Նոր Նորքի 4-րդ զանգվածի բազմաբնակարաններից մեկում ապրիլյան այդ առավոտը սկսվեց բարձր տոներով։ Երեխաներին դպրոց ճանապարհելուց առաջ ամուսնական զույգի ընդհարումը, ըստ վիճաբանող կողմերի, տարբեր պատճառներ ուներ․ ամուսինը դժգոհ էր, որ կինը վերջին շրջանում ցրված եւ թափթփված է կենցաղում, իսկ կինն այլեւս չէր կարողանում միայնակ տանել ընտանեկան հոգսերի ծանրությունը։ Կենցաղային հողի վրա բախումներն ամուսինների միջեւ հաճախակի էին դարձել։
- Այսօր երեխաներին դպրոց դու կտանես։ Ես աշխատանքից ուշանում եմ,- ասաց Լուսինեն՝ ուժգին փակելով տան դուռը։
Տաքսու վարորդի մոտ արցունքները մի կերպ զսպեց։ Պայուսակից հանեց հայելին ու Մյասնիկյան պողոտայի խցանումներում փորձեց ժամանակ շահել եւ դիմահարդարվել։ Աչքերի խամրած փայլերը, դրանց տակ ի հայտ եկող պարկերը ու դեմքի գունատությունը հուշում էին երկարատեւ անքնության եւ հոգնածության մասին, որը ոչ մի շպար չէր քողարկի։ Դժգոհ նայեց մազերին, ապա՝ եղունգներին։ Լրանում էր ամիսը, ու պետք էր գրանցվել վարսահարդարի ու մատնահարդարի մոտ։ «Որքան վատ է տրամադրությունդ, այնքան լավ պիտի լինի արտաքին տեսքդ»,- ինքն իրեն հիշեցրեց Լուսինեն։
Կեսօրին խոստացել էր ընկերուհուն ուղեկցել բժշկի մոտ՝ ուլտրաձայնային հետազոտության։ Բժշկական կենտրոնի տեղեկատուի մոտ կանգնած՝ ընկերուհին լրացնում էր անձնական թերթիկի տվյալները, իսկ Լուսինեն նայում էր հեռախոսին՝ հուսալով, որ նեղսրտած ամուսինը առաջին քայլը կանի՝ ներողության փոխարեն կենցաղային մի հարցով կգրի կամ կզանգի եւ դրանով երկուսն էլ առավոտվա վեճը կհամարեն հարթված։

Լուսանկարը` Tatevik Hovhannisyan
Կեսօրից անցել էր, բայց հեռախոսը լուռ էր, իսկ Լուսինեի գլխում մոլեգնում էր զայրույթի հրաբուխը։ Վատ մտքերից նրան կտրեց տեղեկատուի աշխատակիցը.
- Այս ամիս մեզ մոտ ակցիա է։ Սոնոգրաֆիայի համար գործում է 50 տոկոս զեղչ։ Կցանկանա՞ք գրանցվել։
Լուսինեն սկզբում խուսափեց համաձայնել, բայց հետո հիշեց, որ վերջին անգամ բուժզննման երեք տարի առաջ էր գնացել՝ ժամանակ չէր գտնում։
- Միեւնույն է, սպասելու ես ընդունարանում։ Սպասելու փոխարեն մտի՛ր, ստուգվի՛ր, - ասաց ընկերուհին։
Մեկ ժամ անց նրանք դուրս եկան տարբեր սենյակներից ու հանդիպեցին հիվանդանոցի այգում։ Լուսինեն շփոթված էր, անտրամադիր։
- Վերջին անգամ ե՞րբ եք սոնոգրաֆիա անցել,- հարցրել էր բժիշկը հետազոտության ժամանակ։
- Երեք տարի առաջ։ Գանգատներ չեմ ունեցել, կարիք չեմ զգացել - շտապել էր արդարանալ Լուսինեն։
Բժշկի լրջությունը լավ բան չէր հուշել։ Լուսինեի կրծքագեղձում 3,5 սմ մտահոգիչ գոյացություն էր հայտնաբերել ու նրան անհապաղ հավելյալ հետազոտությունների էին ուղարկել։ Քաջություն չէր ունեցել նույն օրն դրանք անցնել ու դուրս էր եկել մաքուր օդ շնչելու։
Յասամանների ծառի տակ նստած՝ խոսեց ընկերուհու հետ, թուլացավ, արտասվեց, բայց տուն գնալու առաջարկը մերժեց։ Աշխատանքի եւս չկարողացավ վերադառնալ։ Նախընտրեց միայնակ մնալ ու քայլել կենտրոնում՝ իրեն հարազատ ու սիրելի փողոցներով։ Ժամանակ առ ժամանակ նայում էր ձեռքում պահած թղթին՝ բժշկական հետազոտությունների ցանկին։ Ինչո՞ւ ուշադիր չեղավ։ Ինչո՞ւ երեք տարում ժամանակ չգտավ հետազոտվելու։ Ի՞նչ է սպասվում հետո, երբ լրացուցիչ հետազոտություններն անցնի։

Լուսանկարը` Tatevik Hovhannisyan
Ուշ երեկոյան, երբ երեխաներն արդեն քնած էին, ներս մտավ տուն։ Կիսաձայն «բարի երեկո» ասաց հյուրասենյակում նստած ամուսնուն, պահարանից հանեց կոնյակի փոքր շիշը, մորական տատից նվեր ստացած ճենապակյա բաժակներից մեկը ու գնաց խոհանոց։ Երբ բացեց շիշն ու լցրեց բաժակը, նկատեց թիկունքում կանգնած շողքը․
- Մի քանի անգամ զանգեցի, բայց հեռախոսդ անհասանելի էր։ Զանգեցի աշխատավայր։ Ասացին, որ ընդմիջումից հետո չես վերադարձել։ Ավելի ուշ զանգեց ընկերուհիդ եւ ամեն ինչ պատմեց։
Մի քանի րոպե խոհանոցում լռություն էր, բայց այն ճնշող չէր, ինչպես առավոտվա վիճաբանությունը։ Մինչ Լուսինեն կփորձեր ինչ-որ բան ասել, ամուսինը սեղանին դրեց ձեռքում պահած բաժակը․
- Ինձ էլ մի քիչ լցրու, միասին խմենք։ Ու հիշիր․ ինչ էլ պատահի՝ մենք մի թիմից ենք։
Քո Երեւան
03․05․2025
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: