Նամակ Երեւանից. Անտեսանելի մայրերը - Mediamax.am

exclusive
1856 դիտում

Նամակ Երեւանից. Անտեսանելի մայրերը


Լուսանկարը` Catherine Olivier

Լուսանկարը` Catherine Olivier


Կանգառում կանգնած՝ Մարինեն ամուր պահել էր 8-ամյա որդու ձեռքը, ու մտքում լուռ հույս էր փայփայում, որ 28 համարի ավտոբուսը շատ չի ուշանա։ Արդեն 4 տարի նա միայնակ է մեծացնում որդուն։ Մշտական աշխատանք չունի, պետությունից աջակցության համեստ նպաստ է ստանում, ծնողներն իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ամիս արտերկրից աջակցում են։

Ամիսը սկսվել էր, բայց նպաստը դեռ չէր ստացել, ծնողների օգնություն էլ մի փոքր ուշանում էր, ու նա տղային դպրոց տաքսիով տանելու համար գումար չուներ։ Մարինեն կանգնած էր բարդ ընտրության առաջ. կամ այս ամիս որդուն դպրոց ընդհանրապես չտանել, կամ ռիսկի դիմել տրանսպորտից օգտվել:

Ավտոբուսը շատ չուշացավ, ու, ի ուրախություն Մարինեի, ներսում նստելու տեղեր դեռ կային։

«Հաջողում է նա, ով չի՛ վարանում եւ փորձում է», - մտքում ինքն իրեն քաջալերեց նա։

Ավտոբուսում նստած՝ նա բաց չէր թողնում որդու ձեռքը. այդպես ապահով է։ Երկու կանգառ անց, երբ իջան դպրոցի մոտ, որդին մոր ձեռքը բաց թողնելու եւ փախուստի մի քանի փորձ արեց, բայց Մարինեն արդեն գիտեր, թե ինչպես վարվել նման իրավիճակներում:

4 տարեկանում Արեգի մոտ ախտորոշվել էր աուտիզմի սպեկտրի խանգարում։ Երեխան ունի զարգացման առանձնահատկություն, խոսքի հապաղում։ Եվ որքան էլ Մարինեն փորձեց ամուսնուն եւ նրա ընտանիքին բացատրել, որ աուտիզմը հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկություն, դա չհամոզեց Արեգի հորը մնալ ընտանիքում։

Արդեն մի քանի տարի Մարինեն ամեն օր որդու հետ միայնակ է անցում է ոչ միայն դպրոցի, այլեւ կյանքի բոլոր ճանապարհները։

Վերջերս Արեգին տեղափոխել էր նոր դպրոց։ Նախորդ դպրոցում տղան չհարմարվեց, դպրոցական միջավայրն ու անձնակազմն էլ առանձնապես նպաստավոր չէին երեխայի ներառման համար։ Դպրոցի տնօրենի՝ «գուցե ավելի լավ է՝ ձեզ չտանջեք, ու երեխային ընդհանարպես չբերեք» արտահայտությունից հետո, Մարինեն որոշեց․ Արեգը կգնա դպրոց, բայց ոչ այդ մեկը։

Լուսանկարը` Catherine Olivier


Նոր դպրոցի մուտքի մոտ Մարինեն հուզվեց՝ վերհիշելով այդ դրվագը։ Բայց երբ նկատեց որդուն դիմավորող եւ դպրոց ուղեկցող ուսուցչուհուն, կրկին մտքում քաջալերեց ինքն իրեն, որ ոգով չի կոտրվել ու Արեգին, ի հեճուկս բոլոր դժվարությունների, ամեն օր դպրոց է բերում։

Ապրիլի 7-ն էր։ Որդու դասընկերների մայրիկները դպրոցի բակում հավաքված պատրաստվում էին գնալ մոտակա սրճարանը՝ մայրության տոնը նշելու։ Մարինեն չկարողացավ միանալ խմբին, եւ պատճառը միայն այդ ամսվա ընտանեկան բյուջեի սղությունը չէր։ Շաբաթական երկու անգամ Մարինեն, Արեգի դպրոցի ժամերին, գնում էր ինքնօգնության խմբի հանդիպման, որտեղ իր նման մայրիկները հավաքվում են, զրուցում, կիսվում հոգսերով, խորհուրդներով ու մի քիչ թեթեւանում։ Այդ խմբում Մարինեն իրեն յուրային էր զգում։ Այնտեղ իրեն բոլորն այնքան լավ էին հասկանում։

Անցյալ շաբաթ Արեգի հետ գնացել էին գնումների ու մի տհաճ պատմության մեջ ընկել։ Առեւտրի սրահում հաճախորդներից մեկը՝ մի տարեց կին, բարձրաձայն դիտողություն էր արել Մարինեին․

- Տղադ մեծ մարդ է։ Ամոթ չի՛, ձեռքից բռնած ման ես գալիս։

Ու չնայած այդ պահին Մարինեն կարողացել էր տիկնոջը սաստել, բայց կատարվածը նստվածք էր թողել ու մի քանի օր տանջում էր նրան։ Միայն ինքնօգնության խմբում խոսելուց հետո կարողացավ հաղթահարել ու մտքից բաց թողնել լսված խոսքերը։

Խմբից դուրս գալուց հետո զանգահարեց Արեգի լոգոպեդին ու ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետին՝ տեղեկացնելու, որ առաջիկա օրերին պարապմունքների չեն գա։ Մարինեն շրջանցեց չգալու պատճառները,ու չնշեց տրանսպորտի խնդրի մասին։

- Մենք կգանք գալիք ամիս։ Այս շրջանում Արեգը մի փոքր անտրամադիր է։

Երեխային դպրոցից տուն բերելու ժամն էր։ Մանկավարժի օգնականի ուղեկցութամբ Արեգը դուրս եկավ՝ ձեռքում մի փոքր կավե ափսե բռնած։ Ափսեի վրա ծաղիկներ էին նկարած ու գրված․ «ամենահոգատար մամային»։

Քո Երեւան

12.04.2024

***

Ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության օրն էր, իսկ ապրիլի 2-ը՝ աուտիզմի իրազեկման միջազգային օրը։

Աշխարհում յուրաքանչյուր 160-րդ երեխան ծնվում է աուտիզմով։

Աուտզիմ ունեցող երեխաների մայրերը կարծես անտեսանելի լինեն։ Նրանց ամենօյա հոգսերի, ապրումների ու հուզական այրման մասին մեզանից շատերը քիչ բան գիտեն։ Նրանց աջակցմանը ու նրանց երեխաների ներառմանը տանող առաջին քայլը աուտիզմի մասին իրազեկված լինելն է։Աուտիզմի մասին ավելի կարող եք կարդալ այստեղ։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին