Նամակ Երեւանից. Օպերայի եւ բալետի թատրոնի «բարի փերին» - Mediamax.am

exclusive
291 դիտում

Նամակ Երեւանից. Օպերայի եւ բալետի թատրոնի «բարի փերին»


Լուսանկարը` André Feio

Լուսանկարը` André Feio

Լուսանկարը` Raffi Youredjian


Օպերայի եւ բալետի թատրոնի առաստաղի վեհաշուք ջահերի լույսերը դանդաղ մարեցին։ Քիչ անց կբացվի մեծ կարմիր վարագույրը եւ հանդիսատեսն ականատես կլինի մշակութային հերթական հրաշքին՝ «Դոն Կիխոտ» բալետի պրեմիերիային։

Ներկայացման մեկնարկից առաջ օթյակներից մեկում աշխույժ իրարանցում էր։ Ալ կարմիր կոստյումով, բալետի պարուհու պես մազերը բարձր հավաքած թատրոնի աշխատակիցներից մեկը՝ փոքրամարմին ու ժրաջան կինը, օգնում էր հանդիսատեսին տեղավորվել։

- Համեցե՛ք, ես կուղեկցեմ, - սիրալիր ժպիտով  էր դիմում օթյակ մտնող հանդիսատեսին եւ ուղեկցում դեպի նստատեղ։ - Հորդորում եմ, որ հաջորդ անգամ տոմս գնելիս նույն սխալը չկրկնեք։ Մեր թատրոնում բալետ դիտելու համար օթյակի դիրքն ամենից անհաջողն  է։ Լա Սկալայի, Բոլշոյի (Մոսկվայի Մեծ թատրոն)  օթյակներում նստելը եւ բալետ անխոս շատ ավելի հաճելի է, բայց մեր թատրոնի օթյակներն անկյունային դիրք ու ցածր նստատեղ ունեն։ Իսկ բալետն իրապես վայելելու համար բեմը պետք է տեսնել ամբողջությամբ, իր ողջ խորությամբ ու հմայքով։

Լուսանկարը` André Feio


Արագ ու սլացիկ շարժումով նա հանդիսատեսին է փոխանցում ներկայացման ծրագիրը եւ հուշիկ քայլերով հեռանում օթյակից։ Վերադառնալով՝ իր հետ ներս է բերում մի աթոռ եւ այն առաջարկում հանդիսատեսից մեկին՝ երիտասարդ հղի կնոջը։

- Այսպես Ձեզ ավելի հարմար կլինի։ Հանգիստ եղե՛ք, ես նստելու տեղ ունեմ։ Այսօրվա ներկայացման բոլոր տոմսերը վաճառված են։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա։ Եթե պատահմամբ ամֆիթատրոնում ազատ տեղ նկատեմ, Ձեզ երկրորդ գործողության ժամանակ անպայման կտեղափոխեմ, - հատուկ հոգատարությամբ ասում է նա ապագա մայրիկին։

Բալետի ներկայացման եկած ընկերուհիների այդ խումբը չի հասկանում, թե ինչով է արժանացել աշխատակցի այդչափ հոգատար վերաբերմունքին։ Իսկ օպերայի օթյակի աշխատակցուհին, ում իրավամբ կարելի էր «թատրոնի բարի փերի» տիտղոսը շնորհել, համեստաբար ասում է․

- Սա իմ աշխատանքն է, եւ ես այն շատ եմ սիրում։ Այսօր մեզ հերթական հեքիաթն է սպասվում։

Լուսանկարը` André Feio


Եվ իսկապես. թատրոնի հանդիսատեսին օգնելն ու լավ տպավորություններով տուն ճանապարհելը մեր այս նամակի հերոսուհու ամենասիրած զբաղմունքն է շուրջ 20 տարի։ Ամեն աշխատանքային օր նա կոկիկ ու խնամքով հագնվում է, տանից ոտքով շտապում թատրոն՝ երեկոյան օպերայի միջանցքում ու բեմում գեղեցիկին հանդիպելու հուզմունքով։

- Այնքան եմ ուրախանում, երբ հանդիսատեսը հավուր պատշաճի հագնված է գալիս թատրոն։ Նշանակում է, որ մարդիկ այդ երեկոյին սպասել են, հատուկ պատրաստվել եւ ընտրել են հանդերձանքը։ Ինչպես եւ ինչ տեսքով ենք մտնում այս դահլիճ՝ դա խոսում է թատրոնի եւ արտիստների հանդեպ հարգանքի ու հիացմունքի մասին, - բալետի առաջին գործողության ավարտից հետո ասում է նա։

Բեմում այդ երեկո Սանկտ–Պետերբուրգի Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնն է։ Առաջին գործողությունից տպավորված՝ հանդիսատեսը շտապում է կիսվել հիացմունքով. ինչ լավն են ռուս արտիստները, ինչքան թեթեւ են թռչկոտում, ինչ պլաստիկա ունեն։

Մեր հերոսուհին գլխի շարժումով համաձայնության նշան է տալիս, բայց եւ հավելում.

- Մենք էլ ունենք տաղանդավոր պարողներ։ Ափսոս, նրանց տանում են։ Բայց մերոնք էլ են շատ լավը։ Տարիներ առաջ, երբ Յուրի Գրիգորովիչը, բալետի աշխարհահռչակ բեմադրիչը, եկավ Հայաստան՝ «Սպարտակ» բալետի բեմադրությունը նախապատրաստելու, փորձերից մեկի ժամանակ ասաց մեր արտիստին․ «բա կնոջն այդպե՞ս են գրկում», - ընթացքում ծիծաղելով, հիշում է նա,- չնայած իր պատկառելի տարիքին՝ Գրիգորովիչը բարձրացավ բեմ եւ փորձի ժամանակ գրկեց մեր մենապարուհի Անահիտ Վասիլյանին։ Այդ դա տեսնել էր պետք։

Լուսանկարը` Raffi Youredjian


Դահլիճում հնչում են զանգերը եւ սկսվում է երկրորդ գործողությունը։ Հանդիսատեսը շտապում է զբաղեցնել իր տեղը՝ խորասուզվելու Դոն Կիխոտի եւ Սանչո Պանսայի աշխարհում։ Իսկ մեր հերոսուհին, օթյակի անկյունում նստած եւ հայացքը դեպի բեմը հառած, մտքով գնում է իր տեսած բոլոր օպերաների ու բալետների հերոսների աշխարհը։

Ամեն երեկո այդ բեմի վրա հանդիսատեսի համար ծնվում էր հեքիաթը։ Այդ «հեքիաթն» ավարտվում էր, երբ թատրոնի շենքից դուրս գալիս եւ ներկայացումներից հետո տուն գնալիս մեր հերոսուհին տեսնում էր օպերայի հրապարակի ակումբների նեոնային լույսերն ու ցածրաճաշակ ժամանցի օրինակները։ Իրեն սփոփում էր այն մտքով, որ քանի դեռ թատրոնի ներկայացումներին ազատ տեղեր չկան եւ դահլիճը լեփ լեցուն է, ուրեմն ամեն բան ճիշտ է։ Իսկ որ թատրոնի հանդիսատեսը լավ տրամադրությամբ հեռանա, նա պատրաստ էր սիրով եւ ամեն օր աշխատել։

Քո Երեւան
24.05.2025




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին