Իշխանուհի Մարիամ Թումանյանի անտիպ նամակները - Mediamax.am

exclusive
2321 դիտում

Իշխանուհի Մարիամ Թումանյանի անտիպ նամակները


Մարիամ Թումանյանը
Մարիամ Թումանյանը
Մարիամ Թումանյանը
Մարիամ Թումանյանը

Իշխանուհի Մարիամ Թումանյանը կյանքի վերջին տարիներին նամակագրություն ուներ տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի հետ: Տատիկս Գրականության թանգարանի արխիվի պատասխանատուն էր, եւ նամակները նրան այդպես էլ հասցեագրված էին՝

Ереван,
Ул. Абовян N 2
Дом Культуры
Завед. Архивом Литерат. Музея
Арпик Аветисян

М.М. Туманян,
Ул. Джорджиашвили N 6:

Տատիկս չափազանց  մտերիմ էր Հովհաննես Թումանյանի երկու դուստրերի՝ Աշխենի եւ, հատկապես, Նվարդի հետ: Ի դեպ, նրանց բազմաթիվ նամակները տատիկս խնամքով պահել է առանձին թղթապանակում:

Նվարդը տատիկիս է նվիրել Հովհաննես Թումանյանի սիրելի օվալաձեւ ափսեներից մեկը, որի մեջ Թումանյանը սովորաբար փշատ էր լցնում: Ափսեն մինչեւ հիմա մեր տանն է...

Այն, որ Արփիկ տատիկս մտերմություն է արել Մարիամ Թումանյանի հետ, պարզեցի պատահաբար. Գրականության եւ արվեստի թանգարանում, Մարիամ Թումանյանի արխիվում, հանդիպեցի տատիկիս նամակներին՝ ուղղված Մարիամ Թումանյանին:

Տատիկիս արխիվում պահվող՝ իրեն ուղղված հարյուրավոր նամակների մեջ գտնվեցին նաեւ Մարիամ Թումանյանի նամակներից:


Դրանք գրված են մահից մի քանի տարի առաջ. իշխանուհին հիվանդ էր, նյութական խնդիրներ ուներ: Ժամանակին ինքը հովանավորում, կազմում ու հրատարակում էր Հովհաննես Թումանյանի, այլ գրողների, արվեստագետների գործերը, աջակցում նրանց նյութապես: Այս նամակներում արդեն ինքն ուներ օգնության անհրաժեշտություն: Պատահում էր՝ գրելու թուղթ չէր ունենում եւ խնդրում էր, որ թանգարանը թղթի որոշ պաշար ուղարկի: Երբեմն առաջարկում էր, որ թանգարանը գնի իր կամ իր մտերիմների մոտ եղած Հովհաննես Թումանյանի կամ այլ գրողների նամակներ, լուսանկարներ: Թանգարանը երբեմն չէր կարողանում գնել առաջարկած նյութերը. պահանջվող գումարը չկար:   
Մարիամ Թումանյանը Մարիամ Թումանյանը


Մեդիամաքսի ընթերցողներին ենք ներկայացնում Մարիամ իշխանուհու եւ Արփիկ Ավետիսյանի նամակներից մի քանիսը: Դրանք տպագրվում են առաջին անգամ՝ սրբագրական աննշան ուղղումներով:  

***

Ընկ. Ավետիսյանին

Ստացա Ձեր N 75 գրությունը եւ մնում եմ զարմացած, թե Մուրացանի վերաբերյալ ի՞նչ նյութեր եք ուզում ինձանից: Չէ՞ որ երեք ամիս առաջ յես ուղարկել եմ իմ ձիռագիրը եւ ստացել եմ ի հաշիվ հոնորարի 300 ր. (ռուբլի-խմբ.): Ինչ վերաբերում է լուսանկարներին, ես գրել էի, թե ինչ կա իմ տրամադրության տակ եւ հարցրել էի, թե արդյո՞ք թանգարանը ցանկանու՞մ է գնել դրանք (Մուրացանի քրոջ սեփականությունը), բայց պատասխան չստացա: Մուրացանի լուսանկարներ՝ 3 հատ,  1883 թ., 1904 թ. եւ 3-րդի վրա թիվ չկա: Մուրացանը՝ կնոջ , 1 հատն՝ աղջկա փոքր հասակի, հետ: Մի լուսանկարը՝ փոքր ծավալի, Մուրացանի, 1879  թ., ընդամենը  6 հատ, որոնցից  5-ը կաբինետնի չափսի: Այդ 6 լուսանկարի համար ցանկանում են ստանալ ոչ պակաս 100 ր.: Իսկ իմ աշխատության համար յես հույս ունեի ստանալ 500 ր.: Թողնում եմ Ձեր հայեցողությանը:

Մ. Թումանյան
2, VII, 40 թ.

Սիրելի տիկին Արփիկ,

Ստացա թուղթը եւ շատ ուրախացա, որովհետեւ իմ պաշարը վերջանալու վրա է, ու ես մնացել էի մոլորված թղթի պատճառով: Բերողը ինձ պատմեց, վոր Դուք դարսել էիք արկղի մեջ՝ ինձ ուղարկելու փոստով. լավ ժամանակ հասավ տիկինը եւ ազատեց Ձեզ փոստով ուղարկելու նեղությունից: Շատ շնորհակալեմ այդ թղթի համար, մեծ օգնություն է ինձ: Այսօր գրեցի Ռուբեն Զարիանին, վոր ինձ իմաց տա՝ տպագրելու են իմ հատորը, ինչպես նա ենթադրում էր, թե՞ վոչ: Դուք երեւի տեսնվում եք նրա հետ. խնդրեմ հիշեցրեք նրան, որ շուտով պատասխանի, որպեսզի ես իմանամ:

Ջերմ բարեւներով
Մ. Թումանյան    
29. XII 40 թ.  


Սիրելի Մարիա Մարկովնա,

Ստացա Ձեր ուղարկած բացիկը: Կարիք չկա թղթի համար այդչափ շնորհակալություն հայտնելու. եղածը մի մեծ բան չէր: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հուշերի տպագրությանը, պիտի Ձեզ հաղորդեմ հետեւյալը: Ռուբենը հայտնեց ինձ, որ թղթի սակավության պատճառով հնարավոր չէ տպագրել այս տարի Ձեր հուշերը:

Պլանով նախատեսված տարեկան թղթի պլանը պակասել է 50 %-ով եւ այդ իսկ պատճառով այս տարի նախատեսված հրատարակվելիք գրքերի կեսից ավելին չի տպագրվելու: Կարծում եմ, որ պատճառը Ձեզ պարզ է (նկատի ունի արդեն սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմը- խմբ.): Մնում է, որ այդ հուշերը  (Եղիշե Մադաթ.)՝ Ձեզ մոտ եղած արխիվի հետ միասին, հանձնեք թանգարանին կամ առանձին եւ այն գնահատեք ՝ ըստ արժանվույն: Ես ուզեցի խոսել ընկ. Մկրտչյանի հետ այդ առիթով եւ ապա Ձեզ գրել , սակայն նա հիմնարկից դուրս էր գնացել: Որքան հիշում եմ, այդկերպ պայմանավորվեցիք Ռուբենի հետ՝ չտպագրվելու դեպքում հանձնել Գրականության թանգարանին: Կգրեք այդ մասին: Մեզ մոտ առանձնակի նորություն չկա. եղանակը գարնանային է, առատ անձրեւ է տեղում:

Մենք շուտով տեղափոխվելու ենք հին Հանրային գրադարանի տեղը: Չնայած հարմարությունները մեծ չեն, սակայն ստիպում են տեղափոխվել: Եթե գալու լինեք, նկատի ունեցեք այդ: Ռոզան (թանգարանի աշխատակցուհիներից-խմբ.) նորից վերադարձել է մեզ մոտ: Նա Ձեզ նամակ է գրում: Կիմանաք իր մասին:

Բարեւում ենք՝ մենք բոլորը

Ջերմ բարեւներով՝ Արփիկ

Հ.Գ. Ես հենց հիմա խոսեցի ընկ. Մկրտչյանի հետ. համաձայնեց վերցնել Մադաթյանի կենսագրությունը: Եթե վերջացրել եք, ուղարկեք: Գրեք նաեւ Ձեր արխիվի մասին՝ համաձա՞յն եք տալու, թե՞ վոչ:

10, II, 1941 թիվ, Երեւան  

Սիրելի Արփիկ,

Վաղուց է Ձեզ նամակ չեմ գրել, բայց դա չի նշանակում, որ մոռացել եմ Ձեզ եւ առհասարակ Գրական թանգարանը, որտեղ ես զգում էի ինձ ինչպես իմ հարազատ տանը: Դուք անշուշտ հասկանում եք, որ ներկա պայմաններում ես չեմ կարող զբաղվել գրականությամբ եւ հազիվ ժամանակ եմ գտնում լրագիրներ կարդալ, այս նամակն էլ գրում եմ մի տիկնօջ խնդրանոք, որն ունի Հովհ. Թուման. նամակը՝ գրած Պողոս Մակինցիանին: Մի քանի ամիս սրանից առաջ ես առաջարկել էի Ձեզ առնիլ այդ նամակը, բայց Դուք գտաք, որ շատ թանգ է գնահատւած: Այժմ տիկինը ուզում է ծախել երկու հարիւր (200 ր.): Նամակը շատ հարուստ նիւթ է տալիս՝ ըստ բովանդակութեան, եւ ընդարձակ է (12 մեծադիր փոստի թղթի վրա է գրված): Եթե ուզում եք գնիլ այդ նամակը, անմիջապես պատասխանեցեք, թե ինչ ձեւով կարելի է Ձեզ ուղարկել: Իմ կարծիքով՝ կարելի է ծրարի մեջ դնել եւ վերադիր վճարով ուղարկել: Կամ մի ուրիշ ձեւ առաջարկեցեք:
Մարիամ Թումանյանը Մարիամ Թումանյանը


Իմ առողջութիւնը շատ քայքայված է, թույլ եմ, շատ նիհարել եմ եւ ծերացել: Հազիվ թե կարողանամ մի անգամ էլ գալ Երեւան: Խնդրեմ իմ կողմից բարեւեցեք ընկ. Մկրտիչին, Հրայր Մուրադիանին եւ ուրիշներին:  

Ձեզ եւ Ռոզային ջերմ համբուրում եմ:

Գրեցեք՝ ինչպե՞ս է Ձեր փոքրիկը:

Ձեզ սիրող՝ Մ.Թումանեան
19.IX. 41

Սիրելի Մարիա Մարկովնա,

Ստացա Ձեր17/ IIV գրած նամակը եւ ահա շտապում եմ պատասխանել:

Սիրելի Մարիա Մարկովնա, ես այդպես էլ կարծում էի, որ Դուք այդտեղից չպետք է կարողանաք թուղթ գտնել: Ուղարկում եմ Ձեզ անհրաժեշտ քանակությամբ թուղթ:
Իսկ ինչ վերաբերում է քննադատ Եղիշե Մադաթյանի կենսագրությանը, ընկ. Մկրտչյանը (թանգարանի տնօրենը-խմբ.) համաձայնեց, որ Դուք նրա կենսագրությունը գրեք մեկ եւ կես մամուլի սահմաններում: Ուղարկում եմ Ձեզ նաեւ այդ առթիվ հիմնարկի կողմից գրված պաշտոնական գրությունը:

Մեզ մոտ ամեն ինչ տոնական է. հայ հասարակությունը պատրաստվում է այս ամսի 23-ին տոնելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 65-ամյակը, եւ ահա մեր թանգարանն էլ մի համեստ ցուցահանդես է կազմակերպել Գրողների տանը:

Ցանկալի էր նաեւ Ձեր ներկայությունը, բայց գիտեմ, որ այդ հնարավոր չէ՝ ելնելով մի շարք հանգամանքներից (Մարիամ Թումանյանի առողջական վիճակը թույլ չէր տալիս-խմբ.):

Մեզ մոտ առանձնակի նորություն չկա: Նորությունն այն է, դեկտեմբերի  21-ի առավոտյան տեղաց առատ ձյուն, եւ քաղաքը փրկվեց գոյություն ունեցող հիվանդություններից (գրիպ եւ այլն):

Ջերմ բարեւ.
Արփիկ

31. I.1941 թ.

Լիլիթ Ավագյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին