1930 թվականի ապրիլի 14-ին ինքնասպան եղավ խորհրդային ժամանակների ամենավառ պոետներից մեկը՝ Վլադիմիր Մայակովսկին, որի կյանքը ծայրից ծայր հակասությունների շղթա էր: Իր կյանքի ընդամենը 37 տարիների ընթացքում Մայակովսկին հասցրեց մի քանի մարդու կյանք ապրել. նա պոետ էր, նկարիչ, կինոռեժիսոր, կինոդերասան, դրամատուրգ, ֆուտուրիզմի առաջամարտիկը Ռուսաստանում:
Ժամանակակիցները նրան անվանում էին ժողովրդական հեղափոխության ձայն, բայց հենց այդ նույն հեղափոխությունը խժռեց նրան: Նա ըմբոստ էր, ընդվզող, անզիջում, սակայն սիրահարվելիս դառնում էր մանկան պես անօգնական ու հնազանդ: 17 տարեկանում Մայակովսկին արդեն հասցրել էր երեք անգամ բանտում հայտնվել: Հենց այնտեղ էլ սկսել էր գրել բանաստեղծություններ, որոնք ապագա պոետի ձեռքից վերցրել էին բանտի հսկիչները: Հետագայում Մայակովսկին ցանկացած առիթով շնորհակալություն էր հայտնում հսկիչներին՝ բանտից դուրս գալիս այդ տետրակն իր ձեռքից վերցնելու համար:
Իր հանդեպ միշտ խիստ ինքնաքննադատ Մայակովսկին չէր էլ կարող ենթադրել, որ իր մահից հետո տարիներ անց տարբեր երկրներում իր անունով կոչվելու են գյուղեր, քաղաքներ, գործարաններ, փողոցներ, դպրոցներ, շոգենավեր (որոնց մեծը մասը, ի դեպ, առեղծվածային կերպով խորտակվել են): Չէր կարող նաեւ ենթադրել, որ Խորհրդային Միության երկու տարբեր երկրներ՝ Վրաստանն ու Ադրբեջանը, արդեն մի քանի տասնամյակ «չեն կարողանալու կիսել իր սերը» եւ չհայտարարված պատերազմի մեջ են լինելու, թե որ երկրի հետ է ավելի շատ կապված եղել պոետը: Մինչդեռ Մայակովսկու կյանքում քիչ չէ նաեւ հայկական հետքը. ավելին այն սկսվում է հենց Հայաստանից: Հայաստանում է ձեւավորվել Մայակովսկու ընտանիքը, այստեղ են ծնվել նրա քույրերը:
Մայակովսկու «հայաստանյան» ընտանիքը
Մայակովսկու ծնողները ծանոթացել եւ ամուսնացել են Հայաստանում՝ Վանաձորում, այն ժամանակ՝ Ղարաքիլիսայում: Մայակովսկու հայրը՝ Վլադիմիր Կոստանտինովիչ Մայակովսկին ծնվել էր Ախալցխայում եւ մեծացել հայկական միջավայրում: Նա հիանալի խոսում էր հայերեն եւ շատ էր սիրում հայկական երգեր երգել: Մայակովսկու քույրը՝ Օլգան իր հուշերում գրում է, որ իրենք մեծանում էին՝ լսելով հոր կատարմամբ ռուսական, վրացական, հայկական երգեր եւ առեղծվածային պատմություններ Հայաստանի մասին: 1882 թվականին Վլադիմիր Կոստանտինովիչը նշանակվում է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի անտառտնտեսության անտառապետի օգնական: Անատառապետը նրա եղբայրն էր՝ Միխայիլը՝ պոետի հորեղբայրը: Նրանք շատ մոտ էին ապրում Լոռու շրջանին եւ հաճախ էին հյուր գնում այնտեղ բնակվող ռուսներին: Հենց այդտեղ էլ Վլադիմիր Կոստանտինովիչը ծանոթանում է բանաստեղծի ապագա մոր՝ Ալեքսանդրա Պավլենկոյի հետ, որի ընտանիքը բնակվում էր Լոռիում: 1883-ին նրանք ամուսնանում են, եւ Վլադիմիր Կոստանտինովիչը նշանակվում է անտառապետի օգնական Ղարաքիլիսայում: Նրանք փոքրիկ տուն են վարձում ներկայիս Ֆիոլետովոյում, այն ժամանակ՝ Նիկիտինոյում: Մայակովսկու քույրը՝ Լյուդիմիլան, իր հուշերում պատմում է Ղարաքիլիսայի գեղեցկագույն բնապատկերների մասին՝ նշելով, որ այդ նույն գեղեցկությունն ինքը կրկին տեսավ միայն Մարտիրոս Սարյանի կտավներում:
1889 թվականին Վլադիմիր Կոստանտինովիչը պաշտոնի բարձրացում է ստանում եւ որպես երրորդ կարգի անտառապետ տեղափոխվում է Քութայիսիի նահանգի Բաղդադի տեղամաս, հենց այդտեղ էլ՝ մեծահարուստ հայ Անանովի տանը ծնվում է 20-րդ դարի խոշորագույն պոետներից մեկը: 1906 թվականին արյան վարակից մահանում է բանաստեղծի հայրը, եւ ընտանիքը ստիպված տեղափոխվում է Մոսկվա: Թե՛ քույրերը, թե՛ մայրն իրենց հուշերում մեծ ջերմությամբ են հիշում Հայաստանը եւ նշում, որ Մայակովսկու հայրը, որտեղ հանդիպեր հայերի, անպայման հայերենով զրույցի էր բռնվում նրանց հետ: Այդ զրույցների ականատեսը շատ հաճախ դառնում էր փոքրիկ Մայակովսկին, որը վաղ տարիքից գրեթե ամենուր ուղեկցում էր հորը: Դա է երեւի պատճառը, որ արդեն ճանաչված բանաստեղծ Մայակովսկին հայերի հանդիպելիս՝ անվանում էր նրանց «земляк»՝ հայրենակից:
Հայրենակիցներով շրջապատված
Բաղդադիիում Մայակովսկու տուն-թանգարանի հիմնադիր եւ առաջին տնօրեն Միխայիլ Պատարաձեն գրում է, որ, երբ տարիներ առաջ տեղեկություններ էր հավաքում բանաստեղծի մասին եւ եկել էր նաեւ Հայաստան, հանդիպել է Լեւոն Բուդումյան ազգանունով մի մարդու, որը ջերմությամբ պատմել է, թե ինչպես է ուսանողության տարիներին Մոսկվայում հանդիպել Մայակովսկուն. «1929 թվականին ակումբներից մեկում ես բախտ ունեցա ներկա գտնվելու մի երեկոյի, որտեղ Մայակովսկին կարդում էր իր «Բաղնիք» պիեսը: Երեկոյի ավարտին մենք մի խումբ երիտասարդներով շրջապատեցինք նրան: Ինձ վրա հայացք գցելով՝ նա հարցրեց, թե որտեղից եմ, երբ իմացավ՝ Հայաստանից եմ, իր մեծ ձեռքը քնքշորեն դրեց ուսիս եւ ժպիտով ասաց. «Դե՛, հայրենակից, պատմիր տեսնեմ՝ ինչպե՞ս ես»»:
Ի դեպ, այդ նույն «Բաղնիք» պիեսի բեմադրության նկարիչն ազգությամբ հայ Սերգեյ Վախթանգովն էր: Նրա մեկ այլ՝ «Միստերիա Բուֆը» պիեսը Վսեւվոլոդ Մեյերհոլդի հետ համատեղ բեմադրել էր Վալերի Բեբուտովը՝ Բեհբությանը: «Միստերիա Բուֆը» Մայակովսկու ամենահայտնի գործերից է, եւ այդ առաջին հայացքից սոցիալ-կենցաղային, բայց ամբողջությամբ երեւակայական ստեղծագործության առանցքային խորհրդանիշն Արարատ լեռն է, որին անհուսորեն եւ անվերջ հասնել են փորձում պիեսի հերոսները: Մի դեպքում վաճառականն ինքն իրեն եւ մյուսներին մխիթարում է՝ «…Ինչ-որ կերպ կփորձենք հասնել Արարատին», մյուս դեպքում՝ ուսանողը հուսահատ բացականչում է՝ «…Եվ ոչ ոք երբեք չի հասնի Արարատին», հյուսնը համեմատում է դրախտն ու Արարատը, վարորդը մտատեսիլք է ունենում եւ բղավում՝ «…Արարատը, Արարատը, Արարատը»: Եվ այդպես էլ բոլոր հերոսների համար անհասանելի է մնում Արարատը:
Մայակովսկու «Հինգերորդ ինտերնացիոնալ» անավարտ պոեմում նույնպես կա Արարատի մասին հիշատակում, այստեղ բանաստեղծը բիբլիական լեռը բնորոշում է բյուրեղապակե:
Մայակովսկին իսկապես շատ էր սիրում Թիֆլիսը, սակայն այստեղ էլ հայերն առաջնային դերում էին նրա համար: Թիֆլիսաբնակ հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանը (Խոջաբեգովը) իրական արվեստագետի խորհրդանիշ էր Մայակովսկու համար: Վանոյի կտավները բանաստեղծը մի քանի անգամ ավելի բարձր էր գնահատում, քան նրա ժամանակակից Նիկո Փիրոսմանիի գործերը: Գրականագետ Վլադիմիր Ենիշերլովն իր՝ «Վանո Խոջաբեգովի մաքուր հոգին եւ հստակ գիծը» հոդվածում գրում է Մայակովսկու եւ Եսենինի՝ 1924 թվականի մի զրույցի մասին: Արդեն երկու տարի էր, ինչ մահացել էր Վանո Խոջաբեկյանը, եւ Մայակովսկին Եսենինին ասում է. «Դու անպայման պետք է տեսնես ինքնուս նկարիչ Վանո Խոջաբեգովի գործերը: Նրա հիասքանչ աշխատանքները քաղաքային թանգարանում են, իսկ կենդանության օրոք նա դրանք վաճառում էր 50 կոպեկով»»:
Տարիներ անց Վիկտոր Շկլովսկին գրեց հուզիչ պատմվածք Վանո Խոջաբեկյանի եւ Վլադիմիր Մայակովսկու մասին ՝ վերնագրելով այն «Արեւի, ծաղիկների եւ սիրո մասին»:
Մեկ այլ հետաքրքիր պատմություն կա թիֆլիսեցի Ավետիքի եւ Մայակովսկու մասին: Վրացի բանաստեղծ Սիմոն Չիքովանին գրում է, որ, երբ 1924 թվականին Մայակովսկին Թիֆլիսում էր, Նիկոլայ Շենգելայան նրան տանում է այդ ժամանակ քաղաքում ամենահայտնի «Օլիմիպիա» ռեստորան, որի տերը ազգությամբ հայ Ավետիքն էր եւ որի խոհարարական համբավը թնդում էր ողջ Թիֆլիսում: Ավետիքն իր խոհարարական հնարքներով ստվերում էր թողել բոլորին: Իմանալով, թե ով է հյուրը, Ավետիքը ցանկանում է ծանոթանալ նրա հետ: Մայակովսկին սկզբում խոսում է ռուսերեն, մի քանի բառ վրացերեն, հետո իմանալով, որ Ավետիքը հայ է, նշում է, որ իր հայրական ընտանիքը ձեւավորվել է Հայաստանում՝ հավելելով, որ փաստորեն իրենք հայրենակիցներ են: Չիքովանին գրում է, որ Ավետիքն իրեն կորցրեց, հրամայեց հյուրերին առանձին սենյակ հատկացնել եւ փառահեղ հյուրընկալություն ցույց տվեց: Որոշ ժամանակ անց, երբ Մայակովսկին նորից Թբիլիսիում էր, կրկին ցանկություն է հայտնում այցելելու Ավետիքի ռեստորանը: Ավետիքը մեծ սիրով ընդունում է թանկ հյուրին, հետաքրքրվում նրա որպիսությամբ, եւ հետո շատ քաղաքավարի կերպով հարցնում՝ արդյոք պոետը չի՞ մոռացել իրեն, ինչին Մայակովոսկին պատասխանում է. «Ի՞նչ եք ասում, ես ավելի շուտ կմոռանամ Շեքսպիրին, կմոռանամ Գյոթեին, բայց Ձեզ երբեք չեմ մոռանա»: Ավելորդ է նշել, որ Ավետիքն այդ անգամ էլ ավելի շքեղ ընդունելություն է ցույց տալիս: Իսկ Մայակովսկին սեղանակիցներին կատակով ասում է. «Ի՞նչ արեց ինձ հետ ձեր Ավետիքը, ստիպեց, որ հանուն իրեն զոհաբերեմ համաշխարհային գրականության դասականներին»:
Ոչ ադրբեջանական Բաքուն
Ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Բաքվում Մայակովսկին շրջապատված էր հայերով, եւ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Բաքվում այդ մասին նախընտրում են լռել:
Մայակովսկին գրել է «Բաքու» բանաստեղծությունը եւ անդրադարձել Բաքվին իր «Ծնված մայրաքաղաքներ» արձակ գործում: Ադրբեջանում շատ հմտորեն փորձում են շրջանցել այն փաստը, որ Բաքուն Մայակովսկու համար բոլորովին էլ ադրբեջանական քաղաք չէր, ավելին՝ «Ծնված մայրաքաղաքներ»-ում նա ոչ մի տեղ չի նշում «ադրբեջանցի» բառը: Այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ նման հասկացություն պարզապես չկար: Նա օգտագործում է «թյուրք», «թյուրքական» տերմինը: Եվ անհասկանալի է, թե ինչու են Ադրբեջանում այդքան ուրախանում եւ հպարտանում Մայակովսկու այդ ստեղծագործությամբ, որն ուղղակիորեն ապացուցում է իրենց հորինած ազգային միֆերի կեղծ լինելը:
Նա Բաքվում եղել է 1924-ին: Ահա թե ինչ է գրում Մայակովսկին այդ տարիների Բաքվի մասին. «Փոշոտ, անգույն: Մշակույթը՝ ինտերնացիոնալ: Լեզուն՝ միջին ռուսերեն. վերցնում եմ մանթաշովյանները, տալիս եմ մանթաշովյանները (նկատի ունի դրամը): Կարիքները շատ պարզ են՝ վճարում եմ կոպեկներ, ստանում եմ ռուբլի: Իսկ թյուրքական լեզուն… Ո՞ւմ է պետք այն: Մանթաշովն առանց դրա էլ Փարիզում գլուխ կհանի, իսկ մանթաշովյան բանվորը, միեւնույն է, գրել, կարդալ չգիտի: Ես տեսել եմ Բաքուն 1924-ին»:
Մայակովսկին շատ հստակ գրում է, որ Մանթաշյանցի՝ Փարիզ գնալուց հետո էլ անգամ Բաքուն ասոցացվում էր միայն հայ մեծահարուստի հետ, ու փաստացի խորհրդային Բաքուն դեռեւս նրա ստվերի տակ էր: Եվ հետաքրքիր է՝ արդյոք Բաքվում այսօր իսկապես չեն հասկանում Մայակովսկու հեգնանքը թյուրքական լեզվի հանդեպ, որն այսօր իրենք անվանում են ադրբեջաներեն, թե պարզապես ձեռնտու է չհասկանալն ու Մայակովսկուն Ադրբեջանի մեծ բարեկամ համարելը:
Համացանցում հաճախ պտտվում է Մայակովսկուն վերագրվող «Азербайджанец, трусливый лжец» բանաստեղծությունը, որի բովանդակության հետ դժվար է չհամաձյանվել, բայց որը հազիվ թե պատկանում է պոետի գրչին: Նա ուղղակի չէր կարող օգտագործել Ադրբեջան բառը: Մեր «հարեւանները» ավելի հեռու են գնացել եւ որոշել են Մայակովսկու փոխարեն ստեղծագործել՝ նրա գրչին վերագրելով հակահայկական մի բանաստեղծություն: Մայակովսկու պոեզիային ոչ քաջածանոթ մարդիկ անգամ միանգամից կնկատեն, որ պրիմիտիվ լուծումներով եւ խղճուկ բառապաշարով այդ գրվածքն, իհարկե, ոչ մի կապ չի կարող ունենալ պոետի հետ: Նման բանաստեղծություն չկա ոչ միայն նրա որեւիցե գրքում, այլեւ անտիպ գործերում:
Այդ մասին առաջին անգամ ինձնից լսեցին, ապշեցին եւ միանգամից հերքեցին Բաղդադիի Մայակովսոկու տուն-թանգարանի եւ Մայակովսկու Մոսկվայի պետական թանգարանի աշխատակիցները:
Մայակովսկին ու Չարենցը
Մայակովսկուն շատ էր սիրում Չարենցը եւ հրաշալի թարգմանություններ էր արել նրանից: Երկու բանաստեղծներին հաճախ էին նմանեցնում բուռն, խիզախ բնավորության եւ գրական նույն ուղղությանը հարելու պատճառով: Դեռեւս 1922-ին գրականագետ Մ. Սարոյանը «Նեոֆուտուրի՞զմ, թե՞ պրոլետարիական պոեզիա» հոդվածում գրում է. «Արդի հայ նորագույն բանաստեղծների մաեստրոն, կարելի է առանց սխալվելու պնդել, ռուսական մեծ ֆուտուրիստ Մայակոնսկին է… Վերցնենք անպայման հայ տաղանդավոր բանաստեղծ Չարենցին: Սա կատարյալ հայ Մայակովսկին է, վերջինիս տաղանդավոր թարգմանը, որն իր ուժեղ կնիքն է դրել մյուս բոլոր հայ երիտասարդ բանաստեղծների վրա»:
1932 թվականի «Գրական թերթի» սեպտեմբերյան համարում նշվում է, որ ականավոր քանդակագործ ազգությամբ հայ Սերգեյ Մերկուրովը Մայակովսկու մահադիմակը նվիրել է Չարենցին, որն էլ իր հերթին նվիրել է այն Պետական կուլտ-պատմության թանգարանի գրական սեկտորին: Մերկուրովի եւ Մայակովսկու միջեւ գաղտնի պայմանավորվածություն կար, որ եթե առաջինը մահանար Մերկուրովը, Մայակովսկին նրան բանաստեղծություն էր ձոնելու, բայց ստացվեց այնպես, որ առաջինը հեռացավ բանաստեղծը: Նրա մահից երկու ժամ անց Մերկուրովը հանեց նրա մահադիմակը:
Չբամբասե՛լ
Իսկ ինչպե՞ս մահացավ Մայակովսկին: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել մահվանը նախորդող շրջանը: Երկար տարիներ նա կապված էր ճակատագրական կնոջ համբավ ստացած Լիլիա Բրիկի հետ, որին սիրում էր այնքան, որ համաձայնվել էր, որպեսզի նրանք ապրեն երեքով՝ Բրիկի ամուսնու հետ միասին: Մայակովսկու մտերիմների մեծ մասը Բրիկի ներկայությունն Մայակովսկու կյանքում համարում էր կործանարար, այնպես որ նրա ընկերները շատ ուրախ էին, երբ Փարիզում պոետն ինքնամոռաց սիրահարվեց Ռուսաստանից Փարիզ գաղթած Տատյանա Յակովլեւային:
Վասիլի եւ Վերա Շուխաեւներն իրենց հուշերում մանրամասն նկարագրում են նրանց գեղեցիկ սիրավեպը: 1929-ին Մայակովսկին վերադարձավ Մոսկվա, մինչեւ մեկնելը նա Փարիզի ծաղկավաճառներից մեկին տվեց իր նոր լույս տեսած գրքի ողջ հոնորարը, որպեսզի նա ամեն շաբաթ իր փոխարեն ծաղիկներ ուղարկի Տատյանային: Տատյանան այդ ծաղկեփնջերը ստանում էր Մայակովսկու մահից հետո անգամ: Իսկ հետագայում՝ նացիստների կողմից Փարիզի օկուպացման ժամանակ այդ ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը: Նա դրանք վաճառում էր եւ այդպես գոյատեւում: Ի դեպ, տարիներ անց Մայակովսկու սիրած կինը Վիկոնտ դյու Փլեսիի հետ պսակադրվեց Փարիզի հայկական եկեղեցում: Սակայն դա պետք է լիներ շատ ավելի ուշ, իսկ մինչ այդ՝ 1930 թվականին Տատյանան անհամբերությամբ սպասում էր Մայկովսկու վերադարձին Փարիզ:
1930 թվականը լավ չսկսվեց Մայակովսկու համար: Նախ նա ծանր հիվանդացավ, դրան զուգահեռ՝ շատ էին սկսել քննադատել նրա պոեզիան: Հեղափոխությունն արդեն անցած էտապ էր, իշխանությունը բանաստեղծին ուզում էր տեսնել բացառապես «պալատական երգչի» կարգավիճակում, մինչդեռ Մայակովսկու գրական ցանկություններն այլ էին: Նա հատկապես ծանր տարավ իր «20 տարվա աշխատանք» ցուցահանդեսի տապալումը, որին ոչ մի պաշտոնյա չներկայացավ: Առանձնապես հաջողություն չէին ունեցել նաեւ նրա երկու պիեսների հիման վրա բեմադրված վերջին ներկայացումները: Մահվանից երկու շաբաթ առաջ «Печать и революция»՝ «Մամուլը եւ հեղափոխությունը» ամսագրի շապիկից հանեցին «Պրոլետար մեծ բանաստեղծին՝ աշխատանքի եւ հասարակական գործունեության 20-ամյակի առթիվ» ողջույնի խոսքը։ Իսկ որպես վերջաբան մերժեցին արտասահման մեկնելու արտոնագիր տրամադրել: Դա նշանակում էր, որ նա այլեւս չէր հանդիպելու Տատյանային:
Խորհրդային Միությունում այդ տարիներին գիտեին, ինչպես անցանկալի դարձած մարդկանց ինքնասպանության հասցնել: Մայակովսկու ինքնասպանության մասին վարկածները բազմաթիվ են, շատ են նաեւ մեղադրանքները, հնչում են հստակ մեղավորների անունները, բայց այսօր մենք չենք անդրադառնա դրանց՝ հարգելով նրա իսկ կամքը: Ինքնասպանությունից առաջ Մայակովսկին թղթի վրա գրել էր հետեւյալ տողերը. «Բոլորի՛ն… Այն բանի համար, որ մահանում եմ, խնդրում եմ ոչ մեկին չմեղադրել, եւ խնդրում եմ՝ չբամբասել: Հանգուցյալն ահավոր չէր սիրում դա: Լավ մնացեք»:
Սոսսի Խանիկյան
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Բաղդադիի Մայակովսոկու տուն-թանգարանին եւ Մայակովսկու Մոսկվայի պետական թանգարանին:
Աղբյուրները՝
Людмила Владимировна Маяковская, Александр Иванович Колосков, «Маяковский в воспоминаниях родных и друзей», Московский рабочий, Москва, 1968
«Владимир Маяковский в воспоминаниях современников», Гослитиздат, 1963
Александр Михайлов, «Маяковский: Жизнь замечательных людей», Серия биографий. Выпуск 4 (700) М., "Молодая гвардия", 1988
Павел Фокин, « Маяковский без глянца», Палмира, Москва/Санкт-Петербург, 2020
Виктор Перцов, «Маяковский: Жизнь и творчество», Издательство Академии наук СССР, Москва, 1956
Владимир Маяаковский, «Стихотворения Поэмы Пьесы», Художественная литература, Москва, 1969
Бенгт Янгфельдт, «Ставка — жизнь: Владимир Маяковский и его круг», КоЛибри, 2009
Դավիթ Գասպարյան, «Եղիշե Չարենցը եւ 1920-ականների հայկական պոեզիան», ՀՍԱՀ ԳԱ, Երեւան, 1983
Դավիթ Գասպարյան, «Հելիկոնի աստղը», Սովետական գրող, Երեւան, 1988
Виктор Борисович Шкловский, «О солнце, цветах и любви», https://www.rulit.me/books/o-solnce-cvetah-i-lyubvi-read-73992-1.html
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: