Ամեն ուրբաթ երեկո երեսունը վաղուց բոլորած Գեւորգը մանրակրկիտ պատրաստվում է տանից դուրս գալուն։ Եթե ֆորս-մաժոր չպատահի, ամեն ուրբաթ նրան կարելի է տեսնել Սարյան փողոցի գինետանը՝ մայթեզրին նստած։
Ուրբաթ երեկոներն ընկերների հետ գինի խմելու եւ իր թվացյալ ազատությունը վայելելու պահերն են։ Այդ երեկոներին սիրտն այլ կերպ է զարկում, աչքերին փայլ է գալիս։ Հագուկապն ու օծանելիքը նախապես ընտրում է դեռ շաբաթվա սկզբին։
Տանը գիտեին, որ ուրբաթներին նա բացակա է ընտանեկան ընթրիքներից, եւ ուշ է վերադառնում։ Քսանը հազիվ լրացած հապճեպ ամուսնությունից եւ ընտանեկան կյանքի ավանդական հորձանուտ մտնելուց հետո ուրբաթները վերածվել էին քաղցր փախուստի՝ իրական կյանքից, որոշումներ կայացնելու, իսկ ավելի շուտ ծնողների որոշումներին ենթարկվելու ծանր բեռից։
Ուրբաթներին նրան ոչ մեկ ոչինչ չէր պարտադրում։ Սարյանի վրա նրան ոչ ոք չէր ճանաչում, բացի ընկերներից։ Ուրեմն ինչո՞ւ չերեւակայել, որ փնտրող հայացքով երիտասարդ ամուրի ես։
Այդ հավաքները գրեթե միշտ սահում էին նույն սցենարով։ Նախ ընտրում էին գինին, խորտիկները, ուսումնասիրում անցնող-դարձողներին, իսկ ավելի ուշ, երբ արդեն թեթեւ գինովցած էին, սկսում խոսեցնել հարեւան սեղանների նստածներին։ Ուրբաթներին Սարյան փողոցը վերածվում էր երեւանյան դեֆիլեի։ Բոլորն այստեղ էին անթերի պճնանքով՝ նոր ծանոթությունների, նոր զգացողությունների, նոր դեմքերի հանդիպելու սպասումով։ Բայց դեմքերը հաճախ կրկնվում էին՝ հարուցելով գինի սիրողների ներքին հիասթափությունը․
«Մի՞թե այս քաղաքում նոր մարդիկ չկան, ինչքան կարելի է հանդիպել նույն դեմքերին»,- գանգատվում էին ոմանք։
Ուրբաթների նույնությունը երբեմն փոխում էին քաղաքում գտնվող օտարերկրացիները, որոնք ակնհայտ տարբերվում էին երեւանցիներից իրենց հանդերձանքով ու չբարդույթավորված պահվածքով։ Հմայված Սարյան փողոցի աշխուժությամբ՝ զբոսաշրջիկներն ու էքսպատներն իրենց ներդրումն էին բերում երեւանյան ուրբաթների եռուզեռին։
Այդ կարճատեւ «փախուստների» ընթացքում Գեւորգն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Ամուսնական մատանին տանից դուրս գալիս զգուշորեն հանում էր մատից ու դնում գրպանը։ Անկախ, ազատ, ինքնուրույն կյանքի պատրանքից հուզված՝ արյունը եռում էր երակներում, իսկ գինին հաճելի թմրեցնում էր միտքն ու մարմինը։ Նա անկաշկանդ խոսում էր, զրույցի բռնվում կողքի սեղանի անծանոթների հետ, բարձր հաճոյախոսում, կատակում, հյուրասիրություններ անում։
«Այս կյանքն իմն է, ու ես եմ որոշում ոնց ապրել», - համոզում էր ինքն իրեն։ Ու հոգ չէ, որ դա այդպես էր բացառապես ուրբաթ երեկոներին ու բացառապես Սարյան փողոցի վրա։
Կեսգիշերին մոտ մատուցողները ստանում են հաշիվները։ Գինետունը փակվում է, հյուրերը՝ ցրվում։ Գեւորգի թվացյալ ազատությունը, կարճատեւ հրավառության նման, մոտենում է ավարտին։ Հաշիվը փակված է, շշերը դատարկ, տրամադրությունը՝ անկումային։ Գինու ազդեցությունից սթափվող Գեւորգը ստիպված է հրաժեշտ տալ եւ աննկատ հեռանալ։
Ինչպես հայտնի հեքիաթում, այնպես էլ Սարյան փողոցում, կեսգիշերին կառքը վերածվում է անմխիթար դդումի։ Նա ամուրի չէ․ անկախ էլ չէ։ Ամուսնացած է, ու ապրում է ծնողների հետ եւ նրանց հովանավորությամբ։ Պիտի վերադառնա տուն, մինչդեռ գիշերը նոր է սկսվում, ու սիրտն ուզում է երկար թափառել աղմկոտ փողոցներով, ակումբներով, թեւանցուկ անել անծանոթ մեկին, խմել այս կյանքի գինին մինչեւ շշի հատակը։
Տաքսի կանչեց։ Տանեցիներն արդեն վաղուց քնած էին ու ստիպված չէր լինի հանդիպել հոր խիստ հայացքին։ Գրպանից հանեց մատանին, դրեց մատին, նստեց տաքսին, ու մեքենայի հետեւում թողեց գիշերային քաղաքը։ Այդտեղ նա կվերադառնա հաջորդ ուրբաթ՝ նոր զգացողությունների հետեւից, եւ ինքն իրեն համոզելու, որ այս կյանքում ինչ որ բան ինքն է որոշում։
Երեւանը նաեւ այսպիսին է։ Կեսգիշերից հետո այստեղ պատրանքները ցրվում են՝ տեղը զիջելով սթափեցնող առավոտներին։
Քո Երեւան,
19․07․2025թ․
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: