Նամակ Երեւանից․ նորից ապրելու եւ կանանց համերաշխության մասին - Mediamax.am

exclusive
1889 դիտում

Նամակ Երեւանից․ նորից ապրելու եւ կանանց համերաշխության մասին


Լուսանկարը` Ani Sakhlyan


Հայելու մեջ կրկին անգամ նայեց երեկոյան զգեստին, դիմահարդարմանը, նուրբ շտկեց ճակատին թափվող վարսերը։

Մայրիկին խնդրել էր այդ երեկո գալ իր տուն՝ երեխաներին խնամելու։ Ամուր գրկեց երկու փոքրիկներին եւ տանից դուրս գալուց առաջ խոստացավ, որ շաբաթ-կիրակի անպայման կգնան խաղահրապարակ։

Ընկերուհիները դեռ օրեր առաջ էին ամրագրել սեղանը վերջերս բացված ակումբներից մեկում։ Սկզբում խնդրել, հորդորել, ապա վերջնագրերով պահանջել էին, որ այդ օրը միանա իրենց։

- Նոր զգեստ կգնե՛ս, կշպարվե՛ս, ու կգա՛ս։ Չեմ խնդրում, չեմ համոզում, Անի՛, այլ պահանջում եմ, - մի շաբաթ առաջ հեռախոսից այն կողմ այսպես խոսեց Անիի մտերիմ ընկերուհին։

32 տարեկանը բոլորող Անին երեկոյան հավաքույթներին մի քանի տարի չէր մասնակցում։ Երկար դադարից հետո այդ օրը վերջապես ուժ գտավ, հարդարվեց, հագավ բարձրակրունկները ու դուրս եկավ տանից։ Արագ սեղմեց վերելակի կոճակը՝ անհանգիստ շարժումներով խաղալով մազերի հետ։ Շենքից կփորձեր արագ ու աննկատ դուրս գալ, կնստեր տաքսի ու կանհետանար հարեւանների խոշորացույցից։ Այլապես մեջքի հետեւում անցանկալի փսփսոցներից կամ լուռ, խեթ հայացքներից պրծում չէր լինի։

Հասավ Պուշկինի փողոց եւ մոտեցավ ակումբի գլխավոր մուտքին։ Ներսից արդեն լսվում էին երաժշտության եւ ծիծաղի ձայները։ Ընկերուհին խնդրել էր մոտենալիս լուր տալ, որ դիմավորեն ու ուղեկցեն ներս, բայց Անին որոշեց խիզախել եւ միայնակ մտնել։

Խայտաբղետ լույսեր, առաստաղից կախված մեծ ու փայլուն ջահեր, անուշաբույր խորտիկներ, գունավոր խմիչքներ, զնգուն խոսակցություններ ու բեմահարթակից հնչող մեղեդիներ։ Որքան վաղուց էր եղել նման մի բան։ Ի՞նչ պետք է անել հիմա։ Ինչպե՞ս շարժվել։ Ո՞ր սեղանի մոտ գնալ։ Արդյո՞ք շատ աչքի ընկնող չէ զգեստը։ Շպարը կարծես մի քիչ շատ է։ Իսկ եթե հանկարծ ծանոթ կամ ազգական տեսնի՞։ Ի՞նչ է ասելու, ի՞նչ է անելու։

Մտքերը սկսեցին վրա տալ, երբ զգաց ընկերուհու տաք ձեռքը, ով եկավ ուղեկցելու սեղանի մոտ։ Գլխահակ, մազերը դեմքին հատուկ առաջ բերած՝ Անին անցավ ակումբի կենտրոնով եւ հասավ ընկերների սեղանին։ Նրան գրկաբաց ընդունեցին, սկսեցին աշխույժ զրուցել, մենյուից նոր պատվերներ անել, բայց Անին, աթոռի ծայրին անհանգիստ նստած, չէր կարողանում թուլանալ։ Հաճախակի ստուգում էր հեռախոսը՝ մորից երեխաների մասին լուր ստանալու։ Չէր համարձակվում նայել շուրջը, չէր խոսում, չէր օգտվում հյուրասիրությունից։

- Անի՜, փորձի՛ր մեջքդ ուղղել ու չլարվել։ Ամեն ինչ կարգին է, - շշնջաց ականջին ընկերուհին։

Երբ երաժիշտներն ավարտեցին հայտնի կատարումներից մեկը, ակումբը կարծես պայթեց ծափահարություններից։ Անին շրջվեց բեմի ուղղությամբ, ու սեղաններից մեկի շուրջ ծանոթ հայացք գտավ։ Մեծ խմբի հետ նստած էր համադասարանցին՝ Կարինեն, ում Անին վերջին անգամ տեսել էր 5 տարի առաջ՝ ամուսնու հոգեհանգստի արարողությանը։ Կտրուկ գլուխը շրջեց ու չնկատելու տվեց։ Բայց րոպեներ անց աչքերը փակեց, խորը շունչ քաշեց ու, չներելով ինքն իրեն սեփական թուլությունը, գլուխը կրկին շրջեց դեպի Կարինեն։ Ի պատասխան՝ համադասարանցին ջերմ ձեռքով արեց ու մոտեցավ։

- Այնքան ուրախ եմ քեզ տեսնել։ Այնքան ուրախ եմ քեզ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ տեսնել, - ընդառաջ գալով՝ ամուր գրկեց Կարինեն։

Մի քանի րոպե շարունակ Անին հուզված, բարձր երաժշտության ներքո էլ ավելի բարձր բղավելով փորձեց հազար ու մի պատճառ գտնել, թե ինչու է այստեղ, ինչու է այս տեսքով, ինչու մի պահ շփոթվեց, չճանաչելու տվեց դասարանցուն։  

- Ես չգիտեմ, արդյոք ճիշտ եմ անում, թե ոչ, արդյոք ինձ կարելի է, թե ոչ, բայց ինձ ասում են, որ պետք է փորձեմ նորից ապրել։ Ես չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, չեմ ուզում նրա հիշատակին ստվեր գցել, բայց ինձ անընդհատ ասում են՝ ապրի՛ր։ Իսկ ես չգիտեմ, չեմ պատկերացնում, թե նորից ապրելն ինչպես են սկսում,- սկսեց արդարանալ Անին։

- Անի՛, Անի՛։ Դու ո՛չ ինձ, ո՛չ էլ որեւէ մեկին պարտավոր չես ինչ-որ բան բացատրել։ Ես ուզում եմ քեզ այսուհետ այսպես խնամված ու փայլով լի տեսնել։ Կարծում եմ՝ նա եւս։

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Անին (անունը փոխված է) մեր քաղաքում մեզ հետ ապրող երիտասարդ կանանցից մեկն է, ով ամուսին է կորցրել Ապրիլյան, 44-օրյա պատերազմի կամ 2023թ․ սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ։ Այդ երիտասարդ կանայք լուռ տանում են իրենց բաժին կռիվը կյանքի հետ։ Հարգանքից ու հիացմունքից առավել՝ այս կանայք ընդունման, փոխըմբռնման, համերաշխության կարիք ունեն՝ նախեւառաջ այլ կանանց կողմից։

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է։

Քո Երեւան
08․03․2025




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին