեցման փուլ է անցնում երկու երկրների համապատասխան գերատեսչություններում»,- ասել էր Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում:

Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Վերջինս էլ հավելել էր, որ դեռեւս վաղ է խոսել հուշագրից բխող գործընթացի մասին, «սակայն փաստաթուղթը հնարավորություն կտա համախմբել Հայաստանի ներուժը կենսաբանական անվտանգության ոլորտում՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ»:

Գրեթե կես տարի անց, 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր.

«ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:

ՀՀ եւ ՌԴ միջեւ «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի եւ, առավել եւս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»:

5.    Ի վերջո հուշագիրը ստորագրվե՞ց:

Այո, բայց միայն 2021 մայիսի 6-ին:

Այդ օրը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը եւ Սերգեյ Լավրովը Երեւանում ստորագրեցին ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:
Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Հուշագրով նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

Ըստ Sputnik-ի, հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին