Թինի Քոքս՝ ԵԽԽՎ նոր նախագահը, ում Ադրբեջանը «հայամետ» ու «սորոսական» է համարում - Mediamax.am

exclusive
4240 դիտում

Թինի Քոքս՝ ԵԽԽՎ նոր նախագահը, ում Ադրբեջանը «հայամետ» ու «սորոսական» է համարում


Թինի Քոքսը
Թինի Քոքսը

Լուսանկարը` binnenlandsbestuur.nl


2022 թվականի հունվարի 24-ին 68-ամյա հոլանդացի քաղաքական գործիչ Թինի Քոքսն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կնախընտրեր այս պաշտոնում տեսնել մեկ ուրիշին։

1. Ի՞նչ էր ասել Քոքսը Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ:

Ելույթ ունենալով 2012 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ նիստում, Թինի Քոքսը Բաքվից պահանջել էր վերանայել իր գործողությունները Ռամիլ Սաֆարովի նկատմամբ, որը վերադարձվել էր Ադրբեջան Հունգարիայից, որտեղ ցմահ ազատազրկված էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար։

«Այն, ինչ տեղի ունեցավ Սաֆարովի գործում, միանգամայն անընդունելի է։ Վերադարձից հետո նրան ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահի կողմից, ով,
իմ կարծիքով, խախտեց Ստրասբուրգի կոնվենցիան։ Նա ասում է, որ դա իբր թույլատրված է 12-րդ հոդվածով, բայց կարծում եմ՝ դա պետք է դիտարկել որպես Ստրասբուրգի կոնվենցիայի էության ակնհայտ խախտում։ Դա օրենքի գերակայության բացահայտ խախտում է։ Այն երկրները, որոնք վավերացնում են Կոնվենցիան, իսկ հետո անում են մի բան, որը չի համապատասխանում օրենքի ոգուն, խախտում են այդ կոնվենցիան»,- ասել էր Քոքսը:

2. Ի՞նչ էր ասել Քոքսը Պեդրո Ագրամունտի շուրջ սկանդալի մասին:

2017 թվականի սեպտեմբերին, երբ միջազգային լրագրողական հետաքննությունը պարզեց, որ ԵԽԽՎ մի շարք անդամներ, այդ թվում՝ Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը, միջոցներ էին ստանում ադրբեջանցի լոբբիստներից, Թինի Քոքսը, որն այն ժամանակ Ձախերի Միացյալ եվրոպական խմբի ղեկավարն էր, ասել, որ «մեր վեհաժողովի մեծամասնությունը կորցրել է վստահությունը նախագահի նկատմամբ»։

3. Ինչում էին մեղադրում Քոքսին, եւ ինչ կապ ուներ Ջորջ Սորոսը:

2017 թվականի ապրիլին Բրյուսելում տեղակայված եւ Ադրբեջանի շահերը սպասարկող ESISC (European Strategic Intelligence and Security Center) կենտրոնը հրապարակել էր The Armenian connection զեկույցը, որում Թինի Քոքսին անվանել էր «Հայաստանի շահերը պաշտպանող» ԵԽԽՎ-ի «առանցքային» անդամներից մեկը։

Ավելին, զեկույցում նշվում էր, որ Քոքսը եւ մի քանի այլ պատգամավորներ իբր առաջ են մղում ԵԽԽՎ-ում «Ջորջ Սորոսի ցանցի» շահերը, եւ Ադրբեջանը, Ռուսաստանը ու Թուրքիան դարձել էին նրանց «առաջին զոհերը»։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին