Երեւանի այս լուսանկարները պատահաբար հայտնաբերել էի մի բլոգում՝ լրիվ այլ բան փնտրելու ընթացքում:
Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկը Լուսանկարը` John Reps
Նշվում էր, որ դրանց հեղինակը ամերիկացի Ջոն Ռեպսն է (John Reps), որը 1964 թվականին այցելել էր Խորհրդային Միություն:
Պատմաբան-ուրբանիստը եղել էլ Մոսկվայում, Լենինգրադում, Երեւանում եւ Բաքվում: Նրան հետաքրքրում էր նոր բնակելի թաղամասեր կառուցելու եւ քաղաքային միջավայրը նախագծելու խորհրդային փորձը:
Երիտասարդ Ջոն Ռեպսը՝ տիկնոջ հետ (ձախում եւ մեջտեղում)Համացանցում մի փոքր փնտրելուց հետո հայտնաբերեցի, որ Ջոն Ռեպսը ողջ է: Նա 98 տարեկան է եւ հանդիսանում է Քորնելի համալսարանի պատվավոր պրոֆեսորը:
Ջոն Ռեպսը Լուսանկարը` William Staffeld/Cornell University
Համալսարանի կայքում նշված էր նրա էլեկտրոնային հասցեն, ուստի որոշեցի մի նամակ գրել Ջոն Ռեպսին՝ խնդրելով պատմել 55 տարի առաջ տեղի ունեցած այցի մասին: Հոգուս խորքում կասկածում էի. արդյո՞ք 98 տարեկան մարդը օգտվում է էլեկտրոնային փոստից:
Կասկածներս անհիմն էին՝ ժամեր անց ստացա պրոֆեսոր Ռեպսի պատասխանը:
«Խորհրդային Միություն այցելել էի ՄԱԿ-ի՝ Նոր քաղաքների խմբի պատվիրակների եւ դիտորդների պատվիրակության կազմում: Ես դիտորդներից մեկն էի: Մենք մի քանի օր անցկացրեցինք Մոսկվայում, այնուհետեւ գնացքով մեկնեցինք Պետերբուրգ եւ, վերջապես, եղանք Երեւանում եւ Բաքվում:
Ներկայիս Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկը Լուսանկարը` John Reps
Երեւանը գեղեցիկ էր: Ինձ հատկապես տպավորել էին տուֆից շենքերը կենտրոնում:
Շուկայի շենքը («Փակ շուկայի»-Մեդիամաքս) ապշեցնող էր:
«Փակ շուկայի» ներսում Լուսանկարը` John Reps
Այցի ամենատպավորիչ կետերից մեկն այցելությունն էր Հայաստանի պատմության թանգարան: Այդ ամենը շատ վաղուց էր, ես հիմա 98 տարեկան եմ, բայց մինչեւ հիմա հիշում եմ կենտրոնական հրապարակի գեղեցիկ շենքը», - գրել է Ջոն Ռեպսը:
Լուսանկարը` John Reps
98-ամյա պրոֆեսորը, բարեբախտաբար, չգիտի, որ շուկայի «ապշեցնող շենքից» մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսում եռահարկ անդեմ հանրախանութ է...
Արա Թադեւոսյան


















