2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը Կրեմլում ստորագրեցին ՌԴ եւ Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:
1. Արդյո՞ք ճիշտ է, որ Մոսկվան եւ Բաքուն պայմանավորվել են միմյանց ռազմական օգնություն տրամադրել:
«Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, որը համապատասխանում է ազգային շահերին եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասվում է փաստաթղթում։
Մոսկվան եւ Բաքուն իսկապես պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն տրամադրել:
«Անվտանգությունն ապահովելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- ասված է հռչակագրի տեքստում։
2. Ե՞րբ են կողմերը անհապաղ խորհրդակցություններ վարելու:
«Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի ծագման դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաեւ նման իրավիճակի վտանգի դեպքում՝ դրա կարգավորման նպատակով»,- նշվում է հռչակագրում։
Լուսանկարը` REUTERS
Կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, երկրներից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը եւ դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք «արտաքին գործերի նախարարությունների միջոցով ստեղծում են խորհրդակցությունների մշտական մեխանիզմ»։
3. Ո՞ւմ գործունեությունն են կասեցնելու Մոսկվան եւ Բաքուն:
«Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը իրենց տարածքներում վճռականորեն կասեցնում են կազմակերպությունների եւ անհատների գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է փաստաթղթում։
4. Ինչպես են կողմերը պայքարելու ահաբեկչության դեմ:
«Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաեւ անվտանգության այլ նոր մարտահրավերների դեմ պայքարելու եւ չեզոքացնելու համար»,- ասվում է փաստաթղթում։
5. Ի՞սկ տնտեսության ոլորտում:
«Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը զերծ կմնան ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց, որն ուղղակի կամ անուղղակի վնաս կհասցնի մյուս կողմի շահերին»,- ասվում է փաստաթղթում։
Լուսանկարը` REUTERS
Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են նաեւ համագործակցել տնտեսական բարեփոխումների իրականացման եւ փոխգործակցության խորացման, ստանձնած բոլոր պարտավորությունների համաձայն բարենպաստ պայմաններ ստեղծելու ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի համար։
«Կողմերը կդիտարկեն ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: