Տարկովսկու օրագրից՝ «անպետք հայերը», «հաճելի Սոսը» և «խորհրդավոր» Արայիկը - Mediamax.am

exclusive
777 դիտում

Տարկովսկու օրագրից՝ «անպետք հայերը», «հաճելի Սոսը» և «խորհրդավոր» Արայիկը


Անդրեյ Տարկովսկին
Անդրեյ Տարկովսկին
Անդրեյ Տարկովսկին
Անդրեյ Տարկովսկին
Սոս Սարգսյանը՝ Գիբարյանի դերում
Սոս Սարգսյանը՝ Գիբարյանի դերում
Տոնինո Գուեռան եւ Անդրեյ Տարկովսկին
Տոնինո Գուեռան եւ Անդրեյ Տարկովսկին

«Прожито» նախագծի կայքում հրապարակում են հայտնի մարդկանց եւ «հասարակ մահկանացուների» օրագրերը։

Ուսումնասիրելով կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու օրագիրը՝ առանձնացրել ենք Հայաստանին ուղղակի կամ անուղղակի առնչվող մի քանի գրառումներ։

ԲԱԳՐԱՏԸ ԵՎ «ՀՆՁԱՆԸ»

Հայաստանի եւ Երեւանի մասին առաջին գրառումը արվել էր 1972 թվականի փետրվարի 21-ին։

Տարկովսկին գրում է.

«Ռոմանովը չի ընդունում ֆիլմը, չի ստորագրում ակտը, համարում է, որ ես ոչ մի փոփոխություն չեմ արել: Սիզովը սպասում է ինձ հինգշաբթի օրը եւ հավանաբար դրդելու է փոփոխություններ անելու: Ի՞նչ փոփոխություն։ Նորից սկսվում է «Ռուբլյովի» ոճով էպոպեան:

Երեկոյան Բագրատն էր զանգահարել Երեւանից: Ասում էր, որ կիրակնօրյա «L'Humanite»-ում ռեպորտաժ կա Լուի Արագոնի տարեդարձի կապակցությամբ նրան մեծարելու մասին եւ նա իբր ասել է, որ երկու սիրված ֆիլմ ունի։ Մեկը Գոդարի «Պյեռո-խենթն» է, մյուսը՝ «Ռուբլյովը»։ Պետք է գտնել այդ թերթը եւ կարդալ»:

1972 թվականին Ալեքսեյ Ռոմանովը ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից կինեմատոգրաֆիայի կոմիտեի նախագահն էր (նույն թվականին նա նշանակվեց «Սովետսկայա կուլտուրա» թերթի գլխավոր խմբագիր)։ Ֆիլմը, որի մասին գրում է Տարկովսկին, «Սոլյարիսն» է։


Բագրատի մասին կարդում ենք Վիկտոր Ֆիլիմոնովի «Անդրեյ Տարկովսկի. երազներ եւ իրականություն տան մասին» գրքում.

«1972-ի գարնանը Տարկովսկին կնոջ հետ մեկնում է Երեւան։ Նա հայ սկսնակ ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Տտիպ խաղող» («Հնձան») ֆիլմի գեղարվեստական ղեկավարն է։


Բագրատ Հովհաննիսյանը (1929–1990) նրա պրակտիկանտն էր «Սոլյարիսում» եւ «Ռուբլյովում», նկարահանվել էր երկրորդական դերերում։ Սկսնակ գործընկերոջ աշխատանքը Տարկովսկուն անհաջող է թվում, թեեւ պատրաստի ֆիլմից (1974 թ.) պարզ երեւում է, թե ինչպես է դեբյուտանտը փորձում համապատասխանել վարպետի պահանջներին։


Առօրյա սեւ-սպիտակ թիկունքային կյանքի զուսպ վավերագրական ոճը, որը հանգուցալուծվում է փոքրիկ հերոսի երեւակայության ավարտական թռիչքով: Նրա երազանքներում գյուղի զոհված ու հաշմանդամ տղամարդիկ հրեշտակային սպիտակ վերնաշապիկներով հավաքվում են հնձանում՝ խաղողից գինի սարքելու։ Ինչպես Ռուբեն Հովսեփյանի սցենարում, այնպես էլ Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմում ակնհայտորեն երեւում է Տարկովսկին իր «Հայելի» ֆիլմով: Նա նաեւ հրավիրել էր իր մոնտաժոր Լյուդմիլա Ֆեյգինովային»։

«ԱՆՊԵՏՔ» ՀԱՅԵՐԸ ԵՎ «ՀԱՃԵԼԻ» ՍՈՍԸ

Տարկովսկու օրագրում հաջորդ «հայկական» գրառումը արվել է 1972 թվականի ապրիլի 2-ին։

«Զանգահարել է Թամարա Գեորգիեւնան։ Նա պնդում է, որ Սիզովը «Սոլյարիսին» ուղարկում է Կանն։ Հնարավոր է, որ այդպես էլ լինի։ Մենք պետք է շուտ սկսենք հաջորդ ֆիլմը։ Հետո պետք է գնամ Երեւան: Ամեն դեպքում, պետք է արագ նոր ֆիլմ սկսեմ, որպեսզի առանց եկամուտի չմնամ»։

1972 թվականի մայիսի 7-ին Տարկովսկին գրում է.

«Լարիսայի հետ Երեւանում էինք։ Բագրատը ինչ-ոչ մութ գործեր է բռնել։ Չի հասցնում սկսել նկարահանումներ։ Ձանձրացել եմ հայերից, մի տեսակ անպետք են։ Սոսը շատ հաճելի է: 10-ին թռչում եմ Փարիզ։ 13-ին «Սոլյարիսի» պրեմիերան է Կաննում։ Այնքան էլ չեմ հավատում, որ ինչ-որ մրցանակ կլինի։
Սոս Սարգսյանը՝ Գիբարյանի դերում Սոս Սարգսյանը՝ Գիբարյանի դերում


Վոլոդյա Վիսոցկին առաջարկում է սեպտեմբերին գնալ Ֆրանսիա՝ Մարինայի մոտ։ Գուցե եւ իմաստ ունի»:

Ամենայն հավանականությամբ, հենց այս գրառման հիման վրա Վիկտոր Ֆիլիմոնովը Տարկովսկու կենսագրության մեջ գրում է.


«Վարպետը ձանձրանում է հայերից, իրեն ուրախացնում է միայն Սոս Սարգսյանը՝ Գիբարյանի դերակատարը «Սոլյարիսում»: Նա այստեղ (Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմում՝ Մեդիամաքս) խաղացել է փոքրիկ հերոսի հորեղբորը, որը ոտքերը կորցրել է պատերազմում»։

ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱՆ

Հաջորդ անգամ Տարկովսկին իր օրագրերում Հայաստանը հիշատակում է 1976 թվականին։

1976 թվականի սեպտեմբերի 7-ին նա գրում է.

«10-ից 15-ի արանքում ես եւ Լարիսան Մոսկվա կգնանք, պետք է տեսնենք ֆիլմի տնօրենին։ Հետո Երեւանից կգա Տոնինո Գուեռան եւ Անտոնիոնին, գուցե ինչ-որ բան որոշվի Իտալիա մեկնելու հետ կապված»:


Ֆիլիմոնովն այսպես է նկարագրում Գուեռայի եւ Տարկովսկու համագործակցությունը.

«Ստալկերից» հետո Տարկովսկին տարբեր պատրվակներով հրաժարվում է աշխատել «Մոսֆիլմում»: 1979 թվականի գարնանից, երբ Անդրեյը հայտնվում է Իտալիայում, նա եւ Տոնինո Գուեռան սկսում են աշխատել ապագա «Նոստալգիայի» սցենարի վրա: Հիմքում ռուս ճորտ կոմպոզիտոր Մաքսիմ Բերեզովսկու պատմությունն է։ Գուեռան առաջարկում է ֆիլմը նկարահանել Իտալիայում՝ վստահ լինելով, որ իտալական հեռուստատեսությունը (RAI) կկարողանա գումար հայթայթել։

1970-ականների կեսերին Գուեռան արդեն, ըստ էության, ոչ միայն իտալական, այլեւ համաշխարհային կինոյի դասական էր: Նա Միքելանջելո Անտոնիոնիի բազմաթիվ ֆիլմերի սցենարների հեղինակն էր եւ Ֆելինիի «Ամարկորդի» սցենարի համահեղինակը։
Տոնինո Գուեռան եւ Անդրեյ Տարկովսկին Տոնինո Գուեռան եւ Անդրեյ Տարկովսկին


Գուեռան տասներկու տարով մեծ էր Տարկովսկուց։ Ծագումով գյուղացի՝ նա վերապրել էր պատերազմն ու համակենտրոնացման ճամբարը։ Նրա եւ Անդրեյի ստեղծագործական խառնվածքները նույնպես տարբեր էին։ Եթե Տոնինոյին շատերը համարում էին Վերածննդի տիպի անձնավորություն, ապա Անդրեյն ավելի մոտ էր միջնադարյան արվեստագետի տեսակին։ Սակայն նրանց մարդկային ու ստեղծագործական նախասիրություններում նաեւ նմանություններ կային։ Օրինակ՝  խորը ձգտումը դեպի բնությունը, դեպի հողը»։

ԱՐԱՅԻԿԸ ԵՎ ԱՐԾԱԹԵ ԳՈՏԻՆԵՐԸ

Հաջորդ «հայկական» գրառումը Տարկովսկին անում է 4 տարի հետո:

1980 թվականի հունվարի 15-ին նա գրում է.

«Արայիկը Երեւանից բերել է չորս արծաթյա գոտի (գինը՝ 1950 ռուբլի)։

Շատ գեղեցիկ են․

վրացականը՝ 600

պարսկականը (դաղստանյանը)՝ 600

մեկ այլ դաղստանյանը՝ 500

հայկականը՝ 250»։

Այս գրառումից այնքան էլ պարզ չէ՝ ի՞նչ նպատակով են բերվել գոտիները եւ ով է դրանց համար վճարել։

Արայիկի մասին կարդում ենք Վիկտոր Ֆիլիմոնովի մոտ։ Նա գրում է, որ «Ստալկերի» նկարահանումների ժամանակ ֆիլմի նկարահանման հրապարակը դարձել էր ռեժիսորի կնոջ՝ Լարիսա Պավլովնայի «կալվածքը»։
Անդրեյ Տարկովսկին Անդրեյ Տարկովսկին


««Հայֆիլմ» կինոստուդիայից որպես պրակտիկանտ եւ ստաժոր ուղարկել էին ոմն Արայիկ Ահարոնյանին, որն ավարտել էր ռեժիսորի օգնականների կուրսեր։ Նա վայելում էր Լարիսա Պավլովնայի առանձնահատուկ վստահությունը՝ հանդես գալով նրա «արքունիքի մատակարարի» դերում՝ անհստակ գործառույթներով։ Արդյունքում  նա ստացավ երկրորդ ռեժիսորի պաշտոնը, սակայն մի քանի օր անց «գահընկեց» արվեց պրոֆեսիոնալ անպիտանության համար: Նրա տեղը զբաղեցրեց Լարիսան, իսկ Ահարոնյանը ֆիլմի տիտրերում հավերժացավ որպես ռեժիսոր-ստաժոր: Տարկովսկիների ընտանեկան շրջապատում Արայիկը 1980-ականներին հաստատուն տեղ ուներ»։

1980 թվականի հունվարի 26-ին Տարկովսկին գրում է, որ «1500 ռուբլի ստացա Երեւանից՝ Արայիկի եղբորից»։ Նույն գրառման մեջ նա նշում է, որ Արայիկին հատկացրել է 60 ռուբլի Կազան մեկնելու համար տոմսեր գնելու համար։

«ԱՆՏԱՂԱՆԴ» ԱՐԱՅԻԿԻ ԶՐՈՒՅՑԸ ԲՐԵԺՆԵՎԻ ԴՍՏԵՐ ՀԵՏ

1981 թվականի հունիսի 30-ին Անդրեյ Տարկովսկին գրում է.

«Զանգել էր խեղճ Արայիկը, Երեւանից։ Ամեն ինչ նկարահանել է։ Պատկերացնում եմ։ Նա ուզում է համառությամբ հաղթահարել անտաղանդությունը։ Միշտ խղճում եմ մարդկանց, ովքեր զբաղվում են ոչ իրենց գործով։ Նա պետք է ադմինիստրատոր լիներ»:

Իսկ 1981 թվականի հուլիսի 23-ի գրառման մեջ Տարկովսկին գրում է Արայիկ Ահարոնյանի եւ ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւի դստեր զրույցի մասին.

«Արայիկը խոսել է Գալյա Բրեժնեւայի հետ: Նա արդեն ուզում էր հոր հետ խոսել Անդրյուշկայի մասին (ռեժիսորի որդու, որին նա ցանկանում էր իր հետ տանել Իտալիայի նկարահանումների՝ Մեդիամաքս), բայց պարզվեց, որ նա Մոսկվայում կլինի սեպտեմբերի կեսերին։ Կարծում եմ, որ պայմանագիրը ստորագրելուց հետո (Աստված տա՛) ամեն ինչ կփոխվի նաեւ Անդրյուշկայի հարցում»։
Անդրեյ Տարկովսկին Անդրեյ Տարկովսկին


Չնայած նրան, որ Արայիկը ամենաբարձր մակարդակով բարեխոսում է Տարկովսկու համար, դա չի խանգարում ռեժիսորին շարունակել արհամարհանքով խոսել նրա ռեժիսորական կարողությունների մասին.

«Արայիկը գնացել է Երեւան շատ բան վերանկարահանելու հույսով։ Բայց ինձ համար պարզ է, որ դրանից բան դուրս չի գա։ Արայիկը բացարձակապես անընդունակ է որպես ռեժիսոր»:

Օգոստոսի 7-ին Արայիկը նորից կշտամբանք է ստանում Տարկովսկուց.

«Արայիկը Երեւանից Անդրյուշկայի համար ձմերուկ է բերել, որը այնքան էլ լավը չէր»։

Վիկտոր Ֆիլիմոնովը ռեժիսորի կենսագրությունում գրում է.

«Այս շրջանում Տարկովսկին քիչ էր ապրում իր ընտանիքով։ Ցանկալի համերաշխություն չկար՝ խորթ դստեր, ընտանիքում անորոշ կասկածներ առաջացնող Արայիկի տարօրինակ դերի պատճառով»:

«ԵՐԱԶ» ՖԻԼՄԸ

Արա Ահարոնյանի «Երազ» կարճամետրաժ ֆիլմը թողարկվել էր 1981 թվականին։ Այն կարող եք դիտել այստեղ.



2018 թվականի ապրիլին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը կազմակերպել էր ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման ազդագրում ասվում էր, որ տիտրերում նշված սցենարիստ Աբգար Մնացականյանի անունը մտացածին է, սցենարի իրական հեղինակը Անդրեյ Տարկովսկին է։


Դժվար է հավատալ դրան՝ հաշվի առնելով ռեժիսորի թերահավատությունը Արայիկի նկատմամբ։ Մյուս կողմից, Երեւանից Տարկովսկու ստացած 1500 ռուբլին կարող է վկայել, որ նա իսկապես մասնակցել էր ֆիլմի ստեղծմանը։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին