Մեր շատ գրողների կյանքը ծանր, երբեմն ողբերգական ավարտ է ունեցել: Այդպիսին է նաեւ Զապել Եսայանի կենսագրությունը: 1937-ի հունիսի 27-ին նա Հայաստանում ձերբակալվեց` մեղադրվելով օտարերկրյա լրտես լինելու համար: Նրա մահվան տարեթիվն ու վայրը մինչ օրս անհայտ են: Որոշ վկայություններով՝ նրան Բաքվի բանտում տեսնողներ են եղել: Մեկ այլ տեղեկությամբ՝ Զապել Եսայանին նավով պետք է փոխադրեին Կրասնովոդսկ: Նավի վրա փորհարությամբ է տառապել եւ նրան Կասպից ծովն են նետել: Կա մահվան մեկ այլ վարկած. Բաքվում պարկի մեջ են մտցրել եւ գազանաբար ծեծել:
Որպես մահվան «պաշտոնական» տարեթիվ նշվում է 1943 թվականը: Ըստ լրագրող, Զապել Եսայանի ընտանիքի բարեկամ Կլարա Թերզյանի՝ մահվան թիվը 1939-ն է («Ազգ», 2018, մարտի 30):
Վերջերս տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվում գտա Զապել Եսայանի դստեր՝ Սոֆի Եսայանի նամակը՝ տատիկիս: Փորձեցի Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվում Սոֆի Եսայանի այլ նամակներ եւս փնտրել: Դրանք հիմնականում ֆրանսերենով էին. հայերեն մեկ-երկու նամակ հանդիպեց: Թանգարանի հնաբնակները, ովքեր աշխատել են տատիկիս հետ, պատմեցին, որ Սոֆիի հետ տատիկս շատ մտերիմ էր, սակայն առավել մտերիմ էր Զապել Եսայանի որդու՝ Հրանտի հետ: Ենթադրում եմ, որ նրանց բարեկամության հիմքը դրել է Զապել Եսայանի նամականին, որը կազմել է տատիկս (Զապել Եսայան, Նամակներ, 1977, Երեւան):
Զապել Եսայանի ընտանիքը Փարիզում
Լուսանկարը` https://www.facebook.com/ZabelYessayan էջից
Ցավոք, ժամանակին տատիկիցս, նաեւ մայրիկիցս՝ ազգագրագետ Իոննա Ավագյանից, չեմ հետաքրքրվել գրողների, արվեստագետների հետ նրանց բարեկամության պատմություններով: Սոֆիի ու Հրանտի մասին տեղեկությունները շատ քիչ են: Նրանց մասին արժեքավոր հիշողություններ ունի Կլարա Թերզյանը.
«Զապել Եսայանի որդին՝ Հրանտը, խառնվածքով մորից տարբեր էր, միշտ լռակյաց, գլուխը կախ, բայց շատ բարի ժպիտ ուներ: Նրան բոլորը սիրում էին ու ասում, որ լավ քիմիկոս է: Քույրը նրա հակապատկերն էր՝ մինչեւ հիմա էլ ականջիս Սոֆիի ծիծաղն է. այնքան կենսուրախ էր:
Եսայանների ընտանիքում երջանիկ իրադարձություն եղավ. Սոֆին ամուսնացավ Սարիբեկ անունով մի երիտասարդի հետ, որը գյուղից էր եւ, եթե չեմ սխալվում,
բանասեր էր, համալսարանը նոր էր ավարտել: Սոֆին աղջիկ ունեցավ, անունը Զաբել դրեցին: Կապույտ աչքերով, սպիտակամաշկ, սիրուն երեխա էր եւ շատ նման էր իր տատին» («Ազգ», 2018, մարտի 30):
Զապել Եսայանի ձերբակալությունից հետո Կլարա Թերզյանի մայրը փորձում է նեցուկ լինել նրա զավակներին՝ Սոֆիին ու Հրանտին, օգնել, որ Զապել Եսայանի ձեռագրերը չոչնչացվեն: «Մայրս, վտանգի ենթարկելով իրեն, օգնեց: Սոֆիին, ամուսնուն եւ երեխային հանեցին Աբովյան փողոցի իրենց բնակարանից եւ տեղավորեցին ինչ-որ փայտաշեն տնակում: Հրանտին ազատեցին աշխատանքից, բայց այն օրը, երբ ուզում էին հանել նաեւ բնակարանից, Մոսկվայից պաշտոնական գրություն ստացվեց. Հրանտ Եսայանի գյուտն արժանացել էր հեղինակային իրավունքի եւ թույլ էր տրվում ներդնել արտադրության մեջ: Զապել Եսայանի որդին իրավունք է ստանում աշխատել գործարանում եւ ապրել իր տանը: Բայց չկա նրանց տան հիմնական սյունը՝ Զապել Եսայանը: Եվ հոգեկան ծանր ապրումներն իրենց գործն անում են. հիվանդությունը, մահը չոքել են Եսայանների դռներին: Մահանում է Հրանտի աղջիկը՝ Սոնան, կինը՝ Բերկրուհին, ավելի ուշ, հիսնական թվականների սկզբին, որդին՝ Վահրիկը: Դպրոցի դասատուները ողբում են, ասելով, որ կորցրին ապագա մեծ ֆիզիկոսի:
Սոֆի Եսայանի մոտ հոգեկան խանգարման նշաններ են նկատվում: Ամուսինը նրան համոզում է երեխայի հետ գյուղ գնալ՝ իբր հետագա հալածանքներից խուսափելու համար: Սոֆին գնում է Գառնի, աշխատանքի ընդունվում դպրոցում՝ որպես ֆրանսերենի ուսուցչուհի» («Ազգ», 2018, մարտի 30):
Սկսվում է Երկրորդ համաշխարհայինը, ու 1942 թ.-ի գարնան մի օր հնչում է Կլարա Թերզյանի դռան զանգը: Ներս է մտնում գզգզված մազերով, ցնցոտիներով, պատառոտած կոշիկներով մի կին: Կարծում են՝ մուրացկան է, ուզում են հաց տալ, իսկ նա սկսում է հեկեկալ: Սոֆի Եսայանն էր: Պատմում է, որ աղջիկը՝ Զաբելը, մահացել է, տանտերերն էլ իրեն տնից են հանել: Պարզվում է՝ Սարիբեկը, Սոֆիին գյուղ ուղարկելուց հետո, ամուսնացել էր: Հետո ռազմաճակատ էր մեկնել եւ այնտեղ զոհվել: Զապել Եսայանի ամբողջ ունեցվածքը, այդ թվում եւ ամուսնու՝ Տիգրան Եսայանի նկարները, մնացել են այդ կնոջ մոտ:
Սոֆի Եսայանը
Լուսանկարը` https://www.facebook.com/ZabelYessayan էջից
Անցնում է ժամանակ. «Սոֆիին հաջողվեց տեղավորել եղբոր ապրած տան նկուղային բնակարանում, լուծվեց նաեւ նրա աշխատանքի հարցը, ընդունվեց դպրոց՝ որպես գրադարանավարուհի: Եվ թվում էր, թե նրա կյանքը կամաց-կամաց կմտնի հունի մեջ, բայց հիվանդությունը գլուխ էր բարձրացնում: Նա մեկ տանն էր, մեկ՝ հոգեբուժարանում: Ընդ որում, հիվանդության նոպաների ժամանակ չափազանց քաղաքավարի էր: Նրա հիվանդությունը քաղաքական հողի վրա էր. սեւ ցուցակ ուներ, ուր գրանցում էր իր կարծիքով կասկածելի մարդկանց: Կարմիր ցուցակում միայն մորս անուն-ազգանունն էր՝ Ալիս Թերզյան»,-իր հուշերում գրում է Կլարա Թերզյանը:
Եվ ահա, Սոֆիի նամակը գրականագետ Արփիկ Ավետիսյանին: Այն տպագրվում է առաջին անգամ:
9.VII.1970
Սուխում
Սիրելի ընկեր Արփիկ,
3-րդ օրն է, որ Սուխում եմ. ճանապարհորդությունը եւ այս 3 օրը շատ հաջող դիմավորեցի: Ամեն օր լողանում եմ: Շոգը, արդեն որ ես սիրում եմ, լավ տանում եմ: Բախտս ուզեց, որ անցյալ տարվա ռուս մի կնոջ տանն եմ, ծովին եւ կենտրոնին մոտ, պարտեզով մի տան մեջ:
Գրվեցի գրադարանում, Բալզակի «Կուզեն Պոնսը» վերցրի (ֆրանսերեն). հետ մնացած մի քանի «Ոզնի» ունեմ կարդալիք, բայց ոչ մի թեմայի վրա չեմ մտածում , բացի որ Սերիկ Դավոյանը ինձ Դիլիջան է հրավիրում, եւ ուզում եմ մինչեւ աշուն կանգնեցնել իմ «Նովելլան»՝ «Համո Օհանջանյանի օրագրից»: Դիլիջանը ոչ պատմական, բայց ճշմարտանման ինձ հարկավոր է կոլորիտի համար: Պարզ է, որ ինձ հետ զգույշ եմ, չեմ հոգնեցնում ինձ, հրաժարվում եմ էքսկուրսիաներից, լավ սնվում եմ:
Կյանքը Երեւանի նման չէ, այդ մասին ոչ մի խոսք. լավ ծիրան պետական 1 ռ.20, կարտոֆիլ 0.38, պոմիդոր 0 ռ. 65, միս 3 ռ.40 եւ այլն: 2 օր ճաշարանում ճաշեցի՝ 1ռ. սահմաններում: Այսօր տանը՝ 0ռ. 10: Դեռ շուկա չեմ գնացել: Տան վարձքը, ինչպես անցյալում, 1 ռ. է: Արդեն մի քանի այցելություն արեցի, հրավերներ ստացա: Մոտավորապես օր ընդ մեջ մի ընտանիք, որտեղ դեսից-դենից զրույց եմ «անում». հաճելի բարեկամություններ:
Հրանտը (Զապել Եսայանի որդին, Սոֆիի հարազատ եղբայրը-Լ.Ա.) մի իդեալական թերմոս ճարեց, 24 ժամ կոֆես ապահով է: Ակնոցներս սարքել տվեցի: Մի խոսքով, «կատարյալ» եմ դառնում. բնությունը սքանչելիք է, անհագորեն այն վայելում եմ: Նամանավանդ, հիվանդությունիցս հետո մի փոքր տենդային հոգեբանության մեջ եմ: Շատ զգացված եմ ձեր՝ նախ՝ մորս հանդեպ զգացումներից եւ հետո իմ նկատմամբ ձեր ցուցաբերած բարեկամության համար: Նորույթ էր կյանքիս մեջ, եւ միանգամայն մեծ տեղ գրավեցիք զգացումներիս մեջ:
Եթե հարցեր ունեք, գրեք ինձ գոնե մի «հարցաթերթիկ», կաշխատեմ լրացնել: Հրանտն էլ, իհարկե, Ձեզ կարող է օգնել. գրում եմ իր տան հեռախոսը (եթե այն կորցրել եք) ՝ 42-49-38:
Ձեր բոլոր կոլեկտիվին ասեք իմ սիրալիր զգացումներս:
Ձեզ եւ Ձեր համակրելի Նոնային (խոսքը Արփիկ Ավետիսյանի դստեր՝ Իոննայի մասին է, որին բոլորը Նոնա էին ասում-Լ.Ա.)՝ լավագույն զգացումներս:
Ձերդ՝ Սոֆի
Հասցես՝ Կալինին 14
П.Н. Мохнева
Լիլիթ Ավագյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: