Ամեն օր՝ ժամը 07։30, 73-ամյա տիկին Վարդուհին դուրս էր գալիս առավոտյան զբոսանքի։ 10 հազար քայլ անելուց հետո նա վերադառնում էր տուն ու անցնում շքամուտքի մաքրության գործերին։ Քթի տակ մեղմ երգելով՝ խնամքով լվանում էր շքամուտքի աստիճանները, աստիճանավանդակները։ Ու որքան էլ հարեւանները պնդեին, որ համատիրությունը հոգում է շքամուտքի մաքրությունը, տիկին Վարդուհին չէր համոզվում ու եռանդով անցնում էր գործի։ Իրենից հետո շքամուտքը փայլում էր։
Մաքրության արարողակարգից հետո՝ արագ լոգանք էր ընդունում, զգեստափոխվում, քսում արեւապաշտպանը, այնուհետ, շուրթերի սահմաններից մի փորք դուրս անցնելով՝ քսում վառ կարմիր շրթներկը, ցողում օծանելիքը, դնում ամառային ակնոցները եւ դուրս գալիս միրգ–բանջարեղենի գնումների։ Միրեյ Մատյոի սանրվածքը տիկին Վարդուհուն պակաս չէր սազում, ինչպես ֆրանսիացի երգչուհուն։
Միշտ քայլում էր դանդաղ, անշտապ, մեջքն ուղիղ, թեթեւ ու անուշ ժպիտը դեմքին։ Բարեկրթության մարմնացում էր։ Ճանապարհին հանդիպող հարեւան շենքերի երիտասարդ աղջիկներին միշտ հաճոյախոսություններ էր շռայլում։ Ավելի մեծ ոգեւորությամբ գովում էր անվստահ ու բարդույթներ ունեցող հարեւանուհիներին․
«Այս զգեստը քեզ շատ է սազում»,
«Կանաչը քո գույնն է, հաճախ հագի՛ր»,
«Գնալով ավելի ես գեղեցկանում, սիրելի՛ս»։
Այս հաճոյախոսությունները տիկին Վարդուհին շաղ էր տալիս ամենայն անկեղծությամբ ու հիացմունքով։
Գնումների տոպրակները ձեռքին տուն վերադառնալիս տիկինը նույնքան առույգ էր, որքան առավոտյան։ Իրեն օգնության շտապող երիտասարդներին համառորեն մերժում էր՝ հուշելով, որ ինքն առողջ է, ինքնուրույն ու իր ոտքերին ամուր կանգնած։
Իր կանացի թուլությունը նա չէր թաքցնում միայն մեկի՝ տարիներ առաջ այգեպան, իսկ այժմ իր սիրելի բարեկամ Անդրեյի մոտ։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ նրանց մտերմությունը շատ արագ ստացվեց ու սկիզբ առավ բույսերի ու ծաղիկների հանդեպ փոխադարձ սիրուց։ Հետո Անդրեյը սկսեց օգնել տիկնոջը նորոգել տան ծորակը, հյուրասենյակի պատին փակցնել նոր նկարը, միասին գնումներ անել։
Տիկին Վարդուհին վաղուց էր միայնակ ապրում։ Ամուսինը վաղ էր լքել երկրային կյանքը, իսկ երկու որդիները 90-ականներին ընտանիքներով տեղափոխվել էին արտերկիր՝ մշտական բնակության։ Մայրը հարգել էր նրանց ընտրությունը, ու չնայած որդիների հորդորներին, տեղափոխվել չէր պատրաստվում։ Վարդուհին չափազանց սիրում էր իր տունը, տնամերձ փոքր այգին, իր առօրյան ու նախընտրում էր որդիների ու թոռների մոտ մեկնել բացառապես երեւանյան ցուրտ ամիսներին։ Երեւան վերադարձին նա սրտի թրթիռով էր սպասում եւ Անդրեյը դրանում մեծ դեր ուներ։
Նրանց մտերմությունը շենքում քննարկվող ու շահարկվող թեմաներից էր։ Վարդուհու հասակակիցները կիսաձայն ու անթաքույց քննարկում էին արտասովոր հարեւանուհու կյանքը, ամենօրյա կերպարը, հագուկապը եւ բարոյական նկարագիրը։ Նրանցից ոմանք շտապում էին խրատել ինքնավստահ հարեւանուհուն, ակնարկել, թե վերջինիս սիրեցյալի մղումները ազնիվ չեն։
Իսկ Վարդուհին երջանիկ էր՝ առավոտյան զբոսնում էր, խնամում այգին, հոգ տանում իր արդ ու զարդի մասին, չէր գանգատվում առողջությունից, իսկ Անդրեյը հավատարիմ այցելում էր՝ ծաղիկները խնամելու։ Վարդուհին առույգ էր, ժպտում էր, հաճախ երգում էր ու չէր շտապում որեւէ մեկին բացատրություն տալ։ Նա տոն էր դարձնում իր ամեն օրը ու հենց դա էլ նրան չէին ներում հարեւանները։
Տիկին Վարդուհին կոտրում էր կարծրատիպերը՝ Երեւանում տարեց մարդու կյանքի մասին կարծրատիպերը։
Քո Երեւան
17.05.2025
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: