Եվրամիության նոր ղեկավարներն ու Հայաստանը - Mediamax.am

exclusive
21491 դիտում

Եվրամիության նոր ղեկավարներն ու Հայաստանը


Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը Երեւանում 2018թ. հոկտեմբերին
Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը Երեւանում 2018թ. հոկտեմբերին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ժոզեփ Բորելը եւ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում 2005 թվականին
Ժոզեփ Բորելը եւ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում 2005 թվականին

Լուսանկարը` Եվրոպական խորհրդարան

Ուրսուլա ֆոն դեր Լյաենը` հայ խաղաղապահների հրամանատարի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լյաենը` հայ խաղաղապահների հրամանատարի հետ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Հուլիսի 2-ին Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ ԵՄ անդամ-երկրների ղեկավարները համաձայնության են եկել Եվրամիության նոր ղեկավարների թեկնածուների հարցում: 



Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանին առաջարկվելու է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատել գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լյաենին, Եվրոպական Խորհրդի նախագահի պաշտոնում՝ բելգիացի Շառլ Միշելին, իսկ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում՝ իսպանացի Ժոզեփ Բորելին:



Մեդիամաքսը ներկայացնում է, թե ինչ առնչություններ են ունեցել նրանք Հայաստանի հետ:

 

Ուրսուլա ֆոն դեր Լյաենը

 

61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը 2013 թվականից զբաղեցնում է Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը:

 

2015 թվականի դեկտեմբերի 7-ին Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Աֆղանստանում այցելել էր Գերմանիայի հրամանատարության տակ գտնվող Հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին:

 

Ուրսուլա ֆոն դեր Լյաենը` հայ խաղաղապահների հրամանատարի հետ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը` հայ խաղաղապահների հրամանատարի հետ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

 

Գերմանիայի պաշտպանության նախարարը զորախմբի հրամանատարին եւ անձնակազմի անդամներին շնորհակալություն էր հայտնել համատեղ ծառայության եւ համագործակցության համար: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ Հայաստանը  վստահելի գործընկեր է:

 

Շառլ Միշելը

 

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը Հայաստան էր այցելել 2018 թվականի հոկտեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում:

 

Հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում Շառլ Միշելին համարում են հայ ժողովրդի բարեկամը նրա գործունեության եւ վերաբերմունքի համար:

 

Շառլ Միշելը նշել էր, որ գագաթնաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակով Հայաստանը դարձել է ֆրանկոֆոն երկրների հավաքատեղի` իր վրա կենտրոնացնելով միջազգային հանրության ուշադրությունը:

 

Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը Երեւանում 2018թ. հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը Երեւանում 2018թ. հոկտեմբերին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

 

Այցի ընթացքում Շառլ Միշելը այցելել էր Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան:

 

Դրանից երեք տարի առաջ Թուրքիան խիստ քննադատության էր ենթարկել Շառլ Միշելին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: «Բելգիայի վարչապետի հայտարարությունը անհամատեղելի է պատմական փաստերի հետ եւ անհամադրելի է միջազգային իրավունքի հետ», - ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: 

 

Հանդես գալով Բելգիայի խորհրդարանում, Շառլ Միշելն ասել էր, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը պետք է «դիտարկվի իբրեւ Ցեղասպանություն»:

 

Ժոզեփ Բորելը 

 

2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում կայացել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեփ Բորելի հանդիպումը։

 

Զոհրաբ Մնացականյանը ընդգծել էր Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների զարգացման առումով: 

 

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

 

2004 թվականի դեկտեմբերին Ջոզեփ Բորել զբաղեցնում էր Եվրոպական Խորհրդարանի նախագահի պաշտոնը: Մեկնաբանելով Եվրոպական Խորհրդարանի կոչը Թուրքիային` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին, նա ասել էր. 

 

«Մենք միայն ճանաչում ենք որոշակի պատմական դեպքերը եւ չենք հայտարարում, որ դրանց ճանաչումը նախապայման է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու համար»:

 

2005 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Բրյուսելում հանդիպելով Հայաստանի նախագահի Ռոբերտ Քոչարյանին, Եվրոպական Խորհրդարանի նախագահ Ջոզեփ Բորելն ասել էր, Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի  ապաշրջափակման հարցը պետք է քննարկվի Թուրքիայի` Եվրոպական Միությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում:

 

Ժոզեփ Բորելը եւ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում 2005 թվականին Ժոզեփ Բորելը եւ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում 2005 թվականին

Լուսանկարը` Եվրոպական խորհրդարան

 

Պատասխանելով Մեդիամաքսի հատուկ թղթակցի հարցին` նա հիշեցրել էր, որ վերջերս ընդունված բանաձեւոմ Եվրոպական Խորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ բացել Հայաստանի հետ սահմանը: Բացի այդ, նշել էր նա, Եվրոպական Խորհրդարանը մինչ այդ նույնպես «վճռականորեն եւ համառորեն հայտարարել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին» 

 

Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Ջոզեփ Բորելն ասել էր նաեւ, որ Եվրոպական Խորհրդարանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ Գործողությունների ծրագրի վերաբերյալ բանակցությունները սկսվեն անհապաղ եւ չկապվեն Կիպրոսի հետ Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների հետ: 

 

«Շատ տարօրինակ կլինի, եթե Հայաստանի հետ բանակցությունները արգելակվեն Կիպրոսի եւ Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Հյուսիսային Կիպրոսից Բաքու իրականացված ուղիղ ավիաչվերթից հետո», - ասել էր Բորելը: 

 

Եվրոպական Խորհրդարանի նախագահն ասել էր նաեւ, որ Հայաստանում համազգային հանրաքվեի ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը «իրական առաջընթաց կապահովի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»:

 

Բորելի խոսքերով, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը թույլ կտա լավագույնս ապահովել հավասարակշռության պահպանումը Հայաստանի իշխանական ճյուղերի միջեւ:

 

Պատրաստել է Արա Թադեւոսյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին