Մհեր Մկրտչյան. Գրականության մեջ չեմ գտնում փնտրածս կերպարը - Mediamax.am

2664 դիտում

Մհեր Մկրտչյան. Գրականության մեջ չեմ գտնում փնտրածս կերպարը


Մհեր Մկրտչյանը
Մհեր Մկրտչյանը

Լուսանկարը` Արմենպրես

Մհեր Մկրտչյանը
Մհեր Մկրտչյանը

«Գարուն» ամսագրի 1984 թվականի օգոստոսի համարում հարցազրույց էր տպագրվել դերասան Մհեր Մկրտչյանի հետ, որը նոր է արժանացել ԽԱՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից:

Ստեղծագործական սրբազան երկունքը

Երեւի հայ դերասաններից ամենաերջանիկների թվին եմ պատկանում, որ կինոյում եւ թատրոնում գործ եմ ունեցել հայ, ռուս, օտարազգի բազմաթիվ ռեժիսորների եւ անթիվ դերասանների հետ: Կարողացել եմ գնահատել նրանց համատեղ աշխատանքի ընթացքում: Առանց հատուկ ցանկության, առանց ճիգի նրանք ազդել են ինձ վրա: Դրանց թվում խիստ կարեւորում եմ հայ թատրոնի իմ կուռքերին՝ Վահրամ Փափազյանին եւ Վարդան Աճեմյանին: Փափազյանը մի ամբողջ դպրոց էր: Նրա հետ հանդես եմ եկել եւ «Կորրադոյում», եւ «Համլետում», եւ «Օթելլոյում», երբեմն ընդամենը եւ մի քանի խոսքով, երբեմն դերով, բայց անհարմար կզգամ ասել, թե խաղացել եմ Փափազյանի հետ: Փափազյանի հետ խաղալ անհնար էր: Կողքից նա այնպիսի հիացմունք էր պատճառում իր խաղընկերներին, որ շեղում էր նրանց ուշադրությունը, թույլ չէր տալիս ներշնչվել, ինքնամոռաց կերպով ձուլվել կերպարին: Չեմ հիշում դերասան, որ նրա կողքին խաղար, թերեւս բացառություն էր կազմում Հրաչյա Ներսիսյանը:

Փափազյան-Արբենինի կողքին անկրկնելի էր «Դիմակահանդեսում» Ներսիսյանի մարմնավորած Անհայտը: Դերասանական օթյակից ականատես եմ եղել այդ փայլուն խաղին:

Երբ մասնավոր խոսակցության ժամանակ Ներսիսյանի կարծիքն էին հարցնում Փափազյանի մասին, նա ասում էր, որ Փափազյանը մեծերից ամենամեծն է: Նույն կարծիքին էր Փափազյանը Ներսիսյանի մասին: Հիմա տարիների հեռվից, երբ մտածում եմ միմյանց նկատմամբ այդ անսքող հիացմունքի մասին, հասկանում եմ, որ պատճառը նրանց մեծությունն էր եւ ստեղծագործական սրբազան երկունքը, որ ապրում էին երկուստեք:

Ժամանակները փոխվել են, արագության դար է

Բավական է՝ երազել, հարկավոր գործել: Ժամանակները փոխվել են, արագության դար է, ինֆորմացիան շատ է, մարդիկ արագ են հասունանում, դժվար է հիմա պատկերացնել մի վեց տարեկանի, որը չգիտի ինչ է դառնալու: Հայկական, ռուսական, եվրոպական դրամատուրգիան այնքան հարուստ է, որ անհարմար է կոնկրետ որեւէ բան նշել, այսինքն՝ սահմանափակել, իսկ ես բավական մեծ կարծիք ունեմ իմ կարողությունների մասին: Երազել ոչ, բայց խաղալ` խնդրեմ: Եթե չեք զարմանա, նախ Համլետ, որովհետեւ Շեքսպիրը չի գրում, թե Համլետի քթի երկարություն որքան է, եթե, իհարկե, խանգարող հանգամանք չդառնա տարիքս: Միայն չգիտեմ, թե ինչու է Համլետը 18 տարեկան, մանավանդ որ, դարեր շարունակ ապացուցվել է, որ ոչ մի տասնութ տարեկան չի կարող Համլետ խաղալ: Ռոմեոյի դերը նույնպես ի վիճակի է մարմնավորել միայն տարիքով դերասանը, մինչդեռ Ռոմեոն 16 տարեկան է:

Գրականության մեջ չեմ գտնում փնտրածս կերպարը

Ինձ հուզում, զայրացնում է որոշ մարդկանց անտարբերությունը, անշնորհակալությունը, նույնիսկ կասեի երախտամոռությունը, մի բան մտածել ուրիշ բան անելը: Ահավոր բան է: Գրականության մեջ չեմ գտնում փնտրածս կերպարը: Եթե Օթելլոն, Լիր Արքան, Դոստոեւսկու, Օստրովսկու, Սունդուկյանի հերոսները գիտեին իրենց պրոբլեմը, ապա այսօրվա գրականությունը խիստ տարբեր է:

Ես, օրինակ, Էմիլ Բրագինսկուն, Վիկտորիա Տոկարեւային, Հրանտ Մաթեւոսյանին խնդրել եմ ինձ համար գրեն մի մարդու մասին, որը գոհ է ամեն ինչից, երջանիկ է, բայց հանկարծ պարզվում է, որ նա ավելորդ մարդ է, որովհետեւ հարկավոր չէ ոչ ոքի:

Մհեր Մկրտչյանը Մհեր Մկրտչյանը


Տոկարեւային խնդրեցի նկարագրել մարդու, որն առավոտը արթնանում է, զգում, որ հիմար է, խնդրում է իրեն ազատել աշխատանքից, բայց բոլորն աղմկում են, համաձայն չեն, որ նա հիմար լինի, որովհետեւ հազար ու մի հարց կարող է ծագել: Գրեց մի պատմվածք, բայց սցենար չկա: Սակայն այդ բանն ինձ այնքան է հուզում, որ ծրագրել եմ հեռուստատեսությամբ զրուցել ինքս ինձ հետ: Երկու կերպարները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, որին գիտի ժողովուրդը եւ Մհեր Մկրտչյանը, որը ես եմ, հնարավորություն կունենան խոսել մեր ժողովրդին հուզող շատ ու շատ հարցերի մասին, մեր քաղաքների, մեր առօրյա կյանքի, մեր առավելությունների ու թերությունների մասին: Եվ այդ վեճի ընթացքում պիտի երեւա մեր սերը, մեր անհաշտությունը, ողջը, սկսած փողոցում թուղթ նետելուց մինչեւ նորակառույցների որակը, որ մեր հանրապետության հոգսերից է:

Ես ժխտում եմ ամպլուան

Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ եւ՛ լաց կա, եւ՛ ծիծաղ, եւ՛ հումոր: Դերասանը, եթե սոսկ կոմիկ է, ուրեմն նրա ներկապնակին գույներ են պակասում: Եթե միայն ողբերգակ է, էլի պակասություն ունի: Ես ժխտում եմ ամպլուան: Ի վերջո, ոչ Վահրամ Փափազյանը, ոչ էլ Լոուրենս Օլիվյեն միագիծ չէին: Մարդը կարող է հումոր չունենալ, բայց հենց դա էլ է հումորի նյութ: Եվ անկախ նրանից, ինքը գիտակցում է, թե ոչ, անպատճառ ամեն մարդու մեջ ողբերգականություն կա: Ողբերգության մեջ առկա է ծիծաղը, ծիծաղի մեջ՝ ողբերգությունը: Այդ ի՞նչ ուժ է, որ ստիպում է հարսանիքում թռչկոտել հասակավոր մարդուն, որը հետո բռնելու է սիրտը: Նայում, տխրում ես: Իսկ երբ մեռելատանը ողբալիս սխալ ու անհեթեթ բաներ են ասում, ծիծաղելի է, թեպետ ինքը՝ ողբացող մարդը դա չի զգում:

Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում նույն գործն է

Ես տարբերակում չեմ դնում կինոյի եւ թատրոնի միջեւ: Նշանակություն չունի՝ այդ պահին հանդիսատեսը քեզ նայում է, թե ոչ: Եթե կինոյում դերասանը չի կարողանում նկարահանվել, ուրեմն կատարյալ արվեստագետ չէ: Եթե կինոյում լավ է, թատրոնում՝ վատ, ուրեմն դարձյալ խաբուսիկ է վարպետությունը, քողարկված է ռեժիսուրայով: Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում նույն գործն է, նույն դերասանությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին